HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Հանցակազմ այդպես էլ չգտան

Անցյալ տարվա մայիսի 12-ին ոստիկանության շենքում 31-ամյա Լեւոն Գուլյանը կասկածելի հանգամանքներում մահացավ: Ըստ իրավապահների` հարցազրույցի համար ոստիկանություն հրավիրված Գուլյանը փորձել էր պատուհանից փախչել, սակայն սայթաքելով 2-րդ հարկից ընկել էր, եւ ստացած վնասվածքներից տեղում մահացել:

Լեւոնի հարազատները, հաշվի առնելով մի շարք հանգամանքներ, այս վարկածը համարում են անհեթեթ:

Գուլյանի մահվան փաստը ստացավ հասարակական լայն հնչեղություն: Ոստիկանապետի կողմից նշանակվեց ծառայողական քննություն, իսկ Երեւան քաղաքի դատախազությունում հարուցվեց քրեական գործ: Ավելի ուշ գործի քննությունը տեղափոխվեց Հատուկ քննչական ծառայություն: Մահվան բուն պատճառը պարզելու համար Եվրոպայից հրավիրվեցին նաեւ անկախ փորձագետներ:

«Անկախ փորձագիտական եզրակացության մեջ ասվում է, որ Լ. Գուլյանի դիակի վրա կային բազմաթիվ վնասվածքներ, որոնք հատուկ են ընկնելուց ստանալուն: Բայց դիակի վրա եղել են նաեւ այլ վնասվածքներ, որոնք պատճառվել են մինչեւ ընկնելը, այլ ուժի գործադրմամբ, օրինակ` հարվածի ազդեցությամբ: Նման պարագայում ժխտել, որ նրա նկատմամբ բռնություն է իրագործվել կամ որ նա պարզապես հրավիրված է եղել ոստիկանություն հարցազրույցի, առնվազն չի համապատասխանում առողջ տրամաբանությանը»,- ասում է տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը:

Դեպքից ուղիղ 10 ամիս անց` 2008թ. մարտի 12-ին, երբ Հայաստանում հայտարարված էր արտակարգ դրություն, Հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր գործերով ավագ քննիչ Գ. Պետրոսյանը հարուցված քրեական գործի վարույթը կարճեց` հանցակազմի բացակայության հիմքով:

«Գործը կարճվեց երկրի համար շատ լարված վիճակում, եւ ես դա համարում եմ ցինիզմ: Այսինքն` սա քարտ բլանշ տվեց իշխանություններին ոստիկանությանն արդարացնելու, եւ իրենց գործողությունների մեջ ձեռքերն ազատելու,- նշում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը,- պայմանական ասած` իշխանությունները հերթական հաղթանակը տարան հասարակության նկատմամբ: Այստեղ քաղաքական խնդիր է, որ ոստիկանությունը պետք է չպատժվի: Որովհետեւ Հայաստանում այն իշխանության հիմնական հենարաններից է»:

Լ. Գուլյանի մահվան գործը կարճելու որոշման դեմ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչները մարտի 20-ին բողոք էին ներկայացրել գլխավոր դատախազություն: Դրանում ոստիկանության աշխատակիցների գործողությունները որակվել են հանցավոր, իսկ նախաքննության մարմինը` անգործության մատնված, ինչը բողոքող կողմը դիտարկել է` որպես ՀՀ կողմից միջազգային իրավական պարտավորությունների խախտում: Բողոքը, սակայն, մերժվել է` անհիմն լինելու պատճառով:

«Բողոքող կողմը չի մատնանշել, թե ոստիկանության աշխատակիցների կոնկրետ որ գործողություններն են պարունակում հանցակազմ: Իսկ քրեական գործում առկա տվյալներով` ոստիկանության աշխատակիցների որեւէ գործողություն իր մեջ հանցակազմ չի պարունակել եւ, բնականաբար, նախաքննական մարմինն անգործություն չի դրսեւորել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում:

«Մենք ունենք ավելի քան բավարար հիմքեր պնդելու, որ գործը կարճելու որոշումն անօրինական է եւ չպատճառաբանված,- ասում է փաստաբան Հ. Ղուկասյանը եւ թվարկում ոստիկանների ապօրինությունները,- 2007թ.-ի մայիսի 9-ից 12-ը Գուլյանին բազմիցս տարել են ոստիկանություն` առանց որեւէ իրավական հիմքի, 16-18 ժամ պահել են, իսկ հետագայում դարձյալ ապօրինաբար տարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության մասնաշենք, որտեղից նա այլեւս դուրս չի եկել»: Փաստաբանի խոսքերով` քրեական գործի կարճման հիմքում առավելապես դրվել են ոստիկանների, այսինքն` գործի ելքով շահագրգռված անձանց ցուցմունքները:

«Բողոքը մերժելու որոշման մեջ հայտնաբերեցինք նաեւ, որ Գուլյանին ոստիկանության գլխավոր վարչության շենք տեղափոխելը հիմնավորված է նրանով, թե ոստիկանության աշխատակիցները գործել են «Օպերատիվ հետախուզության գործունեության մասին» ՀՀ օրենքին համապատասխան: Մենք սովոր ենք տեսնել, որ ոստիկանները չեն կիրառում ընդունված օրենքները: Բայց որ կիրառում են դեռ չընդունված օրենքները, չէինք իմանում,- ասում է Հ. Ղուկասյանը, - դեպքը տեղի է ունեցել մայիսի 12-ին, իսկ այդ օրենքն ընդունվել է դրանից մոտ կես տարի անց: Այսինքն` կամ ոստիկանները պայծառատես էին, կամ չգիտեմ, թե ուրիշ ինչ ասեմ»:

«Փաստն այն է, որ Լ.Գուլյանը տարվել է ոստիկանության բաժանմունք եւ այնտեղից դուրս է եկել նրա դիակը: Անկախ պաշտոնական վարկածից` ես դա գնահատում եմ որպես սպանություն ոստիկանությունում»,- նշում է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահը: Իսկ Հ. Ղուկասյանը հավաստիացնում է, որ պայքարելու են մինչեւ վերջ:

Բողոքի քննությունն այժմ տեղափոխվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան:

Հիշեցնենք, որ Գուլյանի մահվանից ընդամենը օրեր անց «Ի պաշտպանություն Լ. Գուլյանի» նախաձեռնող խմբի անդամ Կարեն Հակոբյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանում արդարացի քննություն չի անցկացվելու, ուղղակի անհրաժեշտ է անցնել օրինական բոլոր ընթացակարգերը` գործը Եվրադատարան տեղափոխելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter