Կիրակի, 19 մայիսի

Գագիկ Արզումանյան. «Թեղուտի շահագործման ծրագրի դադարեցման հեռանկարը բացառում եմ»

Լարիսա Փարեմուզյան


11:41, 6 ապրիլի, 2012

Հարցազրույց «Վալլեքս» խմբի ընկերությունների փոխնախագահ Գագիկ Արզումանյանի հետ 

Ի՞նչ գնահատական կտաք Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի հանքարտադրությանը: Չե՞ք կարծում, որ այն իր շատ մեծ ծավալներով լուրջ սպառնալիք է բնակչության առողջության ու շրջակա միջավայրի համար:

Ես կխոսեմ, իհարկե, «Վալլեքսի» ծրագրերի մասին: Թումանյանի տարածաշրջանում մենք ունենք հանքերի շահագործման 2 լիցենզիա: Մեկը վերաբերում է Ալավերդու ստորգետնյա պղնձի հանքին, երկրորդը՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրին:

Ալավերդու ստորգետնյա հանքն այժմ կոնսերվացված վիճակում է: Մենք դեռևս փորձում ենք հասկանալ, թե որը կլինի լավագույն մոտեցումը այդ հանքի շահագործման համար՝ պայմանավորված նրանով, որ այս հանքի պաշարները բավակակնին քիչ են: Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրին տեղյակ եք: Մի քանի այլ վայրերում մենք այժմ իրականացնում ենք երկրաբանահետախուզական աշխատանքներ, իսկ մնացած ընկերությունների մասին, որոնք գործում են տարածաշրջանում, կդժվարանամ որևէ բան ասել:

Ինչ վերաբերում է տարածաշրջանի հանքարտադրության ծավալներին, նախ՝ շատ թե քիչը հարաբերական հասկացություն է: Ինչի համեմատ է շատ և ինչի համեմատ՝ քիչ: Միանշանակ կարող եմ ասել, որ եթե կա հանքավայր, որի շահագործման տնտեսական, սոցիալական, բնապահպանական նպատակահարմարությունը հաստատված է, ապա այդ հանքավայրը պետք է շահագործվի: Սպառնալիքների առումով՝ ցանկացած տնտեսական գործունեություն որոշակի ռիսկեր իր մեջ պարունակում է: Հացի գործարանը նույնպես իր մեջ ռիսկեր է պարունակում: Մեր՝ տնտեսավարողներիս խնդիրը պետք է լինի այդ ռիսկերը հասցնել նվազագույնի:

Ինչպե՞ս եք վերաբերվում «Թեղուտի պաշտպանության» խմբի որդեգրած պայքարին և նրանց պահանջներին:

Ընդհանուր առմամբ, ես նորմալ եմ համարում, որ հասարակությունը փորձում է հասնել նրան, որ տնտեսավարողներն ավելի ուշադրությամբ վերաբերվեն բնապահպանական խնդիրներին:

«Թեղուտի պաշտպանության» խումբը, բնապահպանական նկատառումներից ելնելով, պահանջում է դադարեցնել Թեղուտի ծրագիրը:

Ես ծայրահեղական դրսևորումները, իհարկե, մի կողմ կթողնեի, որովհետև նույն սկզբունքով կարելի է ասել, որ որևէ մարդ Հայաստանում կամ աշխարհում չպետք է բնակվի, կամ որևէ նախաձեռնություն չպետք է կյանքի կոչվի: Ես կարծում եմ՝ պետք է հասնել նրան, որ ինչպես Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագիրը, այնպես էլ ցանկացած այլ տնտեսական նախաձեռնություն պատշաճ ուշադրություն դարձնի բնապահպանական խնդիրներին:

Կա՞ խմբի կողմից բարձրացված որևէ հարց, որի հետ լիովին համաձայն եք:

Ամենավերջին քննարկման ժամանակ, օրինակ, Հակոբ Սանասարյանը բավականին իրավացի հարցադրում արեց, թե մեր կողմից ինչպիսի անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվում, որպեսզի կանխարգելվի օքսիդացված հանքաքարից ծծմբական թթվի արտահոսքը: Այդ խնդիրն իսկապես կա: Մենք այժմ լրջագույնս զբաղվում ենք այդ խնդրով:

Հնարավոր համարո՞ւմ եք Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի դադարեցումը::

Ես, բնականաբար, բացառում եմ նման հեռանկարը:

Ո՞ր փուլում են Թեղուտի հանքի մակաբացման աշխատանքները:

Հանքի մակաբացման աշխատանքներն ընթանում է ամբողջ թափով:

Չե՞ք գտնում, որ ՀՀ կառավարությունը, երկրում լայն թափ հաղորդելով հանքարդյունաբերությանը, ի սկզբանե, ինպես Թեղուտի դեպքում, այնպես էլ Արմանիսի և մյուս մարզերում հանքավայրերի լիցենզիա տրամադրելիս շրջանցել է հանրային կարծիքը:

Ես ձեռնպահ կմնամ մյուս ցանկացած ծրագրերի մասին խոսելուց, որովհետև պարզապես տեղյակ չեմ: Ես Թեղուտի մասին միանշանակ կարող եմ ասել, որ այնքան, ինչքան լսվել է հասարակության կարծիքը ՀՀ կառավարության, ԱԺ-ի, շահագրգիռ կազմակերպությունների կողմից, ինձ հայտնի չէ որևէ նման դեպք, որ որևէ ծրագիր այդքան խորությամբ քննարկվի:

Պարոն Արզումանյան, եկեք անդրադառնանք Ալավերդու մկնդեղի գերեզմանոցի խնդրին: Դուք տեղյա՞կ եք գերեզմանոցի բնապահպանական ռիսկերին:

Այո: Եվ կարծում եմ, այո, այնտեղ բնապահպանական լուրջ ռիսկեր կան:

Մկնդեղի գերեզմանոցը գտնվում է «Մանես ԳՄԳ» ԲԲԸ-ի հաշվեկշռում: Ի վերջո, ո՞վ է այս ընկերության սեփականատերը:

«Մանես ԳՄԳ» ԲԲԸ-ում «Էյ-Սի-Փի» ընկերությունը փոքրամասնություն՝ 16 տոկոսի բաժնետեր է: Ընկերության մնացած 84 տոկոսի բաժնետերի մասին ես տեղեկություն չունեմ, ես տեղյակ չեմ: Ազդեցության լծակներ ունենք այնքանով, որքանով ընկերությունը գործում է Ալավերդի քաղաքում:

Մենք կարծում ենք, որ այդ ձեռնակությունն ապագա չունեցող ձեռնարկություն է, որովհետև որևէ աղբյուրից շահույթ չստացող ձեռնարկություն է: Հետևաբար, մեր առաջարկությունը եղել և մնում է լուծարել այդ ձեռնարկությունը:

Ընկերությունում բաժնետերերի ժողով լինո՞ւմ է:

Ես տեղյակ չեմ, որ վերջերս այնտեղ բաժնետերերի ժողով եղած լինի: Մի քանի տարի առաջ եղել է:

Ձեր կարծիքով՝ «Մանես ԳՄԳ» ընկերությունում ո՞ւմ պետք է դիմել մկնդեղի գերեզմանոցում վերականգնման աշխատանքներ սկսելու համար:

Դուք այդ հարցը կարող եք տալ ՀՀ կամ աշխարհի ցանկացած քաղաքացու: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (7)
1. Armen12:19 - 6 ապրիլի, 2012
HATUK TIKIN PAREMUZYANIN_____________ES DZEZ HAMARUM EM TARACASHRJANI MILPET; VOROVHETEV MIAJN DUQ EQ CHSHMARIT MEKNABANUM AJN ;INCH VOR KATARVUM E LORUM: AJN ; INCH@ VOSTIKANNER@ CHEN KAROXANUM ANEL TARINEROV; DUq ANUM EQ KARCH JAMANAKUM: VERJUM KAREVOR AXBAHANUTHJUN ARIQ AXTHALAJIC;; AJSINQN KOMUNAL BAJNI VARICH EL EQ: SHNORHAKALUTHJUN ALAVERDUM KATARVAC DEPQERI ANACHAR MEKNABANUTHJUNNERI HAMAR:
2. Gayane14:07 - 6 ապրիլի, 2012
Գերազանց հարցազրույց է: Միշտ հիանում եմ այս մարդու պատասխաններով:
3. Sam15:58 - 6 ապրիլի, 2012
Ինչպես միշտ, խուսափողական պատասխաններ, պատասխանատվության շրջանցում, ապօրինի գործունեության արդարացում... այս մարդը լավ է կատարում իր գործը «Վալլեքսի» համար, բայց պետք է հասկանա, որ վաղ թե ուշ, պատասխանատվություն է կրելու բոլոր անօրինականությունների համար:
4. Vardan20:08 - 6 ապրիլի, 2012
votchmi hanrayin qnnarkum tchi egel ev hashvi tchi arnvel teghi hogh ogtagorcoghneri ev sepakanatereri karciq@.nrancic tchntchin gnerov zavtvel en nranc sepakanutyunner@.intchpes ays depkum en pahel orenq@ aynpes el mnacatc depqerum en irec asatci ter@.
5. Լարիսա Փարեմուզյան20:21 - 6 ապրիլի, 2012
Արմենին---- Արմեն ջան խնդրում եմ դու ինձ տես միայն լրագրողի աշխատանքում, հա: ԻՆձ մի վիրավորի , այ անխիղճ գոնե ինձ խնայի և միլպետի պաշտոնում մի տես: Միլպետ, էնա էդ էր մնացել: Դու երևի ուզում ես Ալավերդու միլպետին ինձ հետ թշնամացնել: Ես ով, միլպետն ով: Եթե նայենք քո տրամաբանությանը, ուրեմն ես համարյա բժիշկ էլ եմ, որովհետև բազմաթիվ հոդվածներ ունեմ գրած առողջապահության ոլորտի և բժիշկների մասին: Ես հոդվածներ էլ եմ գրել ծննդատան մասին: Ուրեմն ինձ կարող եմ գինեկոլոգ էլ զգալ: Քո տրամաբանությամբ ես արխեին ինձ կարող եմ մետալուրգ էլ համարվել: Արմեն ջան , չգիտեմ երիտասարդ ես, թե տարեց ուրեմն իմացիր, ես մասնագիտությամբ հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի եմ:
6. բժ. Հարութ Տանիելյան22:08 - 6 ապրիլի, 2012
Լավ եւ ճիշտ կլիներ ԱԺ օրենք ընդուներ, առ այն, որ նման գործունեություն ծավալողներն ու սեփականատերերը պարտավորված լինեն ապրել իրենց հանքարդյունաբերման վայրին շատ մոտ տարածքներում (առավելագույնը 1 կմ շառավիղով), ընդ որում ամբողջ ընտանիքով, ու պարտավոր են այդտեղ բնակվել մինչեւ այդ վայրի հանքարդյունաբերման ավարտը։
7. Armen12:31 - 9 ապրիլի, 2012
Tikin Paremuzyan jan! es inkati unem voch ajs hodvac@: Dzer tramabanutjan@ shat kriminalistner knaxandzein, isk dzer ardaramtutjan@ shat nerqin gorceri ev ardaradatuthjan hamakargi ashxatoxner: isk axbahanutjun@ arajin hertin Serobin er veraberum ev voch miajn Serobin: Xorin harganqners ardar LRAGROXIN!!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»