HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Որակապես վերափոխվելու կազմակերպվելու ժամանակն է»

Մարտի 31-ին «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խումբը Գրողների միության մեծ դահլիճում կազմակերպել էր հավաք-սեմինար «Արաբական շարժումները և տարածաշրջանային զարգացումները» թեմայով։ Հավաք-սեմինարի ժամանակ ելույթ ունեցավ «Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի»  նախագահ Արփինե Գալֆայանը։ Ստորև ներկայացվում է ելույթի խոսքն ամբողջությամբ։

Արաբական երկրների շարժումները և մանավանդ Թունիսի և Եգիպտոսի ժողովրդական ապստամբությունները այսօր խորհրդանիշ են դարձել ամբողջ աշխարհի ազատատենչ ու ժողովրդավար շարժումների համար: Վախն ու ամենազորի անձեռնմխելիության հոգեվիճակը ՓԼՎԵՑԻՆ, և ժողովուրդը ԳԻՏԱԿՑԵՑ իր ինքնակազմակերպման և շարժման ՈՒԺԸ: Ամբողջ աշխարհի բռնատերերն ամեն պատճառ ունեն սարսափելու և իրենց վտանգված զգալու, այդ թվում` Հայաստանի ավտոկրատ, 2008թ. մարտի 1-յան արյունով հաստատված իշխանությունները:

Վաղուց արդեն հստակ է, որ Հայաստանի ներկա ռեժիմն ընդունակ չէ իրական բարեփոխումների: Ապացույցը` հեռուստաընկերությունների փակումը, երկրի ամբողջ ընդերքը հանքահանող ընկերություններին վաճառելը և բնությունն անխնա շահագործելը, խոշոր գյուղացիական տնտեսությունների ստեղծումը, որոնք գյուղացու ձեռքից շուտով կխլեն նույնիսկ այսօրվա չնչին վաստակը, գյուղացիներին նորից վարկերի մեջ մտցնելու քաղաքականությունը շարունակելը, Երևանի փողոցներն առևտրականներից մաքրելը` առանց ընդունելի այլընտրանք ապահովելու և այլն, և այլն:

Անհրաժեշտ է որակական փոփոխություն: Սակայն ոչ միայն քաղաքական ուժերի հարթության վրա:

Ի՞նչ վիճակում ենք այսօր մենք, ո՞վ է Հայաստանի ժողովուրդը, ինչի՞ է ընդունակ այս երկրում ապրող ժողովուրդը: Իհարկե, դժգոհ են բոլորը կամ գրեթե բոլորը: Սակայն Հայաստանում բնակվող մարդը անտարբեր է ու հիասթափված, թույլին ճնշող, ուժեղի առջև պնակ լիզող, սեփական սխալները երբեք չընդունող ու անհաջողությունները չվերլուծող… որոշ բացառություններով:

Մարդիկ սովորել են կաշառք տալ և վերցնել, ծախել իրենց ձայնը, ինչը նշանակում է, որ մարդն արժեք չի տալիս Հայաստանի քաղաքացիությանը: Սովորել են անտեսել ու արհամարհել հազարավոր անտուններին ու աղքատներին, որոնցով լցված են Երևանի փողոցները. մարզերի ողբալի վիճակի մասին չխոսենք:

Նույնիսկ առաջին անհրաժեշտության ապրանքների և հանրային ծառայությունների գների անընդհատ բարձրացումները տեղից չշարժեցին մարդկանց: Ահա այսպիսի ժողովրդի հետ մենք գործ ունենք: Նման ժողովուրդն ընդունակ չէ որակական իմաստով համակարգ փոխելու, այլ ավելի է այն այլասերելու, ինչպես եղել է Հայաստանի պատմության մեջ արդեն 20 տարի ու նաև դրանից առաջ:

Իհարկե, անհերքելի է նաև, որ մի քանի տարի առաջվա համեմատ` գնալով զարգանում է լիովին հակադիր մի գործընթաց. հասարակական նախաձեռնող խմբերն ու շարժումները, որոնք զուտ քաղաքացիական հենքի վրա ձևավորված կամավոր միություններ են, իրենց փոփոխության գործոն են համարում և պայքարում են մյուս մարդկանց ևս արթնացնելու և մեր հասարակությունն ավելի լավը դարձնելու համար:

Հենց այս շարժումների ու նախաձեռնությունների հիմքի վրա է, որ պետք է զարգացնել շարժումը Հայաստանում: Որակական փոփոխությունը կարելի է հաջողացնել միայն այն դեպքում, երբ կան գիտակից ու պայքարող, հավաքական շահերով առաջնորդվող, ծրագրված սոցիալական պայքարներ վարող ինքնակազմակերպված խմբեր, որոնք նաև, իրար հետ համագործակցելով, վերջ կդնեն այս համակարգին և այն կփոխարինեն որակապես նորով` ժողովրդավար ու արդար համակարգով:

Այս է ցույց տալիս նաև Եգիպտոսի օրինակը, որտեղ վճռորոշ էր աշխատավորական միությունների դերը, և որտեղ արտահայտվեց երկար տարիների համայնքային զարգացման աշխատանքների արդյունքը:

Բողոքի կազմակերպմանը զուգահեռ, անհրաժեշտ է նաև ձևակերպել այլընտրանքը՝ մեր տեսլականը համընդհանուր իմաստով (քաղաքական համակարգ, իշխանությունների տարանջատում) ու նաև տարբեր ոլորտների համար՝ կրթական, բնապահպանական, սոցիալ-տնտեսական, արտաքին-քաղաքական և այլն:

Նաև պետք է քննարկման դրվի այն հարցը, թե ինչ սկզբունքներով է վերականգնվելու արդարությունը, և վերաբաշխվելու ռեսուրսները` իրավական և սոցիալ-տնտեսական իմաստով: Կարևոր է, որ այս ամենը չպետք է արվի փակ դռների հետևում, այլ ամենալայն ձևով քննարկման դրվի, որպեսզի գործընթացին մաս կազմի և համաձայնության գա Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի:

Ուզում եմ հատուկ ուշադրություն հրավիրել կանանց մասնակցության վրա: Հայաստանում շատերն արհամարհանքով կամ անլրջությամբ են մոտենում կանանց և տղամարդկանց իրավահավասարության, հանրային ոլորտում կանանց հավասար ներգրավման, որոշումների կայացման գործընթացին կանանց հավասար մասնակցության և ազդեցության հարցերին:

Այնուամենայնիվ, շեշտում եմ իմ համոզմունքը, որ Հայաստանում տևական համակագային փոփոխություն տեղի չի ունենա, քանի դեռ կանայք, որ, ի դեպ, կազմում են Հայաստանի բնակչության կեսից ավելին, լիարժեք մաս չեն կազմում այս պայքարին: Գենդերային կարծրատիպերի և ավանդական գենդերային դերերի հեղափոխումը էական է և շարժման բոլոր փուլերում, և դրանցից հետո:

Ավելին, հեղափոխությունների շարժիչ ուժը միշտ եղել է և մնում է երիտասարդությունը: Երիտասարդությանը պետք է ոչ թե օգտագործել ու մանիպուլացնել, ծառայեցնել միայն որակավորում չպահանջող գործերի համար, այլ զորացնել` իրոք պայքարը ուղղորդելու, որոշումներ կայացնելու, շարժմանը էներգիա հաղորդելու համար:

Համակարգային փոփոխությունների պայքարում խիստ էական է, որ կասկածի տակ դրվի պատրիարխալ համակարգն իր հիերարխիաներով և ուժային հարաբերությունների թելադրանքով, այդ թվում հանդուրժող մոտեցում լինի մարդու իրավունքները հարգող ենթամշակույթների, խոցելի խմբերի և բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ:

Եգիպտոսի ժողովրդական շարժման հաջողության երաշխիքներից էին`

- կանանց մասնակցությունը
- երիտասարդների շատ լայն ներգրավումը
- սոցիալական ցանցերի և նոր տեխնոլոգիաների լայն կիրառումը
- որոշումների ընդունման ավանդական հիերարխիկ մեխանիզմների փոխարինումը հորիզոնական և մասնակցային մեխանիզմներով
- ապակենտրոնացվածությունը, բայց միաժամանակ շատ լավ կազմակերպվածությունը
- կրոնական, ազգային, սոցիալական, մշակութային հանդուրժողականությունը և սոլիդարությունը
- պայքարի ծավալումը ոչ միայն մայրաքաղաքում, այլև պետության այլ քաղաքներում ու շրջաններում
- և վերջապես, շարժման հավատարմությունը Գանդիից սկիզբ առած ոչ բռնի պայքարի, գործող ռեժիմի հետ չհամագործակցելու և քաղաքացիական անհնազանդության սկզբունքներին:

Արփինե Գալֆայան
Մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի (ՄԻԺԻ) նախագահ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter