HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Բնապահպանության նախարարությունը առաջարկել է լիցենզիայից զրկել ԱՈԱՁ-ին

Հարցազրույց Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի հետ

- «Արարատի ոսկու արդյունահանման ձեռնարկության» (ԱՈԱՁ) եւ ՀՀ բնապահպանության նախարարության միջեւ առճակատումը շարունակվում է: Որո՞նք են Ձեր միջեւ եղած հակասությունների պատճառները:

- Մեր միջեւ հակասություններ բացարձակապես չեն կարող լինել, որովհետեւ մեկը տնտեսվարող է, մյուսը՝ պետական կառավարման լիազոր մարմին: Մեկը օրենքով ստանձնած պարտավորությունների վերահսկողությունն է իրականացնում, մյուսը պարտավոր է իրականացնել այն գործառույթները, որոնք օրենքով իրեն վերապահված են:

Ցավում եմ, որ այդ ձեռնարկությունը ներկայացնում է, թե ինքը լուրջ հակասություններ ունի Բնապահպանության նախարարության հետ: Նախարարությունը միշտ փորձել է աջակցել նրանց, իսկ հիմա մեր այդ աջակցությունը ներկայացնում են որպես իրենց հաղթանակ, որ իրենք դատական ատյաններում հաղթել են:

- Բայց իրականում հաշտության պայմանագիր է եղել առաջին դատավարության արդյունքում, երկրորդում էլ վճիռը հօգուտ իրենց է եղել:

- Այո, եղել է, եւ մենք ընդառաջ ենք գնացել ԱՈԱՁ-ի այն հավաստիացումներին, որ իրենք պարտավորվում են կատարել այն բոլոր աշխատանքները, ինչը մեր կողմից նշված է: Դրանով նաեւ տնտեսվարողին հնարավորություն ենք տվել շտկելու այդ բոլոր խնդիրները: Քանի որ այն նաեւ արտասահմանյան խոշոր ներդրող է, մենք էլ ներդրողներին աջակցելու որոշակի քաղաքականություն ունենք, բայց ոչ ավելին, քան օրենքն է թույլ տալիս: Խոսքը վերաբերում է պարտաճանաչ ներդրողներին: Սա եղել է, բայց որ իրենք ասում են, թե հաշտության համաձայնագիր է կնքվել, ապա ասեմ, որ այնտեղ կա 460կգ թաքցրած ոսկու պարունակություն: Մենք սկզբից ներկայացնում էինք մոտ 1 տոննայի չափ, իսկ վերջնական տարբերակով եղավ 460կգ: Մենք ընդառաջ ենք գնացել, եւ այդ հաշվարկները կատարելիս ստացել այդ վերջնական թիվը:

- Եթե նրանք թաքցրել են ոսկու այդքան մեծ պաշար, ի՞նչ է նշանակում' ընդառաջ ենք գնացել:

- Թաքցրածը գրված է ակտում:

- Բայց ԱՈԱՁ-ն ակտում նշվածից քիչ տուգանք է վճարել:

- Նրանք վճարել են 76 մլն դրամ: Այդ վճարման խնդիրը արդեն մերը չէ: Դա ուրիշ հարց է, որ պետք է նայել ժամանակի ընթացքում: Այդ ծավալը հստակ առկա է եւ երեւում է իրենց տված հաշվետվությունների մեջ, այն կա նաեւ երկրաբանական հաշվետվության մեջ: 460կգ թաքցրած ոսկու ծավալների մասին է խոսքը:

- Եղել է նաեւ երկրորդ ակտը, որտեղ թաքցրած ոսկու պաշարները կազմում էին 600կգ: ԱՈԱՁ-ն դատարանում վիճարկել է ակտը, եւ կայացվել է որոշում հօգուտ իրենց:

- Երկրորդ ակտը մենք չփորձեցինք վիճարկել, որովհետեւ ստուգումը բացվել է Բնապահպանության տեսչության պետի ստորագրությամբ: Նրանք վիճարկեցին ընդամենը ստորագրությունը: Ակտի բովանդակությունը չեն վիճարկել: Մենք էլ ասացինք՝ լավ, քանի որ ունենք նորից ստուգելու հնարավորություն, համամիտ ենք: Դրանից հետո անցկացվել է նոր ստուգումը: Դե հիմա էլ թող դա վիճարկեն: Եթե իրենք փորձում են իրենց հաջողությունները ներկայացնել, թող վիճարկեն այս ակտը, որտեղ ընդհանուր քանակությամբ ներառված է նաեւ նախորդ ակտի 600 կգ-ը: Նրանք ասում էին, որ ինչ-որ մեկը չի ստորագրել, բայց, ի վերջո, պիտի հարցնեն' ու՞ր է այդ ապրանքը: Էդ տեսուչին էլ կպատժենք, ղեկավարին էլ, բայց պիտի հարցնենք՝ եթե քեզ տրամադրել են, դու հանքաքարից հանել ես X կգ ոսկի, արդյունքում էդքան ոսկի չկա, ու՞ր է այն: Հիմա ներկայացրել ենք, թող բողոքարկեն:

- Նոր ակտում էլ է 600կգ:

- Ոչ, ավելի շատ է: Ակտը իրենց ենք ներկայացրել, ուղարկել ենք նաեւ հարկային տեսչություն:

- ԱՈԱՁ-ի իրավաբան Արմեն Տեր-Տաճատյանն ասում է, որ անհնար է այդքան հող թաքցնել:

- Տաճատյանը լավ կլինի զբաղվի իրավաբանությամբ: Որովհետեւ գիտե՞ք ինչ կա, ինքն ասում է՝ էդքան հող: Հող չէ դա, եթե ոսկին հանում ես, կարող է հարուստ մասը հանել, կողքերը մնա: Բայց մեկ է՝ այդ կողքերը պետությունն իրեն է տրամադրել, որպեսզի ինքն այդտեղից էլ հանի ոսկին: Չի ասել տասը գրամանոց մասերը հանի, կողքի մի-մի գրամները թողնի: Պետությունն ասում է՝ այսքան հարստություն է պարտակված ընդերքում, քեզ տրամադրում ենք շահագործման: Դու ամբողջապես պիտի հանես, իսկ դու 10 գրամանոցը հանում ես, 1 գ-ը թողնում: Հետագա շահագործողը էդ մեկ գրամի համար այնտեղ նորից շահագործում չի անի: Այսինքն՝ արդյունավետ շահագործման խնդիր է:

Այդ ստուգումները վերաբերում են 2003-2005թթ., երեք տարվա արդյունքներն են դրանք:

- Ինչու՞ ԱՈԱՁ-ին չեք զրկում շահագործման լիցենզիայից, եթե անընդհատ գրանցում եք պաշարների թաքցնում:

- Լիցենզիայի զրկման իրավասությունը Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությանն է: Մենք ներկայացրել ենք համապատասխան գրությունը, որպեսզի քննարկեն եւ լիցենզիայից զրկեն ԱՈԱՁ-ին:

- Իսկ Ձեր հանդիպումների ժամանակ չե՞ք քննարկում, թե ինչու ներդրումներ չեն անում:

- Ես չեմ հասկանում, թե ինչ են ուզում, որովհետեւ մի նամակում գրում են, որ կարող է ներդրումներ չանեն, մյուս նամակում գրում են, որ իրենք պատրաստ են 80 մլն ներդրում անել: Ասում են՝ պատրաստ ենք գործարանը կառուցել ցանկացած տեղ, դուք ասեք, բայց կներեք, Բնապահպանության նախարարությունը չի կարող ասել, թե որտեղ կառուցեն: Երբ գործարանը վաճառել ենք, այն Արարատում էր, էլ ի՞նչ ասենք: Ասում են՝ պատրաստ ենք կառուցել Սեւանի ավազանից 35 կմ հեռու, իրենք պետք է ասեն որտեղ, որ մենք էլ տեսնենք, թե ինչ պրոբլեմներ կան այդտեղ: Ասում են՝ լուրջ գումարներ ենք ծախսել նախկին նախագիծը կազմելու համար: Պետք է քրեորեն պատժի ենթարկել այն մարդկանց, ովքեր Սեւանի ավազանում գործարան կառուցելու նախագիծ են արել եւ փող վերցրել: Օրենքով արգելվում էր այնտեղ գործարան կառուցել, իսկ նրանք, դա իմանալով հանդերձ, նախագիծ են արել:

- Իսկ բնապահպանական խնդիրներ չունի՞ գործարանը:

- Շատ ունի: Երեք ամիս դադարեցված էր Արարատի գործարանի աշխատանքը: Ցիանի պարունակությունը 0,1-ի փոխարեն 40 միլիգրամով էր թափվում պոչամբար:

- Ինչու՞ է գործարանը վնասով աշխատում ոսկու գնի նման աճի պայմաններում:

- Ինձ համար անհասկանալի է, որ մարդիկ զբաղվում են ոսկու արդյունահանմամբ եւ վնասով են աշխատում: Երեւի կանաչի ծախելը ավելի եկամտաբեր է, քան ոսկի արդյունահանելը: Ես էլ չեմ հասկանում, եւ քանի որ վնասով են աշխատում, մենք էլ ուզում ենք օգնենք նրանց, որ շատ վնաս չլինի: Ես ասում եմ՝ դե քանի որ վնասով եք աշխատում, Սոթքը տվեք պետությանը: Սա մեր' Բնապահպանության նախարարության կարծիքն է:

- Իսկ չե՞ք փորձել պարզել' ինչու՞ են վնասով աշխատում:

- Գնացեք Շարմային հարցրեք, ինչու՞ եք ինձ հարցնում:

- Իրենք նաեւ ասում են, որ պաշարները սխալ են գնահատված, որ իրականում պաշարները քիչ են:

- Սոթքը նրանք այսօր շահագործում են հին սարքավորումներով, ոչ մի ներդրում այնտեղ չեն արել: Ասում ենք՝ գնացեք Մեղրաձորում աշխատեք, ոչ թե Մեղրաձորի արտադրողականության քանակությունը հինգ անգամ իջեցրեք: Իսկ եթե իրենք ասում են՝ պաշարները քիչ են, մենք էլ ասում ենք' հետ տվեք, մեղք եք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter