HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկական եկեղեցիների ճակատագիրն անորոշ է

Հայկական սրբավայրերի շուրջ տարաձայնությունները Վրաստանում սկսվել են 1990-ական թվականներին։ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդարանը պնդում է, որ թեմն այստեղ ունի եկեղեցիներ, որոնց մի մասն անխնամ է, իսկ մըուս մասն էլ վրացիները յուրացրել են։

«Վրաստանն աշխարհում միակ պետությունն է, որտեղ հայկական եկեղեցիները ոչ միայն չունեն իրավաբանական կարգավիճակ, այլև անհարկի բանավեճերի առարկա են»,-ասում է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանը։

Առաջնորդարանը Վրաստանի իշխանություններից պահանջում է դրանք ետ վերադարձնել ու թեմին տալ իրավաբանական կարգավիճակ։

Վրաց պատմագետներն ու հոգեւորականները ոչ միայն ժխտում են սրբատեղիների հայկական ծագումը, այլ պնդում են, որ Վրաստանի օրենսդրությունը թույլ չի տալիս թեմին կարգավիճակ տալ։

Վիրահայոց թեմի առաջնորդարանը իրավաբանական կարգավիճակ ստանալու եւ եկեղեցիները վերադարձնելու պահանջով բազմիցս պաշտոնական դիմումներ է հղել Վրաստանի նախագահին, արդարադատության նախարարությանը, համայն Վրաստանի պատրիարքին, խորհրդարանի մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական ինտեգրացման կոմիտեին եւ Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպանին։ Պատասխան ստացել են միայն արդարադատության նախարարությունից եւ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանից, բայց դրանք իրավիճակը փոխելու որեւէ հիմք չեն տվել։

Կարմիր Ավետարանոց Սուրբ Նշան

«Ես հայերի պահանջն օրինական եմ համարում։ Իրոք խախտվում է Վրաստանի Սահմանադրությամբ սահմանված կրոնի ազատության իրավունքը։ Այսօրվա դրությամբ գրանցված է միայն Վրաստանի ուղղափառ եկեղեցին: Այսօր վիճաբանության առարկա են դարձել նույնիսկ այն եկեղեցիները, որոնց հայկական ծագման մասին բոլորին է հայտնի»,-ասում է Վրաստանի Մարդու իրավունքների պաշտպան Սոզար Սուբարին եւ դրանց թվում նշում Ախալցխայի Սուրբ Նշան և Թբիլիսիի Նորաշեն եկեղեցիները։

Նորաշեն, Սուրբ Նշան, Կարմիր Ավետարանոց, Մուղնեցոց Սուրբ Գեւորգ, Սուրբ Մինաս եկեղեցիները Թբիլիսիում եւ Սուրբ Նշանը Ախալցխայում այն եկեղեցիներն են, որոնք Վիրահայոց թեմի առաջնորդարանը պահանջում է ետ վերադարձնել։ Սակայն վերջին շրջանում թե հայկական, թե վրացական լրատվամիջոցները խոսում են ավելի քան 600 եկեղեցու մասին։ Ինչպես պարզաբանում են առաջնորդարանում, սա այն եկեղեցիների թիվն է, որոնք Հայաստանի Առաքելական Սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդարանը կառուցել է Վրաստանում իր գործունեության 15 դարերի ընթացքում։

Յուրաքանչյուր սրբավայրի մասին փաստաթղթերը պահպանվում են Վրաստանի տարբեր արխիվներում և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում։ Հայկական կողմն այսօր պահանջում է միայն դրանցից վեցը։ Այս բոլոր սրբավայրերը տասնամյակներ շարունակ փակված են և անուշադրության մատնված։ Բացառություն է միայն Ախալցխայի Սուրբ Նշան եկեղեցին, որը 90-ական թվականներին բացվեց հավատացյալների համար, սակայն չի համարվում գործող հայկական եկեղեցի. այստեղ երբեւէ պատարագ չի մատուցվել։

Վրաստանի պատրիարքարանի հասարակության հետ կապերի բաժնի փոխտնօրեն Զուրաբ Ցխովրեբաձեն հայերի պահանջն անարդարացի է համարում։ «Վիրահայոց թեմը Վրաստանում չունի 15 դարերի պատմություն։ Ինչ վերաբերում է «600 եկեղեցի արտահայտությանը», դա պարզապես թյուրիմացություն է»,-ասում է Զ. Ցխովրեբաձեն։

Պատմաբան Թինա Իվելաշվիլիի համար, որն ունի բազմաթիվ աշխատություններ վիճաբանության առարկա դարձած եկեղեցիների վերաբերյալ, անհասկանալի են հայերի պահանջները։ «Հայերն այնպիսի մեծ մշակույթ և մշակութային հուշարձաններ ունեն, որ առաջին հերթին պիտի դրանց ուշադրություն դարձնեն։ Ինչ խոսք, Վրաստանում էլ կան հայկական եկեղեցիներ, բայց ոչ այն քանակությամբ, որ հայտարարում է հայկական կողմը։ Պահանջվող եկեղեցիներից շատերն ունեն վրացական պատմություն, այդ թվում նաեւ Ախալցխայում գտնվող, այսպես կոչված, Սուրբ Նշան եկեղեցին»,- ասում է Թ. Իվելաշվիլին։

Սուրբ Նշանը Ախալցխայում Մուղնեցոց Սուրբ Գեւորգ

««Ու՞մ է պատկանում այս կամ այն եկեղեցին» հարցին պատասխանելիս առաջին հերթին պետք է ասել, որ այն Վրաստանի Հանրապետության հարստությունն է, եւ նա է պատասխանատու դրանց իրավիճակի համար»,-հայտարարել է խորհրդարանի Մարդու իրավունքների պաշտպանության և քաղաքացիական ինտեգրացման կոմիտեի նախագահ Էլենե Թեւդորադձեն։

Սակայն առ այսօր ոչ ոք ուշադրություն չի դարձրել վիճաբանության պատճառով փակված ու վթարային վիճակում գտնվող եկեղեցիներին։

«Մենք հենց այն կոմիտեն ենք, որի իրավասության շրջանակում է այսպիսի հարցերի քննարկումը։ Բայց մենք ինքնուրույն որոշում ընդունելու հնարավորություն չունենք։ Ես խորհրդարանի նախագահին եւ Վրաց պատրիարքին ծանոթացրի Վիրահայոց թեմի առաջնորդարանի դիմումին իրավական կարգավիճակի կապակցությամբ։ Սակայն, ինչպես պարզվեց, հայկական կողմի պահանջները մեզ համար ընդունելի չեն»,—ասում է Էլենե Թեւդորաձեն։

Թեեւ Նորաշեն եկեղեցին չի գործում, հայկական համայնքը հաճախ է հավաքվում եկեղեցու բակում և խոսում առկա հիմնախնդիրների ու պատմական անցյալի մասին։

«Մենք բոլորս անհամբեր սպասում ենք, թե երբ կգործի Նորաշեն եկեղեցին, որի շինարարությանը մասնակից են եղել նաեւ իմ նախնիները։ Այստեղ են կնքվել ու պսակվել իմ տատերն ու պապերը։ Այստեղ են հանգչում Հովնաթանյանների աճյունները։ Պարզապես չի կարելի անտեսել պատմական փաստերը։ Մենք բոլորս պատրաստ ենք անել ամեն ինչ, որպեսզի շուտով մեր փակ եկեղեցիները գործեն եւ ծառայեն բնակչությանը։ Մեր իրավունքները ոտնահարվում են, եւ ոչ ոք ոչինչ չի ձեռնարկում. սա շատ վատ իրադրություն է»,-ասում է Վրաստանի բնակիչ Յուրի Օգանեսովը։

Նորաշենի մասին այլ պատկերացում ունի Թբիլիսիի բնակիչ Ռեզո Խուցիշվիլին։ Նա ասում է. «Ես փոխանցմամբ գիտեմ, որ Նորաշեն եկեղեցին եղել է վրացական, իսկ հետո վաճառվել է, եւ գնել են հայերը։ Ես գիտեմ նաեւ, որ մենք կարող ենք ետ վերցնել, միայն թե շատ մեծ գումար է հարկավոր»։

Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն Միրզախանյանի հավաստմամբ՝ Վրաստանի պատմաբաններն ու հգեւորականները կեղծ նյութեր են տարածում. «Նրանք պատմական սխալներ են թույլ տալիս։ Եթե անգամ հայերը գնած լինեն ինչ-որ մի եկեղեցի, սեփականության մասին գործող բոլոր համաշխարհային օրենքների համաձայն՝ գնվածը գնողի սեփականությունն է»։

«Վրացական կողմը չի ցանկանում մեզ հետ քննարկել գոյություն ունեցող հիմնախնդիրները մինչեւ մենք չունենանք որոշակի իրավաբանական կարգավիճակ, քանի որ մենք չենք կարող կողմ ներկայացնել։ Իսկ Վիրահայոց թեմի առաջնորդարանին և, հետևապես, հայկական եկեղեցիներին իրավաբանական կարգավիճակ տալու համար ոչ ոք ոչ մի քայլ չի անում»,-ասում է Տեր Վազգեն Միրզախանյանը։

«Իրականում այս հիմնախնդիրն ունեն նաեւ Վրաստանի մյուս եկեղեցիները՝ կաթոլիկներն ու այլ հավատքները։ Չնայած՝ բոլորն էլ շատ լավ գիտեն, թե որ եկեղեցին ում է պատկանում։ Հարկավոր է ընդունել համապատասխան օրենսդրություն, որի հիման վրա կարելի կլինի կարգավորել հայտնի եկեղեցիներն իրենց ժառանգներին փոխանցելու գործընթացը»,-ասում է մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «Ազատության համալսարան» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Գեորգի Մելաձեն։

Հիմնախնդրի լուծման ելքը ինչպես վրացական, այնպես էլ հայկական կողմը տեսնում է իրավաբանական կարգավիճակի հարցի որոշման մեջ։ Սակայն կրոնական ազատության մասին օրենքի քննարկում դեռեւս նախատեսված չէ Վրաստանի խորհրդարանի օրակարգում։

Իսկ մինչ օրենքը ընդունվի, վիճաբանության առարկա դարձած եկեղեցիների մեծ մասից հավանաբար կմնան միայն փլատակները։

Անժելա Խաչատրյան
Ախալցխա

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter