HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Վրաստանը նոր մաքսային ռեժի՞մ է մտցրել հայ առեւտրականների համար

«Հետքն» արդեն գրել է այն մասին, որ անցյալ տարվա դեկտեմբերից Երեւան-Ստամբուլ-Երեւան ուղեւորափոխադրումները հայաստանյան 16-տեղանոց միկրոավտուբուսներին զուգահեռ իրականացնում են ոչ թե թուրքական, այլ արդեն վրացական համարանիշներով մեծ ավտոբուսները: Պատճառը վրացական կողմի արգելքն է, որ դրվել է իր տարածքով թուրքական ավտոբուսների՝ Հայաստան մտնելու վրա: Հարցի առնչությամբ խնդրել էինք ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը: Մեր աղբյուրի պնդմամբ՝ նախարարությունը ներգարվվել է այս խնդրի կարգավորմանը: Սակայն Թուրքիայի բաժնի պետ Արսեն Ավագյանը չէր պատասխանել մեր հարցերին, իսկ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը կոչ էր արել նախ տեղեկությունը ճշտել վրացական կողմից, որից հետո ԱԳՆ-ն կմեկնաբանի այն: Սա Բալայանը բացատրել էր հնարավոր ապատեղեկատվությունը ավելորդ անգամ չմեկնաբանելու հանգամանքով: 

Սակայն եթե հաշվի առնենք, որ այդ օրերին Թուրքիան մեծ աղմուկ էր բարձրացրել ցեղասպանությունների ժխտման քրեականացման ֆրանսիական օրինագծի շուրջ, հասկանալի է դառնում, որ ԱԳՆ-ին ավելի քան ձեռնտու չէր խոսել հայ-թուրքական փոխադրումների եւ դրանց շուրջ վրացական կողմի հետ ինչ-ինչ բանակցությունների մասին:

Այդուհանդերձ, փաստն այն է, որ որոշ բեռնափոխադրողներ արդեն հիասթափված են Ստամբուլից կատարվող ավտոբուսային փոխադրումներից: «Հետքի» անանուն աղբյուրը հայտնում է, որ Վրաստանը Թուրքիայից Հայաստան անցնող ավտոբուսների համար որոշել է կիրառել նոր մաքսային ռեժիմ: Նախկինում դրանք Վրաստանով անցնում էին որպես տարանցիկ երկիր եւ դրանց բեռնախցիկները կնքվում էին՝ այդպիսով նաեւ չմաքսազերծելով բեռնախցիկում գտնվող ապրանքը: Իսկ հիմա վրացական կողմը որոշել է կիրառել «վերաարտահանում» (реэкспорт) մաքսային ռեժիմը, ինչը նշանակում է մաքսային վճարների մուծում:

Ստացվում է, որ Վրաստանն ամեն կերպ փորձում է օգուտ քաղել փակ սահմաններ ունեցող Թուրքիայի ու Հայաստանի միջեւ իր տարանցիկ դերից: Վրացիները նախ իրենց ձեռքը վերցրին մեծ ավտոբուսներով փոխադրումների իրականացումը, իսկ հիմա վճարներ են գանձելու հայ վաճառականներից:   

«Հետքը» պարզաբանումներ տալու խնդրանքով նամակով արդեն դիմել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Թենգիզ Շարմանիշվիլուն, որի պատասխանն առայժմ չի ստացվել:

Թուրքիան դիմում է հակաքայլերի, իսկ ԱՄՆ-ն՝ հայ-թուրքական վերահաշտեցման

Վերադառնալով հայ-թուրքական հարաբերություններին՝ նշենք, որ, ըստ «Հետքի» աղբյուրի, ցեղասպանությունների ժխտման քրեականացման ֆրանսիական օրինագծի առնչությամբ Թուրքիան, ըստ էության, որոշել է հակաքայլեր ձեռնարկել ոչ միայն Ֆրանսիայի, այլեւ Հայաստանի դեմ: Դրանցից առաջինի մասին արդեն հայտնի է. խոսքը Թուրքիայում ապրող հայաստանցիների մասին է:

Այն բանից հետո, երբ Ֆրանսիայի Սենատն ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, Թուրքիան փոփոխություններ կատարեց «Օտարերկրացիների՝ Թուրքիայում կեցության եւ ճամփորդության մասին» օրենքում, որոնք ուժի մեջ մտան փետրվարի 1-ից: Պաշտոնական Անկարան չթաքցրեց, որ սա առաջին հերթին ուղղված է Թուրքիայում ապրող հայաստանցիների դեմ:

Ըստ փոփոխությունների՝ օտարերկրացիները Թուրքիայում կարող են մնալ առավելագույնը 90 օր, ինչից հետո պետք է առնվազն 90 օրով լքեն երկիրը: Նախկինում վիզայի ժամկետի ավարտից հետո նրանք կարող էին մի քանի ժամով դուրս գալ երկրից ու կրկին վերադառնալ՝ ստանալով նորը: ՀՀ քաղաքացիներին Թուրքիան վիզա է հատկացնում 30 օրով: Ու ներկայում այդ երկրում բնակվող մեր քաղաքացիների մի մասը մինչեւ այս փոփոխությունները ամեն ամիս հատում էր երկրի սահմանը՝ շուտով վերադառնալու եւ վիզան թարմացնելու նպատակով: Ստամբուլահայերի պատմելով՝ նախկինում իրենք հիմնականում գնում էին Վրաստան, սակայն հետագայում վերջինս Թուրքիայից եկած ՀՀ քաղաքացիներին սկսեց ուղարկել Հայաստան, ինչը ձեռնտու չէր իրենց: Դրանից հետո վերջիններիս հիմնական «ուղղությունը» դարձավ Մոսկվան, ուր հայաստանցիները, իրենց իսկ խոսքերով, գնում են «կարգոյով» (բեռնատար ինքնաթիռով): Ստամբուլում առիթ էինք ունեցել հանդիպել մարդկանց, որ Մոսկվայից նաեւ մաքսազերծ ապրանք (խմիչք, խաչբառներ, արեւածաղկի սերմեր) էին բերում ու իրացնում հենց տանը կամ հինգշաբթի օրերը գործող Կումկափիի շուկայում:

Սակայն կան նաեւ հայաստանցիներ, որոնք ընդհանրապես չեն հատում սահմանը. նրանց վիզաները վաղուց ժամկետանց են, ու բռնվելու դեպքում արտաքսում (դեպորտ) է սպառնում: Նման մարդիկ բավականին շատ են հարեւան երկրում: Բնականաբար, Թուրքիայում ապրող հայաստանցիները նաեւ աշխատում են, ինչն արգելվում է օրենքով: Դա նշված է նաեւ վիզաների վրա: Եվ արդեն ուժի մեջ մտած փոփոխություններով՝ օրինախախտ ներգաղթյալները ոչ միայն կարտաքսվեն 5 տարով, այլեւ, եթե պարզվի, որ նաեւ աշխատել են, ապա պետք է 679 լիրա (453 դոլար) տուգանք մուծեն: Դրա 10-ապատիկով՝ 6795 լիրայով (4530 դոլար) էլ կտուգանվեն նրանց գործատուները: Այդուհանդերձ, աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Ֆարուք Չելիկը նշել է, որ տուրիստական վիզայով երկիր մտած օտարերկրացին եթե համապատասխան փաստաթղթեր լրացնի եւ աշխատելու իրավունք ստանա, ապա կարող է մնալ մինչեւ 1 տարի եւ ավելի, սակայն այս պարագայում արդեն երկրի քաղաքացիների նման պետք է 400 լիրա ապահովագրական վճար մուծի:   

Չնայած թուրք պաշտոնյաները, մասնավորապես՝ վարչապետ Էրդողանը բազմիցս հայտարարել են, որ իրենց երկրում ապրում է մոտ 100.000 հայաստանցի, սակայն իրենք՝ հայաստանցիները, ասում են, որ իրականում թերեւս 10.000 լինեն, որոնց մեծ մասը տեղավորված է Ստամբուլում: Մեզ հետ զրույցում նման կարծիք էր հայտնել Ստամբուլի Գեդիկփաշա թաղամասի Հայ ավետարանական եկեղեցու նկուղում գործող հայաստանցիների անլեգալ դպրոցի տնօրեն Հերիքնազ Ավագյանը: Ընդ որում՝ օրենքի փոփոխություններից հետո այս եկեղեցու առաջնորդ Գրիգոր Աղաբալօղլուն կոչ էր արել չեղյալ համարել դրանք՝ նշելով, որ աշխատող հայաստանցիների մեծ մասը կանայք են, որոնք շատ քիչ են վաստակում եւ չեն կարող մեծ հարկեր մուծել:       

Թուրքիայում ապրող ՀՀ քաղաքացիների մասին Հայաստանի միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանը, հղում անելով այդ երկրի վիճծառայության կայքին, «Ազատություն» ռադիոկայանին վերջերս ասել էր. «Ըստ 10 տարվա տվյալների (2000-2010 թվականների)՝ հայերի ընդհանուր թիվը կազմում է 5964 մարդ, այսինքն՝ սրանք այն մարդիկ են, ովքեր մնացել են Թուրքիայում եւ չեն վերադարձել»:

Երկրորդ հակաքայլը, որ թուրքական կողմը կձեռնարկի կամ գոնե կփորձի, վերաբերում է Մեծամորի ատոմակայանին: Ժամանակին անդրադարձել էինք թուրք կանաչների կողմից ՀԱԷԿ-ի փակման կոչերին: Թուրքիայի կանաչների կուսակցության վարչության անդամ Ահմետ Աշըջըն հայ լրագրողների հետ զրույցում ասել էր, թե իրենք առաջարկում են, որ Հայաստանը փակի ատոմակայանը, փոխարենը Թուրքիան պայմանագիր կնքի եւ անվճար էլեկտրաէներգիա մատակարարի ՀՀ-ին: Մի կողմ թողնելով այս գաղափարի ֆանտաստիկ լինելը՝ ասենք, որ Ֆուկուշիմայի աղետից հետո ՀԱԷԿ-ի վտանգի մասին այդքան շատ խոսող թուրքերն իրենք են պատրաստվում առաջիկա 10-15 տարում 3 աէկ կառուցել: Եվ հիմա հետաքրքիրն այն է, որ, ըստ տեղեկությունների, նույն թուրք կանաչները առաջիկայում Հայաստան գալու եւ ատոմակայան այցելելու ծրագրեր ունեն: Ի՞նչ ճակատագիր կունենա նրանց այս մտահղացումը՝ պարզ չէ: Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամլո քարտուղար Լուսինե Հարությունյանը փոխանցեց միայն, որ նախարարի անունով իրենք նման որեւէ դիմում չեն ստացել:

Եվ կրկին ըստ «Հետքի» աղբյուրի՝ մոտակա ամիսներին ԱՄՆ-ի միջնորդությամբ հայ-թուրքական մերձեցման փորձեր են արվելու: Վերը նշված հակաքայլերի համադրությամբ սա կարող է պարադոքսալ թվալ, սակայն մյուս կողմից՝ առջեւում ապրիլի 24-ն է, իսկ ավելի մեծ հեռանկարում՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցը: Ինչպես եւ նախկինում, այժմ էլ նախատեսվում է առաջինն ակտիվացնել հասարակական ոլորտի ներկայացուցիչների՝ հայկական եւ թուրքական տարբեր ՀԿ-ների, լրագրողների, հասարակական գործիչների ու մտավորականների շփումները: Թե ինչ արդյունք կտան այս փորձերը, ցույց կտա ապագան:    

Մեկնաբանություններ (1)

sargis
Վրաստանի այս քայլը ուղղորդված է Հայաստանի իշխանությունների կողմից, որովհետև, առևտրականները ավտոբուսի բեռնախցիկներով մեծ քանակությամբ ապրանք են ներկրում Հայաստան, դրա դիմաց ոչինչ չվճարելով, ընդամենը մաքսավորին տալիս են 40000-50000 /մեկ ուղևորը 1000/ դրամ, և նա մեծ բավականությամբ աչք է փակում շատ բաների վրա: Իսկ երբ Վրաստանը սկսի մաքսազերծել նաև հայ առևտրականների ավտոբուսները, ապա առևտրականները կկորցնեն և ժամանակ և գումարներ, որովհետև վրացի մաքսավորները շատ խիստ են մաքսազերծում: Ինչ է մնում անել հայ առևտրականին, ապրանքը Հայաստան հասցնել հայկական կարգոյի միջոցով, ինչն էլ կավելացնի կարգոյի սեփականատիրոջ եկամուտը: Իսկ ում պարզ չէ, որ այդ կարգոների իրական տերերը իշխանավորներ են: Եթե ամեն մի ուղևոր ավտոբուսով ներմուծած 20կգ բեռը ներմուծի կարգոյով ապա դրա դիմաց պետք է վճարի հավելյալ 100-120 ԱՄՆ դոլար գումար, իսկ ավտոբուսի ուղևորների քանակը լինում է մինչև 42, այսինքն միջինը 4500 ԱՄՆ դոլար ամեն ավտոբուսի համար: Իսկ հաշվեք թե ամեն շաբաթ օր քանի ավտոբուս է մեկնում Թուրքիա: Կարծում եմ շարունակելու կարիք չկա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter