HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դասական տեռոր «Ռոյալ-Արմենիայի» նկատմամբ»

ՀՀ մաքսային կոմիտեն պատժում է անհնազանդներին

Քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը մարտի 3-ին դռնփակ նիստում 2 ամսով կրկին երկարաձգեց «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի համասեփականատեր Գագիկ Հակոբյանի եւ փոխտնօրեն Արամ Ղազարյանի կալանքի ժամկետը: Նրանք կալանքի տակ են 2005թ.-ի հոկտեմբերի 11-ից եւ մեղադրվում են մաքսանենգ ճանապարհով 1.579.720.519 դրամի կանաչ սուրճ, բրինձ եւ պղպեղ ներմուծելու մեջ: Ամեն ինչ այլ կերպ կընթանար, եթե 2003թ.-ին «Ռոյալ-Արմենիան» համաձայներ «համագործակցել» Մաքսային կոմիտեի որոշ բարձրաստիճան պաշտոնյանների հետ: «2003թ.-ին Մաքսային պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Գագիկ Խաչատրյանը եւ Մաքսա-սակագնային վարչության պետ Սուրեն Ֆահրադյանը «Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի համասեփականատեր Գագիկ Հակոբյանից խոշոր չափի գումար են պահանջել ներմուծվող ապրանքը հարմար գներով ձեւակերպելու համար: Պրն Հակոբյանը մերժել է, եւ այստեղից էլ սկսվել է «Ռոյալ Արմենիա»-ի հետապնդումը»,-ասում են «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի իրավաբան Գեւորգ Մինասյանն ու փաստաբան Աշոտ Սարգսյանը:

«Ռոյալ-Արմենիա» ՀՁ ՍՊԸ-ի նկատմամբ դասական տեռոր է իրականացվում՝ ՀՀ ԱԱԾ քննիչ Մնացական Մարուքյանի կողմից»,-պնդում է փաստաբան Աշոտ Սարգսյանը: «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի իրավաբան Գեւորգ Մինասյանն ու փաստաբան Աշոտ Սարգսյանը չէին կասկածում, որ դատարանն ի զորու չէ դիմակայել եւ շարունակելու է կատարել նախաքննության կամքը՝ շարունակաբար երկարացնելով «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի տնօրինության կալանքի ժամկետը:

Փաստաբանները վստահեցնում են, որ նախաքննությունն իրականացնող քննիչ Մնացական Մարուքյանն անտեսում է կալանավորվածների օգտին ներկայացված բոլոր փաստերն ու գրավոր ապացույցները:

Այս պատմության մեջ առանցքային դերակատարը գործով տուժող, ճանաչված ամերիկյան «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վաչե Բեդրոսյանն է, որից «Ռոյալ-Արմենիան» սուրճ է ներմուծել Հայաստան: Ըստ նախաքննության մարմնի' 1999-2004թթ.-ի ընթացքում խաբեության եւ Վաչե Բեդրոսյանի վստահությունը չարաշահելու միջոցով Գագիկ Հակոբյանը նրանից 368 հազար ԱՄՆ դոլար է հափշտակել: Նախաքննությունը մեղադրանք առաջադրելու որոշման մեջ նշել է, որ Գագիկ Հակոբյանը «Ռոյալ Արմենիա» ՍՊԸ-ի բաժնետեր է, իրականում Հակոբյանին է պատկանում բաժնետոմսերի 4 տոկոսը, եւ քրեական գործի նյութերով հիմնավորված չէ, որ Գագիկ Հակոբյանն անմիջական գործարքի մեջ է մտել կանաչ սուրճի, բրնձի եւ պղպեղի մատակարար ամերիկյան «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ» ընկերության ներկայացուցիչ Վաչե Բեդրոսյանի հետ:

«Ֆեդերալ Ինվեստ Գրուպ» ընկերության, «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի եւ արտասահմանյան ներդրող Լեյդա Ալուխաս Գոնսալեսի, որը Գագիկ Հակոբյանի կինն է եւ «Ռոյալ-Արմենիա»-ի հիմնական սեփականատերը, միջեւ 2000թ.-ի փետրվարի 20-ին պայմանագիր է կնքվել, որի համաձայն տիկին Գոնսալեսը Վաչե Բեդրոսյանին հանձնարարել է տարբեր երկրներից որպես հումք ձեռք բերել կանաչ հատիկավոր սուրճ, բրինձ, պղպեղ, որոնք օգտագործվում են «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի արտադրությունում: Ամբողջ ապրանքի մատակարարումը կատարվել է պայմանագրի շրջանակներում, եւ Գագիկ Հակոբյանն անձամբ կողմ չի հանդիսացել ու չի մասնակցել որեւէ գործողության: Վճարումները կատարել է Լեյդա Ալուխաս Գոնսալեսը, նրա հանձնարարությամբ է կատարվել նաեւ մաքսազերծումն ու կազմակերպվել հումքից մինչեւ պատրաստի արտադրանք թողարկելու գործընթացը:

2003-ի սկզբին պայմանագրի կողմերը մատակարարված ապրանքի եւ վճարումների փոխադարձ հաշվարկ են կատարել եւ պարզվել է, որ Լեյդա Ալուխաս Գոնսալեսը Վաչե Բեդրոսյանին մատակարարված ապրանքի դիմաց պարտք է մնացել մոտ 138 հազար ԱՄՆ դոլար: Նշված գումարը հաշված օրերի ընթացքում փոխանցվել է Վաչե Բեդրոսյանի բանկային հաշվին, ինչի համար վերջինս էլեկտրոնային նամակով հայտնել է իր շնորհակալությունը:
Ո՞վ ո՞ւմ է պարտք իրականում

2003-ի հունվարից մինչեւ 2004-ի առաջին եռամսյակը «Ռոյալ-Արմենիան» եւ «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»-ը շարունակել են համագործակցել: Սակայն այդ մեկ տարվա ընթացքում «Ռոյալ-Արմենիա»-ն բազմիցս դժգոհել է «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»-ի կողմից մատակարարման ժամկետների խախտման կապակցությամբ, ինչը խնդիրներ է ստեղծել ընկերության գործունեության համար: 2004-ի առաջին եռամսյակի ավարտին «Ռոյալ-Արմենիա»-ն հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը (այդ ընթացքում գտել էր այլ մատակարարներ, ինչպես «Միցուբիշի» կորպորացիան):

Վաչե Բեդրոսյանն իր հերթին հայտարարում է, որ 2003-2004թթ. արդյունքներով սուրճի մատակարարումների չմարված գումարը կազմում է 164 հազար դոլար: Գագիկ Հակոբյանը Բեդրոսյանին առաջարկում է գալ Հայաստան՝ փոխադարձ հաշիվների մասին արձանագրություն կազմելու: Միաժամանակ ասում է, որ «ոչ միայն հաշվարկները կանենք, այլեւ կքննարկենք մեր գործընկերության հետ կապված հարցեր»:

Ի՞նչ գործընկերության մասին էր խոսքը: «Ռոյալ-Արմենիա»-ի իրավաբան Գեւորգ Մինասյանը պարզաբանում է. «2001-2002թթ. Վաչե Բեդրոսյանը եւ Գագիկ Հակոբյանը ԱՄՆ-ում կառուցում են սուրճ արտադրող գործարան, որն անվանվել է «Բրեդֆորդ կոֆե»: Գործարանի վրա ծախսվել է 600.000 ԱՄՆ դոլար, որից 300.000-ը ներդրել է Գագիկ Հակոբյանը: Այդ գործարանը պետք է վաճառվեր, եւ վաճառքից ստացված հավելյալ գումարը պետք է բաժանվեր երկուսի միջեւ, Գագիկ Հակոբյանին պետք է վերադարձվեր նաեւ իր ներդրած բաժնեմասը՝ 300.000-ը: Որպեսզի Գագիկ Հակոբյանը ստիպված չլինի մնալ ԱՄՆ-ում այնքան, մինչեւ գործարանը վաճառվի, Վաչե Բեդրոսյանը նրան համոզում է իր անունով ձեւակերպել վերջինիս 300.000-ի բաժնեմասը՝ վաճառքը իրականացնելու համար: Սակայն, միաժամանակ խնդրում է 300.000-անոց բաժնեմասը ձեւակերպել 120.000՝ քիչ հարկեր մուծելու համար, բայց խոստանում է վաճառքից հետո վերադարձնել 300.000-ն ամբողջությամբ՝ գումարած վաճառքից գոյանալիք հավելյալ գումարի 50%-ը: Ակնկալվում էր, որ գործարանը կվաճառվի 1 մլն դոլար, եւ ներդրողները 400.000 դոլար լրացուցիչ եկամուտ կստանան: Հետագայում Վաչե Բեդրոսյանը գործարանը չի վաճառում եւ Գագիկ Հակոբյանին վճարում է ընդամենը 152.000 դոլար՝ երկու փոխանցումներով՝ 120.000 եւ 32.000, որը նրա ներդրումն անգամ չի ծածկում: Ահա սա նկատի ուներ Գ. Հակոբյանը, երբ Բեդրոսյանին հրավիրում էր Հայաստան՝ փոխադարձ հաշվարկներ անելու եւ հարաբերությունները քննարկելու: Իրականում Վ. Բեդրոսյանն է պարտք Հակոբյանին մոտավորապես 348.000 դոլար, որից 148.000' ներդրած գումարից եւ 200.000 գործարանի վաճառքից ակնկալվող գումարից »:

Միմյանց հետ ունեցած գործարար հարաբերությունները քննարկելու փոխարեն Վաչե Բեդրոսյանը, հավանաբար նաեւ վրդովված, որ իր «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ» ընկերությունը դուրս է մղվել մատակարարման գործընթացից, դիմել է ՀՀ մաքսային կոմիտե եւ ԱԱԾ ու հայտարարել, որ Գագիկ Հակոբյանն իրենից խաբեությամբ 368 հազար ԱՄՆ դոլար է հափշտակել:

Այս մասին Վաչե Բեդրոսյանն անձամբ նշել է նաեւ Գագիկ Հակոբյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Բեդրոսյանը նշել է, որ պարտքն առաջացել է միայն սուրճի, պղպեղի եւ բրնձի մատակարարման գործարքի ժամանակ: «Ակնհայտ է, որ այդ գործողությունները քաղ-իրավական բնույթ են կրում եւ, եթե պայմանագրի կողմերից մեկը չի կատարում իր պարտականությունները, ապա մյուս կողմը պետք է դիմի Տնտեսական դատարան, ոչ թե ԱԱԾ»,-ասաց Գագիկ Հակոբյանի փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Ինչ վերաբերում է Գագիկ Հակոբյանին մաքսանենգության մեջ մեղադրելուն, ապա «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ի իրավաբան Գեւորգ Մինասյանը տեղեկացրեց, որ Մաքսային կոմիտեի նախագահ Արմեն Ավետիսյանը, Մաքսային օրենսգրքի համաձայն, 2001թ.-ին թիվ 1753/2-2 եւ թիվ 1882/2-1 գրություններով «Ռոյալ-Արմենիա» ՍՊԸ-ին՝ որպես օտարերկրյա ներդրումներով ձեռնարկության, համաձայն «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ օրենքի, ազատել է մաքսատուրքից, եւ նրանից գանձվել է ընդամենը ներմուծվող ապրանքի ԱԱՀ-ն:

«Բոլոր տարեկան ստուգումներով հիմնավորված է, որ «Ռոյալ- Արմենիա» ՍՊԸ-ն հարկերի մասով պարտք չունի, մաքսանենգորեն ապրանք ներմուծելու մասին խոսք լինել չի կարող, եւ ՀՀ Քր. օրենսգրքի 215 հոդվածով Գագիկ Հակոբյանին առաջադրված մեղադրանքն անհիմն է»,-վստահ է Գեւորգ Մինասյանը:

Գագիկ Հակոբյանի փաստաբանները վստահ են, որ այս գործի ետեւում հզոր պատվիրատուներ են, եւ նախաքննության մարմինը առաջնորդվում է Վաչե Բեդրոսյանի ցանկացած անհիմն հայտարարությամբ: «Դատեք ինքներդ' ինչպե՞ս քննիչը կարող է անաչառ լինել, երբ շուրջ 15 օր «տուժող Բեդրոսյանի» միջոցներով եւ նրա ուղեկցությամբ գործուղման կապակցությամբ շրջագայել է հեռավոր արեւելքում՝ Թայլանդում, Վիետնամում, վայելել Արեւմուտքի հմայքը»,-ասաց իրավաբան Գեւորգ Մինասյանը:

Վաչե Բեդրոսյանի ուղարկած ապրանքատրանսպորտային բեռնագրերն ուսումնասիրելիս Գագիկ Հակոբյանի փաստաբանները պարզել են, որ պրն Բեդրոսյանը հանդես է գալիս երկու կազմակերպության անունից՝ «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»՝ գրանցված ԱՄՆ-ի Նեւադա նահանգում, եւ «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»՝ գրանցված Վիետնամի Հոշիմին քաղաքում: Գեւորգ Մինասյանը նշեց, որ Վիետնամում գրանցված կազմակերպությունն իրավունք չունի զբաղվել կոմերցիոն գործունեությամբ եւ ստեղծված է որպես առեւտրական ներկայացուցչություն. «Սակայն ապրանք-տրանսպորտային բեռնագրերում որպես մատակարարող նշված է Վիետնամի «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»-ի անունը, եւ այսօր նախաքննության կողմից կասկածի տակ են դրված հենց այդ կազմակերպության ուղարկած հաշիվ-ապրանքագրերը: Այստեղ պարզից էլ պարզ է, որ Վաչե Բեդրոսյանը, խուսափելով ամերիկյան կազմակերպության հարկերը վճարելուց, օգտագործել է վիետնամական կազմակերպության անունը, այդ իսկ պատճառով նա հայտարարել է, որ ՀՀ մաքսային կոմիտեում հայտնված հաշիվ-ապրանքագրերն իրենը չեն եւ կեղծված են»:

Ի դեպ, տուժող ճանաչված Վաչե Բեդրոսյանի անունը հայտնվել է նաեւ Հայաստանում սուրճ ներմուծող մեկ այլ ընկերությունում՝ «Գոլդն-Լենս»-ում: Փաստաբանները վստահ են, որ շուտով խնդիրներ կունենա նաեւ այդ ընկերությունը, եւ «բարերար» Վաչե Բեդրոսյանը կրկին կհայտնվի «տուժողի» կարգավիճակում:

Նախաքննության մարմինը շարունակում է անուշադրության մատնել «տուժողի», ինչպես նաեւ Մաքսային կոմիտեի երկու աշխատակիցների՝ կոմիտեի ղեկավարի տեղակալ Գագիկ Խաչատրյանի եւ Մաքսա-սակագնայինի վարչության պետ Սուրեն Ֆահրադյանի գործունեությունը:

Գագիկ Հակոբյանի փաստաբանը հիշեցրեց, որ 2005թ.-ին Մաքսային կոմիտեի պետ Արմեն Ավետիսյանը մամուլով հայտարարեց, որ նշված անձինք իր լավագույն աշխատողներն են եւ շարունակելու են աշխատել:

Գագիկ Հակոբյանի շահերի ներկայացուցիչները պատրաստվում են դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: «Եթե Հայաստանի դատական համակարգն այսպես շարունակի, ապա մեր երկիրը կսնանկանա՝ Եվրոպական դատարանում կռիվ տալով»,-ասում են իրավաբաններն ու տեղեկացնում, որ մինչեւ Եվրոպական դատարան դիմելը հուլիսի 1-ին պատրաստվում են դիմել Սահմանադրական դատարան:

«Եթե ընդհանուր հայտարարի չգանք, մենք դիմելու ենք նաեւ ԱՄՆ ֆեդերալ բյուրոյին եւ Նեւադայի հարկային մարմիններին ու տեղեկացնելու ենք Վաչե Բեդրոսյանի՝ պետությունից թաքցրած գումարների մասին. Կիպրոսում, որը օֆշորային գոտի է, նա գաղտնի բանկային հաշիվ է բացել, որտեղ իր փողերն է թաքցրել: Իր հայտարարությամբ՝ 400.000 դոլար, բայց մենք վստահ ենք, որ ավելի շատ է: Հաշիվը Գագիկ Հակոբյանի անունով է. Վաչե Բեդրոսյանը Գագիկին ասել է, որ կնոջից բաժանվում է, եւ որպեսզի իր դառը վաստակը կինը չխլի, թույտվություն է խնդրել նրա անունով հաշիվ բացել եւ գումարներ կուտակել: Եթե սրա համար Գագիկ Հակոբյանին պետք է գլխատեն, թող գլխատեն: Բայց սա ճշմարտություն է: Ի վերջո, շատ պարզ մի հանգամանք կա. խոսքը «Ռոյալ-Արմենիա»-ի օտարերկրյա ներդրողի՝ Լեյդա Ալուխաս Գոնսալեսի՝ «Ֆեդերալ Ինվեստ Գրուպ»-ին ունեցած պարտքի մասին է: Եթե կա այդ պարտքը, ապա դա պետք է Վաչե Բեդրոսյանի հաշվապահական փաստաթղթերում եւ հարկային մարմիններին ներկայացրած հաշվետվություններում արտացոլված լինի: Մենք այս մասին բազմիցս ասել ենք քննիչին, բայց ոչ մի արձագանք չկա»,-ասում է Գեւորգ Մինասյանը:

Հ.Գ. Մարտի 17-ին «Ռոյալ-Արմենիա» ընկերության տնօրեն Տոնի Էլ Լաբակին եւ իրավաբան Գեւորգ Մինասյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին՝ «ահազանգելով ընկերության եւ նրա ղեկավարների նկատմամբ իրականացվող ապօրինությունների մասին եւ խնդրելով Նախագահի միջամտությունը՝ այդ ապօրինությունները դադարեցնելու եւ քրեաիրավական առումով անմեղ մար դ կանց ազատ արձակելու»:

««Ռոյալ-Արմենիա» ընկերությանը պատժում են Մաքսային պետական կոմիտեի կոռումպացված ղեկավար պաշտոնատար անձանց ապօրինի պահանջը չկատարելու համար»,-գրված է բաց նամակում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter