HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ուղղիչ հիմնարկները օրենքին համապատասխանեցնելու համար առնվազն մեկ տասնամյակ է պետք

Ուղղիչ հիմնարկները ներկայումս տիպայնացման շրջան են անցնում՝ խորհրդային տարիներին կառուցված շինությունները պետք է համապատասխանեցվեն 2004թ.-ին ընդունված Քրեակատարողական օրենսգրքով նախատեսված ուղղիչ հիմնարկների կարգավիճակին, զբաղեցվեն համապատասխան պատիժ ստացած կալանավորներով: Սակայն, ինչպես հայտնեցին քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օրենքն իրավիճակից առաջ է ընկել, եւ առնվազն 10 տարի է պետք հիմնարկներն իրենց կարգավիճակին համապատասխանեցնելու համար: «Այսօր կարողանում ենք մասամբ ուղղիչ հիմնարկի փակ տիպը իրականացնել, կիսափակն ու կիսաբացը չենք կարողանում՝ զուտ պայմաններից ելնելով»,-ասաց Արդարադատության նախարարության (ԱՆ) քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը: Վերջինս հայտնեց, որ պետական միջոցներով այս տարի վերակառուցվել է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկը, Վանաձորում նոր մեկուսարան է կառուցվում, նախագծվում է Էջմիածնում կառուցվելիք մեկուսարանը:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկը' նախկինում ընդհանուր ուժեղացված ռեժիմի գաղութ, բարեփոխումներից հետո դարձել է կիսափակ տիպի, այսինքն' նախկինի համեմատությամբ պայմաններն այստեղ խստացվել են: «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Սամվել Գուրջանյանի կարծիքով' տարիներ կպահանջվեն այս հիմնարկն իր կարգավիճակին համապատասխանեցնելու համար: Հանրակացարանային վիճակը պետք է փոխարինվի 4 կամ 6 տեղանոց խցերով, որտեղ պետք է առանձնացված լինի զուգարանը, իսկ կալանավորը պետք է ճաշի խցում: Այստեղ վերանորոգված էր միայն տեսակցությունների համար նախատեսված մասնաշենքը, անհրաժեշտություն էր կոմունալ հատվածի կառուցումը, որի համար առայժմ միջոցներ չունեն:

Պրն Գուրջանյանի ասելով' կիսափակ տիպը հատկապես փոփոխել է տեսակցությունների կարգը՝ տեսակցությունները փոքր-ինչ խստացվել են: Նոր կարգի համաձայն' առանձնապես ծանր հոդվածներով դատապարտյալին տարեկան մեկ երկարատեւ՝ մինչեւ 3 օր ժամանակով, եւ 3 կարճատեւ՝ 4 ժամ, տեսակցություն է թույլատրվում: Նախկինում տեսակցություն տրամադրելու համար դատապարտյալի վարքն էր կարեւորվում՝ եթե դրական էր իրեն դրսեւորում, ամսվա մեջ 3 օր տեսակցություն էր տրվում: Ներկայիս օրենքը որոշ հոդվածներով դատապարտվածներին, դրական վարքագծի դեպքում, թույլ է տալիս 7 օր ժամանակով արձակուրդ գնալ: Ավելի մեղմ պատժաչափերի դեպքում երկու ամիսը մեկ՝ երկարատեւ, եւ ամիսը մեկ անգամ կարճատեւ տեսակցություն է տրամադրվում: Նոր օրենսդրությունն արգելում է տեսակցություններից զրկել պատժի ձեւով, իսկ լավ վարքագծի համար իբրեւ խրախուսանք կարող են լրացուցիչ տեսակցություն տրամադրել:

Բարեփոխումների այս մեթոդը, երբ դրական վարքագիծ դրսեւորելու դեպքում դատապարտյալը փակ ուղղիչ հիմնարկից տեղափոխվում է կիսափակ հիմնարկ, այնուհետեւ' կիսաբաց, քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները ճիշտ են համարում: Այստեղից կապ է ստեղծվում ընտանիքի, հասարակության հետ, որից հետո ազատության մեջ գտնվելը նրա համար անբնական չէ: Ինչպես վկայում են կալանավայրի աշխատակիցները, նախկինում 15 տարվա ազատազրկվածին 10 տարի կալանավայրում մնալուց հետո մի անգամ էին թողնում ազատության մեջ, ինչը դեպրեսիվ վիճակ էր ստեղծում մարդկանց մոտ: Ս. Գուրջանյանի խոսքերով' հասարակությունից կտրվելով' նրանք կիսավայրենի էին դառնում եւ դուրս գալուց հետո չէին համակերպվում նոր միջավայրին:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանի ասելով' բարեփոխումները լուրջ դրական ազդեցություն են ունեցել այս համակարգի վրա: Համակարգը հնարավորինս բաց է դարձել, այցելությունները բավականին շատ են, եւ այն հանգամանքը, որ իրենցով հետաքրքրվող կա, դրական ներգործություն է ունենում կալանավորի հոգեբանության վրա: Ուղղիչ հիմնարկներում, ըստ Վ. Հարությունյանի, այնուամենայնիվ, խնդիրներ կան՝ բաց համակարգում շարունակում են աշխատել փակ համակարգին սովոր մարդիկ. «Այսինքն' մտածողությունը նույնն է մնացել, սակայն փոխվել է իրավիճակը, եւ նրանք չեն կարողանում կիրառել իրենց այն կարողությունները, որ կիրառում էին մինչեւ բարեփոխումները»:

Շարունակելով միտքը' «Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահը շեշտեց, որ ինքը նույնպես տեղեկություններ չունի կալանավայրերում խոշտանգումների մասին: «Շատ քիչ մարդիկ կլինեն, որ կխոսեն բռնություններից: Կալանավայրերում ընդունված խաղի կանոններ են' եւ՛ աշխատակիցները, եւ՛ կալանավորները ընդունել են այդ կանոնները»,-ասաց նա' ավելացնելով, որ խոշտանգումները միայն ֆիզիկական բռնությունները չեն, նաեւ պահման պայմաններն են: «Մեր կալանավայրերում կան այնպիսի իրավիճակներ, հատկապես հիգիենայի հետ կապված' լոգարան, զուգարան, որոնք մարդու արժանապատվությունը նվաստացնող են: Պրն Հարությունյանը նշեց, որ վարչությունը վիճակը շտկելու նախաձեռնություն ցուցաբերում է: Նուբարաշենի մեկուսարանում զուգարանը խցից կիսով չափ առանձնացնում էին: «Տեղեր կան, ուր ամեն տարի կապիտալ վերանորոգում է արվում, բայց մի տարի չի դիմանում, որովհետեւ խորհրդային տարիներին դրանք կառուցել են այս մտայնությամբ՝ ինչքան ցուրտ, խոնավ, այնքան լավ»,-ասաց Վարդան Հարությունյանը:

«Սեւան» քրեակատարողական հիմնարկը 1957թ.-ի շինություն է, ամբողջությամբ մաշված ու քայքայված են ոչ միայն շինությունը, բուժական մասը, այլեւ անվտանգության սարքավորումները: Հիմնարկի պետ Վարուժան Եղիազարյանը նշեց, որ այս տարի նախատեսված է առաջնային վերանորոգում կատարել: Չնայած' հազիվ թե հնարավոր լինի վերանորոգմամբ էական բարելավման հասնել այստեղ: «Չնայած նրան, որ մեր ինժեներատեխնիկական սարքավորումները շատ են հնացել, այդ պայմաններում անգամ կարողանում ենք դատապարտյալներին պահել»,-ասաց ԱՆ-ի քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը: (Դատապարտյալներից երկուսին անցյալ տարի հաջողվել էր փախուստի դիմել այստեղից, սակայն մեկ օրում նրանք բռնվել են):

Դատապարտյալները վարչակազմի աջակցությունն են խնդրում ընտանիքը չկորցնելու համար

Արդարադատության նախարարությանը փոխանցելուց հետո քրեակատարողական հիմնարկներում ավելացվեցին սոցիալական աշխատողի, հոգեբանի եւ իրավաբանի հաստիքները: «Հիմա մի փոքր մոտեցումը փոխվել է այն առումով, որ փորձում ենք դատապարտյալի հոգեբանության մեջ մտնել, նրա խնդրին լուծում տալ, որը հանգիստ վիճակի է բերել հիմնարկը»,-ասաց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Սամվել Գուրջանյանը: Նա հայտնեց, որ դատապարտյալները բազմաթիվ խնդիրներ ունեն, եւ դրանց լուծմանն է նպատակաուղղված սոցիալական աշխատողի աշխատանքը: «Երբ նրանց ցավը կրող կա, ավելի շուտ են հարմարվում միջավայրին, ավելի հանգիստ են կրում պատիժը»,- ասում է նա:

«Իրավունքի եւ ազատության կենտրոն» ՀԿ նախագահը, որն արդեն մի քանի ծրագրեր է իրականացրել կալանավայրերում, հայտնեց, որ իրենց ուսումնասիրություններով' 6 ամիս հետո ազատվողների մեջ չկան մարդիկ, ովքեր խնդիրներ չունենան' թե՛ ներսում, թե՛ դրսում: Մարդիկ կան, ովքեր գնալու տեղ չունեն եւ նույնիսկ իրենց մահճակալը չեն ազատում, որովհետեւ հետ են գալու:

Սամվել Գյուրջանյանը բացատրում է, որ այդ խնդիրները ծագում են հատկապես մեծ պատժաչափ ունեցող դատապարտյալների մոտ, հիմնականում նոր ամուսնացած ընտանիքներում, որոնց կանայք չեն ցանկանում 15 տարի սպասել կամ կյանքը շարունակել այդպիսի մարդու հետ: Դրան հետեւում են ամուսնալուծությունները, սթրեսածին վիճակները, որի ժամանակ անհրաժեշտ է հոգեբանի աջակցությունը: Պրն Գյուրջանյանը պատմեց, որ դեպրեսիվ վիճակում դատապարտյալներից մեկը ինքնասպանության փորձ էր արել, որովհետեւ կինը լքել էր նրան, ընտանիքի հետ կապ չկար, նա աշխարհից մեկուսացած էր, կյանքին կապող բոլոր թելերը կտրվել էին: «Մենք Գյումրիում հանդիպել ենք նրա ընտանիքին, փորձել կնոջ ու երեխաների տրամադրվածությունը փոխել նրա նկատմամբ, միջնորդել ընտանիքը վերականգնելու համար: Նրանք խոստացան այցելել, արդեն զանգում են: Դրանից հետո դատապարտյալի հոգեվիճակը խաղաղվեց, հուսով ենք, որ կհաշտվեն»:

Նմանատիպ մի իրավիճակ մեզ նկարագրեց նաեւ կալանավորներից մեկը, որին 3 ամիս էր մնացել կալանքից ազատվելու համար: «Ես հոգեկան ծանր վիճակում էի, 3 տարի է նստած եմ, մանկահասակ երեխաներ ունեմ, որոնք ինձ չեն ճանաչում: Դատապարտվելուց հետո կինս ամուսնալուծություն պահանջեց, թույլ չտվեց երեխաներիս տեսնեմ: Խնդրեցի աշխատակազմի աջակցությունը, նրանք փորձել էին համոզել, առաջարկել էին իրենց մեքենայով բերել տեսակցության, բայց կինս չի համաձայնվել: Այնուամենայնիվ, նրանց պատրաստակամությունը, մարդկային մոտեցումն օգնեց ինձ, որ հաղթահարեմ այդ ծանր հոգեվիճակը: Ուրախ եմ, որ աշխատակազմն ընդառաջում է մեզ, որ ես նրանց կարող եմ դիմել»:

«Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները նշեցին, որ դատապարտյալներն իրենց դիմում են ոչ միայն ընտանեկան խռովությունները հարթելու խնդրանքով, այլեւ ամուսնություններն օրինականացնելու եւ ամուսնանալու ցանկություն են հայտնում: Իրենց հրավերքով ՔԿԱԳ-ը կալանավայրում տարեկան 20-30 ամուսնություն է գրանցում:

Մեր այցելության ժամանակ երկարատեւ տեսակցության համար նախատեսված բոլոր 15 սենյակները զբաղեցված էին, դատապարտյալները 3 օր կարող էին անցկացնել ընտանեկան մթնոլորտում: Սակայն կալանավայրից-կալանավայր իրավիճակը փոխվում է. եթե «Կոշում» դատապարտյալները սպասում են սենյակը ազատվելուն, ապա «Սեւան» քրեակատարողական հիմնարկում հարազատները տեսակցելու ցանկություն չեն հայտնում: Այստեղ 7 երկարատեւ տեսակցության սենյակ կա եւ, պետի ասելով, չի եղել, որ դրանք ամբողջությամբ զբաղեցված լինեն:

«Գնացել է, բայց շուտով կվերադառնա»

Այս ամենով հանդերձ' առկախ է մնում կալանավորների դաստիարակության, նրանց վերափոխելու հարցը, որի համար էլ, ըստ էության, նրանք մեկուսացվում են հասարակությունից: Հիմնարկներում սոցիալական աշխատողի, հոգեբանի եւ իրավաբանի մեկական հաստիքներն ավելացվեցին հենց այդ մտայնությամբ: Ըստ էության, այս հաստիքները նոր են, եւ աշխատակիցները դեռեւս լիարժեք չեն տիրապետում իրավիճակին: Նրանք խմբի ղեկավարի հետ աշխատում են դատապարտյալների 80 հոգանոց խմբերի հետ եւ հիմնականում աջակցում են դատապարտյալին նոր միջավայրին հարմարվելու հարցում: «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետ Վարուժան Եղիազարյանը համեմատության համար ներկայացնում է Անգլիայի օրինակը, որտեղ յուրաքանչյուր դատապարտյալի հետ 4 մասնագետ է աշխատում: Այդ է պատճառը, որ ջոկատի պետը ազատված դատապարտյալի մասին առանց երկմտելու ասում է. «Գնացել է, բայց շուտով կվերադառնա»:

Քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները առաջնահերթ խնդիր են համարում դատապարտյալների զբաղվածության հարցը. «Եթե դատապարտյալը զբաղված է, շատ հարցեր դրանով լուծվում են: Ազատ ժամանակը բերում է մարդու հանցածին մտածելակերպի»: Սա այն հիմնախնդիրն է, որի լուծումը չեն տեսնում մոտ ապագայում: Որոշ հիմնարկներում, սակայն, փորձում են կարճաժամկետ ծրագրերով լուծում տալ հարցին: «Անցյալ տարի մեր նախաձեռնությամբ 10 ամսով միջնակարգ դպրոց ստեղծեցինք, կան դատապարտյալներ, որոնք տառաճանաչ էլ չեն, նրանցից մեկը նույնիսկ անգլերեն կարդալ սովորեց, բայց չկարողացանք ֆինանսավորումը շարունակել, եւ դպրոցը փակվեց»,-ասաց «Կոշ» քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Սամվել Գուրջանյանը:

Քրեակատարողական հիմնարկներում ոչ միայն տիպերն են փոխվել, այլեւ տեղի «բնակիչները»' իրենց որակով, հանցանքների միատարրությամբ: «Սեւան»-ում 457 կալանավորից ավելի քան 100-ը սպանությունների համար է ազատազրկված, մյուսները, ինչպես բնութագրեցին հիմնարկի աշխատակիցները, մանր գողեր են: Նույն հարաբերակցությունն է նաեւ «Կոշ»-ում: «Սեւան» քրեակատարողական հիմնարկի պետի սոցիալ-հոգեբանական գծով տեղակալ Վլադիմիր Հայրապետյանն ասում է, որ նախկինում «Կոշը» գիտությունների դարբնոց էր, այնտեղ 30-35 դոկտոր-պրոֆեսորներ էին պատիժը կրում, վարչության պետեր, որոնք հիմնականում ազատազրկված էին կաշառակերության համար, սակայն նրանք իրենց հետ կուլտուրա էին բերում, որը դրական էր անդրադառնում մյուսների վրա:

Սառա Պետրոսյան, Մետաքսե Պետրոսյան
Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter