HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լենա Նազարյան

Արդյոք բջջային հեռախոսը կառավարու՞մ է մեր կյանքը

«Հենց որ ավտոբուսը, օրորվելով դարպասների մոտ, ներս մտավ բակ, ուս-ուսի տված ծառայողները բացեցին բերանները, եւ ամբողջ փողոցը լցվեց հայտնի երգի մեղեդիներով: Չար ուժերի հմայությամբ ծնված երգը հնչում էր ակամա ու տարածվում հեռու: Հետո առաջին ավտոբուսին միացան երկրորդն ու երրորդը: Այդպես էլ շարժվեցին դեպի ... » : Միխայիլ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» վեպում նկարագրված «երգող ավտոբուսներին» կարելի է հանդիպել նաեւ մեր օրերում: Սակայն մերօրյա երթուղայիններում միմյանց ձայնակցում են ոչ թե մարդիկ, այլ նրանց բջջային հեռախոսները:

Հայաստանում բջջային հեռախոսների համատարած գործածությունը մեզ հուշում է մարդկանց մտածողության, վարքի, հոգեբանության փոփոխության եւ նոր կենսաոճի առաջացման նախադրյալների մասին: Իհարկե, այստեղ զգացվում է շուկայի թելադրանքը, մարդիկ ներշնչված են բազմաթիվ գովազդային հոլովակներով եւ ոգեւորված ժամանակակից լինելու ցանկությամբ:

Մի քանի տարի առաջ ոչ ոք չէր անհանգստանում, որ չի կարող զանգել հենց այս պահին, կամ ոչ ոք չի կարող նրան գտնել հենց հիմա: Տեխնոլոգիաները, մտնելով հասարակական կյանք, որոշակի իմաստային արժեք են ստանում, թելադրում որոշակի վարքականոն, երբեմն էլ' նույնիսկ պարտադրում այն:

«Հայաստանի բնակչության մեծամասնությունը բջջային հեռախոսը կրում է արտաքին տարբերանշանի նման, ոմանք ձեռքից բաց չեն թողնում, ոմանք ժամանակ առ ժամանակ պայուսակից հանում գրպանն են դնում, գրպանից հանում ուրիշ գրպան են տեղափոխում, ձեռքի մեջ են պահում, խաղեր են խաղում, երաժշտություն լսում: Այսինքն' հեռախոսի վրա ավելի շատ ուշադրություն են դարձնում, քան դա պահանջում է կապի միջոցը»,-ասում է մշակութաբան Հրաչ Բայադյանը:

«Երբ ես դեռ չունեի բջջային հեռախոս, գրեթե վստահ էի, որ ունենալուց հետո անմիջապես ինչ-որ բան կփոխվի դեպի լավը: Բայց այդպես չեղավ: Իհարկե, աշխատանքի առումով երբեմն շատ է պետք գալիս, բայց ես զգում եմ, որ իմ անհանգստությունն ու լարվածությունը մեծացել է: Ասենք, ունեմ պայմանավորվածություն, բայց ես չեմ կարող հանգիստ սպասել այդ ժամին, ինձ անընդհատ հետապնդում է այն միտքը, որ հիմա կզանգեն, եւ ես ստիպված կլինեմ ուրիշ գործերի պատճառով փոխել իմ մտադրությունները: Նույնիսկ գիշերն ինձ թվում է, որ զանգում են, եւ ես ստիպված եմ անջատել այն: Այս ընթացքում անիմաստ սովորություններ եմ ձեռք բերել, վերցնում եմ հեռախոսը եւ սկսում փորփրել, խաղալ եւ այլն: Արդեն չգիտեմ' ինչպես դուրս գամ այս շրջապտույտից. հրաժարվե՞լ հեռախոսից, թե՞ շարունակել անընդհատ ապրել սպասման հոգեվիճակում»,-ասում է 22-ամյա Մանուշակ Իրիցյանը:

«Բջջային հեռախոսը կարող է որոշակի հոգեբանական փոփոխություններ առաջացնել: Դրանցից մեկն այն է, որ մարդու ուշադրությունը դադարում է ուղղված լինել դեպի ներս: Մարդն, ի վերջո, ինքն իր հետ մենակ մնալու ցանկություն, համենայնդեպս, ուներ, իսկ դա նշանակում է, որ նա դուրս էր մնում հաղորդակցության հնարավորությունից: Այժմ բջջային հեռախոսներն ակնհայտորեն փոխում են այդ պատկերը: Այսօր մարդը, որ նույնիսկ ոչ մի կարեւոր լուրի չի սպասում, այնուամենայնիվ, այդ գործիքի հմայքի տակ է, ամեն պահ հաղորդակցվելու սպասման մեջ է, քանի որ բջջային հեռախոսն ամեն վայրկյան կարող է զանգել: Այս առումով մարդու ուշադրությունն ուղղվում է դեպի դուրս, շարունակ հաղորդակցության սպասման վիճակի մեջ լինելով' մարդը կորցնում է ինքն իր հետ մենակ մնալու հնարավորությունը, որը չգիտեմ' լավ է, թե վատ, բայց ակնհայտորեն այնպես չէ, ինչպես բջջային հեռախոսների ի հայտ գալուց առաջ էր»,-կարծում է պրն Բայադյանը:

Հոգեբանները պարզել են, որ բջջային հեռախոս տնօրինողը ժամանակի ընթացքում ձեռք է բերում որոշակի սովորություններ, ինչը հետագայում կարող է կախվածության նախադրյալ լինել: Օրինակ' մարդիկ, սովորաբար, առանց կոնկրետ նպատակի ձեռքում չեն պտտում քաղաքային հեռախոսը եւ ոչ էլ դիտում կամ ուսումնասիրում են այն, ինչը չի կարելի ասել բջջային հեռախոսի դեպքում: Գրեթե ոչ ոքի մտքով չի անցնի ընկերոջը հրավիրել տուն եւ ցույց տալ քաղաքային հեռախոսի հնարավորությունները, դիզայնը: Ոչ ոք չի փոխում քաղաքային հեռախոսի «շապիկը»: Հեռախոս տնօրինողը ժամանակ առ ժամանակ մեխանիկորեն ստուգում է, թե արդյոք ստացե՞լ է հաղորդագրություն, կամ չունի՞, արդյոք, չպատասխանած զանգեր:

Մարդիկ զարդարում են իրենց հեռախոսը տարբեր ակսեսուարներով, որոնք պետք է համապատասխանեն հագուստին իրենց գույնով եւ ոճով: Հեռախոսի զանգերը նույնպես ընտրված են: Դրանք այնքան շատ են, որ կարող են ժամերով ընտրել այն մեղեդին, որը ցանկանում են լսել զանգ ստանալիս, վճարել դրա համար: Պարզվում է, որ հեռախոսների մեղեդիները պարզապես ազդանշաններ չեն. դրանք նույնպես տեղեկատվության կրիչներ են, արտաքին տարբերանշաններ:

Այսօր ամենաժամանակակից հեռախոսային ազդանշանը Քրիստինե Պեպելյանի եւ Արմենչիկի երգի երաժշտությունն է: «Հեռախոսների մեղեդիներ» կրպակի աշխատակից Գեւորգ Հայկայանն ասում է, որ ամեն օր նրա ծառայություններից օգտվում է 15-ից 20 հոգի, ովքեր ցանկանում են, որ իրենց հեռախոսը միայն ժամանակակից երաժշտությամբ ազդարարի զանգը: «Շատ դեպքերում մարդիկ չգիտեն էլ, թե ինչի մասին է երգը, հատկապես արտասահմանյան երգերը: Երեւի թե շատ կզարմանային, եթե իսկապես իմանային որոշ բառերի նշանակությունը»,-զվարճանալով պատմում է Գեւորգը: Հեռախոսային ազդանշան տեղադրելու ծառայությունն արժե 150-ից 200 դրամ: Կարելի է մուտքագրել նաեւ զվարճալի նկարներ, տեսահոլովակներ, խաղեր: Սա' հենց այնպես, եթե զանգող չլինի, կարելի է երաժշտություն լսել, զվարճալի հոլովակ նայել կամ խաղ խաղալ :

Հեռախոսների երաժշտությամբ կարելի է որոշել մարդկանց նախասիրությունները, ճաշակը կամ որեւէ հասարակական խմբին պատկանելությունը: Սակայն երբեմն դա դժվար է անել: «Հեռախոսային մեղեդիների» կրպակում գտնվելու ընթացքում 40-ին մոտ մի տղամարդ մտավ եւ հարցրեց. «Կներեք, երեխայի լաց ունե՞ք ... »: Պարզվեց, որ դա էլ հեռախոսի ոչ պակաս ժամանակակից ձայնային ազդանշան է:

«Կա միտում, որի մասին արեւմտյան տեսաբանները դեռ տարիներ առաջ են գրել: Այն է, որ հաղորդակցությունն աստիճանաբար կորցնում է իր բովանդակությունը: Այսինքն' մարդիկ հեռախոսով խոսում են ոչ թե որեւէ բան, այլ ուղղակի ուզում են ասել, որ նրանք խոսում են բջջային հեռախոսով: Խոսակցությունը կարեւոր չէ: Կարեւոր է դառնում այն գիտակցությունը եւ զգացողությունը, որ իրենք խոսում են բջջային հեռախոսով»,-մեկնաբանում է Հրաչ Բայադյանը:

Նույն «Հեռախոսային մեղեդիներ» կրպակում. Զանգ. «Ալո, հա պապ, հեչ ... , գործ եմ անում, հա սովորական ժամին կգամ, դե լավ ... »:

ԵՊՀ-ի ուսանողուհի Թամարա Մկրտչյանը ցանկանում էր, որ իր հեռախոսը հայկական դուդուկի ձայնով զանգի: «Ես մի քանի ամիս եմ օգտագործում հեռախոս ու արդեն վստահ եմ, որ չեմ հրաժարվի: Թեպետ երբեմն այն ինձ խանգարում է, քանի որ հիմնականում զանգում են ծնողներս' իմանալու համար, թե որտեղ եմ»,-ասում է Թամարան:

Անգլիական Լանկաստեր քաղաքի համալսարանում երեք տարվա ընթացքում մի հետազոտություն էր անցկացվում' պարզելու համար, թե ինչպես են բջջային հեռախոսներն ազդում մարդկանց հոգեբանության վրա: Գիտնականները եկել են այն եզրակացության, որ բջջային հեռախոսները ուղղակի իմաստով հնարավորություն են տալիս կառավարել մարդկանց եւ վերահսկել նրանց կյանքը: Առաջին հերթին' բջջայինը մարդու համար ինքնագրաքննության յուրահատուկ միջոց է: Մարդը որոշում է ինչ ձեւով եւ ինչպես հաղորդակցվել շրջակա միջավայրի հետ: «Բջջային հեռախոսն իրական շոուի անհատական արտահայտությունն է, որտեղ ամեն մարդ ինքն է ստեղծում իր կերպարը, վարկանիշը, ինչպես նաեւ մարդկանց անընդհատ հսկողության տակ է պահում»,- կարծում է համալսարանի գիտական աշխատակից Մայքլ Հալմը:

Աղջիկների համար բջջայինը միջոց է' ծնողներին ուշացումների մասին տեղյակ պահելու համար, կանանց համար' ամուսիններին վերահսկելու հնարավորություն, ուսանողների համար' խաղալու միջոց ձանձրալի դասախոսությունների ժամանակ: Որպես հիմնական եզրակացություն' Մայքլ Հալմը նշում է, որ մարդկությունն արդեն սովորել է բջջային հեռախոսներին, եւ այն կորցնելը կամ նրանից հրաժարվելը հավասարազոր է ինքնավերահսկողությունը կորցնելուն:

«Իհարկե, տեխնոլոգիական փոփոխություններից դժվար է խուսափել, այստեղ շատ կարեւոր է չափի զգացումը: Կարելի է եւ հեռախոսից էլ կախվածություն ունենալ, ինչպես ծխախոտից: Ամենից շատ կախվածություն ձեռք են բերում այն մարդիկ, ովքեր ընդհանրապես հակված են կախվածություն ունենալ: Այս դեպքում կախվածությունն արտահայտվում է հետեւյալ կերպ. երբ մարդ ձեռքում չի զգում բջջային հեռախոսը, նրա մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից»,-ասում է Մոսկվայի ակադեմիական եւ գործնական հոգեբանության կենտրոնի տնօրեն Նադեժդա Վիերվան:

«Կոմանդա» հոգեբանական խորհրդատվության կենտրոնի ղեկավար Գրիգորի Կրամսկոյը հավաստում է, որ մարդը բջջային հեռախոսից կախվածություն է ձեռք բերում հիմնականում այն պատճառով, որ անհրաժեշտություն ունի անընդհատ կապի մեջ լինել:

Շոտլանդացի հոգեբան Անդրիանա Մակկորմակի կարծիքով' բջջային հեռախոսից կախվածություն ունեցող մարդկանց համար հեռախոսը հանգստացնող հաբի նման մի բան է: «Նրանց համար շատ կարեւոր է իմանալ, որ նրանք անընդհատ հասանելի են: Կախվածության այս աստիճանի դեպքում մարդը կարող է դրական զգացողություններ ունենալ միայն այն դեպքում, երբ նրան միշտ զանգում են»,- գրում է Ա.Մակկորմակը:

Իհարկե, ոչ բոլորն են տարվում բջջային հեռախոսներով: Միջին հասակի մարդիկ հեռախոս գործածում են միայն անհրաժեշտության դեպքում, հիմնականում գործնական շփումների համար: Ավելի տարեցներն ընդհանրապես խուսափում են նման «խաղալիքներից»: «Ավելորդ բեռ է: Անընդհատ մտածիր լիցքավորելու, ամեն ամիս վճարելու մասին: Մի հատ էլ պետք է անհանգստանամ, որ հանկարծ չկորցնեմ, կամ չգողանան, ինչի՞ս է պետք: Ում պետք եմ, նա ինքն ինձ կգտնի»,- ասում է 55-ամյա Աշոտ Թադեւոսյանը:

Այլ կարծիք ունեն երիտասարդները: «Ես հիմա առանց հեռախոսի չեմ կարող պատկերացնել իմ կյանքը: Եթե մոտս չլինի, ես վատ եմ զգում, որովհետեւ աշխարհից կտրված լինելու զգացողություն եմ ունենում»,-ասում է 21-ամյա Կարինե Նազարյանը: Ոմանց այն օգնում է աշխատել, լինել հասանելի եւ օպերատիվ, ոմանց համար դա խաղալիք է, ոմանց համար էլ' անհանգստության սկզբնաղբյուր: «Նախկինում ես կարծում էի, որ սթրեսը եւ դեպրեսիան արեւմտյան հոգեբանների հորինած միֆերն են, հիմա ես վստահ եմ, որ նույնիսկ բջջային հեռախոսը կարող է սթրեսի պատճառ լինել»,-ասում է Մանուշակ Իրիցյանը:

«Մի փոքր անհեթեթ կարող է թվալ, բայց հաղորդագրություններով ես ստեղծագործում եմ: Հաջողվածները նույնիսկ պահում եմ հեռախոսիս մեջ: Երբ սկսում եմ ստեղծագործել, հազիվ եմ տեղավորվում 3 էջի մեջ: Չեմ սիրում պատրաստի հաղորդագրությունների ժողովածուներ, որովհետեւ դրանք մի տեսակ ընդհանուր են, շաբլոն, իսկ իմ գրած հաղորդագրություններից յուրաքանչյուրը յուրահատուկ է: Անգամ հաղորդագրություններով սեր եմ խոստովանել ու բաժանվել, կարելի է ասել, որ մի ամբողջ սիրավեպ եմ ապրել»,- ասում է ուսանողուհի Հասմիկ Մկրտչյանը:
Լենա Նազարյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter