HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հացթուխների «որս»

Հացթուխների «որսը» Լիպովցիում, ինչպես պարզեցինք, շարունակվում է: Ծնունդով էջմիածնեցի Արագած Հարությունյանին պատկանող լիպովցյան հացի գործարանում աշխատող Գեւորգ Երանոսյանի մասին առաջին անգամ լսել էի Կարինե Խաչատրյանից:

2011թ-ի փետրվարին, երբ Արագածի հրավերով Կարինեն ու ամուսինը մեկնել էին Վլադիվոստոկ, նրանց հետ, որպես պրոֆեսիոնալ հացթուխ, լավ վարձատրվող աշխատանքի հույսով մեկնել էր նաեւ 31-ամյա Գեւորգը:

«Արագածն օր մեզի ըսել էր, թե ընձի հացթուխներ են պետք, մենք մեր հարեւան Հակոբին էինք առաջարկել սկզբում,-պատմում է Կարինեն,-Հակոբն ինքն անձամբ խոսաց հեռախոսով Արագածի հետ, իմացավ պայմանները, բայց հրաժարվավ, իսկ Գեւորգը համաձայնվավ»:

Հակոբին նման զգուշավոր քայլի դրդել էր Արագածի դրած պայմանը` օրական 40 պարկ ալյուրի օգտագործում հացաթխման համար: «Հակոբը մեզի ըսավ, օր նման ծանրաբեռվածությամբ ինքը չի ուզե աշխատի, օր էդ քանակը մեկ հոգու համար կնշանակե «էշություն էնել», որ ով էլ էղնի երկար չի դիմանա էդ գրաֆիկին»,-բացատրում է Կարինեն:

Իրենց այդ հանգամանքն այն ժամանակ չի անհանգստացրել, որովհետեւ հացի գործարանում աշխատելու առաջարկ չունեին: Կարինեն պիտի աշխատեր խմորեղենի արտադրամասում, իսկ ամուսինը զոդման աշխատանքներ պիտի կատարեր:

Նույն թաղամասում ապրող Գեւորգ Երանոսյանը, ով 16 տարեկանից հացթուխ է աշխատել, որոշել է ռիսկի դիմել: Կարինեի պատմելով` Գեւորգը խոսել է Արագածի հետ, պայմանավորվել գումարի եւ աշխատանքային գրաֆիկի շուրջ: Արագածը վերջինիս խոստացել է ամսական վճարել 40 հազար ռուբլի աշխատանքն այնպես կազմակերպել, որպեսզի Գեւորգը 2 օր աշխատի, հաջորդ 2 օրը կարողանա հանգստանալ: Գեւորգին առաջարկված պայմաններն իրատեսական են թվացել, քանի որ կար երկրորդ հացթուխը` Արմեն Գրիգորյանը:

Կարինե Խաչատրյան

«Բայց մարտ ամսին Արմենն օր դաժան ծեծից հետո մահացավ, սաղ ծանրաբեռնվածությունն ընկավ Գեւորգի վրա»,-պատմում է Կարինեն:

Գեւորգը խմոր հունցողն էր, այսպես ասած` գլխավորը: Լիպովցիում հայտնվելու արդեն 4-րդ ամսում նրա մոտ գերհոգնածության նշաններ են նկատվել: Կարինեն, ով աշխատել է Գեւորգի հետ, պատմում է, որ տղան աշխատանքի վերջում պարզապես ուժասպառ է եղել: Քանի որ չի հասցրել լիարժեք քնել եւ չուներ նաեւ հանգստյան ազատ օրեր, շատ հաճախ ննջել է հենց աշխատանքի ժամին:

«Վախտ կար կմոռանար խմորը հունցել, մատնքաշները զարկելու ժամանակ ինքը չէր կրնա, ի վիճակի չէր էղնի, քունն անընդհատ կտաներ, խմորը կտրելուց ավել կկտրեր, ես ստիպված անընդհատ կզգուշացնեի, որովհետեւ արդեն լրիվ քնած էր: Իրա մոտ ահավոր վիճակ էր, բայց ճար չուներ: Արմենն արդեն չկար, Արագածն ուրիշ աշխատող չէր բերե, ընպես օր` ուզեր-չուզեր բդի էդ գրաֆիկով աշխատեր»,-ասում է Կարինեն:

Երբ 2011թ-ի փետրվարին հասել են Լիպովցի, 8 հոգով ապրել են Արագածի վարձած 3-սենյականոց տանը, թեպետ գործատուն խոստացել էր բնակարան գնել նրանց համար: Գեւորգը քնել է վարձակալած տան խոհանոցում: Կարինեն պատմում է, որ մի բազկաթոռ էր դրված, որի մեջ Գեւորգը քնել է նստած:

«Էնքան հոգնած կեղներ, օր գուկար, աչքին հեչ բան չէր երեւա: Նստած, ըդպես մե երկու ժամ էդ կռեսլոյի մեջ կքներ, օր էլի էրթար գործի»,- լիպովցյան  աշխատանքային օրերն է հիշում Կարինեն:

Հետագայում Գեւորգը տուն է վարձել եւ առանձին ապրել: Նախնական խոստացված 40 հազարի ռուբլի աշխատավարձը գյումրեցի հացթուխն այդպես էլ չի ստացել: Արագածը վճարել է ընդամենը 20 հազար ռուբլի: Ամսվա մեջ ազատ 2 կամ 3 օր է ունեցել: Գեւորգը սկզբնական շրջանում անգամ ինչ-որ կենցաղային իրեր է գնել` մտադրություն ունենալով ընտանիքին եւս երկրորդ երեխայի ծննդից հետո տեղափոխել Լիպովցի: Հետագայում գնած իրերը վաճառել է`նախ կարիքից դրդված, հետո էլ հասկանալով, որ անհնար է նման պայմաններում գոյատեւել Լիպովցիում:

8 ամսում Գեւորգը 2 անգամ է տուն գումար ուղարկել: Առաջին անգամ 1000 ռուբլի, որ եթե վերածենք դրամի, կազմում է շուրջ 12 հազար դրամ եւ մեկ անգամ էլ կարողացել է գումար ուղարկել` կապված երկրորդ երեխայի ծննդյան հետ` 2011թ-ի հունիսին:

«Ինչ հասել էինք Լիպովցի, ես անընդհատ Գեւորգին կըսեի, օր անձնագիրը հեչ մարդու չտա: Գեւորգը մենակ ընձի ու ամուսնուս կվստահեր: Ես մեր երեքիս անձնագրերը վերցրել, շորերով փաթթել ու կպահեի զամոկ ունեցող սումկի մեջ,-ասում է Կարինեն,-հետո Գեւորգն էկավ, թե Կարինե, անձնագիրս տուր, Արագածն ուզել է: Առանց ըդուր փողս չի տա, տամ օր փող վերցնեմ տուն ղրկեմ, երեխես կծնվի, մերոնց ձեռքը փող չկա»:

Կարինեն ասում է, որ 2011թ.-ի հունիսից մինչեւ օգոստոս ամիսը Գեւորգի անձնագիրը եղել է Արագածի մոտ, իսկ դրանից հետո այն վերադարձվել է տիրոջը, թե չէ, իրենք տեղյակ չեն: Կարինեի պատմելով` գործատուները գլխի էին ընկել, որ ինքը, ամուսինը, մայրն ու եղբայրները ցանկանում են հեռանալ: Մտածել են, որ Գեւորգին եւս կհամոզեն կտանեն: Որպեսզի չզրկվեն հիմնական աշխատուժից, Արագածը հրաժարվել է վերադարձնել Գեւորգի անձնագիրը: Դե իսկ Կարինեի եղբայրներին պարտադրել է մնալ` պատճառաբանելով վերջիններիս կուտակած պարտքերը:

«Հըմի Գեւորգի կինը` Լիաննան հետս չի շփվի, կըսե` դուք եք մեղավոր Գեւորգի Լիպովցի գնալու մեջ: Բայց առաջ շատ մոտ էինք, հըմի համարյա հետս չի խոսա: Բայց մենք մեղավոր չենք: Գեւորգն ինքն է խոսացել Արագածի հետ, պայմաններն իմացել, հետո էլ համաձայնվել»,-ասում է Կարինեն ու որպես հրաժեշտի նշան ձեռքով մատնացույց անում Երանոսյանների տնակը:

Լիպովցիից վերադարձածներն ասում են այլ բան, Գեւորգի հարազատներն` այլ

Երանոսյանների 6-մետրանոց տնակը նույն տարածքում է, որտեղ Կարինե Խաչատրյանի կացարանն է: Տանը Գեւորգի կինն է երկու մանկահասակ երեխաների եւ սկեսրոջ հետ: Երբ բացատրեցի այցիս նպատակը, նախ զարմանք գծագրվեց երկու կանանց դեմքերին: Երկուսն էլ միաժամանակ, առանց իրար հերթ տալու հայտարարեցին, որ Գեւորգը շատ լավ է, աշխատում է ու իրենք էլ գուցե առաջիկայում տեղափոխվեն Լիպովցի:

«Մենք ամեն օր կխոսանք Գեւորգի հետ, օր վատ բան էղներ, կըսեր»,-շտապում է ավելացնել Լիաննան` Գեւորգ Երանոսյանի կինը:

31-ամյա Գեւորգը երկրորդ զավակին` ութ ամսեկան Տաթեւին չի տեսել (առաջին լուսանկարում` Լիաննան 8 ամսեկան Տաթևի հետ) : Լիաննան հղի է եղել, երբ ամուսինը մեկնել է: Երեխան ծնվել է 2011թ-ի հունիսի 7-ին: Գեւորգի առաջնեկը` Նարեկը չորս տարեկան է: Գեւորգի մայրը` Գոհար Երանոսյանն ասում է, որ որդին առաջին անգամ է մեկնել արտագնա աշխատանքի, մինչ այդ առաջարկը աշխատել է Գյումրիում գործող հացի փռերում, ստացել է 60-ից 80 հազար դրամ աշխատավարձ: Գումարը մեծ չի եղել, սակայն կայուն եկամտի աղբյուր է հանդիսացել Երանոսյանների համար:

«Բայց էդ փողով ու երեխու նպաստով հնարավո՞ր է ապրել, հետն էլ մտածել տուն առնելու մասին»,-հարցնում է տիկին Գոհարը:

Գեւորգի մայրը նույնպես հացթուխ է: «Շատ հնարավոր է` ես էլ էրթամ տղուս մոտ,-ասում է տիկին Գոհարը,-ուրդեղ իրանք, ընդեղ ես»: Գոհարի երկու տղաներն էլ տնակում են ապրում: Անօթեւանի կարգավիճակ չունեն, երկրաշարժին բնակարան չեն կորցրել, նշանակում է պետությունից էլ որեւէ ակնկալիք չունեն: Հույսը արտագնա աշխատանքի մեկնած տղայի վաստակն է, սակայն դեռ շոշափելի արդյունք այստեղ էլ չեն տեսել:

Թեպետ Գոհարն ու Լիաննան զրույցի ընթացքում պնդում էին, որ Գեւորգի գործերը Լիպովցիում լավ են, սակայն Հայաստան ուղարկած նրա գումարների չափն այլ բան է հուշում: Եղել են ամիսներ, որ Գեւորգն ընդհանրապես գումար չի ուղարկել:

«Եթե ասում եք, որ Գեւորգն իր ստացածով հիմանականում իր գլուխն է պահում ու չի կարողանում մեծ գումարներ ուղարկել, այդ դեպքում ինչ վստահությամբ եք դուք պատրաստվում մեկնել Լիպովցի»,-հարցնում եմ տիկին Գոհարին:

4-ամյա Նարեկը

Կինը երեւի նման հարցի չէր սպասում ու անակնկալից, թե շփոթմունքից մի պահ լռում է նախքան պատասխանելը: «Դե կարող է էդքան էլ լավ չէ, ինչխոր մենք կպատկերացնենք կամ ինքը կըսե: Կարող է կվախենա ըսե, թե վատ է, ինչ իմանանք, ինքն ընդեղ, մենք ըստեղ: Մեզի կըսե լավ եմ, գործերս լավ է, էդքան բան,-ասում է Գեւորգի մայրը,-կոնկրետ ես դեմ եմ եղել էդ էրթալուն: Գուզեի օր ըստեղ մնար, բայց հեռվի ձենը կըսեն անուշ է: Մարդկանց շատ բան կխոստանան, բայց միշտ չէ, օր էդ խոստումները կկատարեն»:

Իսկ Լիաննան ասում է, որ ինքն ավելի շուտ կգնար ամուսնու մոտ, եթե հղի չլիներ: Գեւորգն ամեն անգամ հույս է տալիս իր տեղափոխվելու հետ կապված, սակայն որոշակիություն դեռ չկա, ամեն ինչ գումարի հետ է կապված:

«Իսկ ես կարոտել եմ պապայիս»,-4-ամյա Նարեկը սուրճի բաժակը դնում է սեղանին ու աչքերն հառում ինձ` բացատրելով, որ կարագով սուրճ է խմում, որովհետեւ հազում է:

«Ամեն դեպքում մենք չիդենք, թե Լիպովցի ինչ կկատարվի, Գեւորգն օր ամեն զանգելուց կըսե` ես լավ եմ, դուք մի անհանգստացեք, մենք էլ կհավատանք օր, ամեն ինչ լավ է»,-ասում է Լիաննան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter