Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Մանկատներում սոցիալական որբությունն է տիրում



Նորքի «Մանկան տան» ավագ խումբը պատրաստվում է ավարտական հանդեսի, 6 տարին լրացած երեխաները հրաժեշտ են տալու իրենց օրրանին: «Թողնում ենք մեր մանկան տունը»,-երգում են երեխաները՝ դեռեւս չգիտակցելով, թե էլ ինչ է սպասվում իրենց: «Երեխաների 25%-ը վերադառնում է սեփական ընտանիք, 20-25%-ին որդեգրման ենք հանձնում դատարանի որոշումով: Եթե ծնողը չի ուզում երեխային տուն տանել, տեղափոխում ենք Գավառի մանկատուն, իսկ այն երեխաները, որոնք այստեղ հոգեկան առողջության խնդիրներ են ունենում, տեղափոխվում են Գյումրիի մանկատուն»,-հայտնեց «Մանկան տան» տնօրեն Լիանա Կարապետյանը:

Տնօրենը տեղեկացրեց, որ իրենց մոտ խնամում են նորածնից մինչեւ 6 տարեկան երեխաներին, որոնց այստեղ են բերում կա՛մ հիվանդանոցից, կա՛մ փողոցից: Այստեղ զբաղվում են երեխայի խնամքով, դաստիարակությամբ եւ բուժմամբ: Լիանա Կարապետյանի ասելով' ե՛ւ խորհրդային ժամանակաշրջանում, ե՛ւ մեր ժամանակներում ծնողներից երեխաներ չեն ընդունել, եթե ծնողներից մեկը չի եղել հոգեկան հիվանդ կամ չի գտնվել ազատազրկման մեջ: Ներկայումս մանկատան երեխաների 98%-ը միակողմանի ծնողազուրկ է, երեխաներից միայն երկուսը լիարժեք ծնողներ ունեն, սակայն մեկի դեպքում մայրը հաշմանդամ է, դրա պատճառով է երեխան 6 տարի գտնվում մանկատանը, մյուսի հայրը հանրապետությունում չէ, մայրն էլ ի վիճակի չէ պահելու 4 երեխաներին եւ հանձնել է մանկատուն: Երկկողմանի ծնողազուրկ միայն մի երեխայի մասին խոսվեց:

1998թ.-ին հաստատված կարգի համաձայն' երեխաներին մանկատուն են ընդունում թաղապետարանների որոշմամբ, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուղեգրով: Երբ նրանք որոշում են, որ միակողմանի ծնողազուրկ երեխան չի կարող ընտանիքում մեծանալ, կամ ծնողները հրաժարվում են, երեխաներին ժամանակավոր կամ ընդմիշտ տեղավորում են մանկատներում: Տիկին Կարապետյանը նշեց, որ նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, երբ միայնակ մայրերը կամ հայրերը արտահերթ բնակարան ստանալու հնարավորություն ունեին, այս «Մանկան տանը» (հիմնվել է 1937թ.-ին) 110 երեխա կար: Տնօրենն իր 25 տարվա աշխատանքային փորձառությունից այն հետեւությանն է եկել, որ երեխաներին մանկատուն հանձնելու պատճառներից մեկը ծնունդների գաղտնիությունն է, երբ ընտանիքը չի ընդունում արտամուսնական կապից ծնված երեխային: «Միգուցե նրանք բնակարան ունենային, եւ երեխաների որոշ տոկոսը չգար այստեղ, որովհետեւ հիմա երեխաներին մանկատուն հանձնելու պատճառներից մեկը ծնողների հիմնական բնակարան չունենալն է»,-ենթադրում է տնօրենը:

Վերջինս նշեց, որ ամեն տարի մայրերի 25%-ը հրաժարվում է երեխաներից, եւ հիմնականում հրաժարվում են առողջական խնդիրներ ունեցող երեխաներից: Ներկայումս տարբեր արատներ ունեցող 18 երեխա է բնակվում Նորքի «Մանկան տանը»՝ նապաստակի շրթունք, գայլի երախ, սրտի արատ եւ այլն, որոնք վիրահատության պետք է ենթարկվեն: Նրանց ծնողները հրաժարվել են երեխաներից: Նրանք, ովքեր, սոցիալական վիճակից ելնելով, երեխային ժամանակավորապես են մանկատուն հանձնել, 6 տարին լրանալուց հետո, եթե չեն ցանկանում նրանց Գավառ տեղափոխել, տեղավորում են գիշերօթիկ դպրոցներում:

Նորքի «Մանկան տանը» ներկայումս բնակվում է 88 երեխա: Տնօրենի տրամադրած վիճակագրության համաձայն' 1988թ.-ից մինչեւ 94թ.-ը երեխաների թիվը կտրուկ պակասեց՝ մինչեւ 50 երեխա, 94թ.-ից կրկին աճ նկատվեց: Առհասարակ, վերջին տարիներին երեխաների թվի աճ է գրանցվել մանկատներում: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հետ մանկատներում հայտնվում են ծնողներ ունեցող, բայց տարբեր պատճառներով իրենց երեխաների խնամքից եւ դաստիարակությունից, նրանց օրինական շահերի պաշտպանությունից հրաժարված ծնողների երեխաներ: Եթե խորհրդային ժամանակաշրջանում Հայաստանում կար 4-5 մանկատուն, հիմա 13 մանկատուն կա, որտեղ ապրում է 1185 երեխա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության համակարգում գործող 8 մանկատներում խնամվում է 935 երեխա, իսկ 5 մասնավոր մանկատներում՝ 250 երեխա:

Մեր այցի օրերին Գավառի մանկատանը նույնպես հրաժեշտի էին պատրաստվում: Մանկատան տարիքը վաղուց անցած Աննան արդեն բնակարան էր ստացել եւ պատրաստվում էր տեղափոխվել՝ իր հետ տանելով նաեւ ընկերուհուն՝ Ստելլային, որի 18 տարին նույնպես լրացել էր: Տնօրեն Նիկոլայ Նալբանդյանը մտահոգ չէր իր սանի հետագա ճակատագրով՝ Աննան լավ գորգագործ է, եւ այդ մասնագիտության մեծ պահանջարկ կա ներկայումս, նա աշխատանքի կտեղավորվի:

Գավառի մանկատունը գտնվում է քաղաքի կենտրոնում, եւ չափազանցություն չի լինի ասելը, որ տնօրենին հաջողվել է Հայաստանի առաջին մանկատունը դարձնել Գավառի ամենագեղեցիկ շինությունը: Երկու մանկատներում էլ աչք շոյողը մաքրամաքուր կենցաղն է, երեխաների խնամված ու առողջ տեսքը, գեղեցիկ հագ ու կապը: Տնօրինությունը բարերարների շնորհիվ նրանց շրջապատել է ծաղիկներով, մեծաքանակ խաղալիքներով, յուրաքանչյուր տարիքին բնորոշ հետաքրքրություններով: Մանկատունը Գավառում գործում է 1936թ.-ից, եւ այս քաղաքի բնակչությունը սովորել է մանկատան երեխաների ներկայությանը, այստեղ նրանց օտար աչքով չեն նայում: Երեխաներն իրենց ճնշված չեն զգում, քանի որ ոչ միայն չեն տարբերվում ծնողներ ունեցողներից, այլեւ իրենց հնարավորություններով կարող են տարեկիցների նախանձը շարժել: Նրանք սովորում են Գավառի 3 հանրակրթական դպրոցներում, հաճախում են արվեստի եւ երաժշտական դպրոց:

Մանկատանը գործում են տարբեր խմբակներ, որտեղ երեխաները արհեստներ են սովորում' գորգագործություն, ասեղնագործություն, գոբելենագործություն, կարպետագործություն: Փայտամշակման արհեստանոցում փոքրիկ արտադրություն կազմակերպելու առաջին փորձերն են արվում: «Այսօր ուշադրությունն ավելի շատ ուզում ենք սեւեռել կրթության հարցերի վրա, որովհետեւ ժամանակը ցույց է տվել, որ որքան էլ այստեղ լավ լինի, գնալիս ամեն ինչ մոռացվում է, եւ մնում է կրթությունն ու դաստիարակությունը: Մեր նպատակն այն է, որ շրջանավարտների գոնե կեսը բուհ ընդունվի, դրա համար պետք է զբաղվել նրանց հետ, ջանք ներդնել»,-ասում է Ն. Նալբանդյանը: Մանկատանը հպարտությամբ նշեցին, որ աշակերտներից 8-ը գերազանց են սովորում, 24-ը՝ հարվածային: Անցյալ տարի շրջանավարտներից երկուսն ընդունվել են թատերական ինստիտուտ, երկուսը սովորում են Գավառի համալսարանում: Նրանց ուսման համար վճարում է պետությունը եւ բարերարները՝ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) ու շվեյցարացի երկու կանայք:

Ն. Նալբանդյանը հայտնեց, որ այստեղից երեխաներ չեն որդեգրում, որովհետեւ նրանք ծնողներ ունեն: Գավառի մանկատանը բնակվող 118 երեխաներից միայն մեկն է երկկողմանի ծնողազուրկ, հիմնականում միայնակ մայրերի զավակներ են եւ սոցիալապես անապահով ընտանիքի երեխաներ: Մանկատան երեխաների մոտ 70%-ը սոցիալական վատ վիճակի պատճառով է հայտնվել այստեղ: Ն. Նալբանդյանի ասելով՝ ծնողներ կան, ովքեր կուզենային տուն տանել իրենց երեխաներին, եթե պետությունը ֆինանսապես օգներ նրանց: Գավառի մանկատնից վերջին երկու տարիներին ընդամենը 7 երեխա էր ընտանիք վերադարձել, որոնցից 4-ը նույն ընտանիքից էին:

Տնօրենը նշեց, որ մանկատան աշխատակազմից բացի՝ 1 հոգեբան, 1 սոցիալական աշխատող եւ 24 մանկավարժ, երեխաների դաստիարակությանը մասնակցում է ՀՕՖ-ը, որի ներկայացուցիչներն ամիսը մեկ անգամ կանոնավոր այցելում են երեխաներին' կրթաթոշակը եւ ուսման վարձերը հանձնելու համար: «Ծնողների առկայությունը չի՞ խանգարում այն դաստիարակությանը, որ որդեգրել են մանկատանը»,-մեր հարցին ի պատասխան' պրն Նալբանդյանը հայտնեց, որ նրանց ծնողների մակարդակն ու կարգավիճակը թույլ չի տալիս հետեւել իրենց երեխաներին: Ծնողներ կան, ովքեր թափառաշրջիկի կարգավիճակում են, եւ պատահում է, որ տեսակցության են գալիս' հակասանիտարական վիճակով, հարբած, որից երեխաներն ամաչում են, այդ պատճառով չեն ուզում, որ տեսակցության գան: «Ես կարծում եմ, որ այս երեխաներն ավելի լավ է այստեղ լինեն, քան իրենց ծնողների մոտ»,-ասաց պրն Նալբանդյանը' միաժամանակ նշելով, որ, ամեն դեպքում, այդ վիճակում անգամ երեխաները ձգտում են ծնողներին եւ ուրախանում են, որ իրենց տուն են տանում:

Այս խնդիրն առկա էր անգամ Նորքի «Մանկան տանը», որի տնօրեն Լիանա Կարապետյանը նշեց, որ երեխաներից երկուսի մոտ հակակրանք է առաջացել մայրերի նկատմամբ: Մայրերի հակասանիտարական վիճակը եւ ոմանց' ուշացումներով այցերը օտարացրել են երեխաներին, եւ նրանք չեն ցանկանում հանդիպել հարազատ մորը: Երկու մանկատներում էլ տնօրենները մեկ հոգեբանի առկայությունը բավարար չեն համարում: Լ. Կարապետյանը բերեց Ֆրանսիայի մանկատների օրինակը, որտեղ 2 հոգեբան է աշխատում. մեկը զբաղվում է երեխաներով, մյուսը՝ ծնողներով:

Գավառի մանկատան առաջին հարկի սրահում փակցված են երեխայի իրավունքների մասին իրավական ակտերից եւ միջազգային համաձայնագրերից հատվածներ, ինչպես նաեւ' մի արկղիկ անանուն բողոքների համար: «Թող իմանան իրենց իրավունքները եւ կարողանան պաշտպանել իրենց»,-ասում է Նիկոլայ Նալբանդյանը: «Մանկան տանը» փակցված ողջ տեղեկատվությունը դաստիարակների պարտականությունների եւ դրանց ժամանակացույցի մասին էր: Ինչպես մեկնաբանեցին այստեղ՝ որպեսզի իրենց պարտականությունների մեջ թերանալու տեղ չունենան:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության մանկատներում կատարված հետազոտության համաձայն' երեխաների' մանկատանը հայտնվելու հիմնական պատճառը ընտանիքների աղքատությունն է, գործազրկությունը եւ սոցիալ-կենցաղային, բնակարանային բավարար պայմանների բացակայությունը: Այնուհետեւ ընտանիքում երեխայի խնամազրկության ցուցանիշը, ինչը նույնպես պայմանավորված է ընտանիքների սոցիալ-կենցաղային ծանր պայմաններով: «Երեխայի իրավունքների մասին ՀՀ օրենքի 24 հոդվածի համաձայն' «Առանց ծնողական խնամքի մնացած երեխան ունի պետության եւ նրա համապատասխան մարմինների կողմից պաշտպանության, խնամքի, դաստիարակության եւ օգնության իրավունք»:

2003թ.-ի հուլիսի 23-ին կառավարությունն ընդունեց մանկատան նախկին շրջանավարտներին տրամադրվող աջակցության ծրագիրը, համաձայն որի' 1991թ.-ից սկսած մանկատան այն շրջանավարտներին, ովքեր չունեն իրենց անվամբ գրանցված բնակելի տարածք, ապահովում են բնակարանով: Բացի դրանից, իրականացվում է ծրագրով նախատեսված այլ աջակցություն (մասնագիտական կողմնորոշում, զբաղվածության ապահովում, առողջապահական խնդիրների լուծում): Այսպիսով ' կառավարությունը լուծել է մի քանի տարի առաջ անլուծելի համարվող որբ երեխաների բնակարանային խնդիրը:

Գավառի մանկատան շրջանավարտներից 180-ը ընդգրկվել են այդ ծրագրում, եւ նրանցից 64-ն արդեն ունեն բնակարաններ' կահավորանքով ու առաջին անհրաժեշտության ապրանքներով: «Վատ տարիներին բնակարան չունենալու պատճառով շատ երեխաներ մնացին անօթեւան, չկարողացան իրենց կյանքը կազմակերպել, աշխատանքի տեղավորվել: Տղաները բանակ էին գնում, դրանից հետո չէին վերադառնում այստեղ կամ քչերն էին վերադառնում, ուզում էին իրենց կյանքն իրենք դասավորել: Ոմաց մոտ ստացվում էր, ոմանց մոտ' ոչ: Չեմ ուզում ասել, թե նրանք հանցագործներ դարձան, բայց կյանքի նորմերից փոքր-ինչ շեղվեցին»,-նշեց պրն Նալբանդյանը: Վերջին տարիներին մանկատան սաների շրջանում հանցագործներ չեն եղել: Տնօրենի ասելով' նախկինում դա բարձիթողի վիճակից էր գալիս, քանի որ չկար նախկին պետական հոգածությունը:

Երկու մանկատներում հավաստիացրին, որ պետությունն արդեն 4-րդ տարին է 100%-ով ֆինանսավորում է մանկատները, եւ այն հիմնական խնդիրները, որ կային նախկինում, արդեն չեն ունենում, բայց, միեւնույն է, առանց բարեգործների հնարավոր չէր ստեղծել այն իդեալական պայմանները, որ կա ներկայումս: Իհարկե, շինությունները վերանորոգելու եւ կահավորելու հիմնական աշխատանքը կատարվում է բարեգործների միջոցով, որոնք մանկատների դեպքում քիչ թիվ չեն կազմում: Մանկատների պատերին ամրացված բարերարների մասին տեղեկացնող ցուցանակները հուշում են, որ, ի տարբերություն նմանատիպ մյուս հիմնարկների' ծերանոցներ, գիշերօթիկ դպրոցներ, ավանդական հիմնադրամներ, Սփյուռքի մեր հայրենակիցներն ու հայաստանցի անհատ բարեգործները մանկատան երեխաների համար գումար չեն խնայում: Մանկատներին մեծապես աջակցում են նաեւ միջազգային կազմակերպությունները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ