HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Դուբայը` սեքս-բիզնեսի կենտրոն

Լուսանկարի` տարազով այս մարդը Արաբական միացյալ էմիրությունների ( ԱՄԷ ) քրեական հետախուզության ծառայության (Criminal Investigation department) աշխատակից է: Նրա հսկողությամբ Դուբայի «Inter City» հյուրանոցի դիմաց 2005-ի փետրվարի 3-ին տարբեր ազգերի կավատներ վաճառում էին կանանց, նրանց մեջ կային նաեւ անչափահասներ, այդ թվում` նաեւ հայեր (Տես` Անապատի գիշերներում): 

Դուբայում սեքս-բիզնեսի մեջ ներքաշված են ոստիկանությունը եւ միգրացիոն ծառայությունը: Այս բիզնեսը հսկայական շահույթ է բերում երկրին: Դուբայը աշխարհի տարբեր երկրների շատ գործարարների, արաբական աշխարհի շեյխերին, նրանց որդիներին ձգում է հենց կանանց շնորհիվ: Ոստիկանության աշխատակիցները հսկում են, որ շատ «տհաճ» պատմություններ չլինեն, երկրի վարկանիշը չընկնի:

Աշխարհը աչք է փակում Դուբայում սեռական շահագործման հարյուրավոր աղաղակող փաստերի առջեւ: ԱՄՆ պետքարտուղարության Մարդկանց թրաֆիկինգի (առեւտրի) մասին 5-րդ զեկույցում Հայաստանն ու ԱՄԷ-ն նույն շարքում են: Սա, իհարկե, տարակուսանք է առաջացնում. երկիրը, որտեղ փողոցում կարող ես ազատ կին գնել, դասվել է Հայաստանի հետ նույն շարքում: ԱՄՆ-ն չի ցանկանում պատժամիջոցներ կիրառել իր գործընկեր ԱՄԷ-ի նկատմամբ: 

Դուբայի ոստիկանության մեր աղբյուրները հայտնեցին, որ պետքարտուղարության զեկույցի հրապարակումից հետո ոստիկանությունը համատարած շուրջկալներ է անցկացրել բազմաթիվ հյուրանոցներում, գիշերային ակումբներում, այդ թվում` Դուբայի ամենահայտնի գիշերային դիսկո-ակումբում` «Սայկլոնում»:

Շուրջկալների արդյունքում ձերբակալվել է մոտ 4 հազար կին, որոնց` ԱՄԷ-ում գտնվելու վիզային ռեժիմները խախտված էին: Ձերբակալվածների մոտ 80 տոկոսը Ռուսաստանից է եւ նախկին Խորհրդային Միության հանրապետություններից, այդ թվում` Հայաստանից: 

«Հետքը» նախորդ տարի փաստեր էր հրապարակել ԱՄԷ-ի սեքս-բիզնեսի մի ցանցի մասին: Հրապարակվել են տարբեր մարդկանց լուսանկարներ, ովքեր այդ բիզնեսի մաս են կազմում (Դուբայի սեքս-բիզնեսի հայկական ցանցը, Դուբայն ինձ համար դժոխք է), սակայն ԱՄԷ-ի միակ արձագանքն այն եղավ, որ կառավարությունը արգելափակեց «Հետք»-ի կայքն իր պետության սահմաններում (ԱՄԷ-ում «Հետքը» արգելափակված է):

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը դիմել է ԱՄԷ-ի կառավարությանը (Reporters Without Borders calls for end to blocking of news website), որպեսզի հանեն «Հետք»-ի` մեկ տարուց ավելի տեւող արգելափակումը, սակայն ապարդյուն: «Հետքը» շարունակվում է արգելափակված մնալ ԱՄԷ-ում: 

Թրաֆիկինգի դեմ պայքարը ձեւական բնույթ է կրում 

Այժմ ներկայացնում ենք մեկ այլ պատմություն, որը դարձյալ ցույց է տալիս, թե որքան է սերտաճած սեքս-բիզնեսը ԱՄԷ-ի միգրացիոն ծառայություններին եւ ոստիկանությանը: 

Այս պատմությունը նաեւ մի վառ ապացույց է այն բանի, թե որքան ձեւական է թրաֆիկինգի դեմ պայքարող զանազան միջազգային կազմակերպությունների գործունեությունը: Կազմակերպություններ, որոնք դարձել են բյուրոկրատական կառույցներ եւ զբաղված են միայն զանազան ֆոնդերից դրամաշնորհներ ստանալով, զանազան կոնֆերանսներ եւ սեմինարներ կազմակերպելով:

Նման դասական մի օրինակ էր նաեւ վերջերս Երեւանում կազմակերպված մի քննարկում, որտեղ Արտգործնախարարության ներկայացուցիչը պատմում էր, թե ինչպիսի տքնաջան աշխատանք են կատարում իրենք թրաֆիկինգի դեմ պայքարում, թեեւ իրական պատկերը ճիշտ հակառակն է: 

Մայք Տրինիդադը սինգապուրցի է եւ գործերով գտնվում էր Դուբայում: «Հետք»-ին ուղղված նամակում Մայքը գրում է. «Մինչ այժմ ես անտեղյակ էի, որ Դուբայը հայտնի է իր այս բիզնեսով: 8 շաբաթ առաջ ես ճամփորդության էի գնացել Դուբայ եւ այնտեղ «Յորք Ինթերնեյշնլ» հյուրանոցում հանդիպեցի Լիդիա անունով մի աղջկա: Ես սկզբից էլ հասկացա, որ այս աղջիկը հոգեպես լավ չի, պրոբլեմ ունի: 2 շաբաթ անց ես ցանկացա նորից տեսնել նրան եւ իմանալ իր պատմությունն ամբողջությամբ: Նա Մոլդովայից ուղարկվել էր այստեղ ուրիշ աշխատանքի համար: Երբ հասել է Դուբայ, նրա անձնագիրը վերցրել են ու ասել, որ այսուհետ նա մարմնավաճառ է: Համարյա 2 ամիս է նա այստեղ է, բայց նրան ոչինչ չեն վճարել, ասել են` կերկարացնեն վիզան, սակայն չեն արել»: 

Տեսնելով աղջկա անելանելի վիճակը` Մայքը Լիդիային առաջարկում է փախչել եւ հանձնվել ոստիկանությանը: 24-ամյա Լիդիան համաձայնում է: «Նա եկավ ինձ մոտ միայն իր հագի շորերով, եւ մենք գնացինք հանդիպելու Քրեական հետախուզման հակաթրաֆիկինգի բաժնի աշխատակից Խալիդի հետ : Նա շատ սիրալիր ընդունեց ու ասաց, որ անհանգստանալու ոչինչ չկա, եւ որ շաբաթ օրը (հունիսի 3-ին) ինքը Լիդիայի անձնագիրը հետ կվերցնի ու կտա նրան»,-գրում է Մայքը: 

Հունիսի 3-ի առավոտյան Լիդիային զանգեցին եւ ասացին, որ մի աղջիկ անձնագիրը կբերի հյուրանոցի կողքի ռեստորան: Մայքը ենթադրում է, որ հնարավոր է` դա ծուղակ լինի, սակայն Լիդիան հակառակն է պնդում: Մայքը ստիպված այնտեղ է գնում Լիդիայի հետ. « Աղջիկը կրկին զանգեց եւ ասաց, որ մի քիչ կուշանա, կարծես ստուգեց, որ Լիդիան տեղում է: Դրանից հետո 2 տղամարդ մտան ռեստորան, նրանք մոտեցան եւ ասացին, որ պետք է տանեն աղջկան, ես էլ, բնականաբար, բավականին ոչ քաղաքակիրթ ձեւով ասացի` ոչ: Քիչ ժամանակ անց նրանք ներկայացան որպես ոստիկանության սպաներ: Ես զանգեցի Խալիդին եւ պատմեցի իրադրության մասին, նա ինձ ասաց, որ չթողնեմ Լիդիային տանեն:  

Որոշ ժամանակ անց ներս մտավ համազգեստով մի սպա: Ես կրկին զանգեցի Խալիդին, որն էլ խոսեց համազգեստով սպայի հետ: Այս զրույցի վերջում Խալիդն ասաց, որ ինքը ճանաչում է այդ սպաներին, որ ամեն ինչ լավ կլինի, եւ որ նա կտեսնի Լիդիային ժամը 1-ին, ու արդեն ժամը 3-ին ազատ կթողնեն աղջկան: Այսպիսով` Լիդիային տարան համազգեստով եւ առանց համազգեստի ԱՄԷ-ի ոստիկանները»,-շարունակում է Մայքը: 

Ժամը 3-ից հետո Մայքը սկսում է զանգել եւ հաղորդագրություններ թողնել Խալիդին, սակայն նա չի պատասխանում: 

«Ժամը 8-ին Խալիդը տեղեկացրեց, որ ամեն ինչ լավ է, Լիդիան լավ է, եւ որ այդ օրը ես կարող եմ տեսնել նրան: Ես նրան ուղարկեցի անհրաժեշտ տեղեկատվությունը` հեռախոսահամարներ Լիդիայի հեռախոսի միջից: Հաջորդ օրն էլ անցավ առանց լրացուցիչ տեղեկությունների եւ առանց նրան տեսնելու հնարավորության: Այսօր երկուշաբթի է, եւ իմ կրկնվող զանգերը մնում են անպատասխան: Խալիդն ասել էր, որ Լիդիան ոչ մի ժամ չի անցկացնի բանտում, կվերցնի իր անձնագիրն ու կթույլատրեն հեռանալ, քանի որ նա զոհ է»,-կիրակի օրվա` հունիսի 4-ի նամակում գրում է Մայքը: 

Մայքը Լիդիայի վիճակի մասին տեղեկացրել էր նաեւ աղջկա ծնողներին: 

«Սովորաբար, բանտարկյալներին թողնում են զանգել կամ այցելություններ ունենալ, բայց ԱՄԷ-ում ուրիշ է կարգը: Ստացվում է, որ զոհն այստեղ չի կարող դիմել ոստիկանություն», - ասում է նա: 

Հունիսի 6-ին Մայքը գնում է բանտ` Լիդիային տեսակցության: 

«Ես գնացի այսօր առավոտյան 9-ն անց կես: Նրանք ինձ հարցուփորձ արեցին, հետո Լիդիային բերեցին դռների մոտ, հարցրին` նա՞ է, ասացի` այո: Հետո նրանք ծածկեցին դուռը եւ ասացին, որ ես չեմ կարող նրան այցելել, որովհետեւ այսօր միայն իգական սեռի այցելուների օրն է: Հետո ես խոսեցի ղեկավարի հետ, որն էլ ասաց, որ նրան այցելություններ թույլ չի տրվում, քանի որ նա մարմնավաճառ է, եւ քննությունը ընթացքի մեջ է: Ես հարցրեցի` ե՞րբ են նրան վտարելու երկրից, բայց պատասխան չստացա: Հիմա Լիդիան չգիտի` ի՞նչ է լինելու իր հետ: Նրա ծնողներին էլ ոչինչ չի ասում ԱՄԷ-ի կառավարությունը: Փաստորեն, թրաֆիկինգի զոհին չեն աջակցում ու վատ են վերաբերվում, իսկ նրա բոսը հիմա ազատության մեջ է»,-երկուշաբթի` հունիսի 5-ին մեզ գրեց Մայքը: 

Այդ ընթացքում Մայքը նամակներ է հղել տարբեր կառույցների, դեսպանատների, ՄԱԿ-ի ներկայացուցիչներին: Սակայն ոչ մեկը չի արձագանքել: «ԱՄԷ-ի թրաֆիկինգի դեմ պայքարի բաժինը ֆարս է կամ անզոր: Նրանք առաջարկում են ապահով զգալ, սակայն ոչինչ չեն անում: Նման դեպքեր լինում են հատկապես այն քաղաքացիների հետ, որոնց պետությունը դեսպանատուն կամ հյուպատոսություն չունի Դուբայում: Հարյուրավոր այսպիսի կանայք կան, ես փողոցով անցնելիս նրանց դեմքերից զգում եմ, որ տուն գնալ ցանկացողներ կան»,-գրում է Մայքը: 

Լիդիայի ծնողները Մոլդովայից որեւէ ձեւով չեն կարողացել օգնել աղջկան: Նրանք փնտրում էին այն կնոջը, ով աղջկան բերել էր Դուբայ: Միաժամանակ նրանք դիմել են իրավապահներին, որպեսզի դադարեցնեն այդ կնոջ գործունեությունը: 

Հայտնի են Լիդիայի բոսերի հեռախոսները եւ անունները: Դրանց մասին Մայքը հայտնել է ոստիկանությանը: Սակայն նրանց չեն ձերբակալել: Կավատները շարունակում են մնալ Դուբայում եւ սեռական շահագործման ենթարկել Լիդիայի նման հարյուրավոր այլ աղջիկների: Հայտնի է նաեւ Մոլդովայում այն մարդու անունը եւ հեռախոսը, ում մոտ գտնվում է Լիդիայի իսկական անձնագիրը: Մոլդովայի իրավապահներին ուղղված «Հետքի» դիմումներն առայսօր մնացել են անպատասխան: 

Լիդիայի հեռախոսը գտնվում է Մայքի մոտ: Վերջինս Մոլդովայից հեռախոսազանգեր է ստանում, որտեղ նրան սպառնում են: 

Այս պատմությունը, բարեբախտաբար, բարի ավարտ ունեցավ. Մայքի ջանքերի շնորհիվ Լիդիան փրկվեց: Մայքը նրա համար տոմս գնեց եւ երկրից արտաքսված աղջիկը հունիսի 12-ին հասավ Մոլդովա: Սա խաբեությամբ Դուբայում գտնվող կանանց հազարավոր պատմություններից մեկն է, մեկը այն քչերից, որ բարեհաջող ավարտ ունեցավ: 

«Ինձ թվում է` սա մի դեպք է, որը չեմ մոռանա շատ տարիներ: Մենք Ավստրալիայում թրաֆիկինգի հետ կապված մարդկանց մեկուսացնում ենք, ու նրանք պատժվում են, հենց այս շաբաթ էլ չինացի մի կին 10 տարի ստացավ, բայց սա հազվադեպ է լինում: Ես լսել եմ նախկին Խորհրդային Միության երկրներում կազմակերպված թրաֆիկինգի դեպքերի մասին,-ասում է Մայքը ու զարմանում, որ Լիդիային օգնելու համար զանազան կազմակերպություններին եւ մարդկանց ուղղած իր դիմումներից հատուկենտներն են արձագանքել: 

«Ամենաշատը զարմանալի էր, որ Ավստրալիայի կառավարությունը բացարձակ ոչ մի բան չասաց, եւ ՄԱԿ-ը, ում հետ ես կապվեցի, նրանցից ոչ մեկը չուզեց որեւէ բան անել: ՄԱԿ-ը թրաֆիկինգին նվիրված կայք ունի, բայց, փաստորեն, հետաքրքրված չէ սրանով: Երբ ես Բահրեյնում գնացի ՄԱԿ-ի գրասենյակ, նրանք անգամ չգիտեին, որ իրենց մանդատի մեջ կա նաեւ մարդկանց թրաֆիկինգի դեմ պայքարը»,-իր նամակագրությունն այսպես ավարտեց Մայքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter