HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հատուկ դպրոցը միջոց է երեխայի հոգսից ազատվելու համար

Գեղարքունիքի մարզի միակ հատուկ դպրոցը, որ նախատեսված է մտավոր թերզարգացում ունեցող եւ խուլ երեխաների համար, գտնվում է Գավառ քաղաքում: Դպրոցում սովորում է 97 երեխա, սակայն, տնօրեն Լավրիկ Արեւշատյանի ասելով, այդ կարգավիճակում գտնվող 120 երեխա կա մարզում, որոնք դպրոց չեն հաճախում: Պատճառները տարբեր են' ծնողներից մեկը ցանկանում է երեխային դպրոց բերել, մյուսը դեմ է, ոմանք նպատակահարմար են գտնում տանը պահել արատ ունեցող երեխային եւ հասարակությանը ցույց չտալ նրա թերությունները, մեկ ուրիշի համար խնդիր է դպրոցի հեռավորությունը բնակավայրից: Չհաճախողները հիմնականում մարզի գյուղական բնակչությունն է: Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվը, ըստ տնօրենի, մեծ է հատկապես Սեւանի վարչատարածքի Լճաշեն գյուղում:

Լ. Արեւշատյանը հայտնեց, որ երկու տարի առաջ, երբ ինքը ստանձնեց տնօրինությունը, դպրոցում 71 երեխա էր սովորում: «Բժիշկներ առանց սահմանի» կազմակերպության հետ համատեղ իրականացրած քարոզչության եւ բացատրական աշխատանքների արդյունքում աշակերտների թիվը հասել է 97-ի: Երեխաներ կան, որոնք 13 տարեկանում առաջին անգամ են ոտք դնում դպրոց: Ուսուցիչները նշում են, որ այդ տարիքում նրանք շատ դժվար են ընտելանում ուսմանն ու շրջապատին:

Դպրոցում առաջընթաց էր արձանագրվել նաեւ այլ հարցերում' իր գոյության 30 տարիների ընթացքում առաջին անգամ, միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, վերանորոգել են սանհանգույցը եւ խոհանոցի մի մասը: «Առաքելություն արեւելք» կազմակերպությունը վերապատրաստել է դպրոցի մանկավարժներին: «Քաունթերփանթ ինտերնեյշնլ» կազմակերպությունը մահճակալներ է տրամադրել եւ «Գազել» մակնիշի ավտոմեքենա: «Ննջարաններում 30 տարի մահճակալ չենք ունեցել, հիմա ունենք, հեռվից եկող երեխաներին' Ճամբարակից, Վարդենիսից, երկու շաբաթը մեկ անգամ մեքենայով տուն ենք տանում, երկուշաբթի օրը բերում դպրոց»,-հայտնեց տնօրենը:

Գավառի հատուկ դպրոցին բնորոշ են այն բոլոր երեւույթները, որոնք ներկայումս առկա են հանրապետության նմանատիպ մյուս կրթական հաստատություններում: Այստեղ նույնպես «ապաստանել» են սոցիալապես անապահով երեխաներ, որոնց ծնողները նրանց գիշերօթիկ են բերել կերակրելու ու խնամքից ազատվելու գայթակղությունից դրդված, կամ' նույն ընտանիքից են, որովհետեւ ծնողները չեն ցանկանում իրենց մտավոր արատ ունեցող երեխաներին առանձնացնել առողջներից: Յուրաքանչյուր երեխա դասարանում ունի իր անհատական գործը, որտեղ նշված են նրա արատները: Տնօրեն Լավրիկ Արեւշատյանի ասելով' ուսուցումն իրականացվում է տարբեր ծրագրերով' առողջների հետ մի քիչ բարդ ծրագրով, թերզարգացում ունեցողների հետ աշխատում են անհատական ուսումնական պլանով: Տնօրենը ճիշտ է համարում նրանց համատեղ ուսուցումը. «Առողջ երեխայի հետ շփվելով նրանք բավականին առաջընթաց ունեն»:

Գավառի գիշերօթիկ դպրոցում գիշերում է 35 երեխա: Նրանք հիմնականում հեռավոր վայրերից եկող երեխաներ են, իսկ մյուսների համար դպրոցական առօրյան ավարտվում է ժամը 17:30-ին, քանի որ պետությունը խրախուսում է երեխաների ու ընտանիքի կապը, նրանց' մեկ հարկի տակ բնակվելը: Այդուհանդերձ, տպավորություն է ստեղծվում, որ գիշերօթիկ դպրոցը վերածվել է մանկատան: Ինչպես նշեց դպրոցի ուսումնական գծով փոխտնօրեն Հասմիկ Մարուխյանը' Գավառ քաղաքում բնակվողներից շատերը չեն ցանկանում, որ երեխան տանը գիշերի: «Երեխան ձգտում է տուն գնալ, կարոտում է շրջապատին, բայց ծնողներ կան, որ հարկադրում են դպրոցում գիշերել: Դպրոցի հարեւանությամբ ապրողներ կան, որ պահանջել են 15 օրը մեկ երեխային տուն ուղարկել: Կան երեխաներ, որոնք արձակուրդից-արձակուրդ են տուն գնում: Պատճառը նաեւ ընտանիքի սոցիալական վատ վիճակն է, եւ գիշերօթիկ դպրոցը միջոց է երեխային կերակրելու ու դաստիարակելու հոգսից ազատվելու համար»: Տիկին Մարուխյանի ասելով' դպրոցում օրը 4 անգամ կերակրում են: Իսկ արձակուրդներին երեխաներն անհամբեր սպասում են, թե երբ են կրկին դպրոց վերադառնալու:

Տնօրենը հայտնեց, որ հարազատներից քչերն են մասնակցում երեխաների դաստիարակությանը' լավագույն դեպքում 5-10%-ն է այցելում նրանց: Պատճառը ծնողների վարքագիծն է, զբաղվածությունը: «Ծնող կա, որ երեխայից ազատվելու համար է նրան այստեղ բերել»,-ավելացրեց փոխտնօրենը: Նա նշեց, որ կան վատ վարքագիծ ունեցող մայրեր, որոնք երեխաներից պահանջում են գիշերել դպրոցում: Դժվար չէ՞, արդյոք, դաստիարակել նման երեխաներին, հատկապես, երբ այստեղ ընդգրկված են նաեւ դժվար դաստիարակվող, առողջական խնդիրներ ունեցող երեխաներ, իսկ դպրոցն ընդամենը մեկ հոգեբան ունի: Փոխտնօրենը հայտնեց, որ ծնողներից քչերն են հետաքրքրված իրենց երեխաներով, շատերը միայն խանգարում են իրենց դաստիարակչական աշխատանքին: Դասաժամերն ավարտվելուց հետո սկսվում է դաստիարակների աշխատանքը, որոնց օգնությամբ երեխաները պատրաստում են դասերը:

Երեխաների դաստիարակության եւ մասնագիտություն ձեռք բերելու նպատակով են հատուկ դպրոցներում ստեղծվել արհեստանոցները' կարի, ատաղձագործական, կոշիկի վերանորգման: Սակայն ֆինանսական խղճուկ վիճակում գտնվող դպրոցը հումք չունի նրանց ուսուցումը կազմակերպելու համար եւ բավարարվում է աղջիկներին ասեղնագործություն ուսուցանելով, իսկ տղաները լավագույն դեպքում իրենց կոշիկներն են վերանորոգում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter