HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Գերհարստացված ուրան. ազատամարտիկի մասով սպասում են, ֆիզիկոսն ու գործարարը դատվել են

ՀՀ քաղաքացիներ, գործարար Սմբատ Տոնոյանը եւ ֆիզիկոս Հրանտ Օհանյանը Վրաստանում դատապարտվել են համապատասխանաբար 13 եւ 14 տարվա ազատազրկման: Վրաց իրավապահները նրանց ձերբակալել էին անցյալ տարվա մարտին' միջուկային նյութի մաքսանենգության մեղադրանքով:

Գործի շրջանակներում պարզվել է, որ Սմբատ Տոնոյանը հավանական գնորդից բարձր հարստացման 120 գրամ ուրան վաճառելու համար 8 մլն ԱՄՆ դոլար է պահանջել, իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ համաձայնել է գինն իջեցնել մինչեւ 1,5 մլն դոլար:

 Տոնոյանը եւ Օհանյանը, ինչպես ամիսներ առաջ հաղորդել էր «Ազատություն» ռադիոկայանը, սահմանային հսկիչ սարքերը շրջանցելու համար կապարե թիթեղներով պատված «Մալբորո» ծխախոտի տուփով 17 գրամ բարձր հարստացման (89.4%) ուրանը Երեւան-Թբիլիսի գնացքով տեղափոխել են Վրաստանի մայրաքաղաք' նպատակ ունենալով այն վաճառել մի անձնավորության, ով ներկայացել է որպես «միջուկային նյութով հետաքրքրված լուրջ կազմակերպության անդամ»: Սակայն իրականում վերջինս եղել է վրացական հատուկ ծառայությունների գործակալ: Ու երբ հայազգի գործարարն ու ֆիզիկոսը հյուրանոցում «գնորդին», իբրեւ նմուշ, ներկայացրել են հիշյալ 17 գրամ ուրանը, սենյակ են ներխուժել իրավապահները:

Սմբատ Տոնոյանը, նույն աղբյուրի փոխանցմամբ, ժամանակին զբաղվել է բիզնեսով, սակայն կուտակած դրամագլուխը մսխել է խաղատներում: Նրա որդին Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով քննիչ Սամվել Տոնոյանն է: Վերջինս ընդգրկված էր Մարտի 1-ի քրեական գործի հետ կապված ՀՔԾ-ում ստեղծված հատուկ քննչական խմբում:

 Իսկ ֆիզիկոս Հրանտ Օհանյանը 20 տարի' 1975-95 թթ., աշխատել է Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի տիեզերական ճառագայթման բաժնում, բայց աշխատանքից հեռանալուց հետո բոլոր կապերը ինստիտուտի հետ խզել է:

64-ամյա գործարարը եւ 60-ամյա ֆիզիկոսը նախաքննության ժամանակ հայտնել են, որ միջուկային զենք պատրաստելու համար պիտանի գերհարստացված ուրանը ստացել են Գարիկ Դադայանից: Հենց այս ցուցմունքի հիման վրա էլ, համագործակցելով վրաց իրավապահների հետ, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն (ԱԱԾ) անցյալ տարվա ապրիլին Դադայանին ձերբակալեց: Նրա գործն այժմ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում է:

57-ամյա Գարիկ Դադայանը նախկինում դատապարտված է: Տարիներ առաջ Երեւանի Կենտրոնի դատարանը նրան ազատազրկել էր դարձյալ նույն' գերհարստացված ուրանի մաքսանենգության համար: Վերջինս այդ դատավարության ընթացքում ցուցմունք էր տվել, որ 2003 թ. հունիսին Վլադիկավկազում երկու այլ ուղեւորների հետ Հայաստան գալու համար որպես տաքսի վարձել է ազգությամբ հայ Սուրեն (անունը փոխված է) անունով անձնավորության «Գազ-31029» մակնիշի ավտոմեքենան: Ճանապարհին ճաշել են եւ սննդի մնացորդները դրել մեկ ընդհանուր սեւ գույնի պոլիէթիլենային տոպրակում: Քանի որ իրենց հետ ուղեւորվող տղամարդն անձնագիր չի ունեցել, ռուս սահմանապահները նրան թույլ չեն տվել սահմանը հատել: Իսկ երբ հասել են վրաց-հայկական սահման, «Սադախլո» սահմանային կետում ստուգման ժամանակ հատուկ սարքավորումն ահազանգել է, եւ վրացի սահմանապահները նշյալ սեւ տոպրակում' թեյի մետաղյա տուփի մեջ, հայտնաբերել են ռադիոակտիվ նյութ:

Հայտնաբերվածը Վրաստանի իշխանությունները հանձնել են Թբիլիսիի ամերիկյան դեսպանատանը, վերջինս էլ փոխանցել է ԱՄՆ Էներգետիկայի դեպարտամենտին' լաբորատոր հետազոտման նպատակով: Այստեղ պարզել են, որ 170 գրամ ընդհանուր քաշով սեւագույն փոշին խիստ հարստացված ուրան է. «Այն մոտ 89%-անոց U-235 է, որի հարստացման աստիճանն այնպիսին է, որ այդ նյութը կարող է օգտագործվել զենք պատրաստելու նպատակով»:

«...Ես պարտավոր չէի իմանալ' սեւ տոպրակի մեջ ինչ կա, ինչ չկա, դա մնացել էր երրորդ անձնավորությունից, որին ես չեմ ճանաչում: Սակայն Վրաստանի սահմանապահներն ինձ ապօրինի պահել են «Սադախլո» սահմանային կետում եւ թույլ չեն տվել, որ ես Հայաստան մտնեմ: Երբ (Վրաստանի) դատախազության աշխատակիցը հայտարարեց' մեր գումարը չտալու դեպքում որպես ղարաբաղցի քեզ կտանք թուրքերին, այսինքն' ադրբեջանցիներին, ես ստիպված եմ եղել սահմանային կետից դիմել փախուստի»,- 2004 թ. հուլիսին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին հասցեագրված դիմումում նշել է Գարիկ Դադայանը եւ տարակուսել, թե ինչու պետք է վրացիներին փրկագին վճարեր, մանավանդ, որ ֆինանսապես ապահովված չէ. ստացած թոշակն ընդամենը 50 դոլար է:

«Սադախլոյից» փախչելուց 8 ամիս անց' 2004 թ. փետրվարին, Գարիկ Դադայանին ԱԱԾ-ն Հայաստանում ձերբակալել է եւ հանձնել վրաց իրավապահներին: «...Իմ նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի կատարվել, այլ անընդհատ տարբեր հանդիպումներ եւ ճնշող զրույցներ էին տանում: Ինձ համոզում էին Վրաստանի եւ ամերիկյան հատուկ ծառայության աշխատողները, որ իբր այդ նյութը, որ ես չեմ տեսել ու կապ չունեմ, բերում եմ Հայաստանի համար, դրա դիմաց (եթե այդպես ասեմ) ես կստանամ խոշոր գումար եւ քաղաքական ապաստան' որտեղ կցանկանամ: Ես կատեգորիկ հրաժարվեցի այդ բոլոր առաջարկներից»,- Աղվան Հովսեփյանին գրել է Դադայանը: Որոշ ժամանակ անց նա կրկին տեղափոխվել է Հայաստան, եւ գործի նախաքննությունը շարունակվել է ԱԱԾ քննչական վարչությունում:

«...Գործով բոլոր ապացույցները հնարովի եւ շինծու են' քաղաքական աստառ տալու համար, ինչը կատարվել է Վրաստանում... Քննչական մարմինները հիմք են ընդունել Վրաստանի ասածները, քրեական գործ են հարուցել, որ դատեն, որն անհիմն է,- նշել է Գ. Դադայանը,- հարգելի գլխավոր դատախազ, խնդրում եմ չհավատալ ԱԱԾ քննիչ Արթուր Աղաջանյանի կողմից կազմված մեղադրական եզրակացությանը, կարճել գործի վարույթը' հանցադեպի բացակայության հիմքով, եւ ինձ ազատել քրեական պատասխանատվությունից»:

Գարիկ Դադայանին առաջադրված մեղադրանքը դատարանը հաստատված է համարել' հաշվի առնելով մի շարք անձանց ցուցմունքները: Մասնավորապես' նրանցից Գիզո Ցիփիանուն պատմել է, որ 2003 թ. հունիսին Իրկուտսկի օդանավակայանում պատահաբար ծանոթացել է Գարիկի հետ, ով զրույցի ժամանակ ասել է, որ Թբիլիսիով մեկնում է Երեւան: Ինքը տվել է իր ընկերոջ հեռախոսահամարը, որպեսզի Թբիլիսիում հարցեր առաջանալու դեպքում դիմի վերջինիս օգնությանը, իսկ Գարիկը հարցրել է' «եթե «կարմիր սնդիկ» տեսակի նյութ պետք լինի անցկացնել, ընկերդ կարո՞ղ է օգնել»:

Վկաներից Նինո Գուլաշվիլին հիշել է, որ ընկերոջ' Յուսուֆ Ասոյանի հետ գնացել են «Սադախլո», որտեղ Յուսուֆը խոսել է Գարիկի հետ, վերջինս ասել է, թե սահմանապահներն իր մոտ ինչ-որ նյութ են հայտնաբերել եւ պատրաստ է 30 հազար ԱՄՆ դոլար վճարել նրան, ով կօգնի այդ նյութն անցկացնել Հայաստան: Յուսուֆի զանգով օգնության համար խնդրում ներգրավվել է եւս 2 հոգի, բայց երբ տեղեկացել են, որ խոսքը ռադիոակտիվ նյութի մասին է, հրաժարվել են այդ հարցով զբաղվել:

Ցուցմունք են տվել նաեւ սահմանապահ կետի հսկիչները, որոնց ասածներին համապատասխան' տաքսու վարորդ Սուրենը կատարվածը նկարագրելիս պատմել է, թե ինչպես է Գարիկ Դադայանը հատուկ սարքի ազդանշանից հետո ավտոմեքենայի բեռնախցիկից իրերը վերցնելիս սեւ տոպրակը վայր գցել: Բայց սահմանապահները նկատել են, պահանջել են այն վերցնել ու ստուգումն անցնել տոպրակով: Իսկ Սուրենի կինը հայտնել է, որ տուն վերադառնալով' ամուսինն իր հետ բերել է նաեւ Գարիկի' մեքենայում մնացած ձեռքի պայուսակը: Դրա նեղ գրպանում եղել են փաստաթղթեր, տարբեր գրառումներով թղթեր, այդ թվում նաեւ ջրածնային ռումբի պատրաստման նյութերի մասին:

«Ամուսնուցս գաղտնի ես պատճենահանել եմ այդ փաստաթղթերը եւ պահել իմ մոտ' պայուսակում թողնելով դրա պատճենը: Դրանից 2-3 օր անց Գարիկի կինը եկավ մեր բակ եւ պայուսակը վերցրեց»,- ասել է տաքսու վարորդ Սուրենի կինը եւ նշել, որ 2004 թ. փետրվարին, երբ ԱԱԾ-ն Գարիկին ձերբակալել է, իր մոտ եղած բոլոր փաստաթղթերը հանձնել է քննությանը:

Դատարանում Դադայանը հայտարարել է, թե իր ձեռքի պայուսակից հայտնաբերված թղթի կտորը, որի վրա քիմիական նյութի վերաբերյալ գրառումներ են, ինքն արտագրել է ինչ-որ ռուսական թերթի հոդվածից' զուտ հետաքրքրությունից ելնելով:

Գարիկ Դադայանը ծնունդով ԼՂՀ Ասկերանի շրջանի Բալուջա գյուղից է, հայտնի է Հաչաբաշ մականունով: Մասնակցել է արցախյան ազատամարտին, եղել Բալուջայի վաշտի հրամանատարը, կռվել գյուղի ջոկատի ղեկավար, ներկայումս Արցախի պաշտպանության փոխնախարար Սամվել Կարապետյանի' Օգանովսկու ենթակայության տակ: Վերջինիս ներկայացմամբ էլ պատերազմի ժամանակ մի քանի անգամ վիրավորված Դադայանն արժանացել է տարբեր պարգեւների, այդ թվում' Շուշիի ազատագրման շքանշանի:

Կենտրոնի դատարանը, հաշվի առնելով Գարիկ Դադայանի կենսագրությունը, նախկինում դատված չլինելը, 2-րդ խմբի հաշմանդամությունը, խնամքին երեք երեխայի առկայությունը, նրա նկատմամբ նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ է նշանակել' 2,5 տարվա ազատազրկում' առանց գույքի բռնագրավման: Թեեւ ամբաստանյալն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, նա վճիռը չի բողոքարկել: Դրա հրապարակումից մեկ ամիս չանցած' Դադայանն ազատ է արձակվել' պատժաչափի 1/3-ը կրելու հիմքով:

Ներկայիս' 17 գ գերհարստացված ուրանի ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության փաստով 2010 թ. հարուցված քրեական գործով Գարիկ Դադայանին, մեղադրանքի հաստատման դեպքում, արդեն սպառնում է երկարատեւ ազատազրկում' 4-8 տարի ժամկետով: Ընդ որում' նրա նախկին դատվածությունը դեռ մարված չէ:

Ազատամարտիկի շահերի պաշտպան Կարեն Սարդարյանը «Հետքի» հետ զրույցում միայն նշեց, որ Դադայանն ի սկզբանե չի ընդունել իրեն վերագրվող հանցանքը: Փաստաբանը հրաժարվեց գործին առնչվող որեւէ տեղեկություն կամ մեկնաբանություն տալ' նշելով, որ դրա համար պետք է ունենա վստահորդի թույլտվությունը, իսկ վերջինիս հետ առաջիկա 10 օրում չի խոսելու զբաղվածության պատճառով:

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում գործի քննությունն անժամկետ հետաձգվել է: Փաստաբանը խնդրել է դատարան հրավիրել եւ հարցաքննել Դադայանի դեմ ցուցմունք տված եւ Վրաստանում դատապարտված ֆիզիկոս Օհանյանին եւ գործարար Տոնոյանին: Միջնորդությունն ընդունվել է, եւ դատական հանձնարարություն է ուղարկվել հարեւան երկիր: Սպասում են վրացական կողմի պատասխանին:

Հ. Գ. Տարիներ առաջ տեղեկություններ են հրապարակվել Նովոսիբիրսկի քիմիական հարստացման գործարանում միջուկային նյութի որոշ քանակի անհետացման մասին: Վրացական կողմը, ըստ մամուլի հրապարակումների, ենթադրում է, որ հիշյալ գործերով առգրավված 187 գ ընդհանուր քաշով ռադիոակտիվ նյութը հենց այդ գործարանի արտադրության է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter