HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Տորֆավանը` բնական աղետների թիրախ

Վարդենիսի վարչատարածքի Տորֆավան գյուղը տարին մի քանի անգամ բնական աղետների է ենթարկվում: Թեեւ աղետները մեծ մասշտաբներ չեն կրում, սակայն Տորֆավանի հողաշեն ու խարխլված տներին փլուզվելու համար առանձնապես մեծ ցնցումներ պետք չեն: 2005թ. մարտի 13-ին Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը Վարդենիս քաղաքից 12կմ դեպի հարավ, հարավ-արեւելք գրանցել է 4 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ: Տորֆավանում պնդում են, որ տների առաջին փլուզումները եղել են հենց այդ երկրաշարժի ժամանակ, տուժել է 13 տուն, սակայն համայնքապետարանի ներկայացրած տվյալները հաշվի չեն առնվել, համայնքը չի ընդգրկվել ՀՀ կառավարության փոխհատուցման ցանկում: Երկրաշարժին հաջորդել է առատ ձյունը, եւ տները մեկ անգամ էլ փլուզվել են ձյան հետեւանքով:

2005թ. մարտի 13-ի երկրաշարժից եւ դրան հաջորդած առատ ձյունից տուժել են վարչատարածքի մի շարք գյուղեր եւ Վարդենիս քաղաքը, որոնց վերաբերյալ ՀՀ կառավարությունը ապրիլի 7-ին որոշում է ընդունել «...երկրաշարժի եւ առատ ձյան հետեւանքների վերացման առաջնահերթ միջոցառումների իրականացման նպատակով գումար հատկացնելու մասին»: Այդ նպատակով Գեղարքունիքի մարզպետարանին հատկացվել է 13 մլն 50 հազար դրամ՝ որոշման ցանկում ընդգրկված 9 գյուղերում եւ Վարդենիս քաղաքում վթարված տները վերականգնելու համար: Դրանց մեջ, սակայն, Տորֆավանը տեղ չի գտել:

Տորֆավանի համայնքապետարանի քարտուղար Ահարոն Խաչատրյանը հայտնեց, որ երկրաշարժից տուժած 13 ընտանիքների անվանացանկը պատճառված վնասների նախահաշվարկի հետ միասին համայնքապետն անձամբ է ներկայացրել Գեղարքունիքի մարզպետարան՝ կառավարությանը փոխանցելու համար: «Մոտավոր հաշվարկել ենք ժողովրդի կրած վնասները՝ շիֆերներ, ցեմենտ եւ այլն: Մեզ ասացին, որ մասնագետներ կգան, տեղում կուսումնասիրեն, կհաշվարկեն տուժածներին փոխհատուցելու համար, բայց ոչինչ չարեցին: Ամեն տարի մարտին մի աղետ լինում է, բայց ոչ ոք դրանով հետաքրքրված չէ»,-ասում է Ահարոն Խաչատրյանը:

2006թ.-ի մարտի 8-ին Տորֆավանը կրկին ենթարկվել է բնության աղետին: Այս անգամ փոթորկից տուժել է 21 տուն, համայնքապետարանի եւ ակումբի շենքերը: Համայնքապետարանի քարտուղարի ասելով' վնասների մասին տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների վարչությանը, մոտավոր հաշվարկել են պատճառված վնասները, ներկայացրել են կառավարություն ու ... սպասում են: Կառավարությունից դեռեւս դիմումին չեն արձագանքել: «Հիմնականում փոթորիկը տանիքներն է պոկել, մարդիկ իրենց միջոցներով որոշ չափով վերանորոգեցին, որովհետեւ գարնանային անձրեւներն էին սկսվում»,- ավելացրեց Ա. Խաչատրյանը:

Վարդենիս քաղաքում եւ վարչատարածքի 9 առավել տուժած համայնքներում երկրաշարժի եւ առատ ձյան պատճառած վնասները վերականգնելուն օգնել է «Վորլդ Վիժն» միջազգային կազմակերպությունը: Շատվանի համայնքապետ Լյովա Աբրահամյանը հայտնեց, որ իրենց գյուղում երկրաշարժից մոտ 80 ընտանիք էր տուժել' վնասվել էին բնակելի շենքեր ու անասնագոմեր: «Երկրաշարժի երկրորդ օրը «Վորլդ Վիժնի» աշխատակիցները եկան գյուղ եւ տեսան վիճակը, սկզբում առաջին օգնության ապրանքներ բաժանեցին, ապա մասնագետների խումբ ուղարկեցին, որոնք գնահատեցին ավերածությունը»:

«Վորլդ Վիժնի» ֆինանսական օժանդակությամբ Շատվանում վերանորոգվել է 47 տուն: «Մենք ձեւավորեցինք շինարարական բրիգադներ, որոնք վերակառուցեցին 34 տուն, իսկ առավել վնասված 13 տները վերականգնեցին շինարարական կազմակերպությունները»,- հայտնեց համայնքապետը:

Լյովա Աբրահամյանը տեղեկացրեց, որ կառավարությանը ներկայացրել էին առավել շատ տուժած տների ցուցակը, իսկ երբ «Վորլդ Վիժնը» վերակառուցեց այդ տները, մեկուկես ամիս հետո պետությունից ստացած դրամական փոխհատուցումով' 800 հազար դրամ, ցեմենտ ու ավազ գնեցին ու հատկացրին այն ընտանիքներին, որոնց տներն ավելի քիչ էին տուժել երկրաշարժից եւ տեղ չէին գտել «Վորլդ Վիժնի» վերականգնողական ծրագրում:

«Վորլդ Վիժնի» Գեղարքունիքի տարածքային զարգացման ծրագրի ղեկավար Վարդան Աղաջանյանը տեղեկացրեց, որ երկրաշարժից անմիջապես հետո իրենց նախաձեռնությամբ ողջ Վարդենիսի տարածքում վնասի չափերի գնահատում են կատարել եւ ընտրել 9 առավել տուժած համայնքներ, որոնք հիմնականում փախստականներով են բնակեցված: Կազմակերպությունը 9 համայնքներում վերանորոգել է 162 բնակարան եւ, Վ. Աղաջանյանի ասելով, ոչ մի վթարված տուն ծրագրից դուրս չի մնացել:

Նա հայտնեց, որ համայնքապետարանների հետ քննարկել են վնասների վերականգնման եղանակները' մի դեպքում շինանյութը տրամադրել են համայնքի բնակչությանը կամ համայնքներում ձեւավորված շինարարական խմբերին, որպեսզի նրանք վերականգնեն վնասված տները: Համայնքի բնակիչների ուժերով վերականգնվել է 122 բնակարան: Առավել վնասված տները վերականգնելու համար շինարարական կազմակերպություններ են վարձել, որոնք ընդհանուր թվով վերականգնել են 40 բնակարան: Վ. Աղաջանյանը նշեց, որ 1 դեպքում անհնար էր վերականգնել տունը, եւ կազմակերպությունը բնակարան է գնել ու նվիրել ընտանիքին: «Վորլդ Վիժնի» ներկայացուցիչը չցանկացավ հայտնել, թե որքան գումար է կազմել երկրաշարժի հետեւանքների վերականգնումը, բայց պարզ է դառնում, որ կառավարության հատկացրած չնչին գումարը' 13 մլն 50 հազար դրամ, ը ստ էության, եղանակ չէր կարող ստեղծել:

Թեպետ «Վորլդ Վիժնի» ներկայացուցիչը պնդեց, որ իրենք գյուղապետերից կախված չէին եւ սեփական ուսումնասիրության հիման վրա են կազմել աղետյալ տների վերականգնման ծրագիրը, սակայն փաստ է այն, որ կազմակերպությունը աշխատանքներն իրականացրել է այն համայնքներում, որոնք տեղ են գտել ՀՀ կառավարության որոշման մեջ: Թե ինչու Տորֆավանը տեղ չի գտել « Վորլդ Վիժնի» վերականգնողական ծրագրում, ծրագրի ղեկավար Վարդան Աղաջանյանը պատասխանեց. «Երկրաշարժից տուժած լինելուն հավակնում են տարածաշրջանի բոլոր գյուղերը: Բոլոր գյուղերում տները կառուցվել են 1950-ականներին եւ գտնվում են խարխուլ, վթարային վիճակում»:

Նախկին ադրբեջանաբնակ Տորֆավանում 47-48թթ.-ին կառուցված հողաշեն, վթարային տներ են, որոնք ներկայումս հիմնականում զբաղեցնում են Ադրբեջանի Կիրովաբադ-Բաքու քաղաքներից բ ռնագաղթած մեր հայրենակիցները՝ 86 տնտեսություն : Որ բարեգործական կազմակերպության ծրագրերում կարող էին ոչ բոլորը տեղ գտնել, բնական է, իսկ թե ինչու կառավարության փոխհատուցման ցուցակում տեղ չեն գտել' անհասկանալի է նաեւ բնակիչների ու համայնքապետարանի քարտուղարի համար: Կասկածից վեր է, որ Տորֆավանը այս երկրաշարժից զերծ չի մնացել, քանի որ Վարդենիս քաղաքից ընդամենը 3,5 կմ հեռավորության վրա է գտնվում:

Վերականգնման ծրագրում ընդգրկված որոշ գյուղեր ավելի լավ վիճակում չեն եղել, քան Տորֆավանը, բայց փլատակների տակ մնալու վտանգը նրանց արդեն չի սպառնում: Մինչդեռ տորֆավանցիները իրենց բաժին հասած վթարային տները ամեն աղետից հետո մաս առ մաս կորցնում են. երկրաշարժից' պատերը, առատ ձնից ու փոթորկից' տանիքը: Որոշ տներում անզգույշ քայլելու դեպքում փլատակի տակ կարող են մնալ նաեւ ընտանիքի անդամները: Սեփական միջոցներով նրանք չեն կարող վերականգնել տները, որովհետեւ Տորֆավան համայնքը ժամանակին չի օգտվել սեփականաշնորհումից, եւ ամենասուր խնդիրն այստեղ սեփականաշնորհված հողեր չունենալն է, հետեւաբար աղքատությունը գյուղում առկա է իր բոլոր ծայրահեղ դրսեւորումներով:

Սառա Պետրոսյան
Լուսինե Թոփլաղալցյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter