HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վարպետյանը` ՀՀ անվտանգության դե՞մ

«Հետքը» նամակով դիմել էր ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետին` խնդրելով հայտնել, թե որոնք են Ա. Վարպետյանի մուտքը Հայաստան արգելելու պատճառները, եւ թե ինչպես են արձագանքել նախկին օմբուդսմեն Լ. Ալավերդյանի` հարցը վերանայելու առաջարկին: Վարչության պետի տեղակալ Ս. Աղաջանյանը նամակին պատասխանել է.

«2002 թ.-ից սկսած Ֆրանսիայի քաղաքացի Ալեքսանդր Վարպետյանի` ՀՀ կացության կարգավիճակ ստանալու, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետություն նրա հրավերի դիմումները մերժվել են «ՀՀ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՀՀ նախկին օրենքի 9-րդ հոդվածի եւ 25-րդ հոդվածի 12-րդ պարբերության պահանջների համաձայն:

Համաձայն 2007 թ. փետրվարի 4-ին ուժի մեջ մտած «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետիգ եւ զ ենթակետերի պահանջների` ներկայումս Ա. Վարպետյանին ՀՀ մուտքի վիզա տրամադրելու հարցը վերանայել հնարավոր չէ»:

«Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենք 8-րդ հոդվածի (Օտարերկրացուն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա տրամադրելը (ժամկետի երկարաձգման) մերժելը, մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչելը կամ մուտք գործելն արգելելը ) 1-ին կետի համաձայն` օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվում է, եթե`

գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝

- վնաս պատճառել Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,

- իրականացնել ահաբեկչական գործունեություն,

- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ

- իրականացնել մարդկանց առեւտուր (թրաֆիքինգ) եւ (կամ) անօրինական սահմանահատումներ.

զ) գոյություն ունեն նրա կողմից Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ եւ հիմնավոր սպառնալիքներ:

Հարկ է նշել, որ զուգահեռաբար սառեցված է 1990-ին Վարպետյանի կողմից Հայաստանում հիմնադրված եւ պաշտոնապես գրանցված «Էություն» ազգային իմաստության տաճարի գործունեությունը: «Ա1+»-ը 2002-ին գրել էր, թե Վարպետյանին արգելում են ՀՀ-ում մնալ, քանի որ նա աղանդավոր է:

«Մեզ երբեք աղանդավորության մեջ պաշտոնապես չեն մեղադրել: 2002-ին կացության կարգավիճակ չներկայացնելը օվիրի` Վահագն անունով տեղակալը պատճառաբանել է «նպատակահարմար չէ» ձեւակերպմամբ, ինչը պաշտոնապես կրկնել են 2005-ին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին: Աղանդավորությունը տխմարագույն հերյուրանքն է (երեւի օրենքին հարմարեցնելու համար…) , երբ մենք զբաղվել ենք միմիայն գիտությամբ: Աղանդավորները գրանցված եհովականներն են ու բազում նմանները…»,- զայրացած նշում է Ալեքսանդր Վարպետյանը:

Այսպիսով` Ա. Վարպետյանի մուտքը ՀՀ արգելվում է արդեն 5 տարի, սակայն ինքը` Վարպետյանը, չգիտի դրա իրական եւ անիրական պատճառները: Եվ որքան էլ «Հետքի» նամակի պատասխանն ինչ-որ բան ասում է խնդրի մասին, այնուամենայնիվ, անհասկանալի է, թե ինչու են աշխարհահռչակ գիտնականի ու մտավորականի առաջ փակ մնում ՀՀ սահմանները: Մնում է ենթադրել, որ «այս առեղծվածային խնդրականի» բանալու կամ էլ թե «շան գլխի» (Ա. Վարպետյանի խոսքերն են) տեղը գիտեն միայն ՀՀ նախագահն ու նրա ստորադասները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter