HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արմենիա Մեթըլ Փրոգրամը» կորցրել է 100 կգ ոսկի

Հայաստանի երկու խոշոր ձեռնարկատերերի' «Մուլտի Գրուպ» ՀՁ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի եւ «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ՓԲԸ-ի ղեկավար Վալերի Մեջլումյանի միջեւ 2005-ին ծագած կոնֆլիկտը խորանում է:

2005թ. ապրիլի 13-ին «Մուլտի Գրուպ» ՀՁ-ի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանի եւ «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանի միջեւ կնքված գրավիոխտանյութի ( մանրացված հանքանյութ ) մատակարարման մասին պայմանագրի համաձայն՝ «Մուլտի Գրուպ»-ը Լոռու մարզի Մղարթ գյուղի մոտ գտնվող իր հանքերից 1000տ գրավիոխտանյութ է մատակարարել «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ընկերությանը: Հումքը մշակելուց հետո, սակայն, պարզվել է, որ մատակարարված գրավիոխտանյութում ոսկու պարունակությունը չի համապատասխանում սահմանված նորմային: Թանկարժեք մետաղների արտադրությամբ զբաղվող «Արմենիա Մեթըլ Փրոգրամ»-ում «ուշ են գլխի ընկել», որովհետեւ գործարանում հումքի ընդունման եւ արտադրության անվտանգության ապահովման պայմաններն անբավարար են:

Խտանյութում ոսկու ցածր պարունակությունը նկատվել է դեռեւս նրա մշակման առաջին ամսում' 2005թ. մայիսին, երբ ստացված սեւ պղնձի մեջ արձանագրվել է 20 կգ ոսկու կորուստ: Դա կրկնվել է նաեւ նոյեմբերին, դեկտեմբերին եւ 2006- ի հունվարին: Ընդհանուր առմամբ, 750 տ մշակված գրավիոխտանյութից ստացված սեւ պղնձի մեջ «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ՓԲԸ-ն կորցրել է 100 կգ ոսկի, որի շուկայական արժեքը կազմում է 2 մլն ԱՄՆ դոլար:

«Արմենիա Մեթըլ Փրոգրամ»-ում դեռեւս պահպանվում է ստացված եւ չմշակված 250 տ գրավիոխտանյութ: Ընկերությունում հույս ունեն «Մուլտի Գրուպ»-ից ետ ստանալ գոնե դրա արժեքը:

«Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ընկերության տեխնիկական վերահսկողության բաժնի աշխատակիցներից մեկը տեղեկացրեց, որ «Մուլտի Գրուպ»-ից ուղարկված գրավիոխտանյութից վերցված 25 պարկ փորձանմուշներում, ի տարբերություն մատակարարված 1000տ գրավիոխտանյութի, ոսկու պարունակությունը բարձր է եւ համապատասխանում է ստանդարտին: Սա առավելեւս տարօրինակ է, քանի որ այդ գրավիոխտանյութը վերցված է նույն տեղից:

«Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ՓԲԸ-ում հումքի ընդունման պատասխանատուն տեխնիկական վերահսկողության բաժինն է: Փետրվարի 22-ին ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանի հրամանով աշխատանքից ազատվել են տեխնիկական վերահսկողության բաժնի պետ Արամ Մկրտումյանը եւ բաժնի չորս աշխատակիցներ:

Մեզ հետ զրույցում Ա. Մկրտումյանը իրեն մեղավոր չճանաչեց եւ հայտնեց, որ «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ընկերության ղեկավարությունը ոսկու կորստի հետ կապված ահաբեկել է իրեն: Ա. Մկրտումյանը բողոք-նամակ է հղել ՀՀ նախագահի վերահսկողության ծառայությանը, որտեղից պատասխանել են, թե հարցին ընթացք տալու համար պետք է սպասել Վալերի Մեջլումյանի հետագա գործողություններին: Միաժամանակ Ա. Մկրտումյանը առաքված գրավիոխտանյութի հետ կապված 2մլն դոլարի վնասի համար մեղադրում է ընկերության տնօրեններին, մասնավորապես գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանին, քանի որ դեռեւս մայիս ամսից, ըստ նրա, ղեկավարությունը տեղյակ է եղել գրավիոխտանյութի ցածր որակի մասին, սակայն չեն կասեցրել դրա մատակարարումը:

«Արմենիա Մեթըլ Փրոգրամ»-ի գլխավոր տնօրեն Գագիկ Արզումանյանը հրաժարվեց այս խնդրի հետ կապված որեւէ պարզաբանում տալ: Իսկ ընկերության արտադրության գծով տնօրեն Կ. Ֆեոֆանովը բացատրեց, որ այդ ժամանակահատվածում ստուգման նպատակով սեւ պղնձի փորձանմուշ է ուղարկվել Գերմանիա եւ խտանյութի փորձանմուշ՝ Մեծ Բրիտանիա:

Դրանց պատասխանները, ինչպես փաստեց նա, նույնպես հաստատել են պղնձի եւ գրավիոխտանյութի մեջ ոսկու պարունակության ցածր տոկոսը:

Թե ի՞նչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել «Արմենիա Մեթըլ Փրոգրամ» ընկերությունը ստեղծված իրավիճակում, գաղտնի է պահվում: Ալավերդիում մեկնաբանությունները տարբեր են. ոմանք գտնում են, որ Գագիկ Ծառուկյանը «գցել է» Վ. Մեջլումյանին: Իսկ Վ. Մեջլումյանի քար լռությունը իր կրած մեծ վնասի կապակցությամբ բացատրվում է նրանով, որ նա, հավանաբար, գիտակցում է երկրի նախագահի ամենամտերիմ մարդու' Գագիկ Ծառուկյանի հետ գործ ունենալու վտանգը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter