HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստամբուլյան օրագիր. 1-6-ը մայիսի (վիդեո)

Հայաստանցիների Ստամբուլը

Այս օրերին ես ինձ համար բացահայտեցի մի նոր Ստամբուլ: Դա քաղաքի ժամանակակից կենտրոն Բեյօղլուն չէ՝ տուրիստներով լեցուն Իսթիկլալ պողոտայով ու Թաքսիմ գլխավոր հրապարակով: Ոչ էլ Էմինյոնուն է կամ Սուլթանահմետը՝ բյուզանական ու օսմանյան դարաշրջանների հին հուշարձաններով, որոնց կողքին «աճել են» նոր շինություններ: Իմ տեսածը հայերի Ստամբուլն է, ավելի ճիշտ կլինի ասել՝ հայաստանցի հայերի Ստամբուլը՝ Կումկափին (հայոց պատմության դասագրքերում՝ Գում Գափու), Յենիկափին, Գեդիկփաշան, Լալելին, Բեյազիտը:

Երբ բացում եմ տուրիստական քարտեզը, անմիջապես աչքի է զարնում «Հին քաղաքը»՝ իր պատմամշակութային տարբերանշաններով, սակայն «Հին քաղաքի» թերակղզու հարավային ափամերձ երկար հատվածը անմասն է դրանցից: Միայն երկաթգծի հարեւանությամբ կարելի է տեսնել եկեղեցու մի քանի կարմիր նշան՝ Պոլսո հայոց պատրիարքություն, Սբ. Աստվածածին, Սբ. Հարություն, Սբ. Հովհաննես: Կան նաեւ հունական եկեղեցիներ եւ մզկիթ, սակայն դիտողին քարտեզը ոչինչ կթվա գեթ մեկ անգամ Կումկափի ոտք դնելուց հետո:

Իջնում ենք տրամվայի Բեյազիտ կայարանում եւ քայլում դեպի ծովը զառիթափ իջնող փողոցով: Գեդիկփաշան է: Մեր դիմացով մի կին է անցնում, տիպիկ հայ է. դեմքը, նայվածքը, քայլվածքը... ներկած մազերը: Ահա եւ երկրորդը: «Լուսո ջան, բարեւ, ո՞նց ես, աղջի՞կդ ոնց ա...»,- կողքից քայլելով՝ լսում ենք նրանց խոսակցությունը:

 Սալիկապատ նեղ փողոցներից տեղ-տեղ աղբի ու կոյուղու տհաճ հոտ է գալիս, այս ու այն կողմից լսվում են տարբեր խոսակցություններ՝ թուրքերեն, քրդերեն, հայերեն: Մի տեղ սովորական անցորդ է, մեկ այլ տեղ՝ դռանը կանգնած խանութպան, քիչ հեռվում՝ երկու բեռնակիր, որոնցից մեկը ավանակի պես տքնաջան քաշում է առջեւից, երկրորդն էլ հետեւից հրում է երկանիվ բեռնասայլը: Փողոցի անկյունում թուրք երեխաները խաղում են երթեւեկելի հատվածի ու մայթի միջեւ անցնող ջրատարի կեղտաջրով՝ լցնելով դա պլաստմասսայից դատարկ շշերի մեջ: Դիմացի մայթին բեղավոր տղամարդը մրգեր ու բանջարեղեն է վաճառում. շուրջ 4 անգամ ավելի էժան, քան Իսթիկլալում կգտնես: Նրա կողքին շաուրմա է «քերթում» մսավաճառը:

Թվում է, թե կյանքն այս թաղերում այսպիսին է եղել նաեւ սուլթանի օրոք: Փոխվել է միայն մարդկանց հագուստը, նոր մանր-մունր խանութներ ու մեքենաներ են ավելացել: Բայց մսավաճառն էլի միս է վաճառում, էլի տղեկներ են վազվզում այս ու այն կողմ, թեյարանի դիմաց նորից թազբեհով մի տղամարդ է նստած՝ կողքի սեղանիկին՝ թեյի թուրքական բաժակը: Խաչմերուկից կրկին անցնում է սեւազգեստ մի թրքուհի...

Բայց հայի համար, այդուհանդերձ, փոխվել է մի բան, մեծ բան: Կումկափիում եւ հարակից թաղերում արեւելահայերեն ես լսում: Հակասական զգացումներ են: Մի կողմից՝ ի՞նչ է եղել որ, մարդիկ խոսում են իրենց հարազատ լեզվով, բայց մյուս կողմից՝ Երեւանի, Լոռվա, Գյումրվա բարբառը՝ Ստամբուլու՞մ: Ինչու՞, ինչպե՞ս...

Կումկափիի բացօթյա շուկան, որ կազմակերպվում է ամեն հինգշաբթի՝ վաղ առավոտից մինչեւ երեկո, լավ հնարավորություն է տալիս հասկանալ, թե ովքեր են ապրում այստեղ, որովհետեւ վաճառականները գերազանցապես հենց տեղի բնակիչներն են: Հայ ընթերցողին մեկ արտահայտությամբ այս տարածքը կարելի է ներկայացնել որպես տեղական «Ֆիրդուսնոց», որտեղ նաեւ շատ գյուղմթերքներ կան: Կումկափիի հայերից ոմանց կգտնես այստեղ:

Նրանք բոլորը Հայաստանից եկածներ են, որոնք շարունակում են ՀՀ քաղաքացի մնալ, սակայն կյանքը նրանց օրինական ու զարտուղի ճանապարհներով բերել է այստեղ՝ քրդերի ու թուրքերի հարեւանությամբ ապրելու, աշխատելու, նրանց հետ թրքերեն, իսկ հայերի հետ արդեն իսկ թրքերեն որոշ բառերով համեմված հայերենով խոսելու:

Այս կողմերում տները միանման են՝ հին ու երբեմն խոնավ պատերով, լվացքից կքած պարաններով, աղմկոտ բակերով: Այնպես որ, չես կարող ասել, թե որն է հայի տուն: Եթե հայ ես ուզում գտնել, պարզապես ուշադիր նայիր անցորդների դեմքին, թե կուզես, մի քիչ բարձր ձայնով հայերեն խոսիր. հայրենակիցներդ քեզ ուշադրություն կդարձնեն:

Սա ուրիշ աշխարհ է, սրանք պոլսահայեր չեն, սրանք ստամբուլահայեր են, որոնք առանձնապես կապ չունեն Պոլսո մեջ ծնված, մեծացած կամ Թուրքիայի այլ քաղաքներից ու գյուղերից այստեղ տեղափոխված հայերի հետ: Պոլսահայերը ժառանգաբար տուն ու տեղ ունեցող, գործ ունեցող, որոշ մասամբ ունեւոր մարդիկ են, որոնք նաեւ Թուրքիայի քաղաքացիներ են:

Իսկ ստամբուլահայերին ես նմանեցնում եմ դարեր առաջ Հնդկաստան, Ռուսաստան, արաբական երկրներ գնացած առեւտրական ու բանվոր պանդուխտ հայերին, որոնց մի հատվածը հետագայում հասել է ինչ-ինչ ձեռքբերումների ու, ասենք, բանվորի մակարդակից եկել դարձել է բանվոր աշխատեցնող ֆաբրիկայատեր: Այս մարդկանց մի մասը անձնագրային խնդիրներ ունի, նրանցից ոչ ոք իրականում աշխատելու իրավունք չունի: Բայց այստեղ հայտնվելու միակ նպատակի՝ օրվա հաց վաստակելու համար ճանապարհներ միշտ էլ գտնվում են՝ սահմանային անցակետում առաջացած խնդիրները լուծելուց մինչեւ հացի գումար աշխատելու մեթոդները:  

Ստամբուլ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter