17:05, 8 նոյեմբերի, 2010Քրիստինե Աղալարյան
Գրիշա Բալասանյան
Արտագաղթը' ջրազրկման հետեւանք
Գրիբոյեդովցի Սուրիկ Ասլանյանը գյուղի սկզբնամասում 1000 մ հողատարածք ունի, բայց չի կարող մշակել իր հողը, քանի որ գյուղում ջուր չկա: Նրա հողատարածքի հարեւանությամբ 5 ձկնաբուծական տնտեսություններ կան: «Էլ որտեղի՞ց ինձ ջուր հասնի»,- ասում է Ս. Ասլանյանը: Անցյալ տարի իր հարեւանների հետ թաղամասի բնակչության համար նախատեսված խմելու ջրի արտեզյան հորի մեջ 8 մետրանոց խողովակ է իջեցրել, որ կարողանա ջուր բարձրացնել, բայց ջուրն այնքան արագ է նվազել, որ այս տարի խողովակը 16 մետր է իջեցրել: «Հնարավոր է' եկող տարի 40 մետր էլ իջեցնենք, բայց չկարողանանք ջուր հանել: Իսկ մի քանի տարի առաջ ջուրն այնքան ուժեղ էր, որ առանց պոմպի երկրորդ հարկ էինք բարձրացնում»,- հիշում է Սուրիկը: «Ամեն գյուղում 10-15 հատ ձկնաբուծարան կա: Մենակ մեր գյուղում 10 ձկնաբուծարան կա, ամեն մեկը մի 2 արտեզյան հոր ունի: Դրանք որ չլինեն, մենք ըստ պահանջի ջուր կունենանք: Պիտի արգելեն դրանց գործունեությունը, թե չէ մի քանի տարի հետո էլ ջուր չենք ունենա»,- շարունակում է գրիբոյեդովցի Աղասին:
Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղում խմելու ջրի համար նախատեսված 29 արտեզյան հոր է եղել, բայց մեծ մասը ցամաքել է, մնացել է 17 հոր: 3 տարի առաջ այդ հորերը եղել են ինքնաշատրվանող, բայց հիմա առանց պոմպի հնարավոր չէ ջուր հանել, քանի որ ջրի մակարդակը կտրուկ նվազել է:
«Ամենաշատը 3 տարի հետո այդ հորերից այլեւս չենք կարողանա ջուր վերցնել, ու գյուղն ամբողջությամբ կվերածվի անապատի, հայտնի էլ չէ, թե ամբողջ գյուղն ինչ է խմելու»,- մտահոգվում է Գրիբոյեդովի համայնքապետ Սոս Գաբրիելյանը: Ձմռանը Գրիբոյեդովում էլեկտրաէներգիայի անջատումները հաճախակի բնույթ են կրում: Դա էլ իր հերթին հանգեցնում է նրան, որ հորերից մարդիկ չեն կարողանում ջուր հանել: Գյուղացիները հիմա մտածում են փոքր «դվիժոկներ» տեղադրել, որ էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում գոնե մարդիկ կարողանան պոմպերը միացնել ու հորերից ջուր հանել:
400 հա ոռոգվող հողերից Գրիբոյեդովում այս տարի անմշակ է մնացել մոտ 83 հա հաղամաս: Նախորդ տարիներին այս ժամանակաշրջանում գյուղացիներն արդեն աշնանացանը վերջացրած էին լինում, բայց այս տարի դեռ ոչ մի գյուղացի սերմ չի գցել հողի մեջ: Նրանք հույս չունեն, որ ջուր կունենան եւ իրենց ցանածից բերք կստանան: Սոս Գաբրիելյանը հավաստում է, որ ձկնաբուծարանների գործունեությունից ի վեր ջուրն անխնա է օգտագործվում: Ավելին, եթե սովորական բնակիչներն արտեզյան հորի օգտագործման համար 1խմ ջրի համար վճարում են 1 դրամ բնապահպանական վճար, ձկնաբուծարանները վճարում են 11 լումա:
Բնապահպանության նախարարությունից համայնքապետին պատճառաբանել են, թե բնակիչը ջուրն օգտագործում է կենցաղում ու աղտոտված ջուր է բաց թողնում, իսկ ձկնաբուծարանները ջուրը չեն աղտոտում: «Բայց չեն մտածում, որ ձկնաբույծների անխնա օգտագործած ու մաքուր վիճակում բաց թողած ջուրն այլեւս ընդերք չի վերադառնում: Լցվում է Սեւ ջուր գետը, գնում թափվում է Արաքսը»,- ասում է համայնքապետը:
Նրա կարծիքով, եթե նորմալ գներ սահմանվեին, ձկնաբույծներն այդքան ջուր չէին օգտագործի, իսկ ջրաչափեր տեղադրելու գործընթացն, ըստ համայնքապետի, արդեն ուշացած է, քանզի ջրի պաշարները վերականգնել այլեւս հնարավոր չէ: «Նախարարություններից ինչքան էլ ասեն, որ ձկնաբուծարանները դրա հետ կապ չունեն, ես պնդում եմ, որ ուղիղ շաղկապված են»,- նշում է Սոս Գաբրիելյանը:
Գրիբոյեդովի ոռոգման ջուրը գալիս էր նաեւ Աղր լճից: Վերջին 2 տարվա ընթացքում լճի ջուրն այնքան է ցամաքել, որ պոմպերի միջոցով էլ հնարավոր չէ ջուրը հասցնել գյուղ: Հիմա էլ ոռոգման ջուրը գյուղացուն ստիպված գրաֆիկով են տալիս: Գյուղացիները սերմը ցանում են, բայց օրերով ջուր չի լինում, ծլած սերմն էլ տեղում չորանում է: «Հերիք չի ռեժիմով են գյուղացուն ջուր տալիս, հետն էլ ստիպում են, որ ջրից հետո անմիջապես վճարեն: Բայց որ առաջին ջրից հետո սերմը ծլում է ու ծարավից չորանում, ոչ մեկը չի հատուցում դրա համար: Հիմա հույս էլ չունենք, որ եկող տարի ջուր կունենանք»,- ասում է համայնքապետը:
Ջրի խնդրի պատճառով այս գյուղում արտագաղթ է սկսվել. 2-3 տարի առաջ գյուղից քչերն էին արտագնա աշխատանքի մեկնում, հիմա բոլորը «խոպանչի» են դարձել, խմբերով են լքում գյուղը: Միայն այս տարվա ընթացքում մոտ 200 մարդ է լքել գյուղը: «Խոպանչիների» վերջին' 40 հոգանոց խումբը գյուղից գնացել է մեկ շաբաթ առաջ:
Գյուղացին չի կարողանում իր հողից եկամուտ ստանալ, ապրուստը հոգալ, այդ պատճառով թողնում ընտանիքներով գնում են երկրից: «Հետո էլ ասում են' հայրենիքը բարգավաճի: Ո՞նց պիտի բարգավաճի, եթե վերեւներում նստած մարդիկ այս վիճակին են բերել հասցրել: Մի քանի անուղեղ մարդկանց արածն է սա: Չի կարելի կաշառակերությամբ ծախել ամբողջ ժողովրդին, խաղալ ժողովրդի ճակատագրի հետ»,- իր զայրույթը չի թաքցնում համայնքապետը:
«Արտեզյան հորերի թույլտվություն տվողները ազգի դավաճաններ են: Լավ, ասենք' այսօր մի 2 կոպեկ էլ աշխատեցին, բա չե՞ն մտածում, թե եկող սերունդն ինչ է անելու առանց ջրի: Ի՞նչ անեն, թողնեն գնան ռուսաստաններում ու դուբայներում ապրե՞ն: Մեղք են մեր երեխաները, որ վաղը այս տարածքում են ապրելու: Այսօրվա մեր հայրենիքը վերածվելու է ասիական անապատի»,-ասում է Գրիբոյեդովի համայնքապետ Սոս Գաբրիելյանը:
Այնուամենայնիվ, նա այս ամենի ելքը տեսնում է ջրաչափեր տեղադրելու մեջ: Իսկ ձկնաբույծների պնդումը, թե ջրաչափը կփչանա, հիմնավոր չի համարում, քանի որ բնակիչներն իրենց արտեզյան հորերի վրա ջրաչափ են տեղադրել, որն արդարացնում է իրեն: «Եթե ջրաչափ լինի, շատ ջուր չեն կարողանա օգտագործել եւ չեն էլ կարողանա ձկնաբուծությամբ զբաղվել, որովհետեւ քչի դեպքում եկամուտ չեն ունենա: Բայց ոչինչ, թող ձուկ էլ չլինի, դրանից մեծ խնդրի առաջ չենք կանգնի: Մի քանի հոգու համար են արտադրում, բայց ամբողջ ժողովուրդն է տուժում: Այստեղ արդարացում չեմ տեսնում»,- հավելում է համայնքապետը:
Սոս Գաբրիելյանի կարծիքով, բացված հորատանցքերը պետք է փակել, որ 20 տարի հետո ջրի պաշարները գոնե մի քիչ վերականգնվեն: Խորհրդային տարիներին, եթե ինքնաշատրվանող հորը տեր չի ունեցել, ցեմենտ-բետոնով փակել են: «Այն ժամանակ մարդիկ մտածում էին, որ ջուրն անփոխարինելի է, անիմաստ չպիտի հոսի: Իսկ հիմա ջուրն անտեղի կորչում է, ինչի հետեւանքով մի քանի տարի հետո Արարատյան դաշտավայրում ապրողները ստիպված պետք է թողնեն ու գնան այստեղից: Եթե խմելու, ոռոգման ջուր չկա, էլ ինչո՞վ են ապրելու»,- ասում է համայնքապետը:
Գրիբոյեդովից քիչ հեռու է գտնվում Ապագա գյուղը: Այստեղ նույնպես գյուղացիներն արտեզյան հորերից են խմելու ջուր ստանում: Խորհրդային տարիներին այդ նպատակով Ապագայում հորատվել է 24 հորատանցք, այսօր գործում է 14-ը, իսկ 10 հոր ամբողջությամբ ցամաքել է: Գյուղացիները ստիպված իրենց միջոցներով գումարներ են հավաքել ու պոմպեր տեղադրել հորերի վրա:
Ապագայի համայնքապետ Արտաշ Բարսեղյանը եւս հաստատեց, որ ջրի մակարդակը կտրուկ նվազել է հատկապես վերջին 3 տարիների ընթացքում: Ապագայի ձկնաբույծները չցանկացան զրուցել այդ թեմայով' նշելով, որ առանց այդ էլ իրենք կործանվում են, հորերը ցամաքում են, տնտեսությունը, ներդրումները' փոշիանում, ավելորդ չեն ուզում իրենց բողոքներով իշխանությունների հետ հարաբերությունները փչացնել:
«Ամենաուժեղ ձկնաբիզնեսը ստեղ է»
Որ ձկնաբուծությունը շահավետ բիզնես է, արդեն շատերն են հասկացել: Հասկացել է նաեւ Արարատի մարզի Հայանիստի նախկին համայնքապետը: Գեւորգ Մարտիրոսյանը, ով 24 տարի համայնքապետ է եղել, ձկնաբուծարանը հիմնել է վերջին երկու տարվա ընթացքում' պաշտոնավարման ավարտից ոչ շատ առաջ: Հիշեցնենք, որ նա կարողացել էր հոգալ նաեւ իր մտերիմի' 6-րդ վարչության բաժնի պետ Գագիկ Բադալյանի մասին: «Հետքը» նախորդ համարում անդրադարձել էր նաեւ նրա ձկնաբուծարանին, որը նույնպես Հայանիստում էր:
Գեւորգ Մարտիրոսյանը Հայանիստում 14 ավազան ունի, մոտ 60 հազար ձուկ կա այնտեղ: 1 կգ ձուկը վաճառում է մոտ 1800 դրամով, մեծածախի դեպքում' 1600 դրամով: Նախկին համայնքապետի եղբոր որդին' Արտյոմ Մարտիրոսյանն է հետեւում ձկնաբուծական տնտեսությանը: Հորատանցքը երկու տարի առաջ են բացել' 90-110 մետր խորությամբ. «Այսօրվա դրությամբ հորը իր թույլտվությամբ մոտ 15 հազար դոլար է նստում»,- ասում է Ա. Մարտիրոսյանը:
«Ձուկ պահելը ձեռնտո՞ւ է» հարցին միանշանակ պատասխան է տալիս. «Ո՞նց ձեռք չի տալիս: Ենթադրենք մենք այսօր մեկ կգ ձկան վրա ծախսում ենք 100 դրամ, այդքան էլ քեզ մեջը մնում է, այսինքն' ամենաքիչը մեկին մեկ մնում է»: Արտյոմ Մարտիրոսյանն ասում է, որ գյուղում գրեթե բոլորն էլ ձուկ են բուծում' իրենց փոքր լճերում: «Ամենաուժեղ ձկնաբիզնեսը ստեղ է»,- անկեղծացավ նախկին համայնքապետի եղբոր որդին:
Նախկին պատգամավորը' ձկնաբուծական տնտեսության սեփականատեր

Սայաթ-Նովա գյուղի տարածքում, Ծառուկյան-Աբրահամյան տնտեսության անմիջական հարեւանությամբ լայնածավալ շինարարական աշխատանքներ է սկսել նախկին պատգամավոր Մուրադ Մուրադյանը: Նրա որդին' Սահակ Մուրադյանը, պատմեց, որ իրենց ձկնաբուծարանը նոր է, ունեն ընդամենը 2 արտեզյան հոր: «Ավազանների թիվն ավելացնում եմ հետադարձ ջրերի հաշվին: Այրատոր կդնեմ, շատ ջուր չեմ օգտագործի: Ջուրը շատ թանկ է, իսկ այրատորը 200-300 դոլար է»,- ասում է Ս. Մուրադյանը:
Նա նույնպես դեմ է ջրաչափեր տեղադրելուն, քանի որ ջրաչափերի դեպքում մեծ գումարներ է ծախսելու: «Որ արտեզյաների հարցը չլինի, շատ լավ է, եկամտաբեր է, բայց որ այդ հարցը խորանա, լավ չի լինի: Որ շոչիկ դնենք, մի մեշոկ փող ենք տալու, բա դա վնաս չի, ի՞նչ ա»,- ավելացրեց Ս. Մուրադյանը: Տնտեսությունն առայժմ ներքին շուկայի համար է աշխատում:
Սաթիկի ձկնաբուծարանը շենանում է
Հայանիստցիներն իրենց գյուղի ձկնաբուծարաններից մեկը ցույց տալով' ասացին. «Սաթիկին բան չասեք, նա մեր գյուղից է»: Իշխան եւ թառափ է բուծում Սաթիկ Թոխյանը: Նա ձկնաբուծարանում չէր, փոխարենը հայրն էր հետեւում ձկներին ու ընթացող նոր ավազանների շինարարությանը:

75-ամյա Ռոմա Թոխյանը պատմեց, որ մեկ տարի է, ինչ սկսել են իրենց պատկանող հողատարածքում ձուկ բուծել, եւ դեռ փորձարկում են: «Հիմա հլը համբալություն ենք անում, հիմա ներդրում ա գնում»,- ցույց տալով նոր շինարարությունը' պատմեց Ռ. Թոխյանը: Նրա ասելով' շահույթի մասին խոսելը դեռ շուտ է, քանի որ տնտեսությունը նոր են կազմավորում, ձկան կերն էլ թանկացել է: Դիտարկմանը, թե «եթե ձկնաբուծությունն իրեն չարդարացներ, չէին ընդլայնի տնտեսությունը, այլ կփակեին», պատասխանում է. «Արդարացնելը սենց ա' արդարացրել է մինչեւ դրանց էս գործի մեջ մտնելը, մի տարի է' ամենքը 20 արտեզյան են խփել էն ուժեղ տեղերում, էս ջրերն էլ հիմա նստել են: Նրանք են գռռացնում»: Երկու հոր է օգտագործվում այս ձկնաբուծարանում, ընդ որում' երկրորդը նոր պետք է շահագործեն, քանի որ տնտեսության ընդլայնման աշխատանքները չեն ավարտվել: Ռոմա Թոխյանն ասում է, որ իրենց երկու հորերը «նրանց» մեկ հորը չարժեն:
Այս տնտեսությունում եւս ջրաչափ դրված չէ: Ռոմա Թոխյանը վստահեցնում է, որ իրենց ձկնաբուծարանի ջուրը ոչ թե քաղցրահամ է, այլ աղի, իսկ ջրաչափ աղի ջրում չի կարող դրվել, այն արագ կաղակալի եւ կփչանա: Սաթիկի հոր խոսքով' հորից 1 վայրկյանում 75 լ ջուր է հոսում դեպի իրենց ավազաններ, իսկ դրա համար ամսական վճարում են 31 հազար դրամ: «Գումար վճարո՞ւմ եք թույլտվություն ստանալու համար» հարցին պատասխանեց. «Բա կարո՞ղ է պատահի առանց գումարի: Օրինականն էլ է փողով, կարո՞ղ է պետության ջուրը առանց փողի վերցնես»:
Ձկնաբույծը հավասարություն է պահանջում
11 ավազանում հիմնականում իշխան բուծող Համլետ Հարությունյանը Հովտաշատում 2007 թ.-ից հիմնել է իր «Արմինե եւ Անի» ձկնաբուծական տնտեսությունը, օգտագործում է 1 հորատանցք, օգտվում է նաեւ հարեւանի' ընկերոջ հորից: Համլետ Հարությունյանը խոստովանում է, որ ձկնաբուծական տնտեսություն հիմնելը միջոցների հետ է կապված: «Մենակ հորը այսօր թանկ հաճույք է' աստղաբաշխական թվեր են: 25 հազար է նստել հորատելը, առաջ ավելի էժան էր: 1500 դոլարով հոր են հանել մինչեւ 2007-ը, բայց ամեն մարդ չէր հասկանում այդ գործից»,- ասում է նա:
Հ. Հարությունյանը խոստովանում է, որ հիմա նույնիսկ փողը դեր չի խաղում, իսկ նախկինում ավելի հեշտ էր, բայց երբ հասկացել են, որ ձկնաբուծությունը եկամտաբեր գործ է, լծակներն էլ են փոխվել. «Այն ժամանակ բաժնի աշխատողը կարող էր թույլտվություն հանել, բայց հիմա շատ-շատ բարձր պաշտոնյաներն են թույլտվություն տալիս»: Հ. Հարությունյանը եռամսյակը 40 հազար դրամ է վճարում, 13-14 հազարը' ջրօգտագործման համար, մնացածը' ջրահեռացման. «Այսքան ջուրը որ գնում է Թուրքիա, կպել են ձկնատերերին, փոխանակ մտածեն, թե ոնց անեն, որ էդ ջուրը չգնա Թուրքիա»:
Հ. Հարությունյանը հիշում է, որ խորհրդային տարիներին ջուրը բարձրանում էր Եղվարդ, Ապարան, երեք խողովակաշարով գյուղը ջուր էր ստանում, երկու ջրատարները հետագայում քանդել եւ վաճառել են, մնացել է մեկը, բայց պոմպերը չեն աշխատում, որ ջրբաժան կետից կարողանան ջուրը հասցնել գյուղեր, իսկ այն ժամանակ ջուրը պոմպերով բարձրացվում էր մինչեւ Եղվարդ: Անջրդի տարածքներ չեն եղել, իսկ հիմա գյուղում ջուր չկա:
«Պետք է պոմպակայան կառուցել, իսկ այսօր Կառավարությունն ընկել է լճատերերի հետեւից, թե' ջրաչափ դնենք, էս դնենք, էն դնենք, նենց մարդ է ասում, որ կոշիկների կրունկները երբեք չեն ցեխոտվել: Բայց ինքն այսօր ուզում է այս տնտեսությունների բախտը որոշել»,- դժգոհում է Հ. Հարությունյանը: Նա ձկնաբուծական տնտեսության համար վարկ է վերցրել, բայց եթե ջրաչափ տեղադրեն, վարկը մարելու խնդիր կունենա:
Ավելին, եթե ջրաչափը ավազից կամ քարից փչանա, մինչ վերանորոգելը ձուկը կսատկի. «Բայց ջրաչափը եթե փչացավ, պիտի գաս, որ վերանորոգես, իսկ եթե ես ջուրը փակեմ, մինչեւ դու վերանորոգես, իմ ձուկը կսատկի, դու իմ վնասը կփոխհատուցե՞ս, որտեղի՞ց, ո՞ւմ դուռը գնամ, որ իմ փողը հետ տան, ոչ ոք էլ չի տա»,- մտահոգվում է նա:
Համլետ Հարությունյանը ջրաչափի տեղադրումը սխալ է համարում եւ առաջարկում է Կառավարության համապատասխան մարմիններին գալ ու մոնիտորինգ անել, չափել հոսող ջուրը, ըստ այդմ գանձել գումարը: «Ես համարյա իմ օգտագործածի չափ մուծում եմ, կարող է մի քիչ պակաս լինի, դա էլ հո պետությունը չսնանկացա՞վ դրանից,- ասում է ձկնաբույծը,- եթե մտածում են ժողովրդի մասին ու արգելում են, ուրեմն թող իրենք էլ չանեն' բարձրաստիճան մարդիկ, ոչ փող են տալիս աղբյուրի թույլտվության, ոչ' աղբյուր հանելուն, ու մարդա 10-20 աղբյուր ունի»:
Այն, որ գյուղը կանգնած է ջրազրկման եզրին, Հ. Հարությունյանը գիտակցում է, ասում է' թող պետությունը հոգա այդ մասին, բայց հավասարապես, ոչ թե մեկին ոչ մի հորատանցքի, մյուսին' 40 հորի թույլտվություն տա, այլ ոլորտը կարգավորվի բոլորի համար հավասարապես. «Եթե ոչ մեկը չաշխատի, ես էլ չեմ աշխատատի, ուրիշ բան կանեմ, ջերմոց կսարքեմ, եթե բոլորի համար են կարգավորում, ես ո՞վ եմ, որ չհամաձայնվեմ, բայց չի կարելի մեկին խեղդել, մյուսն ինչ ուզենա, այն անի»:
Մեկնաբանված
Կարդացված
14.06.2013
դիտվել է 2859 անգամ
Ալավերդու քաղաքապետը վաճառել է հուշակոթողի մերձակա տարածքը
16.06.2013
դիտվել է 2754 անգամ
Փնտրում եմ ընկերներ
12.06.2013
դիտվել է 2534 անգամ
Որտե՞ղ է գտնվել վարչապետը այն պահին, երբ իր անունով «օֆշորում» ձեռնարկություն էր
գրանցվում
12.06.2013
դիտվել է 2177 անգամ
Կավալենկո Շահգալդյան. «Պապ չեմ սպանել, տերտեր չեմ սպանել, կարծում եմ
բնակչության մեծամասնությունն ինձ կհիշի»
14.06.2013
դիտվել է 1873 անգամ
Կարկուտից տուժածները նախագահի անունից տրամադրված դիզվառելիքը
վերադարձնում են
12.06.2013
դիտվել է 1670 անգամ
Դիզվառելանյութի չարաշահումներ. Արարատի մարզպետը նամակ է գրել
փոխվարչապետին