HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Մրցույթի հաղթողները հայտնի էին ի սկզբանե

Հայաստանում չի ձեւավորվում փոքր եւ միջին բիզնեսի խավը: Պատճառը օրենքները չեն, այլ իշխանությունների անօրինական գործունեությունը եւ կոռուպցիան, որն ախտահարել է բոլոր ոլորտները: Հայաստանում ամեն ինչ կենտրոնանում է մի խումբ մարդկանց ձեռքում: Դրանք հիմնականում գործադիր իշխանության տարբեր մարմիններում զանազան դիրքեր գրաված պաշտոնյաներ են, պատգամավորներ եւ իշխանության վերահսկողությամբ բիզնեսով զբաղվող օլիգարխներ:

Ստորեւ ներկայացնում ենք մի պատմություն այն մասին, թե ինչպես են Հայաստանում իշխանական լծակներ ունեցողները մարդկանցից խլում նրանց ապրուստի միջոցը եւ ստիպում աշխատանք փնտրել հայրենիքից դուրս:

Խմբագրության կողմից

Ավտոմեքենաներից արտանետվող թունավոր գազերի ստուգման եւ կարգավորման 51 կետ կա Հայաստանում, որոնցից 9-ը Երեւանում են: Ամենամյա պարտադիր տեխզննումից բացի մեքենան մտնում է նաեւ այդ «CO»-ի կետը: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն' այսօր հանրապետությունում կա մոտ 300.000 ավտոմեքենա ( դրանց մոտ 80%- ը Երեւանում է ) , իսկ «CO»-ի ծառայության արժեքը հիմնականում 1500 դրամ է: Այսինքն' ամեն տարի բոլոր 51 կետերին վարորդները վճարում են մոտ 450 մլն դրամ ( 1 մլն դոլար ) : Հայաստանի նման երկրում սա բավականին լուրջ գումար է, եւ պատահական չէ, որ կետերի շահագործման համար վերջերս անցկացված մրցույթներն անցան թեժ մթնոլորտում:

1983-2005թթ. Երեւան քաղաքի Կենտրոն համայնքի թիվ 1 կետում (Կենտրոն համայնքում երկու կետ կա) ավտոմեքենաներից արտանետվող գազերի ստուգմամբ եւ կարգավորմամբ զբաղվել է «Ավտոսիրող-Կենտրոն» ՍՊԸ-ն: 2005թ. դեկտեմբերին վերոնշյալ գործունեությունը կարգավորող մարմինը' ՀՀ բնապահպանության նախարարությունը, «Լիցենզավորման մասին» օրենքով եւ կառավարության հաստատած նոր կարգի համաձայն անցկացրեց լիցենզավորման մրցույթ հանրապետության բոլոր կետերի համար: Երեւանի Կենտրոն համայնքի թիվ 1 կետի համար հայտարարված մրցույթին հայտ էր ներկայացրել 8 ընկերություն, այդ թվում եւ «Ավտոսիրող-Կենտրոն» ՍՊԸ-ն: Մրցույթում 4 կողմ, 1 դեմ ձայների հարաբերակցությամբ հաղթող ճանաչվեց «Միլտա» ՍՊԸ-ն, սակայն ընկերության հայտը հետագայում մերժվեց, եւ երկրորդ մրցույթում նույնպիսի արդյունքով հաղթեց «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն: Երկու դեպքում էլ «Ավտոսիրող-Կենտրոն»-ը ստացավ 2 կողմ, 3 դեմ ձայն:

«Միլտան» շահել է 7 կետ, որոնցից 5-ը' Երեւանում, մեկը' Աբովյանում, մյուսը' Չարենցավանում: Ընկերության նախագահը «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատեր, ԱԺ պատգամավոր առինջցի Մուրադ Գուլոյանն է: Նա ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի գործընկերն է, եւ չնայած «Կենտրոն» հեռուստաընկերության սեփականատերը դե-յուրե ինքն է, դե-ֆակտո այն տնօրինում է Գագիկ Ծառուկյանը: Մեր հարցին, թե ընկերությունը երբեւէ զբաղվե՞լ է թունավոր գազերի ստուգմամբ եւ, ընդհանրապես, ո՞ր ոլորտում է աշխատում, «Միլտա» ընկերության տնօրենի տեղակալ Արմեն Ղամբարյանը պատասխանեց. «Մինչ այս նմանատիպ գործունեությամբ չենք զբաղվել: Տարբեր ոլորտներում ենք աշխատում' առեւտուր, արտադրություն»: Չեն զբաղվել, սակայն մրցույթում միանգամից հաղթել են եւ 7 կետում գործունեություն ծավալելու լիցենզիա ստացել:

«Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ն լիցենզիա է ստացել միայն Կենտրոն համայնքի թիվ 1 կետի համար: «Նման գործունեությամբ զբաղվում ենք առաջին անգամ: Ընդհանրապես շատ բաներով ենք զբաղվում ...Էդ ի՞նչ կարեւոր ա»,-մեզ հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Մուշեղ Փոթիկյանը: Այս ընկերությունը այս տարվա մարտին դարձյալ անսպասելի հաղթել է նաեւ Երեւանի թափառող շներին ստերիլիզացնելու լիցենզավորման մրցույթում:

Մեր աղբյուրները հայտնել են, որ այս ընկերության թիկունքում կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն է:

Այսպիսով' Կենտրոն համայնքի թիվ 1 կետի համար հայտարարված երկու մրցույթներում էլ «Ավտոսիրող-Կենտրոն» ընկերության հայտը մերժվել է, ինչի մասին ընկերությանը պարզապես գրավոր ծանուցել են: «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածը սահմանում է. «Լիցենզիա ստանալու հայտը մերժելու վերաբերյալ որոշման մեջ հստակ պետք է նշվեն մերժման պատճառներն ու իրավական հիմքերը»: Առաջին մրցույթից հետո ընկերությունը փորձել է ստանալ իր հայտի մերժման հիմնավորումների մասին որոշումը, բայց ապարդյուն:

«Ես գրավոր դիմել եմ նախարարություն, որ մեզ տան որոշումն այն մասին, թե ինչ պատճառներով է մեր հայտը մերժվել, բայց ինձ մերժեցին' ասելով, թե քանի որ մրցույթում չենք հաղթել, դրա իրավունքը չունենք»,-ասում է «Ավտոսիրող-Կենտրոն» ՍՊԸ-ի տնօրեն Գոհար Գաբրիելյանը: Նրան տեղեկացրել են, որ մերժման հիմնավորումների մասին որոշումը տրվում է միայն այն հայտատուին, ով հաղթում է մրցույթում, բայց հետո ինչ-ինչ պատճառներով նրա հայտը մերժվում է: Սակայն այս մասին ո'չ օրենքում, ո'չ էլ կառավարության նոր կարգում որեւէ դրույթ չկա:

Նոյեմբերյան քաղաքի «CO»-ի կետի համար անցկացված մրցույթում հաղթած «Ավտոնորույթ» ՍՊԸ-ի հայտը հետագայում մերժվել է, սակայն ընկերությանը դարձյալ միայն գրավոր ծանուցում է տրվել հայտի մերժման մասին: Այսինքն' տարբերություն չկա' հաղթել ես, թե պարտվել. միեւնույն է' հայտիդ մերժման պատճառները չես կարող իմանալ:

Կառավարության հաստատած կարգի համաձայն' Երեւանում մեկից ավելի կետերի շահագործման իրավունք ստանալու համար դիմող ընկերությունը պետք է հայտ ներկայացնի նաեւ սահմանամերձ բնակավայրերի համար: «Ավտոնորույթ» ընկերությունը բացի Երեւանից հայտ էր ներկայացրել Նոյեմբերյանի, Վանաձորի, Գորիսի եւ Գյումրու կետերի համար: 2005թ. դեկտեմբերի 20-ին ընկերությունը Նոյեմբերյանի « CO » - ի կետը շահագործելու մրցույթում հաղթեց բացարձակ առավելությամբ' 6 կողմ, 0 դեմ: Բայց հետո նրան զրկեցին այդ իրավունքից:

«Ամանորի տոներից հետո մեզ զանգահարեց մրցութային հանձնաժողովի նախագահի տեղեկալ Գագիկ Այվազյանը եւ հարցրեց, թե արդյոք պատրա՞ստ ենք պայմանների ստուգման համար: Ես հայտնեցի, որ գազանալիզատորը պետք է բերվի Մոսկվայից, բայց Ամանորի պատճառով դեռ չենք ստացել: Նա էլ ասաց, որ եթե երկու օրից սարքը չունենանք, մեր հայտը չեղյալ կհայտարարվի: Այդպես էլ արեցին,-ասում է «Ավտոնորույթ»-ի ներկայացուցիչ Թամարա Փաշիկյանը եւ ավելացնում,-ոչ ոք մրցույթից առաջ գազանալիզատոր չի գնում: Բոլորս էլ պարտավորագիր էինք գրել, որ հաղթելու դեպքում 15 օրվա մեջ սարքը կճարենք: Ամանորի տոների պատճառով անալիզատորը ժամանակին չստացանք, ու մեզ զրկեցին մեր ձեռք բերած իրավունքից: Այնինչ ես իմացել եմ, որ նախկինում մեզ պատկանող Էրեբունի-Նուրբարաշենի կետն այսօր շահագործող «Միլտա» ՍՊԸ-ն մրցույթից մոտ մեկ ամիս անց է միայն սկսել աշխատանքն այդտեղ, քանի որ մինչ այդ սարք չի ունեցել»:

Հայաստանում վաղուց արդեն նման մրցույթների ելքը կանխորոշված է լինում մրցույթի անցկացումից առաջ, եւ սա ընդամենը դրանցից մեկն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter