19:10, 4 հուլիսի, 2012Այսուհետ կարող եք դիտել ««Հետքի» սրահում» հաղորդաշարը: Մեր տաղավարում կկազմակերպվեն բանավեճեր, կքննարկվեն շաբաթվա կարեւորագույն իրադարձությունները, կհնչեն փորձագիտական կարծիքներ եւ տեսակետներ:
«Հետքի սրահի» առաջին հյուրերն են` ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը, ՄԻԺԻ հիմնադիր, քաղաքագետ, իրավաբան Արմինէ Առաքելեանը, սոցիոլոգ Սյուզաննա Բարսեղյանը:
«Հետքի» խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հետ նրանք զրուցում են ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում Վահե Ավետյանի սպանությունից հետո ստեղծված իրավիճակի մասին:
Էդիկ Բաղդասարյան -Բարեւ Ձեզ, սա մեր առաջին քննարկումն է, փորձում ենք «Հետքում» նաեւ այդ ուղղությամբ աշխատել: Առաջին հաղորդմանը ուզում եմ քննարկենք վերջին դեպքը՝ «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանությունը: Իրոք, հասարակությունը ալեկոծվել է, փորձենք հասկանալ՝ ինչպես ստացվեց, որ մեր հասարակությունում այսպիսի դեպք է պատահում, որ ռեստորանում ծեծելով կարող են մարդ սպանել:
Լիլիթ Գալստյան – Բռնության մշակույթի իրականության մեջ ենք ապրում, բռնություն, որը մեր իրականության բոլոր երեսներում է համատարած: Այս հանցագործությունը մեր հասարակության համբերության վերջին կաթիլն էր, որովհետեւ մենք ապրում ենք երկու ճշմարտությունների Հայաստանում. մի կողմից սահմանադրորեն ամրագրված` իրավական, սոցիալական, ժողովրդավարական երկիր, բայց իրականությունը բոլորովին այլ է՝ ցինիկ, անպատժելիություն, բռնություն, ծեծելով մարդ սպանելուց ընդհուպ մինչեւ մշակութային ժառանգության վերացում: Այս վիճակն էլ դրդում է ինքնաիրավչության, գետնաքարշ գոյության, ստորացված արժանապատվության եւ, ի վերջո, Հայաստանը լքելու: Վերջին ողբերգական դեպքը մեր հասարակության մեջ ըմբոստացման, ընդվզումի ալիք բարձրացրեց, որովհետեւ Հայաստանի Հանրապետության արժանապատիվ քաղաքացիների գոնե մի փոքր խումբ այլեւս այս խաղի կանոններով չի ուզում ապրի: Սա քսան տարիների անպատասխանատվության, անպատժելիության, ցինիզմի գագաթնակետն է եւ համատարած պայքարի օազիսների շղթայի մի հատվածը: Բոլորը տուժած կողմ են` Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքացիները, սպանվածի ընտանիքը:
Արմինէ Առաքելեան- Համաձայն եմ Լիլիլիթի հետ: Նման դեպքեր շատ են կրկնվում: Բնականաբար, լրագրողները, անհատ քաղաքացիները, փոքրաթիվ հասարակական խմբեր փորձել են ժամանակին բողոքել արադարության դեմ: Պողոս Պողոսյանի դեպքը, գրեթե ամենշաբաթյա վատ լուրերը մեր բանակից, բռնությունները ընտրությունների ընթացքում, այս դեպքերը մեզ մոտ կրկնվող մոդելի են վերածվել: Արդարությունը մեր հասարակությունում օրինաչափ չէ: Մեր Սահմանադրությունը բավականին առաջադեմ է, հստակ սհմանված է քաղաքացու, հասարակության գոյակցությունը: Բայց սա ամրագրված է թղթի վրա, որովհետեւ մենք ներքեւից մեր մեջ չենք կերտել այս սահմանադրությունը: Ինչու հիմա հանրային ընդվզումը այսպիսի մեծ ալիք դարձավ եւ հուսով եմ կինտենսիվանա, որոշ սերնդափոխություն եղել է, եւ նրանց միացավ ավագ սերունդը: Համակարգը ճեղքվում է: Եվ շատ կարեւոր է ներքին համախմբումը` սոլիդարությունը եւ ճիշտ բանաձեւումները` թե ինչ ենք պահանջում եւ մինչեւ ուր կգնանք: Սա այն դեպքն է, որ կարծում եմ՝ կարող է տանել համակարգի փլուզման եւ հուսով եմ, որ կտանի, որպեսզի մենք եւ մեր սերոււնդները կարողանանք արժանապատիվ ապրենք եւ ստեղծագործենք մեր հայրենիքում:
Սյուզաննա Բարսեղյան- Համամիտ եմ բանախոսների հետ, ցավոք չունեմ կիրառական սոցիոլոգիական տվյալներ, թե հասարակությունը ինչպես է վերաբերում ողբերգական դեպքին, թեկուզ վստահ եմ, որ շատ բացասական: Հասարակության այս տեսակ ընդվզումը զարմանալի չէր, զարմանալի կլիներ եթե ընդվզում չլիներ: Ինչպես մեր քաղաքական գործիչներից շատերն այսօր կոչ են անում չընդվզել եւ լուծումները թողնել իրավապահ մարմիններին: Այսինքն՝ իրենց մոտ զարմանք է առաջացնում, թե մարդիկ ինչու են բողոքում այս դեպքի առնչությամբ: Շատ վատ ցուցանիշ կլիներ մեր հասարակության համար, որ այսքան ստորացումներից, ընտրակեղծարարությունից հետո ընդվզում չառաջանար: Մարդիկ հասկանում են, որ սա ամեն հայ մարդուն ուղղված վիրավորանք է, ստորացում, որովհետեւ ամեն մեկը կարող էր լինել այդ սպայի փոխարեն, որին գազանաբար ծեծելով սպանել են: Սա մեկ օրվա դեպք չէ, այլ տարիներով ձեւավորված մշակույթի արդյունք է: Մշակույթ, որտեղ մարդու կյանքն արժեք չունի, երբ կան արտոնյալ խմբեր, որոնք մնում են անպատիժ: Արտոնյալ խավը իրեն շրջապատում է ֆիզիկապես ուժեղ, վարժեցրած մարդկանցով, եւ այս մարդկան վարքագիծը այդ դեպքի ժամանակ րոպեական արձագանք չէր, նրանք վարժեցված են նման դեպքերում վարվել այդպես:
Լիլիթ Գալստյան -Խոսքը երեւույթի համակարգայնության մասին է: Մականունավորները առատորեն վխտում են Ազգային ժողովում եւ գնալով շատանում, հակառակ մեր երկրի նախագահի պնդման, որ այս խորհրդարանը բարոյական եւ ինտելեկտուալ ցուցանիշներով, որակապես պիտի տարբերվի եւ ուղերձով դիմեց հասարակությանը՝ խոստանալով, որ օլիգարխիկաթիկնազորակլանային տարրերից պիտի ձերբազատվի: Սակայն նա կրկին կանգնեց մականունավորների կողքին, եւ նրանք եկան խորհրդարան: Նրանցից շատերի վարքագծին ու արժեհամակարգին ես լավ ծանոթ եմ, նրանցից շատերի կենսագրությունը լեցուն է այդպիսի պատմություններով: Մեր անկումներն այնքան հետեւողական են, ձեռագիրն այնքան խիստ է, որ այս պաթոլոգիան դառնում է վարքականոն:
Սյուզաննա Բարսեղյան- Ես կասեի՝ տիպային վարքաձեւ:
Արմինէ Առաքելեան- ԱՄՆ-ի սփյուռքահայերը զարմացել են, որ ռեստորանն ունի 15-20 անվտանգության աշխատակից: Դա է վտանգը, որ այդ վարքագիծը վերածվում է քաղաքական-իրավական համակարգի հենքի:
Լիլիթ Գալստյան- Մեր իշխանության բուրգը կառուցված է բռնության վրա: Երբ դու քո քաղաքացուն գնահատել ես 10-25 հազարի շրջանակներում, դա ինքնին բռնություն է ծնում: Հայաստանում որեւէ քաղաքական ինստիտուտ իր դերակատարման մեջ չի: Ամբողջ մեր հանրային ցանցը, միջանձնյա չափումները բռնության մասին ինֆորմացիայի փոխանակումներ են: Մեր հասարակությունը, իսկապես աղետալի բարոյահոգեբանական վիճակում է: Հիմա հասարակությունը պահանջում է այս երեւույթին տալ քաղաքական, բարոյական եւ իրավական գնահատականներ:
Սյուզաննա Բարսեղյան- Մենք գիտենք իրավական դաշտում ինչպիսի լուծումներ կարող են լինել: Հասարակությունը, եթե անգամ գիտակցում է, որ խնդրին պետք է իրավական լուծում տրվի, իմանալով թե ինչ իրավական լուծումներ են լինում մեր երկրում, ստիպված դիմում է ճնշման մեթոդին:
Էդիկ Բաղդասարյան- Քանի որ խոսք գնաց իրավական գնահատականի մասին, մի բան ավելացնեմ: Առաջին պաշտոնյան, որ արձագանքել է այս դեպքին, Երեւանի ոստիկանապետ Ներսիկ Նազարյանն էր: Ես կարծում եմ, որ նրա նկատմամբ պիտի քրեական գործ հարուցվի, քանի որ նա արդեն իսկ իր հարցազրույցով փորձել է ճնշում գործադրել նախաքննության վրա: Նա հայտարարել է, որ նրանք անվտանգության աշխատակիցներ են եւ ասել է, թե ինչու պետք է պատասխան տա սեփականատերը: Նա չգիտեր` սեփականատերը եղել է տեղում, թե` ոչ, չգիտեր անվտանգության աշխատակիցներն էին, թե`ոչ: Նախ, ասեմ, որ դրանք անվտանգության աշխատակիցներ չեն, նրանք չկան այդ կառույցում, քանի որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրը աշխատեցնում է «Դավիթ Դ.Վ.Ս.» ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի 100 %-ի սեփականատերը, համաձայն պետռեգիստրի տվյալների, Ռուբեն Հայրապետյանն է: Այսինքն՝ իրավական համակարգն արդեն նախաքննության փուլում արդեն իսկ սխալ տեղեկատվություն է տարածել: Ներսիկ Նազարյանը ասում է՝ Հայրապետյան ընտանիքին պատկանող բիզնես, երբ այդ բիզնեսը Հայրապետյանի անունով է: Մենք տեսնում ենք՝ իրավական համակարգի վրա արդեն ճնշում կա, սողանցքներ են փնտրում, որպեզի Ռուբեն Հայրապետյանին պաշտպանեն: Այս ոչ օրինական ջոկատի անդամները զինված մարդիկ էին, որոնք պտտվում էին Ռուբեն Հայրապետյանի հետ, տարիներ շարունակ տարբեր պատմություների մեջ էին հայտնվում: Անցյալ տարի օգոստոսին էլ «Հարսնաքարում» զինված բախում եղավ, Եզդի Աշոտ մականունով թիկնապահը կրակեց երկու հոգու վրա, նա հիմա ազատության մեջ է: Այս ընթացքում պարզել ենք, որ «Եզդի Աշոտը» այդ դեպքից մի որոշ ժամանակ առաջ Ավանի մի քննիչի էր ծեծել: Քրեական գործի հիմքում հենց սա պիտի լինի. ի՞նչ հիմքով էր պատգամավորը ոչ օրինական, զինված պատժիչ խումբ պահում: Քննչական խումբը պիտի զբաղվի այդ խմբավորման կողմից կատարած հանցագործությունների փաստերով:
Արմինէ Առաքելյան- Այստեղ է, որ հասարակությունը պիտի բոլոր ճակատներում` բարոյական, քաղաքական, իրավական, ֆինանսական իր ճնշումը գործադրի: Ամեն մեկն իր մասնագիտական գործով պիտի ներդրում անի, սա վրեժխնդրության հարց չէ, այլ ապահով ապրելու երաշխիքի պահանջ:
Էդիկ Բաղդասարյան- Սա սերտաճման դասական օրինակ է` քաղաքականություն, քրեական աշխարհ, բիզնես: Ի դեպ, Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքի կնքահայրը Ռուբեն Հայրապետյանն է:
Լիլիթ Գալստյան- Բացահայտ է, Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ, այլ արեւելյան տիպի կլանային երկիր է: Այս համակարգը, օլիգարխիան իր ցածր ինտելեկտով, տապալում է այս երկիրը: Նրանք չեն խնայում անգամ այն ծառ-իշխանությունը, որի թիմակիցն են նաեւ իրենք: Մեզ պետք է այս հանցագործության համակարգային ընկալումը: Սա հայ ժողովրդի հայցն է ընդդեմ համակարգի:
Սյուզաննա Բարսեղյան-Այս հանցագործությունը չպետք է դիտարկել ուղղակի կատարված մեկ եզակի դեպք: Ես փոքրիկ մոնիտորինգ եմ արել դեպքի հետ կապված. Հանրային հեռուստաընկերությունն իր կիրակնօրյա եթերում զուգահեռեց այդ օրվա երկու դեպքերը` «Հարսնաքրի» եւ Իջեւանի ինչ-որ փոքրիկ ռեստորանում դանակահարության դեպքը: Այսինքն` ներկայացվում էր որպես կենցաղային փոքրիկ դեպք, որ կարող էր լինել ե′ւ ամենասովորական իջեւանցու, ե′ւ օլիգարխի ռեստորանում: Սա առաջին քայլն է, հասարակությունը պիտի հասկանա, որ այս հանցագործությունն իր դեմ է, սա իր խնդիրն է:
Լիլիթ Գալստյան – Սա բոլորի խնդիրն է՝ հասարակության, իշխանության, երկրի նախագահի, որն իմ իրավունի երաշխավորն է, այն իրավունքի, որը բռնաբարված է, գոյություն չունի: Ես հինգ տարի ունեցել եմ պատգամավորական մադատ, եւ մանդատի լրացուցիչ երաշխավորությամբ իսկ բախվել եմ անիրավության: Այսօր մեն երկրի նախագահից ենք ուզում խոսք, գնահատական, որովհետեւ այս դեպքը ցնցում է ողջ իշխանական բուրգը իր բոլոր բաղադրիչներով:
Արմինէ Առաքելեան- Սա ուժերի փոխհարաբերակցության հարց է: Ես կարծում եմ, որ ուժը չի ծնում իրավունք, այլ իրավունքն է ծնում ուժ: Այսօր մեր հասարակությունը կեսնական զանգված է ձեւավորվում բոլոր ոլորտներում, եւ ուժերի փոխհարաբերակցությունը փոխվում է: Իրենց ձեռնոցը նետված է: Կամ կսկսեն իրենց հանցագործներին մեկ առ մեկ պատժել եւ գցել սահմանադրական կարգով, կամ իրենց վերջն է: Վերջը չի լինելու արտաքսմամբ, բոլոր նրանք ովքեր այս համակարգի կայացման մեջ իրենց դերակատարությունը ունեցել են, պիտի մեր ժողովրդի առաջ ամրագրված սահմանադրական կարգով հաշիվ տան: Շատ կարեւոր է, որ փոփոխությունների արդյունքում քաղաքացիական պայքարը իր հետ բերի նոր որակ` ներսից եւ սփյուռքից: Հայ ժողովրդի մեջ 100 տարի հետո քաղաքացիական պետականաշինության համար այս աշխատանքը արդեն լուրջ կետի է հասել: Սերժ Սարգսյանը եւ Հրայր Թովմասյանը հայտարարել են, որ իրականացնում են բարեփոխումներ արդարադատության ոլորտում, այս դեքը իրենց թեստն է: Կամ անկախ արդարադատությամբ իրեն (Ռուբեն Հայրապետյանին) կդատեն եւ համապատասխան պատիժը կտան իր ամբողջ թիկնազորով, կամ քաղաքացիական պայքարին հավատացող մարդիկ այս անգամ չեն բավարարվի «գեղեցիկ չէ»-ով, որովհետեւ կյանքի իրավունքի հարց է: Կլինի հանրային ոստիկանություն, կլինի անկախ քաղաքացիական դատարան, եւ սա ինքնադատաստան չի, սա սահմանադրական կարգի հաստատում է:
Լիլիթ Գալստյան- Արմինեն քաղաքացիական հասարակության պայքարի լավագույն սցենարով է խոսում, բայց եկեք չմոռանանք, որ այս հասարակությունը քսան տարիների ակումուլացված բացասական էներգիա ունի իր մեջ: Ես սա դիտարկում եմ ազգային անվտանգության տեսանկյունից, Աստված մի արասցե, որ այս ցասումը անկառավարելի հունի մեջ մտնի:
Արմինէ Առաքելեան- Թող իշխանությունը մտածի, որ բանակը կարող է նաեւ իր դիրքորոշումը փոխի:
Լիլիթ Գալստյան- Այս ամենը վտանգ ունի իր մեջ, իմ սպան, մայրաքաղաքային գնդի հրամանատարի տեղակալը անզորությունից, անելանելիությունից, վիրավորանքից ելնելով դիմում է ինքնադաստանի: Սա մեռնող պետության ցուցանիշ է:
Էդիկ Բաղդասարյան- Հիմա ուրիշ Հայաստան է, սա Մարտի 1-ի Հայաստանը չի:
Սյուզաննա Բարսեղյան- Իրենք աշխաում են հասարակության ադապտացիոն մեխանիզմների վրա:
Լիլիթ Գալստյան- Ֆեյսբուքում մի հայտարարություն տարածելուց կես ժամ հետո հազարավոր մարդիկ հավաքվում են: Դա նշանակում է՝ իշխանությունը կառավարելու գործիքակազմ եւ մտածելապերպ չունի, դա էլ է ողբերգություն:
Էդիկ Բաղդասարյան- Ինձ թվում է, որ այս դեպքից հետո հասարակությունը այլ է: Համաձայն եմ Արմինեի հետ, Սերժ Սարգսյանը այլընտրանք չունի. պիտի պատժի Ռուբեն Հայրապետյանին: Սա բարեփոխումներ սկսելու իշխանությունների շանսն է, թեկուզ զրոյից սկսելու, նախագահն ասում էր, որ մաքուր էջից պիտի սկսեն: Այսպիսի դեպքերը հենց առիթ են մաքուր էջից սկսկելու, պատժի′ր քո զինակցին, քո ամենամոտ ընկերոջը եւ սկսենք երկիրը զրոյից կառուցել: Ինձ կամ որեւէ մեկին շանս չի տրված երկրի ղեկավար լինել, Սերժ Սարգսյանին նաեւ շանս է տրված այս երկիրը զարգացնելու, հայ ժողովրդի համար նորմալ կյանք ապահովելու:
Սյուզաննա Բարսեղյան- Իսկապես, արդարության վերականգնման մեկ դեպքը կարող է շատ բան փոխել:
Արմինէ Առաքելեան- Եթե արդարադատությունը կայացավ, Սերժ Սարգսյանը եւ Հրայր Թովմասյանը իրենց արդարադատության համակարգի սպասվող բարեփոխումներով եւ այս դեպքով կիրականացնեն արդար դատավճիռ, կփաստեն, Հայաստանում արդարադատությունը անկախ, էթիկական, բարոյական, մասնագիտական համակարգ է, ես առաջինը գլուխս կխոնարհեմ:
Հ. Գ. Նկարահանումը կատարվել է երեկ՝ մինչեւ Ռուբեն Հայրապետյանի՝ ԱԺ մանդատից հրաժարվելը:
Մեկնաբանված
Կարդացված
18.05.2013
դիտվել է 4325 անգամ
Ոստիկանների ժպիտը հունից հանեց զոհված զինծառայողների ծնողներին
22.05.2013
դիտվել է 3046 անգամ
3 միլիոնից` 7 միլիարդ. Սուրիկ Խաչատրյանի միանգամից հարստանալը «հանելուկ» է
21.05.2013
դիտվել է 2837 անգամ
Կորցրել է գինու գործարանը եւ դեռ կես միլիոն դոլար էլ պետք է վճարի
21.05.2013
դիտվել է 2278 անգամ
Բագրատյանը՝ կառավարությանը. «Նստեք համակարգչի առաջ, google map-ով տեսեք
խաղողի այգիների տարածքը»
22.05.2013
դիտվել է 2098 անգամ
Վահան Հովհաննիսյանը` նախարարներին. «Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ ոչ
միայն ԱԺ-ում չեք լինի, այլեւ կարտագաղթեք»
18.05.2013
դիտվել է 1206 անգամ
Հարազատները սպանված զինվորի դիակը փորձում են ոտքով հասցնել Կառավարության
շենք