HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Կարեւոր զանգ՝ բանդայի գործով

«Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանը անցյալ տարվա հոկտեմբերի վերջին «կարեւոր» հեռախոսազանգ է ստացել: Զանգահարողը նշել է իր անուն-ազգանունը, ներկայացել իբրեւ ԱԱԾ աշխատակից եւ ասել, որ համապատասխան վերաբերմունքի դիմաց բանդայի գործով կարող է վերացնել շատ կարեւոր ապացույց. զենքի վրայից ջնջել Արտուշ Հակոբյանի մատնահետքը:

«ԱԱԾ-ականը» Սուրիկ Հակոբնանին առաջարկել է այս կարեւոր հարցը քննարկել անձամբ որդու՝ կալանավորված Արտուշ Հակոբյանի հետ եւ հավելել է, որ ի վիճակի է նույնիսկ կեղծ անձնագրով քրեակատարողական հիմնարկում կազմակերպել հոր եւ որդու հանդիպումը:

Այս ամենը «Հետքին» պատմում է բանդայի պարագլուխ համարվող Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը եւ մանրամասնում, որ Սուրիկ Հակոբյանն «ամենակարող ԱԱԾ-ականին» այդպես էլ չի հանդիպել, փոխարենն իր միջնորդությամբ նախաքննական մարմինը հեռախոսազանգի հետ կապված Սուրիկ Հակոբյանին հարցաքննել է:

«Սուրիկ Հակոբյանն իրեն զանգահարողի հեռախոսահամարը պահել է: Դե, հիմա թող պարզեն՝ իրականում ո՞վ է նա, եւ այդ ամենն ի՞նչ նպատակ է հետապնդել»,- ասում է Հովիկ Արսենյանը: Նա բացառում է զանգահարողի ԱԱԾ-ական լինելը՝ շեշտելով, որ «ԱԱԾ-ն լուրջ կառույց է եւ նման գործելակերպ երբեք չի դրսեւորում»:

Իսկ ի՞նչ մատնահետքի մասին է խոսքը:

Անցյալ տարվա սեպտեմբերի 23-ին ոստիկանությունը Մյասնիկյան պողոտայում մեծ աղմուկով սկսեց հանցավոր խմբի վնասազերծումը, որին վերագրվում է մինչ այդ աղմկահարույց մի շարք ավազակային հարձակումների կատարումը: Վնասազերծման ընթացքում սեպտեմբերի 23-ին իրավապահները առգրավել են սպորտային պայուսակ՝ լցված հանցագործության գործիքներով, այդ թվում՝ զենք-զինամթերքով: Արդեն հաջորդ օրը՝ սեպտեմբերի 24-ին, ոստիկանության քրեագիտական վարչությունը եզրակացրել է, որ պայուսակում առկա զենքերից մեկի՝ «Մակարով» տեսակի ատրճանակի վրա առկա է Արտուշ Հակոբյանի բութ մատի հետքը:

Փաստաբան Հովիկ Արսենյանն ասում է, որ նախաքննական մարմինը պարտավոր էր 10 օրվա ընթացքում այս եզրակացության մասին պաշտպանական կողմին տեղեկացնել: Սակայն գործի որոշ նյութերին, այդ թվում՝ հիշյալ եզրակացությանը ծանոթանալու հնարավորություն իրեն տրվել է միայն ամիսներ անց՝ 2011 թ. դեկտեմբերի 17-ին, երբ «ԱԱԾ-ականը» արդեն զանգել էր, իսկ իրենք չգիտեին էլ, թե ինչ մատնահետք է վերջինս ուզում ջնջել:

«Երբ ես ծանոթացա այդ եզրակացությանը, որ նման մատնահետք գոյություն ունի, արդեն «մատս կծեցի»: Ահա թե ինչ: Ուրեմն, Սուրեն Հակոբյանը պետք է գումարը ձեռքին գնար որպես ԱԱԾ-ի աշխատակից ներկայացողի հետ հանդիպման, այդտեղ կաշառք տալու փորձի համար Սուրիկ Հակոբյանին կձերբակալեին ու կհայտարարեին, թե իբր փորձել է ապացույց վերացնել եւ հենց այս գործողությամբ էլ կհիմնավորեին ապացույցի՝ մատնահետքի գոյությունը,- ասում է Հովիկ Արսենյանը,- կարելի է ենթադրել, որ նախապես իրենք էլ շատ լավ գիտակցել են, որ այդ մատնահետքը շատ թույլ է, այդ ապացույցը, կոպիտ ասած՝ դեռ պետք է ծնեցնել, հաստատել այլ փաստական հանգամանքերով: Եվ ահա, խնդրեմ, նման սցենար է մտածվել»:

Ինքը՝ Արտուշ Հակոբյանը, կալանքի սանկցիայի կիրառման ժամանակ պատմել է, որ երբ իրեն ձերբակալել են, գցել են գետնին, ձեռքերը տարել հետ ու փորձել ինչ-որ իր դնել ձեռքի մեջ: Ինքը շատ ամուր երկու ձեռքն էլ փակել է, սակայն, այնուամենայնիվ, այդ իրը բութ մատին դիպել է:

1961 թ. ծնված Արտուշ Հակոբյանը ձերբակալվել է 2011 թ. սեպտեմբերի 24-ի երեկոյան՝ Հրաչյա Աճառյան փողոցում գտնվող «Ագուլիս» ռեստորանային համալիրում: Նա մասնակցել է խնջույքի, ըստ մամուլի հրապարակումների՝ դատախազի ծննդի: Արտուշի մեքենայում իրավապահները թմրանյութ են հայտնաբերել, իսկ գոտկատեղից՝ վերնազգեստի տակից, «ՏՏ» ատրճանակ: Սակայն սրանց վրա, ինչպես փաստաբան Արսենյանն է ասում, որեւէ մատնահետք չի եղել:

«Այդ ո՞նց եղավ, որ «Մակարովի» վրա մատնահետք հայտնաբերեցին, իսկ «ՏՏ»-ի վրա, որ իր (Արտուշի) մոտից են առգրավել, չկա: Որովհետեւ «ՏՏ»-ն նրա ձեռքը չի ընկել, եթե ինքը դրած լիներ գոտկատեղին, մատնահետքեր կմնային»,- շարունակում է փաստաբան Արսենյանը: Նա շեշտում է, որ Արտուշին ձերբակալելիս համապատասխան փորձաքննության եզրակացությունն արդեն եղել է, ըստ որի՝ վերջինիս մատի հետքն առկա է «Մակարովի» վրա:

«Այսինքն՝ հիմնավոր կասկած ունեին Արտուշ Հակոբյանի վերաբերյալ, էլ ի՞նչ կարիք կար ատրճանակ դնել նրա գոտկատեղին կամ մարիխուանա թողնել մեքենայի մեջ: Միանգամից մեղադրանքը առաջադրեիք, ինչի՞ համար էր այդ արհեստականությունը,- հարցնում է Արսենյանը եւ ինքն էլ պատասխանում,- քանի որ վստահ չեն եղել, որ կարող են «Մակարովը» կպցնել Արտուշի ձեռքին: Դրա համար էլ ստեղծել են արհեստածին ապացույցներ՝ ապահովության համար»:

Ձերբակալվելուց 5 օր հետո՝ սեպտեմբերի 29-ին՝ կալանքի առաջին սանկցիայի կիրառման ժամանակ, Արտուշ Հակոբյանը դատարանում հայտարարել է, թե իրեն առաջադրված մեղադրանքը անտրամաբանական է: Նա մանրամասնել է, որ բանդայի վնասազերծման օպերացիայի դրվագները հեռուստացույցով տեսել է, հետեւաբար, եթե իրականում այդ խմբի պարագլուխը լիներ, հաջորդ օրը խնջույքի չէր գնա, առավել եւս՝ մոտը ոչ թմրանյութ կպահեր, ոչ էլ ապօրինի «ՏՏ» ատրճանակ:

«Ավելին՝ նա նշեց, որ ձերբակալվելուց 1 ամիս առաջ հարեւանուհուց իմացել է, որ իրեն հետեւում են: Ինքն էլ ասել է՝ ավելի լավ, թող տեսնեն, որ ես ոչ մի վատ բանով չեմ զբաղվում»,- Արտուշի խոսքերն է փոխանցում փաստաբանը:

Արտուշ Հակոբյանը միաժամանակ նշել է, որ թեեւ նախկինում մի քանի անգամ դատվել է, այնուամենայնիվ, հանցավոր աշխարհի հետ բոլոր կապերը վաղուց խզել է եւ հիմա զբաղվում է բիզնեսով. «Գառնիի Սուրիկի լավաշ» ընկերության փոխտնօրենն է, բայցի այդ՝ բիզնես ունի Մոսկվայում, որն ամսական ապահովում է մոտ 10 հազար ԱՄՆ դոլարի եկամուտ: Այսինքն՝ գումարի խնդիր չի ունեցել:

«Տարիներ առաջ՝ 2002 թվականին, ինձ կասկածել են ինչ-որ ավազակային խմբի մեջ ներգրավված լինելու մեջ: Բայց դատարանի կողմից դա հերքվեց, եւ ինձ արդարացրին: Ամենայն հավանականությամբ, Երեւանում տեղի ունեցած ավազակային հարձակումների հետ կապված հանձնարարություն է տրվել՝ ուսումնասիրել, թե նախկինում նմանատիպ ինչ հանցագործություններ են կատարվել: Եվ դա հիմք է դարձել, որ ինձ էլ կասկածեն ու հսկողության տակ վերցնեն»,- հայտարարել է Արտուշ Հակոբյանը:

Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Իսկ փաստաբան Արսենյանը մանրամասնում է, թե Արտուշին ստիպել են խոստովանել, որ ավազակային հարձակումներից երկուսին անձամբ է մասնակցել: Խոսքը վերաբերում է «Լինսի» հիմնադրամի ճանապարհաշինության ԾԻԳ-ի նախկին տնօրեն Էդուարդ Բեզոյանի եւ ԱԺ նախկին պատգամավոր Նապոլեոն Ազիզյանի տների թալանին:

Հիշեցնենք` 2011 թ. հունիսի 1-ին ավազակային հարձակմամբ 5 դիմակավորվածներ Էդուարդ Բեզոյանի տնից, ըստ մամուլի հրապարակումների, հափշտակել են ավելի քան 250 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գույք եւ գումար: Իսկ օգոստոսի 21-ին կրկին 5 դիմակավորված անձինք ու դարձյալ բռնության կիրառմամբ Նապոլեոն Ազիզյանի տնից կատարել են մոտ 300 հազար դոլարի հափշտակություն:

«Չմոռանանք, որ Արտուշ Հակոբյանը 50 տարեկան է, վատառողջ եւ ծանրամարմին. նրա ֆիզիկական տվյալները թույլ չէին տա մասնակցել այդ հանցագործություններին: Նույնիսկ տուժողների նկարագրությունները չեն կարող համապատասխանել այդ վարկածին, որ Արտուշ Հակոբյանը կարող էր անձամբ մասնակցել»,- ասում է փաստաբանը: Նա նկատել է, որ այս գործով ում ձերբակալել են, պարտադիր գրպանից հայտնաբերել են հաշիշ, ափիոն կամ մարիխուանա:

«Է՜, ուրիշ բան ու գործ չունեին, ու հենց այդ պահին բոլորի գրպանում էլ կա՞ր,- հարցնում է Արսենյանը: - Կամ Արտուշի կնոջ կալանավորումը: Իրավապահներին շատ լավ հայտնի էր, որ վերջինս 2002 թ. Վրաստանում խարդախության համար պայմանականորեն դատապարտվել է, Վրաստանի քաղաքացի է, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, չի ներկայացել Վրաստան ստորագրելու, եւ այնտեղ խափանման միջոցը փոխել են ազատազրկում: Հիմա հարց է ծագում՝ ի՞նչ հիմքով եք նրան պահում: Եթե վրացիները պահանջ են դրել, ինչո՞ւ չեք հանձնում: Պարզ է, չէ՞, դա միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հոգեբանորեն ճնշում գործադրել Արտուշ Հակոբյանի վրա»:

«Առանց իրացնելու նպատակի՝ խոշոր չափով թմրամիջոցների ապօրինի շրջանառության» մեղադրանքով կալանավորված է նաեւ Արտուշի կրտսեր եղբայրը՝ Անդրանիկ Հակոբյանը: Վերջինիս փաստաբանը Աստղիկ Ղազարյանն է: «Հետքի» հետ զրույցում նա ասաց, որ գործում առկա են հակասություններ: Մասնավորապես՝ Անդրանիկի կինը պնդում է, որ իրավապահներին հանձնել է ամուսնու պահած 2,8 գ թմրանյութը: Տեղում կազմվել է արձանագրություն, որ այն դեղնականաչավուն, կանեփանման զանգված է՝ կանեփի չոր տերեւներ: Ընդ որում՝ սա պնդել են նաեւ ընթերակաները: Սակայն հետագայում փորձագետը նույն պարունակությունը բնորոշել է իբրեւ դարչնագույն, փոշենման զանգված՝ 2,8 գ հաշիշ:

«Առաջին դեպքում, ըստ երեւույթին, խոսքը կանեփի մասին է, որի չափը, եթե 2,8 գրամ է, հանզակազմ չի ենթադրում: Իսկ փորձագետի գրածով արդեն մշակված թմրանյութ է՝ հաշիշ, որի դեպքում սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում»,- ասում է փաստաբան Աստղիկ Ղազարյանը:

Վերջինս նշում է, որ արդեն գործն ուղարկվել է դատարան, եւ ինքը դատաքննության ընթացքում փորձելու է պարզել, որ եթե հանձնվել են կանեփի տերեւներ, ինչպե՞ս է այն դարձել կամ փորձագետի մոտ հայտնվել փոշենման զանգված՝ պատրաստի հաշիշ:

Սուրիկ Հակոբյանը բազմիցս նշել է, որ իր փոքր որդու եւ հարսի կալանավորումը յուրօրինակ գործարք է. դրանով փորձում են Արտուշին ստիպել ինքնախոստովանական ցուցմունք տալ: Բայց Սուրիկ Հակոբյանն արդեն հրաժարվում է հարցազրույց տալ՝ պատճառաբանելով, որ նախ՝ իր խոսքերին միշտ քաղաքական երանգ է տրվում, երկրորդ՝ ամեն ինչ հակառակ էֆեկտ է տալիս. հիմա էլ ձերբակալել են իր փեսային (դստեր ամուսնուն) եւ թոռանը (դստեր տղային):

ՊՆ քննչական վարչության մամուլի քարտուղար Մերի Սարգսյանը «Հետքին» փոխանցեց, որ Հրաչյա Ալեքսանյանը (Արտուշի քրոջ որդին) կալանավորվել է «Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելու» հիմքով: Իսկ ոստիկանության լրատվության վարչությունը հաղորդում է, որ Արթուր Ալեքսանյանը (Արտուշի քրոջ ամուսինը) կալանավորված է «Կողոպուտի հանցափորձ» մեղադրանքով:

Կոնկրետ բանդայի գործով ոստիկանությունից հայտնում են, թե ոչ մի նոր բան չկա, ընթանում է նախաքննություն: Իսկ փաստաբան Հովիկ Արսենյանը նշում է, թե այս գործի վերջը չի երեւում, «մանավանդ, որ մամուլում կցկտուր տեղեկություններ են հայտնվում կրկին կատարվող ավազակային հարձակումների մասին ու անմիջապես այդ տեղեկությունները հերքվում են»:

«Միգուցե այդ հերքումները նրա համար են, որպեսզի ցույց չտան, որ իսկապես տանուլ են տվել այս գործով: Չէ՞ որ այս խմբի վնասազերծումից հետո մեկ ամսվա ընթացքում նորից ավազակային հարձակում եղավ, դարձյալ նույն մեխանիզմով, բայց ասացին՝ կողոպտիչ է եղել: Այսինքն՝ այլեւս հնչեղություն չի տրվում, կատարված հանցագործության բնույթն ու առանձնահատկությունը թափանցիկ չեն, կարծես թե թաքցնում են,- ասում է Հովիկ Արսենյանը,- ես չեմ կարող դա համոզված ասել, բայց, այնուամենայնիվ, այս ամենն ինձ մոտ այն նստվածքն է թողել, որ սա այն խումբը չէ»:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter