ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

«Ինձ խաբեցին ու բերին այստեղ, իմ տունը լավն էր»



81-ամյա Արշալույս Ստեփանյանին մեկ ամիս առաջ են տեղավորել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատում: Վարդենիսի տարածաշրջանի Նորաբակ գյուղում նրան հայտնաբերել են Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի աշխատակիցները ուսումնասիրություն կատարելիս: «Թշվառություն շատ էինք տեսել, բայց այս մեկը յուրօրինակ էր»,-ասաց «Փախստականները Գեղարքունիքի մարզում. 15 տարի անց» ծրագրի ղեկավար Ռուբեն Խաչիկյանը:

«Oրը լուսանում էր, Արշալույս տատիկը' պարկը թեւատակին, մյուս ձեռքով փայտին կռթնած' դաշտերից աթար էր հավաքում: Հոսանք չուներ, սնունդը՝ մի կտոր պանիր ու բորբոսից սեւացած հացի կտոր, պահ էր տվել տաշտակի տակ: Տունն ամբողջությամբ պատված էր սարդոստայնով, անկողինն ընդամենը բրդի մի կույտ էր: Նրա տունը համարյա զուրկ է տանիքից, պատերն ամբողջովին խոնավ են անձրեւների ու ձյան պատճառով»,-պատմեցին կենտրոնի աշխատակիցները:

Մինչեւ այս ավերակում ապրելը, ինչպես փաստում են հարեւանները, նա ապրել է մեկ ուրիշ տանը, որը «վառել» է տաքանալու համար:

Մեր այցի պահին Արշալույս տատիկը ճաշում էր տուն-ինտերնատի ճաշարանում, մեզ տեսնելուն պես վեր թռավ ու սկսեց խնդրել, որ «Նունեին իմաց տանք, գա տանի այդտեղից»: Նրան տուն-ինտերնատ էին տեղափոխել Սախարովի կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի եւ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության միջնորդությամբ, իհարկե համոզելով, որովհետեւ նա դեռեւս պնդում էր, որ տանն իր համար ավելի լավ էր: «11.000 դրամ թոշակ էի ստանում, 6 հազար դրամ նպաստ, գնում էի Վարդենիսից մթերք էի առնում, հանդից աթար էի հավաքում ձմռանը վառելու համար: Ինձ խաբեցին ու բերին այստեղ, իմ տունը լավն էր»,-թախանձագին խնդրում էր նա:

Ռուբեն Խաչիկյանը հայտնեց, որ «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության աշխատակիցներին հանդիպել են հենց գյուղում: «Մենք մեր տեսածից շոկի մեջ էինք, ես նրանց հայտնեցի, որ Արշալույս տատիկը բժշկի կարիք ունի եւ ուղեկցեցի նրա մոտ: Բժիշկը զննեց ոտքերն ու զարմացավ, որ փտախտ չի առաջացել: Ոտքերից մեկը մատներ չունի' ցրտահարվել են ու փտել-թափվել, մյուս ոտքի եղունգները խխունջի էին նմանվել»: Երկու կազմակերպությունները պնդել են, որ նրան անհետաձգելի բժշկական' առավել խորը մասնագիտական ու անհատական սոցիալ-հոգեբանական վերականգնման բնույթի օգնություն է ա նհրաժեշտ:

Արշալույս Ստեփանյանը պատմեց, որ 1988թ.-ին բռնագաղթել է Ադրբեջանի Կիրովաբադ քաղաքից ու հաստատվել սահմանամերձ Նորաբակ գյուղում : ՀՀ քաղաքացիություն է ընդունել: Հայրենական մեծ պատերազմի մասնակից է, վիրավորվել է մարտի ժամանակ, պատերազմում կորցրել է հարազատներին: Երիտասարդ տարիքում ավտովթարից մահացել է նաեւ ամուսինը, ու ինքը ոչ մի հարազատ չունի: «Կիրովաբադում երկու տուն ունեի: Շոր էի կարում ֆաբրիկայում, երգում էի երգչախմբում»,-ասում է նա: Ռ. Խաչիկյանը նրան հակամարտության զոհ է համարում. «Նա դեպրեսիայի մեջ է եւ երբեմն խոսակցությունը կիսատ թողած' անդրադառնում է բռնություններին, վերհիշում կանանց ու անչափահաս աղջիկների բռնաբարության դեպքեր»:

Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատը, իր վատթար վիճակով հանդերձ, Արշալույս տատի համար պետք է որ երազանք լիներ, սակայն նա խնդրում էր իրեն տանել այդտեղից: «Մի կտոր հաց են տալիս, չեմ կշտանում»,-ասում էր նա՝ պատճառաբանելով, թե ինչու չի ցանկանում մնալ ծերանոցում: Նրան չէին գայթակղում իրեն հատկացված մահճակալը, մատուցված տաք ապուրն ու տոլման: Սենյակակիցներն ասում էին, որ բժիշկը երկու անգամ այցելել է նրան, նա վատ չի տեղավորվել ու անհանգստանալու կարիք չկա. բոլորն էլ սկզբում դժվարանում են, հետո՝ ընտելանում:

«Ում համոզելով են բերել այստեղ, ինչ էլ անես նրա համար՝ իրեն լավ չի զգա, բայց նա, ով իր կամքով է եկել, սնվելու ու տաքանալու խնդիր ունի, նրա համար այստեղ լավ է»,-ասում է թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ