ՈՒրբաթ, 21 սեպտեմբերի

Ծերացած ժայռերը հանգստություն են որոնում Շատին գյուղում



Շատին գյուղը շրջապատող լեռները ծերացել են, ժայռերը տարիներ շարունակ մեկիկ-մեկիկ պոկվում են ու ցած գլորվում: Վայոց ձորի մարզի այս գողտրիկ անկյունը տարիներ ի վեր քարաթափման գոտի է եղել՝ սպառնալիք դառնալով տեղի բնակչության համար: Իրական վտանգը դեռեւս խորհրդային շրջանում իշխանություններին հարկադրել է տարհանման ծրագիր մշակել: Ժայռի ստորոտում գտնվող 25 տնտեսություններին տեղափոխել են 1985թ., եւ տարհանումն ընդհատվել է միայն երկրում տիրող սոցիալ-տնտեսական վիճակի պատճառով: 2004թ. տարհանումը վերսկսվել է, կառավարությունը տեղափոխել է եւս 25 տնտեսություն:

Ծերացած ժայռաբեկորներն այլեւս կանգուն մնալու հույս չեն ներշնչում եւ շարունակում են իրար ետեւից ցած գլորվել: Մայիսի սկզբին պոկված ժայռաբեկորը գյուղացիներից մեկի այգին էր ընկել: Սա, իհարկե, լավագույն տարբերակն է:

Շատինցիները բարեբախտություն են համարում, որ դեռեւս մարդկային զոհեր չեն ունեցել: Պոկված ժայռաբեկորները, ներքեւ գահավիժելով, բախվում են ստորոտում գտնվող տների պատերին: Քանդվել են պատերը, ծառերը տեղահան են եղել, ու դրանով կանխվել են մեծ կորուստները, որ միանգամայն սպասելի է նրանց արագընթաց գահավիժումից: Այնուամենայնիվ, վնասներ եղել են. սատկել են հարվածի տակ ընկած կովերն ու ոչխարները: «Ժայռաբեկորը պոկվեց, եկավ, հարեւանի ծառը պահեց, հակառակ դեպքում տունը կքանդվեր, այս անգամ միայն թոնրատան պատը փլվեց»,-պատմեց շատինցի մի կին: Նրան արդեն հողամաս էր հատկացվել գյուղի մյուս ծայրում, իսկ կառավարությունը գումարային փոխհատուցում էր հատկացրել տուն կառուցելու համար:

«Տարհանումը փուլերով պետք է արվի, կարծում եմ' մեկ-երկու տարվա ընթացքում կավարտվի շատինցիների տեղափոխումը: 76 տնտեսությունից 25-ի հարցը լուծվել է արդեն, 54 տնտեսությունից 25-ի տեղափոխումը նախատեսված է այս տարի, մյուս մասը՝ հաջորդ տարի»,-տեղեկացրեց Վայոց ձորի մարզպետի տեղակալ Սամվել Թարվերդյանը:

Շատինի ձախ մասում կառուցվում է նոր Շատինը: Գյուղացիների մի մասը կառավարության հատկացրած գումարով տուն է կառուցում նոր Շատինում, մյուս մասը տեղափոխվում է գյուղից, նույնիսկ՝ հանրապետությունից:

Գոռ Ենոքյանը, որը պատրաստվում էր առաջիկայում համագյուղացի 20 տղամարդկանց հետ մեկնել արտագնա աշխատանքի, ասաց, որ հինգ տարի է՝ երիտասարդությունը հեռանում է գյուղից: Շատինը մարզի սակավահող գյուղերից է, սեփականաշնորհման ժամանակ գյուղի յուրաքանչյուր տնտեսությանը 1600քմ հողատարածք է բաժին ընկել: Բնակչության հիմնական զբաղմունքը անասնապահությունն է, սակայն արոտավայրը հենց այն ժայռի ստորոտն է, որն ամեն րոպե սպառնում է գետնովն անել ընտանիքի հույսն ու ապավենը հանդիսացող անասնապահին ու անասունին: «Սա էլ մեր արոտավայրն է,- դիմացի լանջը ցույց տալով' ասում է նա,-բայց հանում ես արոտի՝ կամ քարն է առնում կովին, կամ կովն է առնում քարին ու սատկում»,-կատակում են նրանք՝ հիմնավորելով արտագնա աշխատանքի մեկնելու իրենց որոշման պատճառը: Շատինցի Աշոտ Ղահրամանյանը, որն իր անասուններին արածեցնում է ժայռի ստորոտում, ըստ համագյուղացիների, ամեն տարի 2-3 կովի կորուստ է ունենում:

Շատինցիների ասելով' նույնիսկ նրանք, ովքեր արդեն փոխհատուցում են ստացել, արտագնա աշխատանքի անհրաժեշտություն ունեն: Կառավարության հատկացրած 7000 ԱՄՆ դոլար գումարով Վահան Մկրտչյանը կարողացել էր տան պատերը կանգնեցնել ու տանիքը ծածկել: Դոլարի օրեցօր արժեզրկումը եւ շինանյութերի թանկացումը նրանց հնարավորություն չեն տալիս հատկացված գումարով տունն ավարտին հասցնել:

Քարաթափման խնդիրն առկա է նաեւ մարզի Արտաբունք համայնքում, որտեղ 25 տնտեսություն նույնպես քարաթափման գոտում է գտնվում: Վայոց ձորի մարզպետ Սամվել Սարգսյանի հավաստմամբ՝ Արտաբունքին կանդրադառնան Շատինի բնակչության տեղափոխումն ավարտելուց հետո:

Քարաթափումը Շատինին պատուհասած միակ աղետը չէ. այս տարվա մայիսի 17-ին մոլեգնած քամին դարձյալ վնասեց բնակիչներին, փլվեցին տների տանիքները: Վայոց ձորի մարզպետի ձեւավորած հանձնաժողովը արտակարգ իրավիճակների վարչության հետ միասին ուսումնասիրել է Շատին ու Հորս համայնքներում քամու հասցրած վնասները եւ 2,5 մլն գնահատել: Հիմնական տուժողը դարձյալ Շատինի բնակչությունն է՝ 46 տնտեսություն, Հորս գյուղում տուժել է 6 տնտեսություն: Մարզպետը պատրաստվում էր հանձնաժողովի գնահատման ակտը ներկայացնել կառավարություն՝ փոխհատուցում ստանալու ակնկալիքով:

Դրանից առաջ ձեւավորված մեկ այլ հանձնաժողով գնահատել էր ցրտահարության հասցրած վնասների չափը: «Պտուղը կամ ցրտահարվեց, կամ չփոշոտվեց: Մեր հաշվարկներով' այս տարվա վնասները բավականին շատ են՝ մոտ 1 մլրդ դրամ»,-ասաց Վայոց ձորի մարզպետը: Մեր' «Կփոխհատուցվի՞ գյուղացու կրած վնասը» հարցին մարզպետը պատասխանեց. «Եղել է տարի, որ փոխհատուցվել է՝ ալյուր են տվել, սերմացու եւ այլն, այս հարցը գուցե քննարկվի Տարածքային կառավարման նախարարի մոտ: Ոչ միայն այս տարվա բերքն է վնասվել, այլ, ցավոք, ծառերն են ցրտահարվել, հատկապես դեղձենին, ծիրանենին, միայն ծայրերին են կանաչ շիվեր երեւում: Ցրտահարությունը, բնականաբար, եկող տարվա բերքի վրա էլ կազդի»: Փոխմարզպետ Սամվել Թարվերդյանը տեղեկացրեց, որ մասնագետներ են հրավիրել խորհրդատվության համար, իսկ մինչ այդ գյուղացիներին ցուցում են տվել առատ ջրել ու պարարտացնել այգիները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ