HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդուհի Զաքարյան

Ակնհայտ մեղմ պատիժ կանանց առեւտուրը կազմակերպող խմբին

«Ծնողներիս չասացի' Դուբայ եմ գնում, չէին թողնի, չնայած գիտեի, թե նորմալ աշխատանքի համար եմ մեկնում: Այնտեղից ոչ մի հնարավորություն չունեի նրանցից օգնություն խնդրելու, քանի որ հեռախոսով խոսելիս մեզ միշտ հսկում էին: Եղբորս հետ եմ խոսել, բայց նա էլ փոքր է նման բան պատմելու համար: Ստել եմ ընտանիքիս, բայց ուրիշ ելք չունեի, վատ վիճակում էինք, ուզում էի օգնել: Դրա համար էլ ասացի, թե գնում եմ Մոսկվա՝ ամուսնուս մոտ, բայց ... Իսկապես չէի պատկերացնում, թե ինչ է գալու գլխիս, ու որ Դուբայում հայ աղջիկները նման բանով են զբաղվում»,- պատմում է թրաֆիկինգի հերթական զոհ, Արագած գյուղի բնակչուհի Մարինեն (անունը փոխված է):

Մարինեն մեկն է այն կանանցից, ում խաբեությամբ տարել են Դուբայ եւ ենթարկել սեռական շահագործման: Նա չի վախեցել եւ ցուցմունք է տվել այն խմբի դեմ, որն իրեն ստիպել է զբաղվել մարմնավաճառությամբ:

2005թ.-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնաբերեց մարդկանց առեւտրով զբաղվող մի խումբ, որը Հայաստանի տարբեր բնակավայրերից կանայք էր հավաքագրում եւ Մոսկվայով տեղափոխում Դուբայ: Խմբի չորս անդամների' Պատվական Մալխասյանի, Նանասիլ Առաքելյանի, Սիմոն Ներսիսյանի եւ Թամարա Մակարովայի դեմ 2005թ. օգոստոսի 24-ին ՀՀ քր. օր-ի 132 հոդվածի ( Մարդկանց առեւտուր) 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ հարուցեց:

2005-ի նոյեմբերին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը նրանց դատապարտեց տարբեր պատժաչափերով՝ Թամարա Մակարովային, Սիմոն Ներսիսյանին եւ Պատվական Մալխասյանին դատապարտել էր 2-ական, իսկ Նանասիլ Առաքելյանին՝ 5 տարի 4 ամսվա ազատազրկման (Տես' Դատարանն աջակցեց կանանց վաճառողներին):

Գլխավոր դատախազությունը գտավ, որ Արմավիրի առաջին ատյանի դատարանը մեղմ պատիժներ է սահմանել եւ բողոքարկեց վճիռը:

«Դատարանը հաշվի չի առել հանցանքի հանրային անվտանգության աստիճանն ու բնույթը, բավարար չեն հետազոտվել նրանց անձը բնութագրող տվյալները, եւ ակնհայտ մեղմ պատիժ է սահմանվել»,-ասաց գործով մեղադրող, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության մարդկանց թրաֆիկինգի եւ անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի ավագ դատախազ Արմեն Բոշնաղյանը:

2000թ. Աբովյանում բնակվող 44-ամյա Թամարա Մակարովան մեկնում է Դուբայ, որտեղ ժամանակավորապես բնակվում է նախկինում կավատության ու այլ հանցագործությունների համար դատապարտված, 2005թ. մայիսից հետախուզման մեջ գտնվող Անահիտ Մալխասյանի ( մականունը' Դըբռ Անո) տանը: Վերջինիս ենթակայությամբ Թամարան զբաղվում է մարմնավաճառությամբ, սակայն կարճ ժամանակ անց բռնվում է եւ արտաքսվում Հայաստան: Հետագայում, 300 ԱՄՆ դոլար վճարելու պայմանով, Դըբռ Անոն նրան առաջարկում է երեխա պահելու կամ աղախին աշխատելու պատրվակով հավաքագրել եւ Դուբայ ուղարկել նյութապես ծանր վիճակում գտնվող կանանց: Թամարան իր հարեւան Ռ.-ին առաջարկում է Դուբայում լավ վարձատրվող աղախնի կամ երեխա խնամողի աշխատանք: Երկու օր անց Ռ.-ն ԱՄԷ-ի մուտքի թույլտվություն ստանալու համար Թամարային է հանձնում իր անձնագիրը: Դըբռ Անոն Թամարային հանձնարարում է Ռ.-ին հանձնել կանանց Դուբայ փոխադրող Սիմոն Ներսիսյանին, որն էլ 2005թ. մայիսի 5-ին Ռ.-ին տեղափոխում է Երեւան եւ թաքցնում «Վարդանանց օջախ» հյուրանոցում:

Նույն ժամանակահատվածում Դըբռ Անոյի ընկերուհին՝ Նանասիլ Առաքելյանը, որը 2004թ. նոյեմբերին մեկ անգամ արդեն դատապարտվել էր պոռնկություն կազմակերպելու համար, Դուբայ ուղարկելու նապատակով Անոյի եղբորը՝ Ոսկեհատ գյուղում ապրող Պատվական Մալխասյանին է հանձնում Մարինեին:

Այնուհետեւ երկու կանանց ուղարկում են Մոսկվա, որտեղ նրանց դիմավորում է Վազրիկը: «Մեզ մի քանի օր պահեցին մի բնակարանում, նոր անձնագրեր հանեցին, ու գնացինք Դուբայ»,-պատմում է Մարինեն:

Դուբայում Անահիտ Մալխասյանը դիմավորում է աղջիկներին, վերցնում անձնագրերը եւ ստիպում մարմնավաճառությամբ զբաղվել, հակառակ դեպքում վերադարձնել փոխադրման համար ծախսված գումարները' մոտավորապես 15.000 ԱՄՆ դոլար: Ռ.-ն պատմում է, որ Դուբայում գտնվելու ժամանակ իր բոսին' Անահիտին է տվել մոտ 20.000 ԱՄՆ դոլար:

«Հեռախոսով մի քանի անգամ զանգել եմ տուն, բայց ոչինչ չեմ ասել, քանի որ Անահիտը մեր կողքին էր լինում: Թաքուն վախենում էինք զանգել, մի անգամ աղջիկներից մեկին դրա համար ուժեղ ծեծեց: Բջջայինները մենակ ինքն էր լիցքավորում: Մեկ հաճախորդից ամենաքիչը 500 ԱՄՆ դոլար էինք վերցնում, բայց գրեթե ոչ մի անգամ ձեռքներիս գումար չէինք ունենում, փողերը հավաքում էր: Չէինք կարողանում նույնիսկ խաբել, մեր հետ աշխատող շատ աղջիկներ կային, հանգիստ կարող էին ասել Անահիտին»,-պատմում է Մարինեն:

Վերաքննիչ դատարանում պատկերը նույնն էր. տուժողները ներկայացնում էին իրենց պատմությունները, իսկ ամբաստանյալները շարունակում էին պնդել, որ անմեղ են, որ աղջիկներն իրենց ցանկությամբ են հայտնվել Դուբայում, եւ իրենք նույնիսկ չեն էլ իմացել' ինչ աշխատանքի են ուղարկում նրանց:

Մարտի 2-ին Վերաքննիչ դատարանը, նիստը նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի գլխավորությամբ, վճիռ կայացրեց՝ վերաորակելով մեղադրանքը. 132 հոդվածը (Մարդկանց առեւտուր) դարձավ 262 (Պոռնկության կազմակերպում): Դատարանը Պատվական Մալխասյանին, Թամարա Մակարովային եւ Սիմոն Ներսիսյանին դատապարտեց 2 տարվա ազատազրկման, իսկ Նանասիլ Առաքելյանին՝ 3 տարի 10 ամիս ժամանակով' նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը թողնելով անփոփոխ:

Այս դատավճիռը դարձյալ չի բավարարում ՀՀ գլխավոր դատախազությանը, եւ գործով մեղադրող Արմեն Բոշնաղյանը վճռաբեկ բողոք է պատրաստել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter