HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օձունի բյուջեն փակված է սեյֆում

Վերջին մի քանի տարիներին Լոռու մարզի Օձուն գյուղի 900 հա վարելահողեր չմշակելու պատճառով դարձել են անպիտան: Իսկ թե ինչու իրենց սեփական հողը չեն մշակում, հարցված 40-ից ավելի գյուղացիներ միանշանակ պատասխանեցին, որ «հնար չունեն, աղքատ են»: Օձուն գյուղն ունի 5 հազար բնակիչ եւ 1300 հա վարելահող: Դրանից 150 հա-ն աշնանացան է եղել, իսկ գարնանը 200 հա եգիպտացորեն ու կարտոֆիլ է ցանվել: Հողից գյուղացու երես թեքելը իր լուրջ բացատրությունն ունի Օձունում: Բարձր բերքատվության, առողջ սերմերի ձեռք բերման, հիվանդությունների դեմ պայքարելու, գյուղացիների գյուղատնտեսական գիտելիքներ ստանալու խնդիրները, վառելիքն ու պարարտանյութը լուրջ գումարներ են պահանջում: «Սրա համար լուրջ աջակցություն է հարկավոր կառավարությունից ու համայնքապետարանից»,- բացատրում էին հող չմշակող գյուղացիները: «Թող երկարաժամկետ ցածր տոկոսներով վարկեր տան, հետեւեն, թե հողատերը հողը մշակելիս էլի ինչ դժվարությունների հետ է բախվում, թեւի տակին «դուչար» (լոռու բարբառով' հենարան ) լինեն, հետո հարկ ուզեն: Տված հարկերի տեղն էլ չգիտենք»,-նեղսրտած ասում են գյուղացիները :

Այս ընթացքում Օձունը սկսել է նաեւ դատարկվել: Աշխատունակ տղամարդկանցից գյուղում մնացել են նրանք, ովքեր արտագնա աշխատանքի մեկնելու ճանապարհածախս չեն կարողանում հայթհայթել,-ասաց գյուղամիջյան ճանապարհին մեզ հանդիպած տարեց օձունցի Արամ Աղվանյանը:

11 տարի շարունակ Օձունի համայնքապետը Մելիք Այվազյանն է: Նրա հետ փորձեցինք զրուցել գյուղի սոցիալ-տնտեսական վիճակի, համայնքի բյուջեի մասին: Մեր հարցին, թե որքան են համայնքի բյուջեի 2006թ. պլանավորված եկամուտները, նա ասաց ' 18մլն դրամ: Հետո, թիվը բերանում, զրույցին միանալու հրավիրեց իր տեղակալ Վահագ Դավթյանին, որին Օձունում գյուղապետի «մոզգն» են համարում: Նա ուղղեց գյուղապետի 18մլն դրամը' այն դարձնելով 15 մլն: Իբրեւ թե ավելի ստույգ տեղեկություն տալու համար տեղակալն էլ իր հերթին կանչեց համայնքապետարանի գանձապահ, համայնքապետ Այվազյանի քեռու կնոջը' Սաթիկին ու հանձնարարեց, որ բյուջեի թվերը բերի: Սա էլ գնաց ու եկավ' հողի հարկի ու հողի վարձակալության 2 թիվ ձեռքին: Խնդրեցինք տրամադրել համայնքի 2006թ.-ի բյուջեն: Համայնքապետն ու տեղակալը միաձայն պատասխանեցին, որ բյուջեն փակված է հաշվապահի չհրկիզվող պահարանում, իսկ հաշվապահը գյուղում չէ, գնացել է Վիճվարչություն:

Զրույցից պարզվեց, որ գյուղապետն այդպես էլ անհաղորդ է մնացել «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 34 հոդվածով իրեն վերապահված' համայնքի բյուջեն կազմելու, բյուջեի կատարումն ապահովելու, ավագանու եւ համայնքի բնակչությանը եկամուտների հավաքագրման ու ծախսերի մասին եռամսյա եւ տարեկան հաշվետվություն տալու պարտականություններին:

Օձունցիներն իրենց համայնքի բյուջեի մասին որեւէ տեղեկություն չունեն: Գյուղացիները պատմեցին, որ ավագանու անդամներն էլ համայնքապետի մարդիկ են եւ ընդամենը ստորագրում են նրա ներկայացրած թղթերը: Գյուղացիները, որ խոսելիս միմյանց հերթ չէին տալիս, չցանկացան իրենց անունները նշել, որովհետեւ վախենում են գյուղապետից:

Ավագանու անդամներից մեր այցելության ժամանակ հաջողվեց հանդիպել Օձունի արվեստի դպրոցի ուսուցիչ Արեւ Հովհաննիսյանին, որն անկեղծորեն

խոստովանեց, որ տեղյակ չէ բյուջեից, իսկ ավագանու նիստերին մասնակցել է «մի 2-3 անգամ»:

Հաջորդ օրը Ալավերդու գանձապետարանում պատահաբար հանդիպելով Օձունի համայնքապետարանի հաշվապահ Պավլիկ Նոնինյանին' կարողացանք համայնքի բյուջեի միայն եկամուտների մասին խոսել, քանի որ ծախսային մասով նա հրաժարվեց որեւէ տեղեկություն տալ' պատճառաբանելով, թե այդ մասին պետք է խոսի միայն համայնքապետը: Օձուն համայնքի բյուջեի մասին որեւէ տեղեկություն չհամարձակվեցին տալ նաեւ Ալավերդու գանձապետարանում. «Աման, մենք Մելիքի գլուխը չունենք, գիտե՞ք ինչ վրեդնի ա»,-ասաց գանձապետարանի աշխատակցուհիներից մեկը:

Այդուհանդերձ, կարողացանք պարզել, որ Օձուն համայնքի 2006թ.-ի բյուջեի եկամուտները պլանավորվել են 79 մլն դրամ, որից 12 մլն-ը ՀՀ պետբյուջեից հատկացված դոտացիան է : Ընթացիկ եկամուտները կազմում են 66 մլն դրամ, այդ թվում հողի հարկը' 35 մլն դրամ, գույքահարկը' 12 մլն դրամ եւ հողի վարձավճարները' 17 մլն դրամ: Տարիներ շարունակ համայնքապետարանը լուրջ խնդիրներ է ունեցել հարկային եկամուտների հավաքագրման գործում:

Ինչպես հայտնեց հաշվապահ Պ. Նոնինյանը, բյուջեի ապառքները կազմում են 200 մլն դրամ, իսկ պարտքը' 24 մլն դրամ, որից 13-ը կազմում է աշխատավարձի պարտքը:

Հարկային եկամուտների մուտքերը շարունակում են անբավարար մնալ նաեւ 2006թ. անցած ժամանակաշրջանում: 2006թ.-ի մայիսի 1-ի դրությամբ' տարվա համար պլանավորված 79 մլն դրամ եկամուտների դիմաց մուտքերը կատարվել են 11 մլն դրամով (14%):

Հարկահավաքության գործում ցուցանիշ ապահովելու համար համայնքապետը ճարահատյալ ամեն տարի Օձունի երկու դպրոցների աշակերտների հավաքած դասագրքերի գումարների, Արվեստի դպրոցի աշակերտների ուսման վարձի, մանկապարտեզների սննդի գումարների դիմաց հողի հարկի կտրոններ է տալիս' դրանք որպես հողի հարկ մուտքագրելով բյուջե: Իսկ հետո էլ' պարծենում, թե Օձունում դասագրքերն էլ են ձրի, արվեստի դպրոցն էլ, մանկապարտեզն էլ:

Համայնքապետարանի բյուջետային հիմնարկների 70-ից ավելի աշխատողներ մեկ տարուց ավելի աշխատավարձ չեն ստացել: Գյուղամիջյան ճանապարհներին ավտոմեքենա վարելն անհնար է դարձել, քանի որ 20կմ երկարությամբ գյուղական ճանապարհները վերջին անգամ քսան տարի առաջ են ասֆալտապատվել:

Մինչ Օձունն ու օձունցիները աղքատությունից փրկվելու ելք են որոնում, համայնքապետ Մ. Այվազյանը շարունակում է բարգավաճել: Նա իր ղեկավարության 11 տարիների ընթացքում գյուղում հիմնել է սեփական կաթնավերամշակման համալիր, ալրաղաց, Օձուն-Ալավերդի ավտոբուսային երթեւեկությունն ապահովող «Գրուրա» ՍՊԸ-ն, մշակում է գյուղի լավագույն 40հա պահուստային հողերը: Ստեղծել է իր սեփական անասնապահական համալիրը, ընդամենը 2 մլն դրամով գնել է գյուղի երկհարկանի քոլեջի շենքը, որը վերջերս քանդել եւ տեղը հսկա առանձնատուն է կառուցում:

Այվազյանը ձեռքի հետ լավություն է անում իր բարեկամներին: Ընդամենը 19 մլն դրամով Օձունի հիվանդանոցի տասը մասնաշենքով կիսակառույցը վաճառել է վանաձորցի իր խնամի «Պաճոյին»:

Օձունցիները օրերով կարող են պատմել Մելիք Այվազյանի թալանից: Հասկանում են, որ համայնքապետն իր խելքով ու շնորհքով չէ հարստանում: Ու մինչ նրանք հասկանում են, համայնքապետ Մելիքը (մականունը' Ալաբաշ Մելո) ծիծաղում է գյուղի ու նաեւ «աշխարհքի» վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter