HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդիկ Բաղդասարյան

Ծառուկյանի երազած «բարգավաճ» Հայաստանը

Լուսանկարում պատկերված անձնագրերի այսպիսի խրձերի կարելի է հանդիպել Երեւանի տարբեր լուսանկարչատներում: Սրանք Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիների անձնագրերն են, ովքեր ցանկություն են հայտնել դառնալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ: «Բարգավաճ Հայաստան»-ի տեղամասային կենտրոնների ղեկավարները քաղաքացիներից անձնագրեր հավաքելիս խոստանում են, որ նրանց կյանքը «կբարգավաճի», որոշներին աշխատանք են խոստանում: Այս աշխատանքներն անձամբ ղեկավարում են Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը եւ Տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վարդան Վարդանյանը, որը կուսակցության երկրորդ դեմքն է: Ստացվում է, որ մ ենք' հարկատուներս, այս պաշտոնյաներին աշխատավարձ ենք վճարում, որպեսզի նրանք պետական աշխատանքը թողած զբաղվեն «Բարգավաճ Հայաստանով»:

Քաղաքացիներին առանձին-առանձին լուսանկարչատուն չբերելու համար «Բարգավաճ Հայաստան»-ի տարածքային տեղամասերի ղեկավարները հավաքում են անձնագրերը, իսկ լուսանկարիչները անձնագրերի լուսանկարներից արտատպում են երկուական լուսանկար, որպեսզի դրանք փակցնեն կուսակցությանն անդամագրվողների հաշվառման թերթիկին: Որ տեղամասի ղեկավարն ավելի շատ անդամներ է հավաքագրում, ֆինանսական պարգեւ է ստանում, եւ կուսակցությունում նրա դիրքերն ամրապնդվում են:

Այս գործընթացը սկսվել է մայիսին: Այն ժամանակ անձնագրերը բերող տեղամասային կենտրոնների ղեկավարները, լուսանկարչատների հետ պայմանավորվելով, երկու լուսանկարի համար վճարում էին 250 դրամ: Սակայն մայր գ րասենյակից նրանք վերցնում էին 500 դրամ: Այսպես են «գցում» Ծառուկյանին սեփական կուսակիցները: Հաշվի առնելով, որ «Բարգավաճ Հայաստանի» անդամների թիվը հասել է 150 հազարի, եւ լուսանկարների գումարը բավականին մեծ թիվ է կազմել, գրասենյակում այդ առթիվ խոսակցություններ են եղել: Մինչեւ հասկացել են, որ մի լուսանկարը անձնագրից կարող են արտատպել 50 դրամով, արդեն ծախսվել էր մոտ 100 հազար դոլար: Իսկ 100 հազարը, համաձայնեք, քիչ փող չէ նույնիսկ Գ. Ծառուկյանի համար:

2006թ. մարտին «Հետքը» Հայաստանում գործող բոլոր կուսակցություններին հարցում արեց' պարզելու, թե ինչպես են գոյանում կուսակցությունների ֆինանսական միջոցները, ո րքա՞ն են կազմում կուսակցության տարեկան ծախսերը:

«Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի համաձայն' կուսակցությունը, հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, զանգվածային լրատվության միջոցներում հրապարակում է իր ֆինանսական հաշվետվությունը: Կուսակցությունների ղեկավարներին մենք խնդրել էինք հայտնել, թե որտեղ է հրապարակվել իրենց կուսակցության 2004թ. ֆինանսական հաշվետվությունը' նշելով ԶԼՄ-ի անվանումը եւ հրապարակման ամսաթիվը: Միաժամանակ խնդրել էինք տրամադրել 2005-ի հաշվետվությունը կամ ասել, թե որտեղ եւ երբ է այն հրապարակվելու: Մեր հարցերին պատասխանել է ընդամենը ութ կուսակցություն:

Բնականաբար, հարցմանը չի պատասխանել Գագիկ Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը: Չի պատասխանել, որովհետեւ կուսակցության ֆինանսական գործունեությունը ամբողջությամբ ստվերում է:

Մեր ունեցած տեղեկություններով' միայն Երեւանում «Բարգավաճ Հայաստան»-ը 43 տեղամաս ունի: Յուրաքանչյուր տեղամաս ունի իր գրասենյակը եւ նվազագույնը' երեք աշխատող: Այդ աշխատողները, սկսած 2006-ի ապրիլից, ստանում են ամսեկան 100-ական դոլար: Սա նշանակում է, որ կուսակցությունը միայն Երեւանի 43 տեղամասերում բացել է 129 աշխատատեղ: Սակայն այդ աշխատողները որեւէ տեղ գրանցված չեն եւ ոչ մի հարկ չեն վճարում: Սրանք, անշուշտ, գործարար Ծառուկյանի ստվերային բիզնեսի փողերն են, այլապես նա հաշվետվություններ կտար եւ ցույց կտար իր աշխատողներին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր ծրագիրը հրապարակել է մամուլում: Ելնելով կուսակցության ֆինանսական գործունեությունից' կարելի է պնդել, որ ծրագրային դրույթները իրականության հետ որեւէ առնչություն չեն կարող ունենալ: Գագիկ Ծառուկյանի համար օրենք գոյություն չունի: Որեւէ պետական մարմնի ներկայացուցիչ այսօր չի կարող մտնել «Բարգավաճ Հայաստան» եւ ասել' դուք խախտում եք ՀՀ օրենքը: Որովհետեւ Հայաստանի օլիգարխները հստակ գիտեն, որ մեր երկրում «փողն է ծնում իրավունք»:

Այս անձնագրերի տերերն այդպես էլ չեն հասկանում, որ աջ ու ձախ բարեգործություն անող օլիգարխները դա անում են չվճարած հարկերի հաշվին: Իսկ պետությանը վճարած հարկերով պահվում են հիվանդանոցները, դպրոցները, բանակը, թոշակառուները: Այդ հարկերից է գոյանում նաեւ երկրի նախագահի աշխատավարձը: Իրենց անձնագրերն այսպես տալով ինչ-որ մարդկանց' ՀՀ քաղաքացիներն ակամա դառնում են հանցակից' սատարելով անօրեն երկիր կառուցողին, պետությանը հարկ չվճարողին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter