HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Հայկական թիմի լավագույնը

Շախմատի Հայաստանի հավաքականն իր պատմության մեջ առաջին անգամ դարձավ համաշխարհային օլիմպիադայի հաղթող: Թուրինյան օլիմպիադայում ոսկե մեդալի արժանացան շախմատիստներ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանը, Արտաշես Մինասյանը, հավաքականի մարզիչներ Արշակ Պետրոսյանն ու Տիգրան Նալբանդյանը:

Մեր թիմի կազմում լավագույնը չորրորդ տախտակի վրա հանդես եկող Գաբրիել Սարգսյանն էր, ով մասնակցեց բոլոր 13 տուրերին եւ վաստակեց 10 միավոր' 7 հաղթանակ, 6 ոչ-ոքի եւ ոչ մի պարտություն: Այս արդյունքով Սարգսյանը զիջեց միայն չինացի Վանգին (10 միավոր 12 հնարավորից): Արդյունքում Սարգսյանը 21 կետով բարձրացրեց նաեւ իր անձնական վարկանիշը:

- Գաբրիել, դու միակն էիր մեր թիմում, որ մասնակցեցիր բոլոր 13 տուրերին եւ վաստակեցիր 10 միավոր, ինչը երկրորդ ցուցանիշն է օլիմպիադայի մասնակիցների մեջ: Ինչպե՞ս ես գնահատում քո ելույթները:

- Բնականաբար գոհ եմ, քանի որ հավաքականը գրավեց առաջին տեղը: Այսպիսի հաջողության երբեք չէինք հասել: Իմ ցույց տված արդյունքը կարիերայիս մեջ լավագույնն էր ու ամենակարեւորը: Հույս ունեմ, որ հետագայում ավելի բարձր արդյունքների կհասնեմ:

- Սա քո չորրորդ օլմպիադան էր: Ի՞նչ համեմատականներ կանցկացնեիր այս եւ մյուս երեք օլիմպիադաների միջեւ:

- Այս անգամ մեր առջեւ խնդիր էր դրվել գրավել առաջին տեղը: Եթե նախորդ օլիմպիադաներում հիմնական խնդիրը լավագույն եռյակ մտնելն էր, եւ մենք այդ արդյունքով լիովին բավարարվում էինք, ապա այս անգամ, կարծում եմ, որ երրորդ տեղը սովորական կլիներ մեզ համար:

- Քո անցկացրած հանդիպումներից ո՞րն ես առավել արժեւորում:

- Զուտ խաղային առումով բարձր եմ գնահատում հոլանդացի Էրվին Լամի հետ պարտիան: Իսկ , ընդհանրապես , ամենակարեւորը ռուսաստանցի Մորոզեւիչի հետ հանդիպումն էր:

- Ովքե՞ր էին քո ամենադժվար եւ ամենահեշտ մրցակիցները:

- Ամենադժվար հակառակորդը Մորոզեւիչն էր, իսկ հեշտ մրցակիցները , մրցակարգի համաձայն, մեզ բաժին հասան առաջին տուրերում:

- Օլիմպիադայից առաջ բուքմեյքերները մեր հավաքականի հնարավորությունները գնահատում էին 10 գործակցով, այնինչ Ռուսաստանինը' 1,48: Եվ, ընդհանրապես, շատ էր խոսվում ռուսների «տիեզերական» հավաքականի մասին: Դա մեր թիմի վրա որոշակի հոգեբանական ազդեցություն գործե՞ց:

- Անձամբ ես գործակիցների մասին իմացել եմ միայն մրցաշարի վերջում: Իրոք, Ռուսաստանը շատ ուժեղ թիմ է, նրա խաղացողների անձնական գործակիցները շատ բարձր են, բայց դա թիմային մրցաշարերում բավական չէ: Հաղթելու մեր ցանկությունն ու նպատակամղվածությունը ավելի մեծ էին: Անհատապես նրանք ավելի ուժեղ են, բայց ես համոզված եմ, որ որպես թիմ մենք նրանցից թույլ չենք:

- Ի՞նչ էիր զգում Մորոզեւիչի հետ խաղի ժամանակ, երբ մեր թիմը պարտվում էր 1-2 հաշվով, եւ ամեն ինչ կախված էր քո խաղից:

- Մի պահ տխրեցի, երբ Լյովան (Լեւոն Արոնյանը) պարտվեց, բայց ես շահում էի դիրքը ու համոզված էի, որ կհաղթեմ: Իմ հաղթանակը մեղմեց Լյովայի պարտությունը: Կարեւորը ռուսներին չպարտվելն էր, որպեսզի նրանք մեզանից շատ առաջ չանցնեին:

- Մեր թիմը վերջին երկու տուրերում ֆրանսիացիների եւ հունգարացիների հետ ոչ-ոքի խաղաց տակտիկակա՞ն նկատառումներով:

- Ֆրանսիացիների հետ մրցավեճը շատ լարված էր, երեւի ամենալարվածը ողջ մրցաշարի ընթացքում: Երբ զգում ես, որ քո առջեւ դրված խնդրին շատ մոտ ես, սկսում ես նյարդայնանալ, եւ այդ պահին ամեն ինչ հնարավոր է: Սակայն մենք ոչ-ոքի խաղացինք, ինչը միանգամայն ձեռնտու արդյունք էր: Հունգարացիների հետ մրցավեճում չխաղացինք, պայմանավորվեցինք ոչ-ոքի, քանի որ այդպես ապահովում էինք չեմպիոնությունը: Պատվաբեր է, երբ մրցակիցներից այնքան առաջ ես լինում, որ վերջին տուրում ոչ-ոքի արդյունքը քեզ բավականացնում է մրցաշարում հաղթելու համար:

- Երբեւէ մտածե՞լ ես, որ կարող է նվաճես օլիմպիական ոսկե մեդալ:

- Այդ մասին շատ եմ մտածել ու երազել: Այս մրցանակը մեծ արժեք ունի այն պատճառով, որ ոչ միայն քո, այլեւ քո երկրի պարգեւն է:

- Իսկ չե՞ս մտածում աշխարհի թիմային կամ անհատական չեմպիոնության մասին:

- Համոզված եմ, որ աշխարհի չեմպիոն կդառնանք: Իսկ անհատական առումով այս պահին մտածում ենք նախ Լյովայի չեմպիոնության մասին (աշնանը Լեւոն Արոնյանը պետք է մասնակցի աշխարհի թագի համար պայքարին):

- Շարունակելու՞ ես խաղալ Գերմանիայի բունդեսլիգայում:

- Այո: Ես շատ մոտ եմ Լեւոն Արոնյանի հետ, որն ապրում է Գերմանիայում, եւ շատ հաճախ այնպես է պատահում, որ Գերմանիա եմ գնում ոչ թե խաղալու, այլ ուղղակի Լյովայի մոտ: Այնպես է ստացվում, որ միաժամանակ նաեւ խաղում եմ: Հավանաբար , այս տարի նույնպես կխաղամ «Վաթենշայդում»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter