HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ըստ մեղադրողի՝ Տեր-Պողոսյանը չունի այնպիսի հիվանդություն, որը հնարավորություն կտար ազատվել պատժից

Այսօր վերաքննիչ դատարանը փակ դռների հետևում, դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ և դատավորներ Սևակ Համբարձումյանի ու Մասիս Ռեհանյանի մասնակցությամբ, քննարկեց Ամերիկայի քաղաքացի, Ախթալայի «Մեթըլ Փրինս Էլ Թի Դի» կորպորացիայի նախագահ և համասեփականատեր, մանկապղծության մեջ մեղավոր ճանաչված Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի բողոքը՝ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 նոյեմբեր 17-ի դատավճռի դեմ:

Ըստ այդ դատավճռի՝ Տեր-Պողոսյանին մանկապղծության մեղադրանքով 15 տարի ազատազրկման վերջնական պատիժ է սահմանվել:

Դատաքննությանը ներկա էր Սերոբ Տեր-Պողոսյանը: Պաշտպանական կողմը ներկայացնում էր Տեր-Պողոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Վերաքննիչ դատարանում մեղադրանքը հիմնավորելու համար ներկայացել էին ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող հատուկ գործերի վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը և նույն վարչության ավագ դատախազ Արամ Ամիրզադյանը, ովքեր առաջին ատյանի դատարանում պաշտպանել էին մեղադրանքը:

Մինչ դատաքննությունը «Հետքը» Տեր-Պողոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանից տեղեկացավ, որ Տեր-Պողոսյանը դեռ 2010թ.-ից ունեցել է առողջական խնդիրներ, ԱԱՆ-ում դրա հետ կապված վիրահատվել է: Դատապարտյալի ինքնազգացողությունը վերջերս վատացել է, նա տեղափոխվել է Միքայելյանի անվան հիվանդանոց, որտեղ ներկայում բուժվում է:

«Բանտի հիվանդանոցում այդ պայմանները չկային»,- ասաց պաշտպանը: Անդրադառնալով Տեր-Պողոսյանին վիրահատելու մասին շրջանառվող լուրերին՝ Տիգրան Սաֆարյանն ասաց. «Չեմ կարող ասել: Ոնց որ դա են քննարկում բժիշկները. վիրահատե՞ն, թե՞ այլ մեթոդներով բուժեն»:

Հարցին, թե պաշտպանը որևէ ակնկալիք ունի՞ վերաքննիչ դատարանում իր պաշտպանյալի առաջին ատյանի դատավճռի փոխվելու հետ կապված, Տիգրան Սաֆարյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ այո»:

Մինչ վերաքննիչում դատաքննության սկսվելը «Հետքը» նաև մեղադրող Հովսեփ Սարգսյանին խնդրեց մեկնաբանել այն լուրերը, թե Տեր-Պողոսյանն, առողջական խնդիրներ ունենալու պատճառով, կարող է խուսափել պատժից:

«Մենք բամբասանքները չենք մեկնաբանում: Ես այդ լուրերի մասին կարող եմ մասնագիտական կարծիք հայտնել, երբ համապատասխան բժշկական փաստաթղթեր և բժշկական հանձնաժողովի համապատասխան եզրակացություններ լինեն: Այդպիսի փաստաթղթեր մեր ձեռքի տակ, համենայնդեպս, չկան»,- պատասխանեց Հովսեփ Սարգսյանը:

Հարցին, թե Տեր-Պողոսյանի պաշտպանական կողմը արդյոք վերաքննիչ դատարանին չի՞ ներկայացրել նրա ներկա առողջական վիճակի մասին որևէ փաստաթուղթ, Հովսեփ Սարգսյանը պատասխանեց. «Համենայնդեպս, Սերոբ Տեր-Պողոսյանը վերաքննիչ դատարանի դահլիճ է տեղափոխվել հիվանդանոցից: Մարդը կարող է հիվանդ լինել: Ի՞նչ կա որ»:

«Տեր-Պողոսյանի առողջական ներկա վիճակը որևէ ազդեցություն կունենա՞ նրա պատիժը կրելու գործընթացի վրա» հարցին մեղադրողը պատասխանեց. «Համենայնդեպս, այսօր նրա առողջական վիճակը իրեն թույլ է տալիս մասնակցելու դատաքննությանը: Ենթադրվում է, որ այս պահին չկա այնպիսի հիվանդություն, որ նա կարողանա ազատվել նշանակված պատիժը կրելուց»:

Մեղադրող Արամ Ամիրզադյանն էլ «Հետքին» տեղեկացրեց, որ դատաքննության ժամանակ Տեր-Պողոսյանի ինքնազգացողությունը նորմալ էր. «Բայց դե չի կարելի ասել, թե նա հիվանդ է, կամ հիվանդ չէ»:

Արամ Ամիրզադյանը նաև ասաց, որ վերաքննիչ դատարանում Տեր-Պողոսյանի պաշտպանական կողմը կիրառել է ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատաքննության ընթացքում կիրառած մարտավարությունը: Այսինքն՝ պաշտպանական կողմն ասում էր, թե Տեր-Պողոսյանն անմեղ է, ներկայացված ապացույցները բավարար չեն նրան մեղադրելու համար: Վերաքննիչ բողոքում պաշտպանը նաև պահանջում էր, որ եթե այնուամենայնիվ դատարանը համարի, որ Տեր-Պողոսյանը մեղավորություն ունի, ապա արարքը վերաորակի 140 կամ 141 հոդվածով:

Մեղադրող կողմը առարկել է պաշտպանական կողմի փաստարկներին: «Ես և պրն Սարգսյանը առարկեցինք ներկայացված բողոքի դեմ: Պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանին նոր ապացույցներ չներկայացրեց, հետևաբար մենք պետք է խոսեինք արդեն իսկ առաջին ատյանի դատարանում հետազոտված ապացույցների մասին: Այդ ապացույցները առաջին ատյանի դատարանում համադրվեցին գործով ձեռք բերված այլ ապացույցների հետ և գնահատվեցին: Այդ նույն գնահատականը տրվեց վերաքննիչ դատարանում»,- ասաց Արամ Ամիրզադյանը:

Վերջինս կարծում էր, որ Տեր-Պողոսյանի գործում այլևս ոչ մի բաց չի մնացել: Սրանով հանդերձ, վերաքննիչ դատարանը մերժեց Սերոբ Գորիոն Տեր-Պողոսյանի բողոքը և անփոփոխ թողեց Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճիռը:

Մեղադրող Արամ Ամիրզադյանը ենթադրում է, որ դատապարտյալը վերաքննիչ դատարանի որոշումը կբողոքարկի վճռաբեկ դատարան:

Մեկնաբանություններ (1)

HOVSEP
ai kyavtar.....du ko srok@ kalendarni es nstelu...simulyantutyun mi ara......

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter