HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիի դպրոցի տնօրենի հարցը դեռ լուծում չի ստացել

Այսօր Լոռու մարզպետարանի և Աքորի գուղի միջնակարգ դպրոցի դասադադարի մեջ գտնվող ուսուցիչների երկխոսությունը նորից չկայացավ: Առավոտյան` ժամը 9-ին, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը դպրոցի մանկավարժական կոլեկտիվին ներկայացրել է մարզպետ Արթուր Նալբանդյանի կողմից  դպրոցի տնօրենի պաշտոնակատար նշանակված Սիլվա Սիմոնյանին:

Վերջինս Աքորիի դպրոցում պատմության ուսուցչուհի է: Դպրոցի մանկավարժական կոլեկտիվը համաձայնել է մարզպետի նշանակմանը, սակայն ուսուցիչները պահանջել են իրենց աշխատանքում վերականգնել նաև Անահիտ Մուսայելյանի թիվ 1 հրամանով  աշխատանքից ազատված դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանին և տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Վանիկ Սիմոնյանին:

«Է. Մացակյանը ուսուցիչներին հայտարարեց, որ պաշտոնակատարը կարող է  աշխատանքում վերականգնել  ինձ և Վանիկ Սիմոնյանին, սակայն վերջինիս հետ տնօրենի աշխատասենյակում զրույցից հետո  Սիլվա Սիմոնյանն անմիջապես հրաժարվեց պաշտոնակատարի  պարտականություններից: Իմ տեղեկությամբ, առանձին զրույցի ընթացքում Է. Մացակյանի կողմից առաջարկվել է տնօրենի ուսումնական գծով տեղակալ նշանակել Անահիտ Մուսայելյանին, որին էլ Սիլվա Սիմոնյանը չի համաձայնել»,- հեռախոսով «Հետքին» հայտնեց Սեդա Խլոպուզյանը: 

«Թե ինչու է հրաժարվել տնօրենի պաշտոնակատարի պարտականությունից» մեր հարցմանը` Սիլվա Սիմոնյանը պատասխանեց. «Որովհետև ես վստահ չեմ դպրոցի տնօրենի աշխատանքից ազատված տեղակալների` իրենց  գործում վերականգնմանը: Ես մտավախություն ունեմ, որ այս դեպքում ես պետք է հակասությունների մեջ մտնեմ իմ աշխատանքային ընկերների և համագյուղացիների հետ, որը ես չեմ ցանկանում».- ասաց Սիլվա Սիմոնյանը:

Այսօր Աքորիի դպրոցում մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանի  անցկացրած քննարկումից հետո «Հետքին» զանգահարեցին նաև դպրոցի մի խումբ ծնողներ, ովքեր  հայտնեցին, որ իրենց երեխաներին դպրոց կուղարկեն միայն դպրոցի տնօրենի տեղակալներին իրենց աշխատանքում վերականգնելուց հետո:

Նրանցից Գայանե Խանդամիրյանն ասաց. «Մեր դպրոցում ստեղծված վիճակը շատ ծանր է, բայց մենք պահանջում ենք տնօրենի անօրինական աշխատանքից ազատված տեղակալներին վերականգնել իրենց աշխատանքում»:

Անահիտ Մուսայելյանի կողմից Աքորիի միջնակարգ դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Սեդա Խլոպուզյանը և մասնագիտացված աշխատանքների գծով փոխտնօրեն Վանիկ Սիմոնյանը իրենց զբաղեցրած պաշտոնից ազատվել են մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանի`  հունվարի 31 –ի Անահիտ Մուսայելյանին տրված  գրավոր հանձնարարականով` Էդիկ Մացակյանի` հունվարի 26-ի դպրոցի տնօրենի նշանակման հետ կապված հանձնման-ընդունման և կոլեկտիվին ներկայացնելու մասին զեկուցագրի հիման վրա: 

Զեկուցագրի մեջ Էդիկ Մացակյանը  հայտնում է. «Հանձնում-ընդունումը կատարվեց մասնակի` միայն դպրոցի գործավարական փաստաթղթերի մասով: Նյութական պատասխանատուներ` դպրոցի գլխավոր հաշվապահ Ա. Խանդամիրյանը, տնտեսվար Ռ. Թոմոյանը, գրադարանավարուհի Թ. Թոմոյանը, ինչպես նաև ուսումնական գծով փոխտնօրեն Սեդա Խլոպուզյանը, մասնագիտացված աշխատանքների գծով փոխտնօրեն Վ. Սիմոնյանը հրաժարվեցին հանձնման-ընդունման աշխատանքներին մասնակցելուց` գործադուլի մեջ գտնվելու պատճառով»:

«Ես ի պաշտոնե նյութական պատասխանատու անձ չեմ: Դասամատյանների մասով օրենքով պատասխանատվությունը դրվում է կամ տնօրենի, կամ էլ ուսմասվարի վրա: Մեր դպրոցի դեպքում դասամատյանների պատասխանատվությունը դրված է եղել դպրոցի տնօրենի պաշտոնակատար Կիմիկ Պետրոսյանի վրա, ով էլ հանձնման-ընդունման ժամանակ դասամատյանները հանձնել է Անահիտ Մուսայելյանին: Նյութական որևէ պատասխանատվություն չի կրում նաև փոխտնօրեն Վանիկ Սիմոնյանը: Ուստի մեզ աշխատանքից ազատելու մասին հրամանները անօրինական են»,- պարզաբանեց Սեդա Խլոպուզյանը: 

Փաստն այն է, որ 1,5 ամիս խաթարված է Աքորիի դպրոցի 351 աշակերտների կրթությունը: Ոչ Լոռու մարզպետարանը եւ ոչ էլ կրթության  եւ գիտության նախարարությունը, կարծես թե, ի զորու չեն լուծել դպրոցի տնօրենի հարցը: Առ այսօր հայտնի չէ, թե մարզպետարանի եւ կրթության եւ գիտության նախարարության  պաշտոնյաներին ինչ շարժառիթներ են ստիպում ամեն գնով հասնել նրան, որ Աքորիի միջնակարգ դպրոցի  տնօրեն կամ ուսմասվար նշանակվի Անահիտ Մուսայելյանը: Գուցե խնդիրը հենց այստեղ է:

Մեկնաբանություններ (2)

ալավերդցի
Ինչքան պնդերես կարող է լինել կինը, որ հաշվի չառնի իրեն ուղղված նման վերաբերմունքը: Ամեն օր ես հետեւում եմ Անկյուն գումարած 3 հեռուստաընկերության Լուրերին, ամեն օր պարտադիր կարդում եմ նաեւ Հետքի հրապարակումներն այս առթիվ: Ու այսքան օրերից հետո մի եզրահանգման եմ եկել, որ տնօրենի աթոռին նստելն այս կնոջ համար մանկության տարիներին փայփայած երազանքի պես մի բան է, որի իրականացման համար ոչ մի բանի առաջ չի կանգնում: Իրա կյանքում երեւի ամեն ինչին փողով ա տիրացել, հիմա էլ ուզում ա կոլեկտիվին, աշակերտներին ու աքորեցիներին առնի: Բայց էս մի տեղը ոտը քարին դեմ ա եղել
GAYANE
verevnerin xelaci mardik petq chen, ayl kamakatarner.ov e hima dproci himnaxndirnerov zbaxvum. voch voq.( irakanum aydpes e, ) hima el kpan usucchi ashxatavarcin, ibr te ban einq stanum, ays tarva byugeov noric qchacrin. pox@ qchacnum en, pahangner@ avelacnum, ete hamarcakves ev boxoqes kopekner stanalu hamar kstanas hetyevyal patasxan@------ durd chi galis durs ari--------, enqan mard ka vor et poxov kashxati, .... isk ayn vor aydqan mardkancic qcher@ karox en iroq giteliq tal, voch voqi chi hetaqrqrum, miayn te ashxatoxner@ voryeve pahang chdnen

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter