HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

33 անօթեւան նորաբաց կացարանում

«Էս հիմնարկի բացումը ես եմ արել»,-ասում է 50-ամյա Հրանտ Հովսեփյանը: Իսկ հիմնարկը թիվ 1 տուն-ինտերնատի մի մասնաշենքում տեղակայված անօթեւանների կացարանն է: Մոտ 40 օր է' Բաքվից գաղթած Հրանտ Հովսեփյանը գիշերներն այլեւս նկուղում չի անցկացնում (Տես նաեւ' «Ամենալավ անտունը»): Թե որքան ժամանակ նա կմնա այստեղ, դեռ չգիտի. «Մեկն ասում է՝ երկու ամիս, մեկն ասում է՝ մշտական, ես էլ չեմ իմանում: Ո՞ւր պիտի գնամ. նույն փողոցը: Ասենք' աշխատանք գտնեմ, օրվա հաց կգտնեմ, բայց որտե՞ղ քնեմ»: 7 տարի փողոցներում լուսացրած անօթեւանը ապագայի մասին գերադասում է առայժմ չմտածել: «Չէ, չեմ ասելու վատ է, լավ է, շատ լավ է»,-չի դժգոհում Հրանտը, թեեւ սենյակում ակնհայտորեն նեղվածք է: Սենյակում առավելագույնը մեկ մետր հեռավորությամբ կողք-կողքի շարված է 9 մահճակալ: Նույն սենյակում ապրում է նաեւ Բոյ անունով շնիկը, որին անօթեւաններ Վիկան ու Սերյոժան են իրենց հետ բերել: «Նեղ է, բայց չեմ ասի' վատ է: Մի օր ղալմաղալով, մի օր ջանջիգյար ասելով' ապրում ենք. տարբեր մարդիկ ենք, ի վերջո»,-շարունակում է Հրանտը:

«Տաքություն, սնունդ, բաղնիք, բուժսպասարկում, մի հատ կռիշ գլխներիս վերեւը»,-կացարանի առավելությունները թվարկում է նրա սենյակակիցը' 64-ամյա գյումրեցի Ռոբերտ Եղիազարյանը: «Բնիկ լենինականցի եմ: Բայց 1969թ.-ին այնտեղից դուրս եմ եկել: Ամեն ինչ էլ ունեինք, սովետը քանդվավ, մեր տունն էլ հետը քանդուքարափ եղավ»,- ասում է կեսօրին դեռ անկողնում պառկած անօթեւանը: Դժգոհում է առողջական վիճակից. «Վադյանկա ունեմ»: Իր ասելով՝ երբ դիմել է Մալաթիայի հիվանդանոց, իրենից 130.000 դրամ են պահանջել, բայց անօթեւանին որտեղի՞ց այդքան գումար: Ամուսնացած աղջիկ ունի, որը գիտի' այսօր որտեղ է իր հայրը: Ռոբերտ Եղիազարյանի ասելով' ինքը միշտ չէ բաց երկնքի տակ գիշերել. պահակություն է արել ու հենց պահակակետերում էլ ապրել է:

Երրորդ գյուղում գտնվող տուն-ինտերնատի երեք սենյակում այսօր արդեն երեսուներեք անօթեւան է ապրում, մի քանիսն էլ «ընտանիք են վերադարձվել», ինչպես մայրանալ պատրաստվող Աննան:

Երկու քուրդ անօթեւաններին էլ մշտական կացարանով է ապահովել ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակը: Ըստ թիվ 1 տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանի՝ սփյուռքահայ բարերարների օգնությամբ երեք սենյակ են կարողացել նորոգել' «փորձելով անօթեւաններին ցրտից փրկել»:

   Կարմենն ու Սամվելը

Անօթեւանների կացարանի շինարարական աշխատանքների համար պետբյուջեից 51 մլն դրամ է հատկացվել: Սակայն առայժմ հայտնի չէ մրցույթով ընտրվելիք կազմակերպության անունը, որը պիտի իրականացնի այդ աշխատանքները: Պարոն Շահբազյանը ենթադրում է, որ այս ամսվա ընթացքում կորոշվի հաղթողը, եւ ապրիլի կեսերից կսկսվի շինարարությունը: Պետբյուջեից 38 մլն դրամ էլ նախատեսված է անօթեւանների սննդի, նրանց սպասարկող անձնակազմի աշխատավարձի համար: Յուրաքանչյուր անօթեւանի համար օրական հաշվարկված է 3400 դրամ: Կացարանը նախատեսված է 30 հոգու համար, բայց անօթեւանների թիվն օրեցօր անցնում է նախատեսվածից: Ի դեպ, 33 անօթեւանից ընդամենը 3-ն են կին, բայց նրանց համար առայժմ հնարավոր չէ հատուկ հարկաբաժին առանձնացնել:

35-ամյա Կարմենը անօթեւանների կացարան է եկել իր երեք ամսական որդու' Էդմոնի հետ: Բայց հիմա որդին Նորքի մանկատանն է: Ասում է, որ ժամանակավոր է որդուն այնտեղ հանձնել, երբ պայմանները լավանան, այսինքն՝ աշխատանք ու գլխին ծածկ ունենա, մտադիր է որդուն ետ վերցնել: Ամեն ուրբաթ մանկատուն է գնում՝ որդուն այցելության: Կարմենն անօթեւան է արդեն 10 տարի: Իր ասելով՝ դրսում է հայտնվել խորթ ծնողների հետ տարաձայնությունների պատճառով, իսկ ամուսինը տարիներ առաջ մեկնել է Ռուսաստան, եւ նա որեւէ լուր չունի: Սենյակում, որտեղ մահճակալներից բացի նաեւ հեռուստացույց կա, առանձնանում է նաեւ «կանանց անկյունը»' արդուզարդի պարագաներով: «Ես ու Վիկան ենք արել»,-ասում է Կարմենը:

«Ինձ թվում է' մենք շուտով այստեղ հարսանիք ենք անելու»,- կատակում է տուն-ինտերնատի տնօրենը' ակնարկելով Կարմենի եւ Բելառուսից վտարված Սամվելի մտերմությունը: Թեեւ վերջինս ասում է, թե հենց «փաստաթղթերը դասավորվեն», վերադառնալու է Բելառուս' քաղաքացիական ամուսնությունից ծնված 5-ամյա որդու մոտ: Նախորդ տարվա օգոստոսին Բելառուսից վտարվելով Հայաստան' Սամվել Մկրտչյանը հայտնաբերել է, որ բնակության մշտական տեղ չունի. 15 տարի առաջ Աբովյան քաղաքում ունեցած բնակարանն այլեւս իրենը չէ: Հայերենն արդեն մոռացած Սամվելն ասում է, որ ինքը «օդում է մնացել», հայտնի չէ, թե որ երկրի քաղաքացի է' Հայաստանի՞, թե՞ Բելառուսի: Բելառուսում բնակվող նրա ծնողները չգիտեն Սամվելի ներկայիս վիճակի մասին: Մի քանի օր առաջ Սամվելը աշխատանք է գտել ավտոմեքենաների լվացման կետում: «Գոնե սիգարետի գումար կլինի»,-ասում է նա: Անօթեւանների ծխախոտի համար գումար պետբյուջեով նախատեսված չէ: Կացարանի ներսում խստորեն արգելված է ոչ միայն ծխելը, այլեւ ալկոհոլի օգտագործումը' վիճաբանությունները կանխելու նպատակով: Անօթեւանների վարքին հետեւում են նաեւ ՆԳ աշխատակիցները, բայց մի քիչ հեռվից եւ քաղաքացիական հագուստներով' «նրանց հոգեբանորեն չճնշելու համար»:

 Վասիլի Ավրամովիչը  Միքայել Իվանի Գեւորգովին

Անօթեւանների կացարանում բնակվող ազգությամբ սերբ Վասիլի Ավրամովիչը հայրենիք վերադառնալ չի պատրաստվում: Նրա հայրենի գյուղն ավերվել է 1992-թ.-ին հարավսլավական պատերազմի ժամանակ, ծնողներն էլ զոհվել են: «Ես 64 երկրում եմ եղել, բայց ամենալավը Հայաստանն է»,-ասում է 40- ամյա Վասիլին, որը 2005 թվականից ՀՀ քաղաքացի է: 2000-2005թթ. նա ապրել եւ աշխատել է Նորվեգիայում: «Սերն է ինձ բերել Հայաստան»,-կարճ ասում է նա: Մոսկվայում ծանոթացել է իր ապագա հայ կնոջը, ամուսնացել, եկել Հայաստան: Հետո գնացել են Նորվեգիա եւ 2005-ին նորից վերադարձել Հայաստան: Բայց կինը լքել է նրան, մեկ ուրիշի հետ մեկնել Նորվեգիա' այստեղ թողնելով նաեւ երկու որդիներին' 10-ամյա Ֆրունզիկին եւ 9-ամյա Նարեկին: Երեխաներն ապրում են Վասիլիի' Երեւանում գնած բնակարանում մորական տատի հետ: Վերջինիս հետ Վասիլիի հարաբերությունները շատ լարված են, եւ նա չի կարողանում երեխաների հետ ապրել: Վասիլին ասում է, որ որդիների մտքով անգամ չի անցնում, թե ինչ վիճակում է այսօր իրենց հայրը, եւ չի էլ ցանկանա, որ նրանք իմանան:

Վասիլին ասում է, որ Նորվեգիայում սեփական բնակարան ունի, ու եթե լավ հայ փաստաբան գտնի, միգուցե կարողանա այն վաճառել եւ Երեւանում բնակարան գնել: Մասնագիտությամբ բժիշկ Վասիլին որոշ ժամանակ աշխատել է Էրեբունի հիվանդանոցում, բայց կրճատումների պատճառով զրկվել է աշխատանքից: Հետո փոխել է մասնագիտությունը' դառնալով շինարար: Ամառվա ընթացքում շինհրապարակներում է վաստակել իր հացն ու տան վարձը: Բայց ձմռան գալու հետ նրա ապրուստի աղբյուրը ցամաքել է: Ասում է, որ կուզենար նորից բժշկի մասնագիտությամբ աշխատել, բայց հիմա «ինքն ավելի շատ բժշկի կարիք ունի»: Բայց ավելի շատ Վասիլին այսօր փաստաբանի կարիք ունի, սակայն նրան վճարելու գումար առայժմ չունի:

«Հարցրեք' ինչու՞ հաց չի ուտում, մեզ ոչինչ չի պատմում»,-անօթեւաններից մեկին ցույց տալով՝ խնդրում է բուժքույր Կարինե Գրիգորյանը: Միքայել Իվանի Գեւորգովին մի քանի օր առաջ Շտապ օգնության մեքենան է կացարան բերել: Իր կյանքից որեւէ դրվագ անօթեւանը չպատմեց' ասելով, թե «չի խոսի, մինչեւ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում իր հայցը չլսվի»: Իսկ թե ի՞նչ հայց է, այդպես էլ չբացատրեց' ասելով միայն' «կանանց եւ երեխաներին խոշտանգելու վերաբերյալ»:

«Անօթեւանների հետ աշխատանքի այս մեկ ու կես ամսվա ընթացքում հասկացել եմ, որ դա ավելի շատ հոգեբանական խնդիր է»,- ասում է տուն-ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը' շարունակելով. «Չի եղել դեպք, որ դուրս գան, հետ չգան, եթե հետ չեն եկել, համենայնդեպս ինձ զգուշացրել են՝ ասելով' ուղղակի մեզ դրսում հոգեբանորեն ավելի լավ ենք զգում»:

Այդպիսի մի դեպք մեկ ու կես ամսվա ընթացքում եղել է: Անօթեւանների կացարանը, սակայն, այսօր հոգեբան չունի, թեեւ նման հաստիք նախատեսված է: Ըստ տնօրենի' քչերն են համաձայնվում 30000 դրամի չհասնող աշխատավարձով գալ աշխատել Երրորդ գյուղում. տրանսպորտային ծախսերը շատ են: Բայց տնօրենը հույս ունի, որ հաջորդ շաբաթվա ընթացքում այս հարցը կլուծվի: Կենտրոնը առաջին օրվանից ունի իրավաբան ու ախտաբան: Անօթեւանները կացարանում տեղավորվում են միայն մանրակրկիտ բուժզննություն անցնելուց հետո: Պոլիկլինիկայում բուժզննումից հետո երկու անօթեւանի կացարանի փոխարեն տեղավորել են տուբդիսպանսերում:

Ի՞նչ է լինելու այս անօթեւանների ճակատագիրը երկու ամիս անց: Ըստ սահմանված կարգի' անօթեւանները ժամանակավոր կացարանում կարող են ապրել մինչեւ երկու ամիս: Այս հարցի պատասխանը պարոն Շահբազյանն էլ առայժմ չունի: «Երեւի վերագրանցենք, որովհետեւ նրանց մեծ մասի փաստաթղթերի կարգավորման խնդիրը դեռ լուծված չէ»,-ենթադրում է նա:

Կարինե Ասատրյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter