HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տարեցների տունը տխուր չէր լինի, եթե այն միայնակների համար լիներ

Լուսյա տատիկին փետրվարի 24-ին էին բերել Երեւանի թիվ 1 տուն-ինտերնատ, որտեղ նա այսուհետ սենյակի ութ բնակիչներից մեկն էր: Մահճակալին նստած՝ նա շփոթված հայացքով շուրջբոլորն էր նայում, հետո հանկարծ վեր էր կենում եւ ուղղվում դեպի դուռը, սակայն տուն-ինտերնատի աշխատողները կանխում էին նրան, փորձում համոզել, որ հանի վերարկուն ու հանգստանա: Տարեց կինը մի քանի րոպե դարձյալ քննախույզ հայացքով զննում էր իրեն շրջապատողներին ու ջանում հասկանալ, թե ինչու է այդտեղ: Այնուհետեւ վեր էր կենում ու սենյակից դուրս գալու ճիգեր գործադրում, սակայն, դարձյալ նույն դիմադրությանը հանդիպելով, կրկին մի քանի րոպե հանգստանում էր մահճակալին: Սենյակի կենվորների՝ տարեց տատիկների համար անսովոր չէր նորեկի վարմունքը: «Ոչինչ, կընտելանա, շատերն են սկզբում այդպես անում»,-մեր՝ «դրսից եկածներիս» տարակուսանքով լի հայացքները որսալով՝ բացատրում են նրանք:

Սենյակում գտնվող բախտակիցներից Լուսյա տատիկը տարբերվում էր իր բավականին խնամված արտաքինով, հագուստների մաքրությամբ ու թարմությամբ:

Անգամ պայուսակների միջից աչքի զարնող հագուստների տեսքը հուշում էր, որ նա բավականին բարեկեցիկ կենցաղով է ապրել: Դժվարությամբ էր լսում, ուստի նրա մասին շատ բան իմանալ չհաջողվեց: Հայտնեց, որ ինքը տուն ունի, կարողանում է իր մասին հոգալ ու ցանկանում է տուն վերադառնալ: Տուն-ինտերնատի աշխատակիցները պատմեցին, որ Լուսյա տատիկը 1988թ.-ին բռնագաղթել է Բաքվից ու հաստատվել Երեւան քաղաքում, ամուսինը մահացել է տարիներ առաջ, տուն-ինտերնատ նրան բերել է ամուսնու որդին ու հայտնել, որ նա տանը մենակ է, իսկ ինքը Ամերիկա է մեկնում:

«Եղել են դեպքեր, երբ նույնիսկ տեղյակ չեն եղել, որ իրենց ծերանոց են բերել, հետո իմացել են ու պահանջել տուն տանել: Մարդիկ կ ան, որ չեն ցանկացել այստեղ գալ, բայց համոզում են նրանց »,- ասաց թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Արթուր Մարկոսյանը:

«Այստեղ ոչ ոք իր կամքին հակառակ չի բերվում, իհարկե, մեծամասնությունը կուզենան իրենց օջախներում, իրենց զավակների հետ ապրել, բայց նաեւ գիտակցում են, որ այստեղ ավելի լավ է »,-հավաստիացնում է Նորքի տուն-ինտերնատ ի տնօրեն Անդրանիկ Դանիելյանը:

Այս տարի թիվ 1 տուն-ինտերնատում 30 տեղ է ավելացվել, եւ այնտեղ ներկայումս ապրում է 242 մարդ: Նախատեսվում է մյուս տարի եւս 10 տեղ ավելացնել Նորքի տուն-ինտերնատում: «Չենք ասում, թե տուն-ինտերնատում բնակվել ցանկացողների թիվը շատ մեծ է, բայց որպեսզի ընդհանրապես կարիքավոր քաղաքացուն չսպասեցնենք, տեղեր ենք ավելացնում»,-ասում է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ æեմմա Բաղդասարյանը: Նրա ասելով՝ տարեցների տունը մինչեւ 1988թ.-ի երկրաշարժն ու փախստականների վերադարձը, այսինքն՝ խորհրդային տարիներին, բնակեցված էր 60-65%-ով: Հիշյալ դեպքերից հետո ծերանոցները գերծանրաբեռնվեցին: 90-ական թվականներին ծանր սոցիալական վիճակը նույնպես տուն-ինտերնատների պահանջարկի մեծացման պատճառ դարձավ, եւ 1995-96թթ.-ին արդեն մտածում էին նոր տուն-ինտերնատ բացելու մասին: «Սակայն այսօր թվաքանակն ավելացնելու մասին չենք խոսում եւ փորձում ենք զարգացնել տնային սպասարկումը»,-նշեց վարչության պետը:

Տուն-ինտերնատները նախատեսված են միայնակ հաշմանդամների համար, սակայն այդ հարկի տակ միայն միայնակները չեն հավաքված: Ավելին, ինչպես նշեցին երկու տուն-ինտերնատների տնօրենները, քչերն են, որ միայնակ են, հիմնականում հարազատներ ունեն, սակայն տարբեր պատճառներով փաստացի միայնակ են մնացել:

«Մարդուն պատժել, որ նա ունի երեխա եւ չընդունել տուն-ինտերնատ ՝ սխալ է»,-ասում է Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետ æեմմա Բաղդասարյանը՝ ավելացնելով, որ այդ երեւույթն առկա է ԱՊՀ երկրների ողջ տարածքում : Ըստ նրա ՝ պատճառը սոցիալական պայմաններն են. զավակները չեն կարողանում խնամել տարեցներին, ընտանեկան խնդիրներ ունեն, անօթեւան մնալու հանգամանքը կա, հարազատները մեկն ել են արտագնա աշխատանքի ու չեն վերադարձել եւ այլն: æ. Բաղդասարյանն ավելացրեց, որ այս հարցում մի դրական փոփոխություն է կատարվել. եթե մինչեւ 2000 թվականը նախարարությունն էր որոշում՝ քաղաքացին գնա՞ ծերանոց, թե՞ ոչ, այժմ այդ գործընթացը հանձնված է սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին: Դրա առավելությունն այն է, որ նրանք պարտադիր տնային այցելություն են կատարում, ուսումնասիրում վիճակը եւ եզրակացություն տալիս դիմողի վերաբերյալ: Լինում են նաեւ դեպքեր, որ իրենց այցով կարողանում են կանխել տարեցին տուն-ինտերնատ տեղափոխելը:

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Ա. Դանիելյանը հայտնեց, որ տարեկան մի քանի ուրախալի դեպքեր էլ են լինում, երբ հարազատները նրանց տուն են տանում: Թիվ 1 տուն-ինտերնատի փոխտնօրեն Ա. Մարկոսյանը հիշեց մի դեպք, երբ տղան պայմաններ չունենալու պատճառով մորը բերել էր տուն-ինտերնատ , բայց երեք ամիս հետո աշխատանք էր գտել ու նրան տուն տարել: Սակայն այդպես քիչ է պատահում: Ա. Մարկոսյանի ասելով՝ ինտերնատի բնակիչները հիմնականում հարազատներ ունեն, բայց 7-10%-ին են այցելում հարազատները: Նորքի տուն-ինտերնատի տնօրեն ը նշեց, որ հարազատների ուշադրությունը միանշանակ չէ, կան մարդիկ, որոնք ծերանոցում տեղավորելուց հետո էլ շարունակում են ուշադրության կենտրոնում պահել նրանց, իսկ ոմանք մոռանում են:

Տուն-ինտերնատների գերծանրաբեռնվածությունը նախարարությունում պայմանավորում են նաեւ փախստականների գոյությամբ, սակայն պետք է նշել, որ Երեւան քաղաքում գտնվող երկու տուն-ինտերնատների 470 բնակիչներից միայն 97-ն են փախստական: «Մի քսան տարի առաջ «ծերանոց» բառը լրիվ այլ ասոցիացիա էր առաջացնում, այն ժամանակ դրա խիստ կարիքն ունեցող մարդը չէր գնում միայն նրա համար, որ չասեն, թե ծերանոցում է ապրում: Այսօր մարդկանց մտածելակերպը մի քիչ փոխվել է»,-ասում է տ. Բաղդասարյանը: « Դեպքեր ենք ունեցել, երբ այստեղ բերելուց մեկ-երկու օր հետո մահացել են: Իմ կարծիքով՝ թաղումը չեն կարողանում կատարել, հենց դրա համար էլ ծերանոց են բերում»,-ավելացրեց Ա. Մարկոսյանը :

Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետը տեղեկացրեց, որ տուն-ինտերնատում բնակություն հաստատելու համար ներկայումս իրենց հերթին են սպասում մոտ 20 տարեցներ: Դատելով տուն-ինտերնատների մահերի վիճակագրությունից, ուր ամիսը 2-3 մահ է լինում, հերթը երկար սպասեցնել չի տալիս:

Նորքի տուն-ինտերնատի տնօրեն Ա. Դանիելյանի խոսքերով՝ մոտ կեսին հարազատներն են հուղարկավորում: Եթե հարազատները պատրաստակամ են կատարել հուղարկավորությունը, պետությունը նրանց 75 հազար դրամ է հատկացնում, իսկ եթե ոչ' հուղարկավորությունը տուն-ինտերնատն է կազմակերպում: Ավանդական հոգեհանգիստ չի կատարվում այստեղ, մահանալուց հետո շտապ օգնությունը արձանագրում է մահը ու դին տեղափոխում դիահերձարան:

Տուն-ինտերնատները պայմանագիր ունեն քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՊՓԲԸ-ի հետ, գումարը փոխանցում են եւ նրանք դին հուղարկավորում են Նուբարաշենի անտուն մարդկանց համար նախատեսված գերեզմանոցում:

Ուզում ենք, որ ուրախ տրամադրություն լինի այստեղ

Տարեցների տունը տխուր չէր լինի, եթե այն, իրոք, միայնակների համար լիներ: Տուն-ինտերնատի բ նակիչներից շատերը հավաստիացնում են, որ իրենք շատ լավ են զգում այստեղ, անհրաժեշտ ուշադրությունն ու խնամքը ունեն: Մարդիկ կան, որոնք տ ուն-ինտերնատում առժամանակ մնալուց հետո տուն են գնում, հետո վերադառնում են: «Վերադառնում են, եթե անգամ հարս են գնում»,-կատակում է Նորքի տուն-ինտերնատի տնօրենը: Բարերարների աջակցությամբ այստեղ հաճախակի են մ իջոցառումներ կազմակերպում, ծերերը չեն հասցնում ձանձրանալ: Նորքի տուն-ինտերնատում բնակիչներն իրար լրացնելով թվարկում էին այն միջոցառումները, որոնք կազմակերպել էին նրանց համար. հոկտեմբերի 1-ին՝ տարեցների օրը, երկու տուն-ինտերնատների բնակիչներին միասին հավաքել էին Աշտարակի ձորում, շատ ուրախ անցավ: Ծնունդներ են նշում, ամուսնության հոբելյաններ, նույնիսկ ամուսնանում են: Այո, կան մարդիկ, որոնք իրենց կյանքը սկսում են հենց այստեղ: Միայն թիվ 1 տուն-ինտերնատում ինը ամուսնական զույգ կա:

«Նրանք, ովքեր միայնակ են, այստեղ գտել են իրենց ընտանիքը: Ամենաուրախ միջոցառումների ժամանակ, երբ տխրություն եմ նկատում, դարձյալ նկատում եմ ա՛յն մարդկանց աչքերում, ովքեր երեք զավակ ունեն»,-ասում է æեմմա Բաղդասարյանը:

Նորքի տուն-ինտերնատի տնօրենը հայտնեց, որ ուզում է մի ծրագիր մշակել, որով տարեցներին հնարավորություն տրվի իրենց կարողությունների շրջանակում զբաղվածություն ունենալ: «Նրանց չպետք է զրկել լիարժեքությունից: Այստեղ՝ տուն-ինտերնատի հարակից այգում, ոմանք իրենց հողակտորն ունեն, զբաղվում են ծառերի խնամքով եւ ուրախ են, որ «իրենց ծառի» բերքն են հյուրասիրում: Որպեսզի լիարժեք լինի հասարակության պատկերացումն այս հաստատության մասին, նա ասում է. « Տուն-ինտերնատում հ ատուկ ռեժիմ չի գործում, նրանք տանն են»:

Այցերն այստեղ չեն սահմանափակվում, բացառությամբ գիշերային ժամերի, նրանց ազատ տեղաշարժվելը սահմանափակված չէ, եթե առողջական վիճակը ներում է, կարող է դուրս գալ, հարազատները ցանկության դեպքում նրանց տանը հյուրընկալում են մեկ ամիս եւ ավելի:

Պետությունն ամսական 57 հազար դրամ է հատկացնում յուրաքանչյուրի խնամքն իրականացնելու համար, որի մեջ մտնում է ամեն ինչ, նաեւ խնամողների աշխատավարձը: Այստեղ մնացողների կենսաթոշակի սոցիալական մասը փոխանցվում է պետբյուջե, իսկ կուտակային մասը տարեցները ստանում են տուն-ինտերնատում: Ինտերնատի յուրաքանչյուր բնակչի օրական ծախսը կազմում է 1900 դրամ, որից 806 դրամը սննդին է հատկացված: Կանոնակարգի համաձայն՝ եթե տուն-ինտերնատի բնակիչը երկու օրով հյուր է գնում, բացակա օրերի կենսաթոշակն ամբողջությամբ է ստանում: Նորքի տուն-ինտերնատի 220 բնակիչներին նախատեսված 110 աշխատողի փոխարեն սպասարկում է 90 հոգանոց աշխատակազմը, որոնց թվում է նաեւ բժշկական անձնակազմը:

«Սպասարկող աշխատակազմի աշխատավարձը եկող տարի պետք է բարձրացնենք: Անկողնային հիվանդների համար խնամողների քանակն ավելացնելու կարիք կա, եւ ներկայումս մշակվում են նորմատիվներ, որը պետք է ներկայացվի կառավարությանը, դա նախատեսված է»,-հայտնեց Ջ. Բաղդասարյանը:

Նա նշեց, որ տուն-ինտերնատները կապիտալ վերանորոգման կարիք ունեն, հատկապես անմխիթար վիճակում է թ իվ 1 տուն-ինտերնատը, որի կոյուղին գրեթե չի գործում: Նորքի տուն-ինտերնատում բարեկարգման աշխատանքները սկսվել են, տնօրենի նախաձեռնությամբ չորս անձի համար նախատեսված սենյակները վերածվում են երկտեղանոցի, որը զգալիորեն կնվազեցնի տարեցների դժգոհությունը: Թիվ 1 տուն-ինտերնատում առայժմ հաջողվել է միայն տանիքը փոխել: Հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչության պետը հայտնեց, որ նախարարության ենթակայության տակ գտնվող չորս տուն-ինտերնատներից' Գյումրիի տարեցների ու հաշմանդամների տուն, Վարդենիսի մշտական խնամքի կարիք ունեցողների, Նորքի տուն-ինտերնատ, ամենից անմխիթարականը Երեւանի թ իվ 1 տուն-ինտերնատն է:

Նշվածներից բացի Հայաստանում գործում է տարեցների եւս երկու մասնավոր տուն՝ Վանաձոր եւ Աբովյան քաղաքներում, որտեղ ներկայուս ապրում են 20 տարեցներ: Վանաձորի տարեցների տունը հիմնել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը 13 տարի առաջ, իսկ Աբովյանի հաստատությունը, որը մեկ-երկու տարվա կենսագրություն ունի, հիմնել է գործարար Գագիկ Ծառուկյանը:

Տուն-ինտերնատների թիվը շուտով կհամալրվի եւս երկուսով. Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան համագործակցության գրասենյակը կես մլն շվեյցարական ֆրանկ է հատկացրել Գորիսում միայնակ փախստականների համար, ինչպես նրանք են անվանել, «սոցիալական տուն» կառուցելու նպատակով: Երկհարկանի երկու շենքերը նախատեսված են 22 մարդու համար: Ըստ նախագծի՝ դրանք լինելու են սովորական բնակարաններ կոմունալ բոլոր հարմարություններով: Փախստականներին, նաեւ տեղացի միայնակներին, բնակարանը տրամադրվելու է վարձակալության իրավունքով: Նրանց հետ կապրի եւս մեկ ընտանիք սոցիալական խոցելի խմբից, որը տարեցներին կօգնի առօրյա կենցաղային հարցերում: Ծերանոցներին բնորոշ բարոյահոգեբանական մթնոլորտը փոխելու համար դրանք կառուցվելու են քաղաքի կենտրոնում, նրանց հետ կապրեն նաեւ տեղացի միայնակ ծերեր: Շինարարությունը նախատեսվում է սկսել այս գարնանը:

Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան համագործակցության գրասենյակի ծրագրերի համակարգող Սերգեյ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ այս մոդելը կիրառվել է Սերբիայում ու հաջողություն է ունեցել: Քանաքեռ-Զեյթուն համայնքում արդեն իսկ կառուցվում է նմանատիպ շենք' նախատեսված 34 հոգու համար: Առաջին հարկում կլինի նաեւ հասարակական բաղնիք, վարսավիրանոց, լվացքատուն, սրճարան եւ այլն, որից կօգտվեն այդ թաղամասում բնակվող ավելի քան 3625 միայնակ ծերերը, որոնք հաշվառված են «Առաքելություն Հայաստան» ՀԿ-ում: Այս ամենի նպատակն է տարեցներին ազատել «ծերանոցում» բնակվելու բարդույթից եւ զարգացնել տարեցների տնային սպասարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter