Շաբաթ, 22 սեպտեմբերի

Համայնքապետը իրատեսական դոտացիա է պահանջում



«Քանի տարի է՝ ուզում եմ աղբահանության հարցը լուծել. Ծափաթաղում արդեն զբոսաշրջությունը զարգանում է, գյուղը ուշադրության կենտրոնում է, եւ ցանկանում ենք, որ գրավիչ ու մաքուր լինի»,-ասում է Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի համայնքապետ Թագուհի Բոյախչյանը: Նա մարզի այն 27 համայնքապետերից մեկն է, ովքեր իրենց համայնքների ֆինանսական խնդիրները միասնական ձեւակերպումով ուղարկել էին Ազգային ժողով ու կառավարություն:

Սահմանամերձ, բարձր լեռնային այս գյուղը, որ բնակեցված է փախստականներով, չի օգտվում իր կարգավիճակին բնորոշ արտոնություններից: 500 բնակիչ եւ մոտ 100 հա հող՝ ահա գյուղի ամբողջ ունեցվածքը: Պետության օժանդակությունը 1 մլն 700 հազար դրամ համահարթեցման դոտացիան է եւ, չնայած բնակչության սուղ հնարավորություններին, համայնքապետին հաջողվում է 150%-ով հավաքագրել հողի հարկը եւ գույքահարկը, ինչը միասին կազմում է 3 մլն դրամ: «Այդ ամբողջ բյուջեով անցյալ տարի 1999թ. պարտքերից փակել ենք 3 ամսվա, իսկ 2005թ.՝ 7 ամսվա աշխատավարձը»,-ասաց համայնքապետը: Թագուհի Բոյախչյանը հայտնեց, որ 1999թ. մինչեւ հիմա մոտ 7մլն աշխատավարձի պարտք ունեն, համայնքապետարանի աշխատակիցները աշխատավարձ չեն ստանում, իսկ դոտացիան փոխանցում են կենսաթոշակային հիմնադրամին, որ տուգանքներ չունենան:

Բյուջետային պարտքերը մի տարուց մյուսը փոխանցելու ձեւականությունից հոգնած՝ համայնքապետը, ի վերջո, որոշել է ձերբազատվել անիրատեսական պարտավորություններից: Նա հայտնեց, որ 5 տարի շարունակ դիմում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարին ու կառավարությանը, որպեսզի այդ խնդրին ուշադրություն դարձնեն, եւ արդեն հասել է նրան, որ հանձնաժողովը պետք է ստուգի 1999-ից մինչ օրս համայնքի բյուջեի եկամուտներն ու ծախսերը, որոշի ծախսերի ուղղվածությունը, նորմատիվներ սահմանի աշխատանքի եւ ծախսերի գծով եւ այդ նորմատիվների չափով դոտացիա տրամադրի:

«Մեր համայնքի աշխատավարձի պարտքը գոյացել է եկամուտների եւ ծախսերի անհամամասնությունից: Թող հաշվեն մեր եկամուտները, քննարկեն բյուջեի բոլոր հոդվածները, սահմանեն բյուջեի ուղղվածությունը եւ դոտացիան համալրեն փաստացի ծախսերով: Եթե դա իրականանա, մենք հնարավորություն կունենանք ուշադրություն դարձնել ներհամայնքային ճանապարհներին, բնապահպանական հարցերին»,-ասաց համայնքապետը:

Տիկին Բոյախչյանը առաջնահերթ է համարում գյուղի խմելու ջրի ցանցավորումը, ոռոգման համակարգի բարելավումը, սակայն եղած ֆինանսավորումն այդ հնարավորությունը չի տալիս: Նա նշեց, որ ջուր ունեն, բայց չեն կարողանում ջրագիծ անցկացնել եւ բնական աղբյուրները հասցնել գյուղ: «Եթե համայնքը խմելու ջուր չունի, մարդիկ մտածում են գնալու մասին»,-ասաց նա:

Ի տարբերություն քիչ թե շատ բարեկեցիկ գյուղերի, Ծափաթաղի համայնքապետարանը, Թ. Բոյախչյանի հավաստմամբ, այլ պարտավորություններ էլ է ստանձնել՝ պետական բուհերում սովորող կարիքավոր ուսանողների ուսման վարձը պետք է վճարի, հարկադրված է նաեւ աշակերտների դասագրքերի համար վճարել, գյուղում բնակվող փախստականների առաջնահերթ խնդիրներին օժանդակել: «Թաղման ծախսերից սկսած՝ բոլորը մեր ուսերին է»,-փաստում է համայնքապետը:


Գլխավոր էջ

Տպել    |  In English



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ