HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հին ու նոր դպրոցների արանքում

Հողե հատակով, գաջածածկույթից զուրկ պատերով նեղ միջանցքը տանում է դեպի ուսուցչանոց: Մերկ քարերից սառնություն է փչում:

«Ռոժ բաշ» (Բարի արեւ),- բղավում եմ միջանցքում կանգնած երկրորդ դասարանցիներ Զեյթունին եւ Ավդալին: Նրանց ծնողները հյուրընկալել են մեզ իրենց տանը, հայրը՝ Վազիր Ավդալյանը, մաթեմատիկայի ուսուցիչ է այս դպրոցում:

Առավոտյան Զեյթունի եւ Ավդալի փոքր եղբոր' երկամյա Տիտալի հետ գնդակ էի խաղում: Նա հայերեն ոչ մի բառ չգիտի: Մինչեւ դպրոց գնալը Զեյթունն ու Ավդալն էլ չգիտեին հայերեն, իսկ հիմա արդեն վարժ խոսում են:

Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղի Ս. Շահումյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչանոցում ուսուցիչները հավաքվել են էլեկտրական սալիկի շուրջ, սպասում են զանգը հնչի, գնան իրենց դասարանները:

Վաղ առավոտից սալիկին պատրաստ դրված է սրճեփը:

«Սուրճ կխմե՞ք»,-հարցնում են մեզ մինչեւ բարեւելը:

Ուսուցիչների մի մասը եզդիներ են, մի մասը՝ հայեր: Մի քանի ուսուցիչ գալիս են հարեւան գյուղերից:

«Դժվար չէ՞ ամեն օր այստեղ հասնել»,-հարցնում եմ:

«Բա ի՞նչ է,-անմիջապես պատասխանում է քիմիայի ուսուցչուհին:-Շատ դժվար է, մեքենա չկա, հատկապես ձմռանն այստեղ հասնելը մեծ պրոբլեմ է»:

Այս բարձրախոս, եռանդուն կինն Ալագյազից է: Ինչ էլ հարցնեմ, ում էլ հարցնեմ, նա առաջինն է պատասխանում:

«Հենց նոր դպրոցը ստանանք,-ասում է նա,-ուզում ենք այս դպրոցի որոշ սենյակներ հատկացնել հեռվից եկող ուսուցիչներին, որ մնալու տեղ ուենան, ստիպված չլինեն ամեն օր գնալ-գալ»:

Դպրոցի նորակառույց սպիտակ շենքը երեւում է պատուհանից: Մարզպետարանը խոստացել է այն շահագործման հանձնել գալիք սեպտեմբերին:

Դպրոցի տնօրեն Ռուստամ Ալոյանը սկսում է պատմել դպրոցի մասին: Սակայն ուսուցչանոցում այնպիսի աղմուկ է, որ գրեթե ոչինչ չեմ լսում: Ալոյանը հրամայում է ուսուցիչներին գնալ իրենց դասերին եւ չխանգարել:

«Յա, ընկեր Ալոյան, զանգը դեռ չի եղել, համ էլ ուզում ենք լսել»,-բացականչում է նույն քիմիայի ուսուցչուհին: Մյուս ուսուցչուհիները միանում են նրան: Ալոյանը միայն հոգոց է հանում. ի՞նչ կարող է անել այդքան կանանց դեմ:

Ալոյանը պատմում է, որ այս շենքը եղել է մանկապարտեզի շենք: Ալագյազի դպրոցի երկհարկանի, բոլոր հարմարություններով ապահովված շենքն ավերվել է 1988 թվականի երկրաշարժից: Սկզբում դպրոցը տեղափոխվել է վրաններ, այնուհետեւ' փայտե տնակներ: Երկրաշարժից 5-6 տարի անց դպրոցին տրամադրել են մանկապարտեզի շենքը:

2004 թվականին կառավարության որոշմամբ սկսեցին կառուցել նոր շենք: Շենքի հիմքը փորել էին դեռ ղազախները, երկրաշարժից 2-3 տարի անց:

«Խոստացել էին մեզ հանձնել անցյալ տարի, բայց ձգձգում են: Դպրոցի շինարարությունն ավարտված է, սակայն շենքը դատարկ է: Անընդհատ խոստանում են գույք տրամադրել, բայց գործնականում ոչինչ չկա: Տեսնենք՝ կտրամադրե՞ն սեպտեմբերին: Բացի գույքը, էլի խնդիրներ կան: Ես հիմնական թերությունները, որ պետք է շտկվեն, գրավոր ուղարկել եմ մեր մարզպետին, սակայն պատասխան դեռ չեմ ստացել»,-ասում է Ալոյանը:

Խնդիրների ցանկում նորակառույց դպրոցի ցանկապատն է. այն ունի բավականին անշուք տեսք, ցանցերի մի մասն արդեն թեքվել է, իսկ ներկը' տեղ-տեղ թափվել:

Շենքի ջրհորդանները կարճ թիթեղներ են, այնքան բարակ, որ քամիներից ծռվել են վերեւ:

Տանիքն այնքան «որակով» էին կառուցել, որ այս տարի առատ անձրեւներից հետո ստիպված են եղել վերանորոգել:

Պատերի երեսապատումը կատարվել է ձմռանը, «չի հասցրել կարգին չորանալ, մի տարուց թափվելու է»: Էլեկտրաֆիկացման եւ ջրամատակարարման աշխատանքներն ավարտված չեն:

«Նախկին դպրոցի մարզադահլիճը եւ նիստերի դահլիճը փրկվել են երկրաշարժի ժամանակ: Դիմել եմ մարզպետարան' դրանք նոր դպրոցին կցելու առաջարկով: Արդեն 20 տարի է, ինչ գյուղի երեխաները սպորտով չեն զբաղվում, չկան անհրաժեշտ սարքավորումներ: Դեռ դրա համար էլ պատասխան չեմ ստացել»,-ասում է Ալոյանը:

Երկրաշարժից փլված դպրոցի ավերակները դեռ չեն վերացրել, հրապարակն ասֆալտած չէ:

«Տեսեք, նոր դպրոցը չունի նախամուտք,- ասում է Ալոյանը:-Դիմեցինք մարզպետարան, մարզպետարանի շինվարչության պետ Աշոտ Դավեյանն ասաց. «Հո Վարդաբլուրի նման չենք սարքելու»: Վարդաբլուրը հար եւ ան հայկական գյուղն է: Մարզպետարանը մեզ միշտ էլ լավ է վերաբերվել, խտրականություն չի դրել հայկական ու եզդիական գյուղերի միջեւ, դրա համար էլ հատկապես վիրավորական են շինվարչության պետի նման խոսքերը»:

«Վարդաբլուրը մի անգամ մի գերազանցիկ չի տվել,-ոգեւորված շարունակում է Ալոյանը,-իսկ մենք ամեն տարի մեդալակիրներ ենք տալիս, ամեն տարի ունենում ենք ԲՈՒՀ ընդունվողներ. այս տարի մեր դպրոցից 12 երեխա սովորում է Երեւանի եւ Վանաձորի համալսարաններում»:

Վերադառնում ենք դպրոցի ներկայիս շենքը եւ գնում ենք դասարաններով շրջելու: Դասարաններում նույն սառնամանիքն է, ինչ միջանցքներում: Նավթի վառարանները վառվում են նոյեմբերի 10-ից ապրիլի 20-ը: Օրական դպրոցին հասնում է 3 լիտր նավթ, ինչպես հանրապետության բոլոր դպրոցներում:

«Սոլյարկան էլ հաճախ ուշացնում են,-գանգատվում է Ալոյանը:-Նաեւ հաշվի չեն առնում, որ այս շրջանը Հայաստանի Սիբիրն է, մեզ պետք է մի քիչ ավելի շատ տան»:

Դասարանների լուսամուտները պատված են ցելոֆանով, շատերի ապակիները բացակայում են: Դասասենյակները մեծամասամբ փոքր են, ուսուցչանոցին կից դասարանում տեղավորվում է ընդամենը երեք նստարան: Մի դատարկ դասարանում դրված է առանց ցանցի թենիսի սեղան: Այս սենյակը ծառայում է որպես մարզադահլիճ:

Երեխաներին առաջին եւ երկրորդ դասարանների դասագրքերը տրամադրվում են անվճար: Հետո ամեն գրքի համար պետք է մուծեն մոտ 400 դրամ' մեկ տարվա համար: Տարեվերջին գիրքը վերադարձվում է եւ հանձնվում հաջորդ աշակերտին:

Դպրոցում սովորում է 73 երեխա՝ եւ եզդիների, եւ գյուղում ապրող մի քանի հայ ընտանիքների: Ծնողներից շատերը դժվարանում են դասագրքերի վարձը մուծել, շատերը դեռ պարտք են նախորդ տարվա համար: Ալոյանն ասում է, որ մարզպետարանը զեղչեր չունի ոչ ոքի համար: Որոշ երեխաների, հիմնականում ծնողազուրկների համար դպրոցն ինքն է հոգում ծախսերը:

«Գալիս են, ասում են' տետր չունենք: Հանում, տալիս եմ, հո չե՞մ ասելու 30 դրամ տուր, կտամ»,-ասում է տնօրենը:

Առաջին դասարանը պատրաստվում է Այբբենարանի հանդեսին: Ավդալի եւ Զեյթունի նման՝ այս երեխաներն էլ հայերեն չգիտեին մինչեւ դպրոց գնալը:

Դպրոցում բոլոր առարկաները հայերեն են: Տասը տարի առաջ կրթական ծրագրով թույլ էր տրվում քրդերեն դասավանդել երկրորդից ութերորդ այն դասարաններում, որտեղ երեխաների կեսից ավելին քրդեր են:

«Հիմա ծրագրից հանել են քրդերենը: Մենք ինքներս լրացուցիչ ժամերին քրդերեն ենք սովորեցնում երեխաներին, որպեսզի իրենց լեզուն չմոռանան»,-պարզաբանում է Ալոյանը:

Ուսուցիչների աշխատավարձը, դպրոցի տնօրենի հավաստմամբ, կազմում է ամսական 45.000-ից 90.000 դրամ: Ալագյազը համարվում է լեռնային շրջան, եւ այստեղ աշխատավարձը 20 տոկոսով բարձր է:

Սոչիում հայկական ինքնաթիռի կործանման կապակցությամբ հայտարարված երկօրյա սգի առաջին օրն է: Ալոյանը երեխաներին հավաքում է բակում եւ սկսում պատմել ողբերգության մանրամասները:

Շարքի վերջում կանգնած իններորդ դասարանցիների մեջ աղջիկներ չկան:

Մաթեմատիկայի ուսուցիչ Վազիր Ավդալյանը բացատրում է, որ աղջիկներին ծնողները գերադասում են 8-րդ դասարանից հետո ամուսնացնել՝ համարելով, որ ուսումը պետք չէ աղջկան, ով իր հետագա կյանքն անցկացնելու է խոհանոցում եւ երեխաների հետ: Ավդալյանն ասում է, որ ուսուցիչները պայքարում են դրա դեմ:

Լուսանկարները' Օնիկ Գրիգորյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter