20:01, 31 մայիսի, 2012Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր էր ստորագրել Հանրային հեռուuտառադիոընկերության խորհրդի փոխնախագահ Վահրամ Բաղդասարյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին: Վահրամ Բաղդասարյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակում 30-րդն էր և ընտրվել է ԱԺ պատգամավոր:
Ինչո՞ւ որոշեցիք համամասնական ընտրակարգով առաջադրվել: Արդյո՞ք դա նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով էր պայմանավորված, և վստահություն չունեիք, որ մեծամասնականով առաջադրվելու դեպքում կընտրվեք:
Նախորդ երեք անգամները, երբ ընտրվել եմ պատգամավոր, եղել եմ անկուսակցական և ինքս եմ որոշել իմ բոլոր խնդիրները: Եվ ընդհանրապես իմ ամբողջ քաղաքական տարեգրության մեջ ես եղել եմ անկուսակցական, նաև կոմունիստների ժամանակ: Իմ ցանկությունը և անձնական կարծիքը մինչև վերջին պահը եղել է այն, որ մեծամասնականով ընտրապայքարի մասնակցեմ, բայց կուսակցությունն է այդ որոշումը կայացրել, որ նպատակահարմար է մասնակցեմ համամասնականով: Իհարկե անհատը միշտ կարող է իր որոշումները կայացնել, բայց ճիշտ չեմ համարում, որ եթե անդամակցում ես մի կուսակցության, հանկարծ որոշում կայացնես և առանց կուսակցական առաջադրման մասնակցես մեծամասնական ընտրությունների:
Համամասնականով առաջադրումը կուսակցության որոշումն էր, մինչդեռ ՀՀԿ-ին անդամակցելը Ձեր անձնական որոշումն է եղել: Ինչպե՞ս կմեկնաբանեք այն, և ինչո՞ւ հատկապես ընտրությունների նախաշեմին:
Նախկինում բավականին բաց էր քաղաքական դաշտը, և այնտեղ կուսակցությունների դերը ես այդքան բարձր չէի գնահատում, որովհետև այս փոքր երկրում անընդհատ ծնվում էին կուսակցություններ, և անընդհատ կար հասարակական պահանջ`նոր կուսակցության, որը կարող է ինչ-որ բան փոխել, ինչ-որ նոր ուղղություն մտցնել, բարեփոխումներ կատարել: Եվ ժամանակին պնդում էի, որ առայժմ մեզ պետք են մեծամասնական պատգամավորներ, որովհետև սոցիալական պրոբլեմներ ունեցող երկրում, զարգացման փուլում գտնվող երկրում հասարակ ժողովրդի և չինովնիկների կապը պահպանողներ էին պետք, և հիմնականում այդ կապը պահպանողներն ու ձայնը տեղ հասցնողները մեծամասնական ընտրված պատգամավորներն էին: Բայց քանի որ վերջին 10 տարիների ընթացքում իրադարձություններն այլ ձևով զարգացան`ինտեգրում եվրոպական ընտանիքին, ավելի քաղաքակիրթ քաղաքական դաշտի ստեղծում, քաղաքականությունը փողոցից դեպի Ազգային ժողով տեղափոխում, այս համատեքստում արդեն մենք ուզած թե չուզած պետք է գնանք լրիվ համամասնական ընտրակարգի, իհարկե աստիճանական: Իսկ եթե մի պառլամենտում և ընդհանրապես քաղաքական դաշտում տիրում է այն մթնոլորտը, որ պետք է լինի միայն համամասնական ընտրակարգով ընտրություն, անկուսակցական անհատի դերակատարությունը քաղաքական դաշտում արդեն կորցնում է իր իմաստը:
Իմ մեջ որոշում կայացրեցի, որ նախ պետք է շարունակեմ իմ քաղաքական գործունեությունը, որովհետև շուրջ 30 տարի մի գործով զբաղվելով`կիսատ թողնել և գնալ ուրիշ գործով զբաղվել, այնքան էլ ճիշտ չէ, մանավանդ այս տարիքում: Իսկ եթե պետք է շարունակեի, պետք է ընտրվեր նաև կուսակցությունը, կամ նոր կուսակցություն բացվեր, որի հասարակական պահանջը այս պահին չէի զգում: Բնականաբար պետք է անդամակցեի որևէ կուսակցության, որպեսզի շարունակեմ իմ քաղաքական գործունեությունը: Իսկ գաղտնիք չէ, որ 90-ականներից սկսած, ես որևէ հակադրություն կամ հակասություն չեմ ունեցել ՀՀԿ-ի հետ: Եվ երեք անգամ որպես անկախ պատգամավոր եմ ընտրվել, սակայն ՀՀԿ-ն պաշտպանել է իմ թեկնածությունը: Եվ ոչ միայն անհատական, անձնական շահերից ելնելով, որ նրանք ինձ պաշտպանել են, պետք է նրանց կողմը կանգնեմ. դա քաղաքական կատեգորիա չէ: Կային բավականին ընդհանրություններ: Իհարկե նաև կան հակասություններ: Չեմ ասում, որ գնալով ՀՀԿ, պետք է իմ բոլոր սկզբունքներից հրաժարվեմ, այն ամեն ինչից, որը որ դեմ եմ եղել իրենց գործունեությանը, պետք է հրաժարվեմ և խոնարհ ենթարկվեմ բոլոր որոշումներին: Չեմ ուզում ավելի վեհ գաղափարներից խոսեմ, որ դա գաղափարն է եղել, մյուսն է եղել, կամ ի ծնե ինձ հետ եկել է: Եթե ի ծնե ինձ հետ եկած լիներ, բնականաբար, հիմնադրման օրվանից կանդամակցեի ՀՀԿ-ին: Ընթացքում է կայացվել այդ որոշումը, որպեսզի ինչ մտածելակերպ ունեցել եմ մեր ապագայի մասին, մեր քաղաքական դաշտի կայունացման մասին, կարողանամ նաև կուսակցության մեջ իրագործել: Հիմնականում դա է եղել: Ես համոզված եմ, որ ճիշտ եմ եղել, և կարելի է բավականին լուրջ աշխատանք տանել. իշխող կուսակցությունը ՀՀԿ-ն է հիմա, և այդ կուսակցությունը կարող է լիարժեք տիրապետել իրավիճակին և տիրապետում է:
Հետաքրքիր կլինի, եթե այս և նախորդ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ինքներդ բացահայտեք թիվ 30 ընտրատարածքի «ֆենոմենը». ի վերջո, ո՞ւմ է ձայն տալիս վանաձորցին:
Չեմ կարծում, որ մեծ իրադարձություն է տեղի ունեցել նաև այս անգամ: Ես հետևել եմ ընտրություններին ամբողջ հանրապետությունում և մարզերում: Արտառոց դեպքեր չեն գրանցվել: Ժողովուրդը կատարել է իր ընտրությունը, նախապատվությունը տրվել է թեկնածուներին: Պարզապես եթե 30 ընտրատարածքին եք անդրադառնում, ինձ թվում է`կար նոր մարդու հասարակական պահանջ: Նաև քարոզարշավի կազմակերպման խնդիրներ կային: Ընտրություններից առաջ այս հարցով շատ հետաքրքիր զրույց կարելի էր տանել, բայց երևի դուք էլ նման տիպի հարցերի չեիք նախապատրաստվում, որովհետև ամեն ինչ հարթ էր ընթանում: Չեմ ուզում ընտրություններից հետո անդրադառնալ այս թեմաներին: Չեմ ուզում որևէ մեկին ֆետիշացնել կամ որևէ մեկին նսեմացնել: Իրադարձությունից հետո միշտ քննադատելը հեշտ է, հաղթողներին չեն դատապարտում: Նախորդ ընտրություններին ես և Վիկտոր Դալլաքյանը երկու անկուսակցական թեկնածուներ էինք, նախապատվությունը տրվել է մյուս թեկնածուին: Ես դա հիվանդագին չեմ ընդունում:
Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակում ընդգրկվելու դիմաց Վանաձորում Ձեզ պատկանող «ՎաԲա» առևտրի կենտրոնը Սերժ Սարգսյանի եղբորն եք տվել:
Դա ծիծաղելի է պարզապես, որ ինչ-որ մեկին ինչ-որ բան պետք է տրվեր: Նախ «ՎաԲա» չի, այլ անվանում ունի, «Արձագանք» ՍՊԸ-ինն է, պատկանում է իմ ընտանիքին, վարձակալությամբ աշխատում են իմ մոտ բարեկամները: Նման տիպի բան չկա և չի կարող լինել: Իմ կյանքի ընթացքում որևէ մեկից ոչինչ չեմ խլել կամ վերցրել: Եվ չեմ էլ պատրաստվում որևէ մեկին հենց այնպես նվեր տամ: Նվեր կարող եմ տալ ինչ-որ բան, երբ որ ասենք միջոցառում լինի, բայց ես չեմ հասել այն աստիճանին, որ նման տիպի նվերներ անեմ: Չգիտեմ ինչ չարամիտ մարդիկ են: Ավելի ճիշտ երևի ինձ չէ, ցանկացել են այն մյուս մարդու, ում մասին խոսում են, նրա հասցեին չարախոսել:
Մեկնաբանված
Կարդացված
13.05.2013
դիտվել է 3609 անգամ
Դուք հասկանու՞մ եք, թե ինչ է նշանակում, երբ զինվոր է դուրս գալիս փողոց
14.05.2013
դիտվել է 3254 անգամ
Տալվորիկ գյուղի խոշոր հողատերը Ռոբերտ Քոչարյանի որդին է
18.05.2013
դիտվել է 2438 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
15.05.2013
դիտվել է 2056 անգամ
Դատավոր Պետրոսյանը «յուրացրել է դատական իշխանությունը»
13.05.2013
դիտվել է 1964 անգամ
Հանքարդյունաբերական ընկերությունը ձեռնոց է նետում հանրությանը
13.05.2013
դիտվել է 1713 անգամ
«Վերականգնված» կամուրջը ջնջեց անցյալի հետ կապը