Հինգշաբթի, 20 հունիսի

«Վալլեքսը» պատրաստակամ է իրականացնել Լալվարի անտառների վրա հնարավոր ազդեցությունների փոխհատուցման ծրագրեր

Լարիսա Փարեմուզյան


13:55, 12 հուլիսի, 2012

«Հետքի» հարցերին պատասխանել է «Վալլեքս» խմբի ընկերությունների Հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժինը

Ի՞նչ նպատակով է կառուցվում երկրորդ ծխնելույզը: Վերջինիս համար պղնձաձուլական գործարանից Կոշաբերդ բարձրացող նոր ծխատար կառուցվելո՞ւ է, թե՞ ոչ: Երկու ծխնելույզները պղնձաձուլական գործարանի կողմից միաժամանակ օգտագործվելո՞ւ են, թե՞ ոչ:

Գործող ծխնելույզի նորոգման աշխատանքների իրականացման համար անհրաժեշտություն է առաջացել կառուցելու երկրորդ՝ ժամանակավոր ծխնելույզ, որով կկազմակերպվեն գործող ծխատարով գազերի արտանետումները գործող ծխնելեզույզի նորոգման ժամանակահատվածում: Երկու ծխնելույզները միաժամանակ չեն շահագործվելու: Նոր ծխատարի կառուցում այս պահին նախատեսված չէ:

Ինչպե՞ս է գնահատում ընկերությունը արդեն շահագործվող ծխնելույզի և ծխատարի շինարարական աշխատանքների որակը:

«Վալլեքս» խմբի «Արմենիան Քափըր Փրոգրամ» և «Լեռնամետալուրգիայի ինստիտուտ» ՓԲ ընկերությունների ուժերով իրականացվել է ծխատարի և ծխնելույզի շինարարական աշխատանքների արդյունքների որակի ստուգում: Ստուգման արդյունքներով ամրագրվել է, որ շինարարական աշխատանքները իրականացվել են նախագծին համապատասխան:

Վերջնահաշվարկում որքա՞ն գումար է ծախսվել «Վալլեքսի» կողմից 2011 թ. սեպտեմբերի 22-ին շահագործված Կոշաբերդի ծխատարի շինարարության վրա և որքա՞ն գումար է ընկերությունը նախատեսում ներդնել նոր ծխնելույզի կառուցման համար:

Նոր ծխնելույզի և ծխատարի կառուցման ուղղությամբ «Վալլեքս» խմբի ընկերությունների կատարած ծախսերը 2011 թ. սեպտեմբերի 22-ի դրությամբ կազմել են 429 մլն ՀՀ դրամ: Երկրորդ՝ ժամանակավոր ծխնելույզի կառուցման և ծխատարի ու ծխնելույզի նորոգման այլ ծախսերը դասակարգվում են որպես ընթացիկ սպասարկման ծախսեր: Աշխատանքներն այժմ ընթացքում են, և արդյունքների ֆինանսական ամփոփում հնարավոր կլինի իրականացնել դրանց ավարտից հետո:

Ըստ «Վալլեքս»-ի մոնիտորինգի' պղնձաձուլական գործարանի ծխնելույզը Կոշաբերդ սարի գագաթ տեղափոխելուց հետո Ալավերդի քաղաքում որքա՞ն է նվազել պղնձաձուլական գործարանի թունավոր արտանետումների քանակը: Ուսումնասիրվե՞լ է արդյոք ծխնելույզը Կոշաբերդի գագաթ բարձրացնելուց հետո Լալվարի անտառների բնապահպանական ռիսկերը:

Ինչպես վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալները՝ Ալավերդու պղնձաձուլական գործարանի բնապահպանական ազդեցությունն Ալավերդի քաղաքի վրա նոր ծխատարի և ծխնելույզի շահագործման շնորհիվ նվազել է շուրջ տասն անգամ:
Ինչպես Ձեզ հայտնի է, մինչև ծխնելույզը տեղափոխելու նախագծի իրականացումը կատարվել այդ գործողության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, որի շրջանակներում ուսումնասիրվել են ինչպես Լալվարի անտառների, այնպես էլ շրջակա միջավայրի այլ բաղադրիչների վրա նոր ծխատարի և ծխնելույզի կառուցման աշխատանքների և շահագործման հետևանքով հնարավոր ազդեցությունները: Միևնույն ժամանակ, օգտագործելով առիթը, տեղեկացնում ենք, որ «Վալլեքս» խմբի ընկերությունները պատրաստակամ են իրականացնել նոր ծխնելույզի և ծխատարի շահագործմամբ Լալվարի անտառների վրա հնարավոր ազդեցությունների փոխհատուցման ծրագրեր նույն սկզբունքով, որով իրականացվում է Թեղուտի հանքավայրի շահագործման ծրագրի իրականացման նպատակով անտառային ծածկույթի հատմամբ անտառային տնտեսությանը հասցվող վնասի հատուցման ծրագիրը, և այս գործում ակնկալում ենք խնդրով շահագրգիռ անձանց և կազմակերպությունների առաջարկները:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը 2011 թ. հուլիսի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր Ալավերդիում ժամանակակից պղնձաձուլական գործարան կառուցելու մասին: Այս նպատակով «Վալլեքս»-ը գործնական քայլեր ձեռնարկե՞լ է, թե՞ ոչ: Եթե այո, որո՞նք են դրանք:

«Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանը ինչպես 2011 թ. հուլիսի 17-ին, այպես էլ այլ առիթներով բազմիցս նշել է, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից իրականացվող հանքարդյունաբերական ծրագրերի բարեհաջող ընթացքի դեպքում տարածաշրջանում արտադրվող խտանյութերում պարունակվող պղնձի քանակը կարող է բավարար հումքային հենք լինել ժամանակակից պղնձաձուլական գործարանի տնտեսապես նպատակահարմար աշխատանքի համար: Դա հնարավորություն է տալիս նոր լույսի ներքո դիտելու Ալավերդու պղնձաձուլական գործարանի արմատական նորացման կամ Հայաստանում նոր պղնձաձուլական գործարան կառուցելու հեռանկարները: Նոր՝ ժամանակակից բնապահպանական անվտանգության մակարդակ ունեցող և առաջադեմ տեխնոլոգիաներով գործող պղնձաձուլական գործարանի կառուցման համար առավել նպաստավոր պայմաններ են ձևավորվում հանքարդյունաբերական ծրագրերի հետ սիներգետիկ միասնության ազդեցությունների շնորհիվ: Որպես օրինակ՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագրի շրջանակներում իրականցվող օքսիդացված հանքաքարի լուծազատման արտադրամասի և Ալավերդու պղնձաձուլական գործարանում ծծմբական թթվի արտադրամասի պարագայում ծծմբական թթվի արտադրությունը հնարավորություն կտա էապես ավելացնելու գործարանի արտադրողականությունը՝ միաժամանակ բնապահպանական անվտանգության մակարդակը հասցնելով միջազգային չափանիշների, զուգահեռաբար՝ արտադրված ծծմբական թթուն կօգտագործվի Թեղուտի հանքավայրից արդյունահանված օքսիդացված հանքաքարի և պղնձի ցածր պարունակությամբ ծծմբային հանքաքարի բնապահպանական վնասազերծման և դրանցից օգտակար հանածոների կորզման համար:

Խնդրում եմ նաև հայտնել տեղեկատվություն «Վալլեքսի» տնօրինության տակ գտնվող նախկին լեռնամետալուրգիական կոմբինատի կողմից կառուցված «Դսեվանք» ճաշարանի և նրան հարակից' «Ջաղացաջուր գետակին հարող տարածքի մասին, որը ինչպես խորհրդային տարիներին, ներկայումս էլ Ալավերդու և հարակից համայնքերի բնակչության համար ծառայում է որպես հանգստի գոտի: Ի՞նչ հիմունքներով է Վոլոդյա Մեջլումյանը (Վալերի Մեջլումյանի եղբայրը-հեղ.) «Ջաղացաջուր» գետակի և նրա հարակից տարածքում ոստիկանության պահակային ծառայության աշխատակցի միջոցով 6-հազարական դրամ գումար հավաքում այստեղ բնությունից օգտվող և իրենց հանգիստը անցկացնող Ալավերդու և հարևան մյուս համայնքերի բնակչությունից, երբ տարածքը զուրկ է տարրական սանիտարահիգենիկ պայմաններից: Բարոյական դաշտում որքանով եք արդարացի համարում զավեշտալի այս գումարների հավաքումը, երբ «Վալլեքսը» տարածաշրջանում ամեն օր հսկայական անտառահատումներով բնակչությանը զրկում է բնությունից օգտվելու այլ հնարավորություններից, իսկ պղնձաձուլական գործարանի անթույլատրելի թունավոր արտանետումներով սպառնում է նույն բնակչության առողջությանը:

Ձեր նշած ճաշարանը և հարակից ենթակառուցվածքները պատկանում են «Վալլեքս» խմբի «Բեյզ Մեթըլս» ՓԲ ընկերությանը: Ներկայում այդ օբյեկտները հանձնված են վարձակալության «Դրախտ անկյուն» ՍՊ ընկերությանը, որի տնօրենը Վոլոդյա Մեջլումյանն է: «Դրախտ անկյուն» ՍՊ ընկերությունն իրավասու է տնօրինել իրեն վարձակալության հանձնված գույքն ըստ նպատակային նշանակության, և մեր պատկերացմամբ, այդպես էլ վարվում է: «Դրախտ անկյուն» ՍՊ ընկերության գործունեության վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու ցանկության դեպքում առաջարկում ենք համապատասխան հարցմամբ դիմել այդ ընկերությանը:

Միևնույն ժամանակ հարկ ենք համարում հայտնել, որ հարցի երկրորդ մասում ձևակերպված Ձեր դատողությունները «Վալլեքս» խմբի կողմից անտառահատումներով բնակչությանը բնությունից օգտվելուց զրկելու և պղնձաձուլական գործարանի աշխատանքի արդյունքում բնակչության առողջությանը սպառնալիքների մասին, Ձեր սուբյեկտիվ կարծիքն ու տպավորությունն են և հորդորում ենք Ձեր կարծիքներում շատ չհեռանալ օբյեկտիվ իրականությունից:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Համո09:29 - 14 հուլիսի, 2012
Դէ էնա էդ աղջիկն ասում էլի, էդ հանգստի գոտիները կարգավորեք թողոք ժողովուրդը ավճար վայելի կոպեկ մի հավաքեք, դրա հույսին չէք, էլ ինչ առաջարկի եք սպասում:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Արխիվ

 
 
  Պատրաստված է՝

Մեր մասին

Հասցե՝ Հայաստանի Հանրապետություն,
Երեւան-0010, Բուզանդի 1/3, 8-րդ հարկ
Հեռ.՝ +374 10 563363
Էլ-փոստ՝ info@hetq.am

Մեջբերումներ անելիս հղումը «Հետքին» պարտադիր է:
© 2013 Հետք online: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Աջակցեք «Հետքին»