Գլխավոր դատախազի տեղակալը չի վստահում կոռուպցիայի վերաբերյալ հետազոտությանը
ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն այսօր ընդունեց «Հետազոտական ռեսուրսներ կովկասյան կենտրոն-Հայաստան» կազմակերպության տնօրեն Հեղինե Մանասյանին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին կազմակերպության անցկացրած «Կոռուպցիան Հայաստանում. տնային տնտեսությունների 2010թ.» հետազոտության արդյունքները: Հանդիպմանը մասնակցում էր նաև ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանը:
«Կուռուպցիայի դեմ պայքարը ներկայումս գտնվում է ինչպես ՀՀ պետական իշխանության բարձրագույն մարմինների, այնպես էլ իրավապահ մարմինների, այդ թվում' ՀՀ դատախազության ուշադրության կենտրոնում: Այդ տեսակետից ՀՀ դատախազությունը ողջունում է Հայաստանում կոռուպցիայի ցանկացած անաչառ ու անկողմնակալ հետազոտություն»,- ասաց Ա.Դանիելյանը:
Միաժամանակ նա նշեց, որ ուսումնասիրության մեջ նշված որոշ եզրահանգումներ, տվյալներ ու ձևակերպումներ հիմնավորված ու հստակ չեն, տեղիք են տալիս թյուրընկալումների, օրինակ' ի՞նչ չափորոշիչներով է պայմանավորված դատախազության տարանջատումը իրավապահ համակարգից, կամ ի՞նչ չափանիշներով են տարբերակվում «հատկապես կոռումպացված հաստատություն» և «ամենակոռումպացված ոլորտ» եզրույթները: Գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ' հետազոտությունն ուսումնասիրելու արդյունքում պարզվել են նաև մի շարք հակադիր տվյալներ:
«Մասնավորապես, թիվ 9 աղյուսակի վերլուծությունից պարզվում է, որ դատախազության հետ առնչվելիս կաշառք տալու անձնական փորձառության հետազոտության ներկայացուցչականությունը խիստ կասկածելի է' դատախազության և քաղաքացիների առնչության չափազանց սահմանափակվածության պատճառով: Աղյուսակից պարզվում է, որ դատախազության հետ առնչված մարդկանց թիվը 26 է, որը կազմում է հարցվածների ընդհանուր թվի սոսկ 2 տոկոսը, և այդ 26 մարդուց 6 մարդ, իբր, կաշառք է տվել, որն իր հերթին կազմում է դատախազության հետ առնչված 26 մարդու 23 տոկոսը: Այդ թվերի հիման վրա զեկույզում նշված այն միտքը, թե դատախազության հետ առնչվածների 23 տոկոսը կաշառք է տվել, մեղմ ասած, կոռեկտ չէ»,- ասաց Ա.Դանիելյանը:
Նա խնդրեց պարզաբանել, թե հատկապես ինչ մեթոդաբանությամբ է անցկացվել հետազոտությունը, ինչպես է կազմվել հարցաշարը:
Հեղինե Մանասյանը տեղեկացրեց, որ հարցաշարը տրամադրել է Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագիրը: Այն թարգմանվել և տեղայնացվել է: Հ.Մանասյանը չբացառեց, որ հնարավոր է' թարգմանությունը հաջողված չի ստացվել:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաև համանման այլ հետազոտությունների և զեկույցների, մասնավորապես` «Թրանսփարենսի ինթերնեշնլ» միջազգային հակակոռուպցիոն կենտրոնի հրապարակած «2010թ. կոռուպցիայի համաշխարհային բարոմետր» ուսումնասիրությանը: Հայաստանի վերաբերյալ մասում պետական գերատեսչությունների ցանկում բացակայում է ՀՀ գլխավոր դատախազության անունը:
Գլխավոր դատախազի տեղակալը նշեց, որ ԱՄՆ պետդեպարտամենտի «Մարդու իրավունքների վերաբերյալ» 2010թ. զեկույցի «Պաշտոնեական կոռուպցիա և կառավարության թափանցիկություն» մասում հստակ նշված են այն մարմինները, որտեղ կոռուպցիան շարունակում է նշանակալի խնդիր լինել: Եվ կրկին այդ մարմինների շարքից բացակայում է ՀՀ դատախազության անունը:
Ա.Դանիելյանը նշեց նաև, որ ՀՀ դատախազությունը համագործակցում է Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման ծրագրի կողմից ֆինանսավորվող Շահերի աջակցության և պաշտպանության հակակոռուպցիոն կենտրոնների հետ: Այս կենտրոնների կողմից ՀՀ դատախազություն մուտքագրված դիմումներում, հաղորդումներում, հայտարարություններում ևս բացակայում է ՀՀ դատախազության աշխատակիցների կողմից արված օրինախախտումների վերաբերյալ տեղեկատվություն: Այս մասին հայտնում է գլխավոր դատախազության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել