HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Աղքատությունը կրճատվել է ի հաշիվ նպաստների ու թոշակների

Պաշտոնական, բայց դեռեւս չհրապարակված տվյալներով 2005թ.-ին Հայաստանում աղքատությունը կազմել է 39%: «ԱՀՌԾ իրականացման առաջին տարիների ընթացքում տեղի է ունեցել շատ աղքատ բնակչության քանակի աննախադեպ կրճատում»,-ասվում է Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրի (ԱՀՌԾ) իրականացման 2004-05թթ.-ի առաջին կիսամյակի հաշվետվությունում: Մասնագիտական վերլուծությունները հաստատում են, որ երկրում ծայրահեղ աղքատությունը կրճատվել է շատ ավելի արագ տեմպով, քան բուն աղքատությունը: ՄԱԿ-ի փորձագետների կանխատեսումներով 2006թ.-ին հնարավոր կլինի Հայաստանում հաղթահարել ծայրահեղ աղքատությունը: Կառավարությունը դա բացատրում է երկրում գրանցված տնտեսական աճով, որն իր անդրադարձն է ունեցել աղքատ խավի վրա:

Այդ իսկ պատճառով, կառավարությունը որոշել է վերանայել ԱՀՌԾ-ն, եւ ներկայումս ծրագրում ներգրավված նախարարությունները քննարկում են ծրագրի ժամանակացույցով ստանձնած պարտավորությունների կատարումը: «ԱՀՌԾ-ն կազմելիս հիմք ընդունվեցին 2001թ.-ի վիճակագրական տվյալները, ըստ որի աղքատությունը երկրում կազմում էր 54,7%, որով էլ պայմանավորված' զուսպ եղավ մեր շարադրանքը: Մեր հարափոխ կյանքում 2,5 տարին շատ մեծ ժամանակահատված է, եւ ժամանակն է վերանայել ծրագիրը»,-ասաց ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի փորձագետ Աշոտ Եսայանը: Նա նշեց, որ նախարարությունների քննարկումների արդյունքում բոլոր բացթողումներն ի հայտ կբերվեն, նոր գաղափարները կուսումնասիրվեն:

ԱՀՌԾ-ով նախատեսվում է Հայաստանում աղքատությունը հաղթահարել մինչեւ 2015 թվականը: Կառավարության դերը ծրագրի մեկնարկից՝ 2003թ.-ից մինչ օրս եղել է կարճաժամկետ արձագանքող քաղաքականությունը աղքատությունը մեղմելու նպատակով, որին ուղղվել են պետական միջոցները: Կրկնակի մեծացել է նպաստի գումարը՝ 12 մլրդ-ից հասնելով 24մլրդ-ի, եւ դա բաշխվել է աղքատներին: Արդյունքում Աղքատության ընտանեկան նպաստների (ԱԸՆ) համակարգում ընդգրկված 210 հազար ընտանիքներից աղքատների թիվն իջել է 130 հազարի: ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետներն ընդգծում են, որ աղքատության տոկոսի կրճատումը կատարվել է ի հաշիվ կենսաթոշակների բարձրացման, որի արդյունքում միայնակ կենսաթոշակառուների մի զգալի զանգված դուրս մնաց ԱԸՆ-ի համակարգից: Դրան նպաստեցին նաեւ ԱՀՌԾ-ով իրականացված հետեւյալ միջոցառումները.

1. կրթության ոլորտում ուսուցիչների աշխատավարձը հասավ 50,5 հազարի,
2. վերանորոգվեցին դպրոցները,
3. 2006թ.-ից պոլիկլինիկաներում բժշկական կոնսուլտացիաներն անվճար են,
4. բարձրացան կենսաթոշակները,
5. բարձրացավ զինվորական վետերանների թոշակը եւ այլն:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի փորձագետների հետազոտությունները ցույց են տվել, որ եթե աղքատության մակարդակի հաշվարկներից հանվեն սոցիալական տրանսֆերտների՝ պետական բոլոր տեսակի նպաստները, արտոնությունների դիմաց փոխհատուցումների, թոշակների ու կենսաթոշակների գումարները, ապա աղքատության մակարդակը կաճի 16,3%-ով, իսկ ծայրահեղ աղքատությունը՝ 18,9%-ով, այդպիսով մոտենալով 2001թ.-ի աղքատության մակարդակին եւ կազմելով համապատասխանաբար 49,9% եւ 16,2%: «Այս ամենը փաստում է, որ աղքատ բնակչությունը տնտեսական աճից հիմնականում կարողանում է օգտվել վերջինիս վերաբաշխման, այլ ոչ բաշխման միջոցով»,-եզրակացրել են փորձագետները:

Աշոտ Եսայանը, ով ԱՀՌԾ-ի իրականացման տարիներին զբաղեցրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության փոխնախարարի պաշտոնը եւ ԱՀՌԾ-ի ստեղծման ջատագովներից մեկն է եղել, չի ընդունում հասարակության մոտ ձեւավորված այն տեսակետը, թե տնտեսական աճը մեր երկրում չի նպաստել աղքատության կրճատմանը: «Տնտեսական աճը այնքան էլ չի նպաստում աղքատության հաղթահարմանը, այդ պատճառով էլ եկամուտների վերաբաշխումը շատ կարեւոր գործիք է: 2005թ.-ի 500 մլն բյուջեի փոխարեն Հայաստանի պետական բյուջեն 2006թ.-ին կազմել է 1մլրդ, որը կառավարությանը հնարավորություն է տալիս վերաբաշխել տնտեսական աճի արդյունքները»:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի սոցիալական մոնիտորինգի ծրագրի փորձագետ Նաիրուհի æրբաշյանը հայտնեց, որ նվազագույն զամբյուղի կառուցվածքի հիմքում դեռեւս դրված է 1996թ.-ին հաշվարկված նվազագույն զամբյուղը, որն այլեւս չի համապատասխանում այսօրվա սպառողական նախապատվություններին: «Եթե նվազագույն զամբյուղը չի փոխվում, ամեն տարի աղքատությունը հաշվելով այդ զամբյուղի հիման վրա' մենք համեմատությունն անում ենք 1996թ.-ի չափանիշով»,- ասաց նա: Ներկայումս Ազգային վիճակագրական ծառայությունը փոփոխության է ենթարկում զամբյուղի կառուցվածքը, որը նշանակում է, որ նոր զամբյուղից հետո աղքատության տոկոսը կարող է փոխվել, հնարավոր է' ավելի մեծանա:

ԱՀՌԾ-ով նախատեսված միջոցառումների ժամանակացույցն ավարտվում է 2006թ.-ին. արդյոք լուծվե՞ց փաստաթղթով առաջադրված խնդիրը: «Ծրագիրն ունի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ նպատակներ: Այս ծրագրով խոսքը տանելի աղքատության մասին է, որի ամենադասական բնութագրումն այս է՝ տուն, հագուստ եւ ուտելիք»,-ասաց Ա. Եսայանը: Պրն Եսայանը խորհուրդ տվեց աղքատության մասին խոսելիս միշտ հաշվի առնել հայկական մենթալիտետը. «Եթե մեքենա չունի, մարդն իրեն աղքատ է համարում, եթե «Ժիգուլի» ունի, բայց հարեւանը «Մերսեդես» է վարում, նա իրեն աղքատ է համարում: Գյուղացիների մեծ մասն իր եկամուտների մասին զուսպ է արտահայտվում, դա սարսափելի է»:

Փորձագետների հետազոտությունները փաստում են մայրաքաղաքի համեմատ մարզերում աղքատության կրճատման դանդաղ տեմպերի մասին: Մինչեւ 2003թ.-ը աղքատության տոկոսն ավելի բարձր էր քաղաքում, 2003-04թթ.-ին գյուղն է կտրուկ աղքատացել, ինչն օրինաչափ է համարվում: Սակայն Հայաստանում անհանգստացնող է տարածքային անհավասարությունը, որը խորացման միտում ունի: «Երեւանից դուրս աղքատության ցուցանիշների հարաբերակցությունը մայրաքաղաքի աղքատության ցուցանիշների համեմատությամբ կազմում է մոտ 1,7% այն դեպքում, երբ 1999թ.-ին այն մոտ է եղել 1%-ի, ինչը վկայում է վերջին տարիներին երկրի ծայրահեղ անհամաչափ զարգացման մասին»: («Հազարամյակի զարգացման նպատակների տեղայնացումը եւ առաջընթացը», 2005թ.-ի Ազգային զեկույց):

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter