HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Արդեն 10 տարի աշխատավորը պետության աջակցությունը չունի»

Հարցազրույց Հայաստանի լեռնագործների, մետալուրգների եւ ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային միության նախագահ Եվգենի Կոժեմյակինի հետ

- Երկրում կա՞ աշխատողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կառույց, թե՞ յուրաքանչյուր աշխատող իր իրավունքները պիտի միայնակ պաշտպանի: Ինչո՞ւ է քիչ լսվում արհմիությունների մասին:

- Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում մեկ տարի առաջ ստեղծվեց աշխատանքի պետական տեսչություն, որի հիմնական խնդիրը հանրապետության տարածքում վարձու աշխատողների իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությանը նպաստելն է: Այս կառույցի հետ մեր աշխատանքը արդյունավետ չենք կարող համարել. տեսչությանը տեղեկացրել ենք կոնկրետ օրինախախտումների մասին, դրանք ուսումնասիրելուց հետո այնտեղից մեզ պատասխանել են, թե ոչ մի խախտում չի հայտնաբերվել: Նախկինում, մինչեւ «Դատախազության մասին» օրենքի ընդունումը, Աշխատանքային օրենսգրքի նկատմամբ դատախազական վերահսկողություն էր գործում, եւ դատախազի կարգադրությունը պարտադիր էր կատարման համար: Այժմ այդ վերահսկողությունը չկա: Եթե ձեռնարկության ղեկավարի հրամանը հակասում էր Աշխատանքային օրենսդրությանը, դատախազը արհմիության կամ հենց ծառայողի բողոքի հիման վրա իրավունք ուներ գրավոր հրամանով վերականգնել օրենքի գործառույթը (ինչը պարտադիր էր գործատուի համար): Աշխատանքի պետական տեսչությունը կարող է անել միայն վիճակը շտկելու առաջարկ, իսկ եթե գործատուն անտեսի նրա դիտողությունը, վեճը պետք է լուծեն դատական կարգով, որի վերջը չի երեւում: Այսպես, արդեն 10 տարի է աշխատավորը պետության աջակցությունը չունի:

Նոր Աշխատանքային օրենսգրքով պետք է ընդունվեն նաեւ բազում ենթաօրենսդրական ակտեր: Ներկայումս այդ ակտերի մի որոշ մասն արդեն ընդունված է, մյուսները մշակման փուլում են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել այն հանգամանքի վրա, որ օրենսգիրքը գործատուների համար երեք տարի ժամկետ է սահմանել աշխատանքի կազմակերպման ընթացքը Աշխատանքային օրենսգրքի պահանջներին համապատասխանեցնելու համար: Արդյո՞ք սա չափազանց մեծ ժամկետ չէ: Նոր Աշխատանքային օրենսգրքի գլխավոր թերությունն այն է, որ պարտադիր չի համարում արհմիության եւ գործատուի միջեւ կոլեկտիվ պայմանագրի կնքումը: Ձեռնարկության կոլեկտիվի համար կարեւորագույն այդ փաստաթղթի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու իրավունքը թողնված է ձեռնարկատիրոջ հայեցողությանը, ինչն, ըստ էության, ճիշտ չէ: Դա այն դեպքում, երբ Աշխատանքային օրենսգրքի շատ դրույթներ գործնական կիրառություն են ստանում միայն կոլեկտիվ պայմանագիր կնքելուց հետո:

Արհմիությունները, ճիշտ է, շատ քիչ բան են անում, բայց պատճառն այն է, որ չունեն պետական աջակցություն, պաշտոնական լծակներ եւ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնում են հասարակական հիմունքներով: Մենք բողոքը հղում ենք ՀՀ նախագահին, Աշխատանքի պետական տեսչության պետին, պատասխանը ստանում ենք հենց օրենքը խախտող ձեռնարկատիրոջից, որի դեմ բողոքել ենք:

Մեր արհմիությունը որոշել է կոլեկտիվ պայմանագրերում ներառել մի կետ, որով գործատուն կպարտավորվի արտադրությունում աշխատողի մահվան դեպքում թաղման ծախսերից բացի միանվագ փոխհատուցել 5մլն դրամ: Այս նորամուծությունը քննարկել ենք Կապանի Լեռնահարստացման կոմբինատի, Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատի սեփականատերերի հետ, որոնք ապրիլին պետք է պատասխանեն կոլեկտիվ պայմանագիր կնքելու մեր առաջարկին:

- Ինչպե՞ս է աշխատողների իրավունքների պաշտպանության վրա անդրադառնում աշխատանքի տեղավորման բարդ իրավիճակը եւ երկրում գոյություն ունեցող աշխատանքային միգրացիան: Այլ խոսքով' արդյո՞ք գործատուների կողմից աշխատողների իրավունքների պահպանման վրա չի արտացոլվում երկրում աշխատատեղերի պակասը հետեւյալ բանաձեւով. «Պայմանները հարմար չեն' ազատ եք, ձեր տեղի համար հավակնորդներ շատ կան»:

- Քանի որ աշխատատեղերը սահմանափակ են, գործատուներն օգտվում են ստեղծված իրավիճակից, կարճաժամկետ աշխատանքային պայմանագրերով' 3-6 ամիս, բանվորների գլխին մշտապես կախում են աշխատանքը կորցնելու վտանգը: Փաստորեն, մարդկանց պարաններով կապում են ու թելերը ձգում, ավելորդ մի խոսք' այլեւս պայմանագիր չեն կնքի: Օրինակը' «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» Սոթքի հանքավայրն է, երբ աշխատանքը չկորցնելու վախից բանվորները տապալեցին հայտարարված գործադուլը եւ հետո իրարից առաջ ընկնելով նորից դիմեցին աշխատանքում վերականգնվելու համար: Ավելին' ես տեղյակ եմ, որ գործատուները նույնիսկ ներքին համաձայնություն ունեն. եթե բանվորը պայմաններից դժգոհ լինելու պատճառով, իր կամքով է ազատվում աշխատանքից, ապա մյուս գործատուն նրան աշխատանքի չի ընդունում:

Ներկայումս Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը օրենսդրական փոփոխությունների նախագիծ է պատրաստել Աշխատանքային օրենսգրքում, որը բավականին դրական է: Մասնավորապես, գործատուին պարտավորեցնում է աշխատանքային պայմանագիր կնքել 5 տարով, երկրորդ անգամ վերակնքելուց հետո նա դառնում է մշտական աշխատող: Այսպես վերջ կդրվի գործատուների կամայականություններին, երբ նրանք աշխատանքային պայմանագրեր էին կնքում 3 կամ 6 ամսով ու դրանով սպառնալիք ստեղծում աշխատողի համար: Ի դեպ՝ միայն Քաջարանի Պղնձամոլիբդենային կոմբինատում են մարդիկ աշխատում անժամկետ պայմանագրերով:

- Ինչպե՞ս են աշխատողները բողոքարկում իրենց իրավունքները գործատուների մոտ: Կա՞ն, արդյոք, աշխատողների իրավունքների դատական պաշտպանության եւ աշխատողների օգտին լուծման դեպքեր:

- Մեր բոլոր դատական վեճերն ավարտվել են պարտությամբ, ես իմ գործընկերների շրջանում էլ չգիտեմ հաջողության հասնելու օրինակներ: Նույնիսկ այն դեպքերում, երբ դատական վեճերը լուծվել են մեր օգտին, դա ոչինչ չի տվել աշխատողին: Գործատուներն ամեն ինչ անում են, որ խնդիրը աշխատողների օգտին չլուծվի, դա նրանց համար հեղինակության հարց է: Այդպես նրանք հնազանդության մեջ են պահում աշխատողներին: Մենք միայն մի դատ ենք շահել, որով դատարանը գործատուին հարկադրեց... 9 ամիս հետո պատասխանել մեր գրությանը:

Կապանի Լեռնահարստացման կոմբինատի սեփականատերերն ընդունեցին մեր դիտողությունը եւ վերջ տվեցին գունավոր քարտերով բանվորներին տույժերի ենթարկելու մեթոդներին: Ախթալայում մարդիկ գործատուի դեմ դիմել են դատարան եւ չեն շահել: Ձեռնարկատեր Սերոբ Տեր-Պողոսյանը լուծարել է արհմիությունը եւ չի վերականգնում, նույն բանը կատարվել է Սոթքի հանքավայրում: Ով աշխատանքում վերականգնվելու փորձ է արել, ապարդյուն է եղել, գործատուն ամեն ջանք գործադրում է (այդ թվում նաեւ՝ ֆինանսական), որպեսզի չպարտվի, վճիռներն իր օգտին լինեն: Պարտությունը մեծ հարված է նրա համար, աշխատավորները դրանից կգոտեպնդվեն, իսկ նրանք ամեն ինչ անում են, որ մարդկանց մոտ այդ հավատը չամրապնդվի:

Նույն Սոթքի հանքավայրի օրինակը բերեմ, որի շահագործումն իրագործում է արտասահմանյան ընկերությունը: Նրանք ամեն ինչ արեցին արհմիությունը կազմալուծելու համար եւ հասան դրան: Նրանք սահմանել էին 12-ժամյա աշխատանքային օր առանց արտաժամյա եւ գիշերային ժամերի հավելավճարի, չկար ոչ խմելու ջուր, ոչ զուգարան: Աշխատողները հանքավայրի ղեկավարությանն առաջարկեցին աշխատանքային պայմանագրերը համապատասխանեցնել օրենսդրությանը, ինչպես նաեւ՝ ստեղծել հանձնաժողով կոլեկտիվ պայմանագիր կնքելու նպատակով: Սակայն հանքավայրի ղեկավարությունը ոչ մի կերպ չարձագանքեց աշխատողների պահանջերին: Բանվորների համբերության բաժակը լցվեց, եւ նրանք գործադուլ հայտարարեցին:

Ի պատասխան' վարչությունն աշխատանքից ազատեց 450 գործադուլավորի: Ազատման հրամանում ձեւակերպված էր' «Բացակայությունների պատճառով», իսկ աշխատանքային գրքույկում գրանցված էր' «Ազատվել է իր դիմումի համաձայն»: Սա զանգվածային ազատում էր, որն արդեն իսկ օրենքի խախտում է (զանգվածային է համարվում, երբ ազատվում են աշխատողների 10%-ից ավելին): Գործատուների հետ մեր հանդիպման ժամանակ, որին մասնակցում էին մարզպետը եւ հանքավայրի արհմիության ներկայացուցիչները, պահանջեցինք վերականգնել ազատվածներին: Սակայն բանակցություններն արդյունք չտվեցին: Նրանք, ովքեր հրաժարվել էին արհմիության անդամությունից, վերականգնվեցին, իսկ արհմիության ակտիվը (մոտ 80 մարդ ), մնաց առանց աշխատանքի եւ դիմեց դատարան:

Զանգվածային ազատումներ միայն Սոթքի հանքավայրում են եղել: Որտե՞ղ էր Զբաղվածության գործակալությունը, երբ մասսայաբար աշխատանքից ազատեցին բոլորին, աշխատողների 10%-ին ազատելու դեպքում արդեն նրանք պետք է միջամտեին: Սա հենց այն հարցն էր, որին պետք է միջամտեր պետությունը' հանձինս «ՀՀ զբաղվածության ծառայություն» գործակալության: Մեր դիմելուց հետո գործակալության պետ Սոնա Հարությունյանը պատասխանեց, թե նրանց կրկին ընդունել են աշխատանքի: «Ընդունելն» ու «վերականգնելը» տարբեր բաներ են. եթե գործակալությունը միջամտեր, նրանք պետք է վերականգնվեին:

- Ինչպիսի՞ն են արտասահմանցի գործատուների եւ տեղական աշխատողների, արտասահմանցի եւ տեղական աշխատողների փոխհարաբերությունները, որոնք միեւնույն աշխատատեղն են զբաղեցնում:

- Երեք արտասահմանյան ձեռնարկատերերի կողմից ղեկավարվող ձեռնարկություններում՝ Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ, Ալավերդու պղնձաձուլական գործարան եւ «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկություն», արհմիությունները ձեւական բնույթ են կրում: Երբ Ախթալայի կոմբինատի ձեռնարկատեր, ԱՄՆ քաղաքացի Սերոբ Տեր-Պողոսյանի ու նրա գործադիր տնօրենի միջեւ կոնֆլիկտ ծագեց, նա ուղղակի լուծարեց արհմիությունը, որի ղեկավարը թույլ մարդ էր եւ չցանկացավ դատական քաշքշուկների մեջ ընկնել: Այս գործատերն օգտվում է այն հանգամանքից, որ աշխատուժը գերազանցում է պահանջարկը: «Իմ ինչի՞ն է պետք արհմիությունը»,-ասում էր նա: Արհմիությունն անհրաժեշտ է աշխատողին (որին նա չի վճարում արտաժամյա, գիշերային աշխատանքի, վնաս կրելու եւ այլ դեպքերում), որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները: Ս. Տեր-Պողոսյանն ասում է, որ ինքը վճարում է այնքան, որքան կարող է: Այն դեպքում, երբ մարդիկ աշխատում են ընդերքում՝ ծանր պայմաններում, չնչին աշխատավարձով, չստանալով օրենքով նախատեսված եւ ոչ մի հավելավճար:

Ի դեպ, պետք է նշեմ, որ այն ձեռնարկություններում, որտեղ սեփականատերերը, տնօրենները տեղացիներ են, նախկինում աշխատել են այդտեղ եւ մշտապես ապրել են Հայաստանում՝ աշխատանքային օրենսդրությունը պահպանվել է, իսկ որտեղ արտասահմանցի ձեռնարկատերերն են, թեկուզեւ ազգությամբ հայ, վիճակն անմխիթարական է: Վերջիններս կարծում են, որ այդ օրենքներն իրենց համար չեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter