HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Մարտի մեկ. ականատեսի վկայություն

Հովիկը 46 տարեկան է: Փետրվարի 19-ի ընտրություններից հետո նա մասնակցել է ընդդիմության հանրահավաքներին, գիշերել Ազատության հրապարակում: Մարտի 1-ի եւ լույս 2-ի գիշերվա իրադարձությունների մասին նրա պատմածները ներկայացնում ենք գրեթե առանց խմբագրման:

Գիշերը ժամը 1-ից սկսած ժողովրդի մեջ խոսակցություններ պտտվեցին, թե իբր Արթուր Բաղդասարյանը, որպես անվտանգության քարտուղար, այդ գիշեր Օպերան «մաքրելու» հրամանագրի տակ ստորագրել է: Կային մարդիկ, որ հավատացին: Որոշները նույնիսկ գնացին տուն: Բայց ես լուրջ չընդունեցի, մտածեցի, որ հերթական պրովոկացիան է (ամեն օր էլ զորքի հարձակման մասին խոսում էին):

Ժամը 6-ին կարծես այդ լուրերը հաստատվեցին: Ասացին, որ հրապարակի ուղղությամբ զորք է գալիս: Անմիջապես տղամարդկանցով հրապարակի երկայնքով շարվեցինք` կանանց ու երեխաներին թողնելով մեր թիկունքում: Լեւոն Տեր-Պետրոսյանը մոտեցավ բարձրախոսին եւ ասաց. «Զգույշ եղեք, խնդրում եմ` հանկարծ որեւէ մեկդ ձեր նախաձեռնությամբ քայլ չանեք: Ոստիկաններն էլ են մեր ժողովուրդը: Կգան, իրենց պահանջները կներկայացնեն եւ ըստ այդմ էլ` կորոշենք մեր անելիքը»:

Երեւի 10 րոպե անց հայտնվեցին: Մեզնից 1-1,5 մ հեռավորության վրա դեմ դիմաց շարվեցին: Բոլորը սաղավարտով էին, վահաններով եւ դուբինկաներով: Առաջին շարքում կանգնածները ոստիկանական զգեստով էին, իսկ նրանց հետեւից արդեն մուգ հագուստներով էին` հատուկ ջոկատայիններ:

Եկվորներից մի խումբ մոտենում էր հարթակին` Լեւոն Տեր-Պետրոսյանին: Այդ ընթացքում մենք մեր դիմացիններին խնդրում էինք. «Ախպերներ ջան, ձեր ցավը տանենք, եկեք սենց կանգնենք, մինչեւ լույսը կբացվի: Ինչի՞ համար եք գիշերվա կեսին եկել: Էստեղ ձեր քույրերն ու մայրերն են, եթե արյուն թափվի, մեզնից է լինելու, մեր մեջ թուրք չկա»:

Մոտ 3-4 րոպե դեմ դիմաց կանգնած մնացինք: Սրանք բառ չէին ասում: Հանկարծ դվիժոկի ձայնը կտրվեց, լույսերն անջատեցին ու հարձակումը սկսվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանը բղավում էր. «Ժողովրդին հանգիստ թողեք, ես եմ ղեկավարը, ես եմ պատասխանատուն, ինձ ձերբակալեք»:

Մեզ մոտ փայտեր ունեինք: Շատերս վառելափայտից մահակներ էինք սարքել, որ կարողանանք պաշտպանվել: Իսկ այն, որ ասում են, թե իբր զինված ենք եղել, իսկ իրենք էլ եկել էին խուզարկության, անամոթ սուտ է: Նման պահանջ չեն ներկայացրել: Հետո` 10 օր Օպերայի բակում էինք, ոստիկաններն օրուգիշեր հետներս էին եւ ոչ մի անգամ խուզարկության մասին չեն ակնարկել: Ուղղակի ծիծաղելի էր մեր բարձրաստիճան ղեկավարների հայտարարությունը, թե իբր ստացված օպերատիվ տեղեկություններով ոստիկանները եկել էին զենք-զինամթերք փնտրելու: Էլ չեմ ասում, որ նույն այդ ոստիկաններն այնպիսի վիճակ ստեղծեցին, որ եթե ինչ-որ մեկի մոտ, ասենք, նռնակ լիներ, նա մեկ վայրկյան չէր վարանի եւ կնետեր նրանց վրա:

Սկզբում, երբ հարձակվեցին, լուրջ դիմադրություն ցույց տվինք եւ սրանք նահանջեցին: Դու մի ասա` դա նկարահանման համար բեմադրված թատրոն էր, որ հեռուստատեսությամբ օրերով ցուցադրեին: Նահանջից հետո «սպեցնազը» վրա տվեց, մինի կոլցոներով մեզ սկսեցին ջարդել: Շրջվում էիր, հետեւից էլ էին իրենք եւ անխնա խփում էին:

Կանայք ու երեխաները վախից վրաններում կուչ էին եկել: Սրանք ոտքերով ու դուբինկաներով խփում էին վրանների ձողերին, շուռ տալիս, գիշերը թիթեղյա ամաններում մեր վառած կրակի մնացորդները լցնում դրանց վրա ու անաստվածի պես մեջի մարդկանց ծեծում: Թշնամին այդ կերպ չէր վարվի: Մի սարսափելի ճիչ էր լցվել ամբողջ հրապարակում: Կանայք ցավից ու վախից անտանելի բղավում էին:

Երեւի ազատամարտիկներ էին` «Երկրապահի» տղաներից, Հյուսիսային պողոտայի մոտից մի կերպ միջանցք բացեցին, որ ժողովուրդը կարողանա փախչել: Իրենք դրա հնարավորությունը չէին տվել. 4 կողմից փակել էին: Որ կողմ նայում էիր, 5-6 շարքով կանգնած էին: Եթե այդ միջանցքը չբացվեր կամ մի քիչ ուշանար, հրապարակից նորմալ մարդ դուրս չէր գա. բոլորը հաշմանդամ կդառնային:

Փախչելիս հետեւներիցս գալիս էին ու էլի խփում: Դրանց բուն նպատակը մեզ ցրելը չէր, այլ վախեցնելն ու ջարդելը, որ նորից հավաքվելու մտքից հրաժարվեինք:

Ես փախա բարեկամիս տուն: Քիչ թե շատ ինձ տեսքի բերեցի ու վերադարձա Օպերա: Արդեն ամեն ինչ վերջացած էր: Հրապարակը լցված էր զորքով, իսկ մուտքերը հսկում էին ոստիկանները:

Իմացա, որ ժողովուրդը հավաքվում է Ֆրանսիայի դեսպանատան մոտ, եւ նորից ուժայինները ծեծ ու ջարդ են սկսել: Մեկնեցի այնտեղ: Այդ պահին մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանն էր եկել: Ինչ-որ մեկին ոստիկաններն ուզում էին փախցնել, պաշտպանը թույլ չէր տալիս, եւ դուբինկայի մի 2 հարված էլ նրան հասավ:

Հետո հարյուր հազարավոր մարդիկ հավաքվեցին, կառուցեցինք բարիկադներ եւ պատրաստվեցինք ինքնապաշտպանության: Նորից, երբ արդեն գիշեր էր, շուրջբոլորը մութ, իշխանությունը սկսեց գործել: Ձկան խանութի մոտից զորքը մոտեցավ ժողովրդին:

Լուսարձակող փամփուշտներով կրակահերթ բացեցին, բայց օգուտ չտվեց: Հակառակը, ժողովուրդն աղմուկ-աղաղակ բարձրացրեց, ինչը զորքի մեջ խուճապ առաջացրեց: Բայց դրանք 18 տարեկան զինվորներ չէին:

Այնուհետեւ կրկին առաջ եկան, մի քանիսին ծեծեցին, եւ բախումը սկսվեց: Ժողովուրդը կռվում էր քարերով, փայտերով ու արմատուրաներով: Զորքը ստիպված հետ գնաց: Հետո լսվեցին կրակոցներ: Սկզբում մտածեցի, թե ռետինե փամփուշտներ են: Բայց գնդակները կպնում էին շենքերի պատերին ու ռեկաշետ լինում: Ձայնը պարզ լսվում էր: Դրանք մարտական փամփուշտներ էին: Եվ սուտ է, թե կրակոցները եղել են ժողովրդի մեջից: Հարյուր կողմից նկարել են: Եթե մեկի մոտ թեկուզ փոքրիկ պիստոլետ լիներ, էդ կադրը էկրաններից չէին իջեցնի: Այդ իրենք էին, որ ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, էլեկտրաշոկ եւ աղմուկ հանող ռումբեր օգտագործելուց բացի, խեղճ ժողովրդի վրա սկսեցին մարտական փամփուշտներով կրակել: Անձամբ եմ տեսել` նույնիսկ ԲՄՊ-ն նահանջելիս 5-10 գնդակ ԴՇԿ-ից կրակեց:

Ընկածներ կային, բայց չեմ կարող ասել` ինչի՞ց էին ընկել կամ կենդանի՞ էին, թե՞ ոչ: Այդ շոկային վիճակում ոչ այն էր` պաշտպանվեիր, ոչ էլ ինչ-որ մեկին օգնեիր:

Ժողովրդի նետած բենզինով լցված շշերի շնորհիվ զորքը նահանջեց մինչեւ Լեոյի փողոց: Եթե այդ շշերը չլինեին, զոհերի թիվն անկասկած շատ կլիներ: Իսկ դրանից կարելի էր խուսափել, եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին բաց թողեին:

Հիմա ամեն ինչ բարդում են այս կողմի վրա, իսկ ժողովրդին ներկայացնում որպես խուլիգան կամ, լավագույն դեպքում, հիպնոսի տակ գտնվող մոլորյալներ: Ու մեկը հարց չի բարձրացնում` բա, լավ, Վեհափառն ո՞ւր էր: Թող գար էդ «մոլորյալ» համարվող հոտին տեր կանգներ: Վստահ եմ, եթե նա կանգներ ժողովրդի եւ զորքի մեջտեղը, ամեն ինչ այլ կերպ կավարտվեր: Բայց մեր կաթողիկոսի համար ավելի կարեւոր բաներ կային: Չգիտեմ... Խորապես վիրավորված եւ հիասթափված եմ: Քանի այդ մարդը կա, ես Էջմիածնի եկեղեցի ոտք չեմ դնի:

Թալանի մասին չեմ էլ ուզում խոսել: Պայքարի ելած մարդիկ բախումից հետո քաշվեցին բարիկադներից այն կողմ` Մյասնիկյանի արձանի մոտ: Երբ իմացանք, թե ինչ է կատարվում Մաշտոցի պողոտայում, ես շենքերի արանքով գնացի այնտեղ: Թալանչիները տարածքի թափթփուկներ կամ ուղարկված մարդիկ էին: Նրանցից ոչ մեկին հանրահավաքների ժամանակ չէի տեսել:

Մարդ կար` խանութից ապրանքը հանում եւ հանգիստ դասավորում էր մեքենայի մեջ: Քիչ հեռվում ոստիկաններ էին կանգնած ու ոչ մի բան չէին անում: Ավելին` ամբողջ պրոցեսն օպերատորը նկարում էր, եւ մեկը չէր ասում` էս ի՞նչ ես անում, տղա ջան:

Ծանր վիճակում ենք հայտնվել: Ասենք, մեկին թաղում չեն սիրում, նույնիսկ շատերն ատում են: Նա ի՞նչ սրտով այդ թաղի մարդկանց համար լավ բան կանի: Ուզենա էլ, չի կարող: Անկախ իրենից` ինչ-որ ներքին բան թույլ չի տա: Հիմա մեր իշխանություններն իրենց դրել են այսպիսի վիճակում:

Ազգովի պետք է ոտքի կանգնենք, ուրիշ ելք չկա: Ծեծվածների մեջ բազմաթիվ ազատամարտիկներ, հայրենիքի համար արյուն թափած տղերք կան: Նրանց մինչեւ հոգու խորքը վիրավորել ու նսեմացրել են: Ինչքա՞ն կարող է այսպես շարունակվել: Մի օր մեկն անկանխատեսելի հետեւանքներով ինքնագործունեության կդիմի: Դրա՞ն ենք սպասում:

Լուսանկարը՝ Գերման Ավագյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter