HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդարանական շոուն

Հայկական մի ասացվածք կա. «Գողը գողից գողացավ, Աստված տեսավ զարմացավ»: Չգիտեմ' այլ ազգեր ունե՞ն այս ասացվածքի համարժեքը, բայց սա փայլուն բնութագրում է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը:

Երբ ստացա «Ազգային ժողով-քաղաքացիական հասարակություն համագործակցության դերը կոռուպցիայի դեմ պայքարում» միջազգային երկօրյա կոնֆերանսի հրավերը ( ապրիլի 6-7 ) , սկզբում որոշեցի մասնակցել եւ հենց տեղում թվարկել կոռուպցիայի տասնյակ փաստեր, որոնցում ներգրավված են Ազգային ժողովի պատգամավորները:

Կոնֆերանսից չորս օր առաջ այն նախաձեռնած կազմակերպություններից մեկը զանգահարեց եւ հարցրեց' մասնակցելու՞ եմ կոնֆերանսին: Ես պատասխանեցի, որ դեռ չեմ որոշել: Զանգահարողը ասաց' գիտեք, լավ կլինի շուտ ասեք, եթե չեք մասնակցելու, ուրիշ մարդկանց հրավեր ուղարկենք, որովհետեւ տեղերը քիչ են: Ասելու տոնն ինձ ջղաձգեց, ճիշտ այնպես, ինչպես Հայաստանում վերջին երեք տարիներին կոռուպցիայի դեմ ծավալված «պայքարը»: Միանգամից պատասխանեցի' ուրիշին կանչեք, շնորհակալություն:

Հայաստանի խորհրդարանը դարձել է «Խորհրդարանականներն ընդդեմ կոռուպցիայի» (GOPAC) կազմակերպության անդամ: Իսկ մինչ այդ կառավարությունը համագործակցում էր ԵԽ-ի հովանու ներքո գործող GRECO-ի հետ: Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում նոր «թափ է ստանում», բայց միանշանակ է, որ այս ամենը իմիտացիա է: Կոնֆերանսի արդյունքում ԱԺ-ում ձեւավորվեց GOPAC -ի հայաստանյան ազգային կառույցը :

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով ՀՀ ն ախագահի խորհրդական Բագրատ Եսայանը իր գրեթե բոլոր ելույթներում նշում է, որ պայքարը նպատակաուղված տանելուն խանգարում են մի քանի օրենքների բացակայությունը եւ եղածների անկատարությունը: Իրականում Հայաստանում օրենքի խնդիր չկա, պարզապես դրանք չեն գործում:

Բագրատ Եսայանն անձամբ կարող է նշել կոռուպցիայի տասնյակ, հարյուրավոր փաստեր, որոնց մասին, սակայն, նա չի ուզում խոսել, որովհետեւ այսպես ապրելն ավելի «ճիշտ» է եւ հեշտ:

Մասնավոր հանդիպումներում իրավապահ համակարգի պաշտոնյաներն արդարանում են' ասելով, թե դժվար է ապացուցել կոռուպցիան: Կոռուպցիա ասելով նրանք հասկանում են միայն կաշառք տալը: Բայց կոռուպցիան միայն կաշառք վերցնելը չէ:

Կոռուպցիան դրսեւորվում է կառավարության, քաղաքապետի որոշումներում, անցկացվող տարբեր աճուրդներում եւ գործունեության զանազան ոլորտների լիցենզավորման մրցույթներում, դատական համակարգում, մաքսային մարմինների գործողություններում:

Մեկ ամիս առաջ աշխատանքից ազատվեց Նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը: Իշխանությունների կողմից Թումանյանի անօրինական գործունեության վերաբերյալ կոմպրոմատների մի հսկա փաթեթ «տրամադրվեց» որոշ լրատվամիջոցների, որոնք առանց հապաղելու հրապարակեցին: Եւ որեւէ արձագանք չկա առայսօր: Իրավապահները լռում են եւ հայտարարում, թե իրենք քրեական գործ հարուցելու փաստեր չունեն: Սակայն Թումանյանի մասին ներկայացված ամեն ինչ քրեական գործ հարուցելու հիմք է: Հայաստանում վաղուց ընդունված պրակտիկա է, երբ պաշտոնյայից վերցնում են անօրինական ճանապարհով աշխատած փողերը, մի մասը ստիպում են փոխանցել պետբյուջե, մյուս մասն էլ իրենք են վերցնում: Այդպես եղավ նաեւ Կապի նախկին նախարար Գրիգոր Պողպատյանի դեպքում. նա բյուջե փոխանցեց 1մլն դոլար եւ նույնչափ էլ տվեց գործը փակելու համար:

Այդպես եղավ նաեւ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պետ Անատոլի Ավագյանի պարագայում: Նա անօրինական գործունեության համար արդեն պետբյուջե է փոխանցել 400 հազար դոլար, իսկ թե ինչքա՞ն է տվել տարբեր պաշտոնյաների, հայտնի է միայն իրեն' Անատոլի Ավագյանին:

Նման «գործընթացի» մեջ է նաեւ Արտաշես Թումանյանը. նրա վճարելիք գումարի չափը անցնում է 10 մլն դոլարից: Իսկ մենք փորձում ենք պայքարել կոռուպցիայի դեմ' անդամակցելով այս կամ այն կազմակերպությանը:

«Մաքսային կոմիտեն դարձել է մի կառույց, որը պարբերաբար խախտում է օրենքը: Իսկ օրենքը խախտելը, բոլորս գիտենք, որ հանցագործություն է: Այսինքն' Մաքսային կոմիտեի պետը տվյալ պարագայում հանցագործ է»,-ապրիլի 6-ին նախ իր հրավիրած մամուլի ասուլիսի, ապա նաեւ վերը նշված հակակոռուպցիոն կոնֆերանսի ժամանակ հայտարարել է ԱԺ պատգամավոր Թաթուլ Մանասերյանը:

Մաքսային ծառայությունը նույն ապրանքը, նույն հաշիվ-ապրանքագրով տարբեր գներով է մաքսազերծում: Հայաստանում վաճառվում են բազմաթիվ ապրանքատեսակներ, որոնք ընդհանրապես Մաքսային ծառայությունում գրանցված չեն որպես ներմուծված ապրանք: Օրենքը նման դեպքերի համար համապատասխան պատիժներ է սահմանել, բայց ո՞վ է կիրառողը:

Խորհրդարանում այնպիսի բոցավառ ելույթներ հնչեցին, կարծես իրենք չգիտեն, թե որտեղ է կոռուպցիան: Ազգային ժողովի պատգամավորների գերակշիռ մասը սեփական բիզնես ունի: Նրանք թքած ունեն խորհրդարանի աշխատանքների վրա եւ բացակայելով նիստերից' զբաղված են իրենց բիզնեսով: ՀՀ Սահմանադրությունն արգելում է Ազգային ժողովի պատգամավորին զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Սրա մասին, հավանական է, գիտի ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը: Բայց իր կուսակցության պատգամավորների մի մասն էլ հենց այդ գործարարներից է:

Իսկ երբ պատգամավորները մեկը մյուսի փոխարեն կոճակ են սեղմում, դա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ, երբ բիզնեսմեն-պատգամավորների' ԱԺ նիստերին չմասնակցելը հարգելի են համարում, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Երբ երեք հարյուր դոլար աշխատավարձ ստացող Մաքսային ծառայության պետը մի քանի մլն դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում Երեւանի կենտրոնում, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Երբ Կապի եւ տրանսպորտի նախարար Անդրանիկ Մանուկյանը, նախարար լինելով հանդերձ, հյուրանոցի եւ մեքենաների բիզնեսով է զբաղված, կոռուպցիա՞ է, թե՞ ոչ, երբ օլիգարխները օվշորային գոտում ինչ-որ ընկերություն են գրանցում եւ այնտեղից իրենց իսկ փողը փոխանցում են Հայաստանում իրենց բիզնեսի մեջ ներդնելու, եւ դա համարվում է «օտարերկրյա ներդրում» ու ընկերությունը ազատվում է շահութահարկից, սա կոռուպցիա՞ է, թե՞ ոչ: Երկօրյա կոնֆերանսում այդպես էլ ոչ ոք չցանկացավ խոսել իրական կոռուպցիայի մասին: Չխոսեցին, որովհետեւ Ազգային ժողովը կոռուպցիայի սխեմայի մեջ իր կարեւոր տեղն ունի:

Մեկ տարի հետո Հայաստանում խորհրդարանական նոր ընտրություններ են կայանալու, եւ կոռուպցիայի դեմ աներեւույթ պայքարը, ընտրությունների մոտենալուն զուգահեռ, նոր թափ կստանա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter