HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հավերժ մեղադրյալը

2006թ.-ի հունվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կալանավորել է Երեւանի բնակիչ Արթուր Գյուրջինյանին' մտաբերելով 14 տարի առաջ կատարված մի հանցանք, որին նրա մեղսակցությունը չկարողանալով հիմնավորել' քրեական գործը կասեցրել էր, բայց ավելի քան 14 տարի թողել մեղադրյալի կարգավիճակում:

1992թ.-ի սեպտեմբերի 12-ին ոմն Ռոմա Գալստյան Սիրիա գործուղման մեկնելիս «Զվարթնոց» օդանավակայանի մաքսատանը բռնվել է ոսկյա իրերի մաքսանենգության փորձ կատարելիս: Նախաքննության ընթացքում Ռ. Գալստյանը ցուցմունք է տվել, որ 1022,30գ ոսկին Սիրիա տեղափոխելու նպատակով իրեն է տվել Երեւան քաղաքի բնակիչ Արթուր Գյուրջինյանը: Նախաքննության սկզբում Ա. Գյուրջինյանը չի հարցաքննվել իր մշտական բնակավայրից բացակայելու պատճառով, նրա մասով քր. գործի նախաքննությունը կասեցվել է: Մյասնիկյանի ժողդատարանը 1993թ.-ի փետրվարին Ռ. Գալստյանին դատապարտել է 3 տարվա ազատազրկման, որից հետո նա դիմել է փախուստի: 1993թ.-ի նոյեմբերի 2-ին Ա. Գյուրջինյանը կալանավորվել է, առաջադրված մեղադրանքում նա իրեն մեղավոր չի ճանաչել եւ առերեսում է պահանջել Ռ. Գալստյանի հետ: Սակայն վերջինիս չհայտնաբերելու պատճառով Ա. Գյուրջինյանը նրա հետ առերես չի հարցաքննվել:

1994թ.-ի հունվարի 3-ին Ա. Գյուրջինյանի մասով քր. գործը կարճվել է ապացույցների անբավարարության պատճառով, ինչի հետ համաձայն չի եղել ՀՀ գլխավոր դատախազությունը: Գործը կրկին ուղարկվել է Խորհրդային շրջանի դատախազություն' լրացուցիչ նախաքննության: Ա. Գյուրջինյանը դարձյալ իրեն մեղավոր չի ճանաչել եւ առերեսում է պահանջել Ռ. Գալստյանի հետ: Քանի որ Ռ. Գալստյանը չի հայտնաբերվել, 1994թ.-ի ապրիլի 1-ին քրեական գործի նախաքննությունն այս անգամ էլ կասեցվել է հանցանք կատարած անձի ինքնությունը պարզված չլինելու պատճառով:

Խորհրդային շրջանի դատախազությունը մեկ անգամ էլ Ա. Գյուրջինյանին հիշել է դեպքից 10 տարի հետո' 2004թ.-ին, ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունումից հետո վերաորակելով նրան մեղսագրված արարքը, սակայն դարձյալ քննություն չի կատարել:

Եվ ահա 2006թ.-ի հունվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը կրկին մտաբերել է Ա. Գյուրջինյանին, վերացրել է քրեական գործի նախաքննությունը կասեցնելու մասին որոշումը եւ նույն օրը գործն ընդունել է վարույթ: ՀՀ գլխավոր դատախազի որոշումով նախաքննության ժամկետը երկարացվել է մինչեւ մարտի 24-ը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռ. Ներսիսյանը բավարարել է Ա. Գյուրջինյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին ՀՀ գլխավոր դատախազին առընթեր ՀԿԳ քննիչ Հ. Ղարախանյանի միջնորդությունը: Դատարանն անմիջապես կալանքի թույլտվություն է տվել' մտածելով, որ նա կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, անտեսելով այն հանգամանքը, որ անցած 14 տարիներին Ա. Գյուրջինյանը մեղադրյալի կարգավիճակով ապրել է այս քաղաքում եւ չի խուսափել նախաքննությունից: Ավելին' դատավորը հավելյալ 2 օրով ավելացրել է մեղադրյալի կալանքի ժամկետը, այն դեպքում, երբ ՀՀ գլխավոր դատախազը նախաքննության ժամկետ էր սահմանել մինչեւ մարտի 24-ը: Վերաքննիչ դատարանը, մերժելով մեղադրյալի փաստաբանի' կալանքի որոշումը վերանայելու մասին բողոքը, նույնիսկ հարկ չի համարել ուղղել առաջին ատյանի դատարանի կատարած սխալը:

Մարտի 26-ին լրանում է Ա. Գյուրջինյանի կալանքի ժամկետը եւ հավանական է, որ քննիչը կրկին դիմի դատարան կալանքի ժամկետը երկարացնելու համար, չնայած, ինչպես տեղեկացնում է մեղադրյալ Գյուրջինյանը լրատվամիջոցներին ուղղված իր հայտարարությունում, նրա հետ հիմա էլ քննչական գործողություններ չեն կատարվում: Եվ դա միանգամայն հասկանալի է, քանի որ դատախազությունն այդպես էլ առերեսում չի կատարել նրա դեմ ցուցմունք տված անձի' Ռ. Գալստյանի հետ: Այսինքն' չկա այն անձը, որը հաստատի կամ հերքի Ա. Գյուրջինյանին մեղսագրված հանցանքը: Ստացվում է, որ անցած 14 տարիների ընթացքում դատախազությունը զբաղվել է միայն Արթուր Գյուրջինյանին մեղսագրված հանցանքը վերաորակելով, որոնք նրանց կողմից մատնանշված Քր. օրենսգրքում պարզապես չկան' առաջադրված հոդվածն ավելի ծանր հոդվածով փոխելով, որի համար հիքեր չունեն, քանի որ նախաքննության նյութերին ոչ մի նոր բան չեն ավելացրել:

Իր հայտարարության մեջ Ա. Գյուրջինյանը նշում է, որ քննիչն իրեն կալանել է մեկ այլ գործով պայմանավորված' արտահայտվելու իր իրավունքը սահմանափակելու համար: «Ես մամուլի ասուլիսներ էի կազմակերպում կնոջս սատարելու, նրան առեւանգելու եւ անազատության մեջ ապօրինի պահելու փաստերը հրապարակայնացնելու, դրանով հասարակական կարծիք ձեւավորելու ու այդ կարծիքի ճնշման ներքո ապօրինությունները դադարեցնելու, մեղավոր անձանց պատասխանատվության կանչելու համար, որտեղ ապօրինությունները կազմակերպող գլխավոր դերակատարը ՀՀ գլխավոր դատախազությունն էր»,-ասված է հայտարարության մեջ: (Ա. Գյուրջինյանի կինը՝ Սիլվա Ասատրյանը, մեղադրվում է գործարար Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը կազմակերպելուն դրդելու համար, տես' Դատախազությունը հերթական անգամ «բացահայտում» է Մելիք Գասպարյանի մեքենայի պայթյունը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter