HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Ալումյան. «Մեր իրավունքները լրջորեն խախտվել են»

«Այսօր պարզապես անհասկանալի է, թե մեր կառավարությունն ինչպես է պատկերացնում, մեր հասարակությունը ինչ եղանակով պիտի իր իրավունքները պաշտպանի»,- ասում է փաստաբան Հայկ Ալումյանը՝ նկատի ունենալով Թեղուտի տարածքում հանքարդյունաբերական գործունեություն իրականացնելու վերաբերյալ կառավարույթան ընդունած որոշումն ու դրա շուրջ ստեղծված իրավիճակը:

Հայկ Ալումյանը վարել և այժմ էլ վարում է այս հարցով մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից նախաձեռնված դատական գործերը տեղական և միջազգային ատյաններում: Քանի որ այս խնդրի մասին շատ է խոսվում բնապահպանների կոմից, և հատկապես շատ է խոսվում այն մաիսն, Թեղուտում հանքի շահագործման վերաբերյալ որոշումը կայացվել և լիցենզիան տրամադրվել է բազմաթիվ օրենքների կոպիտ խախտումներով, փորձենք Հայկ Ալումյանի օգնությամբ հասկանալ, թե հատկապես ինչ խախտումների մասին է խոսքը և ինչ ատյաններում ու ինչպես է քննվել ու քննվում գործը:

«Բնապահպանությանը վերաբերող որոշումներ կայացնելիս, պայմանական ասենք, գոյություն ունեն 3 սուբյեկտներ. առաջինը դա այն կազմակերպությունն է, որն ուզում է շահ ստանալ ինչ-որ գործունեություն իրականացնելով (տվյալ դեպքում դա Armenian Copper Program-ն է (ACP)), մյուս կողմը դա կառավարությունն է, և երրորդ կողմը դա հանրությունն է: Եվ միշտ չէ, որ այս երեքի շահերը համընկնում են: Ուստի կառավարությունը պետք է հավասարակշռի երկու մրցակցող շահեր. մի կողմից երկրի տնտեսական շահը, մյուս կողմից՝ բնապահպանական շահերը: Կառավարության դերն է յուրաքանչյուր դեպքում ճիշտ գնահատել, թե երկու շահերից որն է գերակա, և այստեղ հանրությունը պետք է ունենա իր խոսքի իրավունքը:

Հանրության իրավունքները նման որոշում կայացնելիս պետք է լավագույնս պաշտպանված լինեն, և դրա համար Հայաստանի Հանրապետությունը անդամագրվել է, վավերացրել է Օրհուսի կոնվենցիան, որը բոլոր երկրների համար հասարակության շահերի պաշտպանության մեխանիզմներ է սահմանում: Դրանց հետևելը պարտադիր է կոնվիենցիան վավերացրած բոլոր երկրների՝ այդ թվում նաև Հայաստանի համար: Այս կոնվենցիան վավերացրած ցանկացած երկիր իր վրա է վերցնում հիմնական 3 պարտականություններ.

-           հանրությանը ամենավաղ շրջանում իրազեկել կայացվելիք բնապահպանական որոշումների մասին,

-           ապահովել հանրության մասնակցությունը որոշումների կայացման գործընթացին,

-           եվ ապահովել, որ հանրության ցանկացած անդամ, ով կարծում է, թե այդ որոշումների կայացման փուլում իր իրավունքները խախտվել են, կարողանա դիմել դատարան:

Ցանկացած պետություն, երբ ստորագրում է այս կոնվենցիան, և հետո իր ներիքին օրենսդրությունը համապատասխանեցնում է դրան, ըստ էության դրանով ուզում է հասարակության համար ստեղծել մի դաշտ, որպեսզի հասարակությունը կարողանա իրավական մեխանիզմներով իր իրավունքները պաշտպանել: Հակառակ դեպքում կառավարությունը կհայտնվի մի իրավիճակում, երբ հասարակությունը ստիպված կլինի իր իրավունքները պաշտպանել ոչ իրավական եղանակներով: Այսինքն ցանկացած կառավարություն կանգնած է երկընտրանքի առջև. կամ այն կապահովի հասարակության մասնակցության իրավական մեխանիզմներ և կաշխատի պահպանել դրանք, կամ, եթե կառավարությունը դա չանի, ապա հասարակությունն ինքը վաղ թե ուշ կփորձի այդ խնդիրները լուծել այլ եղանակով:

Այս դեպքում մենք՝ մի խումբ մարդիկ, որոնցից ես հատկապես կուզենայի ընդգծել Սոնա Այվազյանին և պարոն Սանասարյանին, փորձեցինք իրավական լուծումներ գտնել Թեղուտի հարցին, որովհետև համոզված էինք, որ հասարակության իրավունքները այդ որոշումների ընդունման փուլում խախտվել են: Մենք հետազոտեցինք խնդիրը և տեսանք հսկայական խախտումներ: Օրինակ կբերեմ այդ խախտումներից մեկը, որպեսզի պատկերացնեք, թե Թեղուտի շուրջ այս ողջ պրոցեսն ինչ է իրենից ներկայացնում. օրենքով արգելված է հանքարդյունահանում իրականացնել մի վայրում, որտեղ կան Կարմիր Գրքում գրանցված բույսերի կամ կենդանիների տեսակներ: Դա արգելված է առանց վերապահումների: Այս արգելքը հաղթահարլու նպատակով՝ Ալավերու Թեղուտի փոխարեն ՇՄԱԳ-ի (Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատում) փաստաթղթերում նկարագրել է Դիլիջանի Թեղուտը:

Մենք փորձեցինք այս խնդիրը բարձրացնել իրավական մեխանիզմներով, որովհետև այն վաղ թե ուշ բարձրանալու էր, այն վաղ թե ուշ պիտի լուծվի. հասարակությունը չի կարող անվերջ հանդուրժել այս վերաբերմունքը: Ուստի անհրաժեշտ է խնդիրը լուծել իրավական դաշտում, որպեսզի բանը չհասնի այլ դրսևորումների:

Այս հարցը ներկայացրեցինք դատարան: Եթե այդ դատավարությունը սկսվեր, դուք կտեսնեիք բազմաթիվ, սարսափելի խախտումներ, կտեսնեիք թե ինչեր են կատարվել: Եվ դա պարզ էր նաև դատարանում հայցադիմումն ընդունողների համար: Նրանք հասկացան, որ այդ դատավարությունը սկսվելու դեպքում կարող էր ունենալ միայն մի ելք, որովհետև նման խախտումներ չէին կարող տեղի ունենալ և նման խախտումներով ընդունված որոշումները չէին կարող մնալ ուժի մեջ: Դրա համար էլ մեր հայցադիմումի ընդունումը մերժվեց. մեզ ասացին «Դուք իրավունք չունեք նման խնդիրներով դիմել դատարան»:

Մենք բողոքարկեցինք այս որոշումը: Կա բողոքարկման երկու աստիճան: Սկզբում բողոքարեցինք վարչական դատարանում, որը նույնպես գտավ, որ մենք իրավունք չունենք նման հարցերով դիմել դատարան: Այդ ժամանակ մենք դիմեցինք վճռաբեկ դատարան, բայց միաժամանակ դիմեցինք նաև Օրհուսի համապատասխանության կոմիտեին՝ Ժնևում, որովհետև արդեն ամեն ինչ պարզ էր. պետությունը մեզ թույլ չէր տալիս դիմել դատական ատյաններին, իսկ դա Օրհուսի կոնվենցիայի խախտում է: Մենք գնացինք այնտեղ, ասացինք, որ Օրհուսի կոնվենցիայի երեք հիմնական պահանջներն էլ մեր կառավարությունը խախտել է.

-           հասարակությանը իրազեկ չի պահել այն ժամանակ, երբ պարտավոր էր դա անել,

-           հանրության մասնակցությունը չի ապահովել այդ գործընթացներում,

-           և հասարակության ներկայացուցիչներին զրկել է դատական պաշտպանության իրավունքից:

Ստացվում է, որ Թեղուտի վերաբերյալ ընդունված որոշումները կարող է վիճարկել կամ կառավարությունը, կամ այն սուբյեկտը, որին տրված է հանքի շահագործման իրավունքը: Ուրիշ ոչ ոք Հայաստանի Հանրապետությունում չի կարող դա վիճարկել: Դա անհեթեթություն է:

Երբ խնդիրը հասավ Օրհուսի կոմիտեին և այնտեղ գործն ընդունվեց քննության, կառավարությունը հասկացավ, թե ինչ խորը խնդրի առաջ է կանգնած և իմիտացիա արեց, իբրև մեր դատական պաշտպանության իրավունքը չի խախտվել. վճռաբեկ դատարանը վերացրեց այն որոշումը որով մեզ արգելվում էր դիմել դատարան, գործն ուղարկեց վարչական դատարան՝ պարտադրելով այն քննել, որպեսզի Օրհուսի կոմիտեին ասի, թե գոնե մեր դատական պաշտպանության իրավունքը չի խախտվել:

Մյուս երկու կետերով մեր կառավարությունը ջախջախիչ պարտություն կրեց: Օրհուսի համապատասխանության կոմիտեում ոչ միայն կառավարությունն էր ներկայացրել իր դիրքորոշումը՝ հանձինս հարգարժան տիկին Իսկոյանի, ով թերևս այսօր այդ ոլորտում Հայաստանի լավագույն մասնագետն է, այլ նաև ACP-ի մասնագետը՝ վարչական դատարանի նախկին նախագահ Էդուարդ Մուրադյանը, ով նույնպես փայլուն մասնագետ է: Այսինքն մյուս կողմի դիրքորոշումը փայլուն ներկայացված լինելով հանդերձ՝ Օրհուսի համապատասխանության կոմիտեն այնուամենայնիվ որոշեց, որ կոնվենցիայի պահանջները խախտվել են: Իսկ դա նշանակում է, որ խախտվել են հանրության իրավունքները վերոհիշյալ որոշումների ընդունման պրոցեսում:

Այսօր մենք ունենք մի փաստ. այդ որոշումների ընդունման ընթացքում մեր իրավունքները լրջորեն խախտվել են: Ինչ է սա նշանակում. կամ կառավարությունը շուտ թե ուշ պիտի իր որոշումները համապատասխանեցնի իրավական դաշտի պահանջներին, կամ հանրությունն ինքը պիտի փորձի իր իրավունքները վերականգնել, քանի որ հանրության իրավունքների խախտումն արդեն փաստվել է և չկա այլևս մի մարմին, որ կարողանա հակառակը պնդել: Ճիշտ է ACP-ի ներկայացուցիչները տարբեր ամբիոններ են փնտրում, տարբեր գաղափարներ են պնդում, փորձում են ապացուցել, որ ամեն ինչ նորմալ է, բայց այդ նույն գաղափարները նրանք արտահայտում էին նաև Ժնևում, և այնտեղ դա չանցավ: Հիմա փորձում են ձեզ ապացուցել, որ ամեն ինչ նորմալ է. մի հավատացեք, որովհետև այնտեղ մասնագիտական մակարդակով իրենց տեսակետը ներկայացրել են, և իրենց բոլոր փաստարկները ճանաչվել են առ ոչինչ, զրո:

Որպեսզի պետությունը Օրհուսի համապատասխանության կոմիտեին ցույց տա, թե հասարակության գոնե դատական պաշտպանության իրավունքը պահպանված է, վճռաբեկ դատարանը գործը քննության ուղարկեց վարչական դատարան, բայց երբ Օրհուսի կոմիտեում գործը վերջացավ վարչական դատարանը կրկին որոշում կայացրեց, որ մենք իրավունք չունենք դիմել դատարան: Հետո այդ նույն որոշումը վերաքննության ու վճռաբեկության կարգով թողնվեց անփոփոխ:

Այսօր սա է իրավիճակը: Այսօր որպես ակտիվ մենք ունենք մի փաստ. որ հենց այն մարմինը, վերջին ատյանը, որ կարող է ասել հասարակության իրավունքների խախտում տեղի է ունեցել թե ոչ, արդեն ասել է, որ շատ լուրջ խախտում տեղի է ունեցել, և մյուս կողմից ունենք դատական ատյաններ, որոնք հրաժարվեցին այդ խախտումները ճանաչել, պարզապես հրաժարվեցին դրանք քննել: Այսօր պարզապես անհասկանալի է, թե մեր կառավարությունն ինչպես է պատկերացնում, մեր հասարակությունը ի՞նչ եղանակով պիտի իր իրավունքները պաշտպանի: Հասարակությանը մի կողմից զրկում են իրավական մեխանիզմներով դատական պաշտպանության հնարավորությունից, Թեղուտում էլ ասում են «այստեղ էլ չգաք, չմտնեք»: Բա ո՞նց պաշտպանվի այս հասարակությունը: Ես իրավական մեխանիզմների կողմնակից եմ, բայց ես չեմ հասկանում մյուս կողմի տրամաբանությունը. ինչպե՞ս պաշտպանվել, եթե այնտեղ մեր հարցը քննում են, իսկ այստեղ հրաժարվում են քննարկել:

Մենք կրկին դիմեցինք Օրհուսի կոմիտեին՝ ասելով, որ մեր կառավարությունն այս անգամ վերջնականապես դատական պաշտպանության մեր իրավունքը խախտեց: Հուսով եմ, որ երրորդ կետով էլ որոշում կլինի, որ Հայաստանի Հանրապետությունը խախտում է կատարել, որից հետո մենք այստեղ նորից կդիմենք դատարաններ և հուսով եմ, որ այս անգամ արդեն ավելի խելամիտ որոշումներ կկայացվեն»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter