HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսում ճանապարհային երթեւկությունը կարգավորող նշաններ չկան. պատահարների թիվն աճում է

Անցյալ ամռանը Գորիս քաղաքի հյուրանոցներից մեկի մենեջերը պատմեց, որ իրենց մոտ հյուրընկալվող բեյրութահայ զբոսաշրջիկին ճանապարհային ոստիկանները տուգանել են… «կարմիր լույսի տակ չկանգնելու համար»: Խախտումը քանի որ ուշ ժամի է արձանագրվել, եւ գիշերային լուսավորություն չունեցող քաղաքում դժվար էր նկատել լուսացույցի առկայությունը,  առավոտյան «տուժողը» փորձել է դեպքի վայրում պարզել, թե ինչպես չի նկատել լուսացույցը: Որքան մեծ է եղել նրա զարմանքը տեսնելով, որ ոչ միայն այդ խաչմերուկում, այլեւ առհասարակ քաղաքի որեւէ խաչմերուկում լուսացույց չկա:

Թե որքանով է իրական այս պատմությունը, չհաջողվեց պարզել. ավտոտեսուչները լուրջ չընդունեցին մեր տեղեկությունը, իսկ հյուրն արդեն մեկնել  էր քաղաքից`  հավանաբար, իր հետ տանելով նաեւ տարակուսանքն այն առթիվ, որ Գորիսի երկարությամբ ձգվող եւ մի քանի տեղում այլ փողոցների հետ հատվող միջպետական բանուկ ճանապարհային երթեւեկությունը չի կարգավորվում լուսացույցերի միջոցով,  քանի որ վերջին «սվետաֆորը»  Գորիսում «ինքնակամ» ապամոնտաժվել է 90-ականների վերջերին: «Լուսացույցերի անհրաժեշտությունը քաղաքի առավել բանուկ խաչմերուկներում, ինքնանպատակ չէ»,- ասում է  ՀՀ ճանապարհային ոստիկանության 2-րդ գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, փոխգնդապետ Արամ Գալստյանը: Նրա տեղեկությամբ՝ 2011 թ.-ին նախորդ տարվա համեմատությամբ Գորիսում ճանապարհային պատահարների թիվն ավելացել է 10-12 %-ով, չի նվազել նաեւ մահերի թիվը, եւ հիմնական պատճառներից մեկը լուսացույցերի բացակայությունն է:

Արամ Գալստյանի խոսքով՝ քաղաքում անվտանգ երթեւեկություն ապահովելու հարցում կարեւոր դերակատարություն ունեն ոչ միայն լուսացույցերը, այլեւ ճանապարհային երթեւեկության տարբեր նշանների տեղադրումը,  փողոցերի,  մայթերի նշագրումը: Ըստ ճանապարհային ոստիկանների ուսումնասիրությունների՝ Գորիս քաղաքում անհրաժեշտ է  տեղադրել  մոտ 400 ճանապարհային նշան, որոնցից յուրաքանչյուրի համար մոտավոր հաշվարկներով անհրաժեշտ է 41 հազար դրամ:

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով նախատեսվում է, որ տրանսպորտի բնագավառում համայնքի ղեկավարը իրավասու մարմինների ներկայացմամբ հաստատում եւ թույլատրում է համայնքի տարածքում ճանապարհային երթեւեկության նշանների տեղակայումն ու հանումը: Ավելին՝ երթեւեկության այն նշանները, որոնց տեղադրումը համաձայնեցված չէ համայնքի ղեկավարի հետ, իրավական ուժ չունեն: Այս առումով Արամ Գալստյանը նշում է, որ բազմիցս դիմել են Գորիսի համայնքային իշխանությանը` առաջարկելով  անվտանգ երթեւեկությունն ապահովելու համար ճանապարհային կարգավորող նշաններ տեղադրել քաղաքի տարբեր հատվածներում:  «Սակայն խնդիրը դեռեւս չի կարգավորվում, որքան էլ անհրաժեշտ է, որեւէ հեռանկար չենք տեսնում հատկապես լուսացույցերի տեղադրման համար, քանի որ դրանցից յուրաքանչյուրը մոտ 10 մլն դրամ արժե»,- ասում է փոխգնդապետը: Վերջինիս ասելով՝ փորձել են բանակցություններ վարել վերջերս մայրաքաղաքում թվայիններով փոխարինված հին լուսացույցերը մատչելի գներով ձեռք բերելու համար, սակայն վճարումը պետք է կատարվի համայնքային բյուջեից:     

Գորիսի համայնքային իշխանության ղեկավար Նելսոն Ոսկանյանի ասելով՝ իրենք այդ հնարավորությունը չունեն: Քաղաքապետը նաեւ նշում է, որ մինչեւ վերջին տարիները, տեղական բյուջեի դոտացիայից տարեկան  մինչեւ 2 մլն դրամ նախատեսվում էր ճանապարհային նշաններ տեղադրելու, փողոցների նշագրման համար, դրանով նաեւ անվտանգ երթեւեկություն ապահովելու նպատակով, բայց արդեն չորրորդ տարին է, ինչ պետության կողմից պատվիրակված այդ պարտականությունը ստիպված են կատարել սեփական եկամուտների հաշվին: Թե որքան է ծախսվել այդ նպատակի համար 2011 թվականին, համայնքի ղեկավարը դժվարացավ նշել, տեղեկացրեց միայն, որ այս տարի համայնքային խնդիրների լուծման համար 19 ուղղություն է մշակվել, որոնց թվում նաեւ լուսացույցերի տեղադրումն է, իսկ թե ինչ միջոցներով՝ դեռեւս հայտնի չէ:

Որ Գորիս համայնքի 341 մլն դրամ  (եւս 60 մլն դրամ ազատ միջոցներ) բյուջեից  ներդրումներ կարվեն զբոսաշրջության ոլորտում որոշակի քայլեր իրականացնող քաղաքում  լուսացույցերի տեղադրման համար, դժվար է կանխատեսել, հատկապես, երբ խնդրի լուծման գործում բացակայում է ճանապարհային ոստիկանության եւ տեղական իշխանության համագործակցությունը: Որքան էլ որ այդ գործընթացը քաղաքապետարանի համար պատվիրակված լիազորություն է, այնուամենայնիվ, անգամ մարդկանց կյանքը վտանգի ենթարկելու գնով, առայժմ բյուջեի միջոցները խնայվում են:

Մեկնաբանություններ (1)

Ara Boyadjian
We think the policeman should have given the tourist a warning citation and an explanation of his violation instead of a traffic ticket. Educating the public and the tourists of traffic laws and road etiquette should become a priority to reduce accidents and fatalities.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter