HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

«Պիտի մնաս այստեղ, որ իմանաս` ինչ է ձանձրույթը»

Բերդի կենտրոնում գտնվող Ճանճանոց թաղամասի փայտե տնակներից մեկում ապրող Արթուր Ավալյանի կյանքում վերջին երկու տարիներին շատ բան չի փոխվել: Աղքատությունը նրա ընտանիքում առաջվա պես ճչացող չէր այն պարզ պատճառով, որ 8 երեխաներից երեքը բանակում են, եւ զգալի կրճատվել է ուտելիքի ծախսը: 

Երեխաների մայրը՝ Շահնազարյան Էմման, հոգեկան հիվանդ է. նոր էր վերադարձել բուժման կուրս ընդունելուց եւ խոսելիս ավելի հանգիստ էր, քան երկու տարի առաջ մեր հետ հանդիպմանը (Տես` Բերդի կենտրոնում «նստած» է աղքատությունը): 

Մոտ 20 քռ մետրանոց տնակում տեղադրված է 4 երկաթե մահճակալ, մեկ կիսաջարդված պահարան, փայտե վառարանը եւ խորհրդային արտադրության մի հին, չաշխատող հեռուստացույց: 

Սիրանույշը` երկու տարի առաջ

Ընտանիքի ստացած նպաստը` 28 հազար դրամը, հազիվ է բավականացնում հացին. «Ամուսինս հիմնական գործ չունի, վարորդ է: Ասենք` ինչ-որ մեկը գնում է ապրանք բերելու Երեւանից, ամուսինս հետը գնում է, ինքն է քշում մեքենան: Իր էդ աշխատածով ու նպաստով մենակ ուտելիք ենք առնում, ոչ շոր ենք առնում, ոչ կոշիկ, դրանց փող չեմ տալիս: Իմ քրոջ, ամուսնուս քրոջ տված շորերն են: Նրանց հագած շորերն են, հավաքում են, մեզ տալիս: Ինձ համար վերջին անգամ կոշիկներ առել եմ սովետի ժամանակ, դրանից հետո չեմ առել, կամ քույրս է տվել, կամ տալս»,-պատմում է Էմմա Շանազարյանը:

Բերդում աշխատանք գտնելն անհնար է: Ավալյան ընտանիքի մեծ դուստրը` 23-ամյա Լուսինեն, գործ գտնելու համար համակարգչային կուրսեր է անցել: Տիրապետում է մի քանի ծրագրերի, սակայն Բերդում աշխատանք չկա: 

«Տիրապետում եմ համակարգչին, բայց գործ չկա: Դպրոցից հետո ուզում էի ուսումս շարունակել, բայց հնարավորություն չունեինք»,-կարմրելով ասում է Լուսինեն: 

Մոտ 10 հազար բնակչություն ունեցող այս քաղաքում համակարգիչները մատների վրա կարելի է հաշվել: 

Սկզբում սակավախոս Լուսինեն քիչ հետո բացվեց ու սկեց պատմել, թե ինչ ծանր է այդ պայմաններում ապրելը. «Կուզեի այստեղից դուրս գալ: Լավ, նորմալ տուն ունենանք: Ու ծնողներս առողջ լինեն: Մայրս հիվանդ է»: 

Ճաշն ինքն է պատրաստում: Մայրը հաճախակի է հիվանդանոց պառկում: Հացն էլ վառարանում է թխում: «Երեկոները ընդհանրապես անելիք չի լինում, հեռուստացույցն արդեն մի տարի է չի աշխատում: Մարդիկ վատ են խոսում էս տարածքի մասին: Անունը ընկած է: Բաժանված կանայք կան մի երեք հոգի, նրանք են գցել էս թաղի անունը: Եւ մարդիկ մեր մասին էլ են մտածում այնպես, ինչպես նրանց մասին»,-ասում է Լուսինեն: 

Տնակներում ապրողները զուգարան ու ջուր չունեն: Դրսում էլ չկա զուգարան: Ջուրը բերում են մի քանի հարյուր մետր հեռու գտնվող աղբյուրից: Իսկ զուգարան` ով որտեղ պատահի: 

«Շատ եմ ամաչում, որ այստեղ ենք մնում, բայց արդեն սովորական է դարձել, ի՞նչ անենք»,-ասում է Լուսինեն: 

Տնակների հարեւանությամբ մի սրճարան է, որտեղ բարձր երաժշտություն է միացրած: Սրճարանը, որքան էլ տարօրինակ է, զուգարան չունի:  

«Զուգարանը մի քանի տարի առաջ է փուլ եկել: Էս սրճարանի մարդիկ խմում են, դուրս են գալիս էս մեր դոմիկների կողքը զուգարանի տեղ օգտագործում են: Մենք էլ իրիկունը մտնում ենք տուն ու էլ դուրս չենք գալիս: Հայրս էդ սրճարանի տիրոջը հարյուր անգամ ասել է, բայց ի՞նչ»,-շարունակում է Լուսինեն: 

Արթուրի տղաներից երեքը բանակում են, տանը մնացել են երկու որդիները եւ երեք դուստրերը: Սիրանույշը տան փոքրն է, առաջին դասարանում է սովորում. նրա աչքերն էլ առաջվա պես տխուր չեն: 

(Նկարի մակագրություն`Սիրանույշը երկու տարի առաջ)  

Տասնչորս տարի նրանք ապրում են այս փայտաշեն տնակում: Լուսինեին հարցնում եմ` չե՞ս ձանձրանում էս կյանքից. «Ձանձրու՞յթ, պիտի մնաս այստեղ, որ իմանաս` ինչ է ձանձրույթը»,-պատասխանի մեջ հեգնանք զգացի: 

Բերդի թիվ մեկ խնդիրը 

Ճանճանոց թաղամասը, ավելի ճիշտ` տասը փայտե տնակները, հիմնվել է 1988թ. երկրաշարժից հետո: Փլված դպրոցի փոխարեն իշխանությունները ժամանակավոր այս կացարանում կազմակերպեցին դպրոցականների դասերը: Իսկ 1991-ին, երբ երեխաներին տեղափոխեցին այլ շենք, այստեղ սկսեցին տեղավորվել Ադրբեջանից բռանգաղթած ընատանիքներ, սահմանամերձ բնակավայրերից եկածներ եւ անտուններ: Տարիների ընթացքում այստեղ ապրողները փոխվում էին: 2006-ի ապրիլին 19-ին Բերդի ավագանին որոշում կայացրեց այս տարածքը մաքրել, իսկ մարդկանց տեղավորել այլ վայրերում: Թե ուր` առայժմ հայտնի չէ: 

«Ժամանակին դա մարզադպրոցի տարածքն էր, պետք է ազատենք այդտեղ: Ավագանին որոշում կայացրեց, որ նրանց համար տարածք հատկացվի` տնամերձերով ամեն մեկին 300-400քմ հող տրվի, եւ այդ դոմիկներն էլ տանք իրենց եւ օգնենք տեղափոխվել այնտեղ»,-պարզաբանում է Բերդի քաղաղապետ Անդրանիկ Շառյանը:  

«Ասում են` ուզում են դոմիկները քանդեն, տանեն մի ուրիշ տեղ հավաքեն, թե որտեղ` դեռ չգիտենք: Բայց սրանք փտած են, սրանք չեն դիմանա, որ քանդեն»,-ասում է Արթուր Ավալյանը: 

«Որը կփլվի, կվերանորոգենք, անտառտնտեսության հետ էդ խնդիրը կփորձենք լուծել: Էդտեղից հանենք ու իրենց համար լավ կլինի, մի կտոր հող կունենան, կմշակեն, ինչ-որ հարցեր կլուծեն: Բերդի մոտ 3000 ընտանիքներից 2500-ը իրենց կարտոֆիլը, պոմիդորը, վարունգը իրենց հողից են ստանում: Նրանք էլ որ իրենց հողը ունենան, կմշակեն: Այստեղ` դոմիկներում, նման հնարավորություն չունեն»,-ավելացնում է քաղաքապետը: 

Փայտե տնակների տեսքից երեւում է, որ դրանք տեղաշարժել հնարավոր չէ, ամբողջովին կփլվեն: Հատակներն ու պատերը փտած են: 

«Տասը տնակներից հինգը հնարավոր է տեղափոխել, մեկը երկաթից է, դա էլ հնարավոր է տեղափոխել»,-պնդում է քաղաքապետը: 

Ճանճանոցը Բերդում վատ համբավ ունի: Այստեղ են ապրում նաեւ քաղաքի երկու մարմնավաճառ կանայք եւ երկու նախկին բանտարկյալներ: 

«Երկու նորմալ ընտանիք կա, մնացածները բացարձակապես ոչ մի բանով չեն զբաղվում, բացի հարբեցողությունից: Գողություններ են լինում, խուլիգանություններ: Զինվորների հոսքը այդտեղից կտրել չի լինում: Դա Բերդի թիվ մեկ խնդիրն է: Ավագանու բոլոր անդամներն ասացին, որ պետք է հանվեն էդ վայրից տնակները: Մենք թափառաշրջիկ չունենք, հարցը լուծել ենք, քաղաքում մուրացկան չկա: Նրանց չենք գցի փողոցները, կտեղավորենք»,-վստահեցնում է քաղաքապետը:

Լուսանկարները` Օնիկ Գրիգորյանի 

Խմբագրության կողմից - Մեր ընթերցողները միշտ արձագանքում են «Հետքի» հրապարակումներին, օժանդակում եւ աջակցում ծայրահեղ աղքատության մեջ գտնվող ընտանիքներին: Եթե որեւէ մեկը ցանկանա օգնել Ավալյանների բազմանդամ ընտանիքին, խնդրում ենք արձագանքել: Լավագույն նվերը նրանց համար այս պահին կլինի հեռուստացույցը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter