HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մշակույթի նախարարությունը կոչ է անում միացյալ ուժերով փրկել որմնանկարները

Հայ ժամանակակից որմնանկարչության դպրոցը ձևավորվել է 1950-ական թվականներից, երբ սկսվեց ոչ միայն եկեղեցական, այլև աշխարհիկ, գործառական տարբեր նշանակություն ունեցող կառույցների ներսույթների (ինտերիեր) պատկերազարդումը: Այս առումով առանձնացավ Շիրակի մարզը, որտեղ թեմատիկ որմնանկարներ ստեղծեցին շատ անվանի վարպետներ, այդ թվում՝ Մինաս Ավետիսյանը, Հակոբ Հակոբյանը, Սեյրան Խաթլամաջյանը, Ռոբերտ Աթոյանը, Էդուարդ Եդիգարյանը, Ֆերդինանդ Մանուկյանը:

Սակայն 1988 թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո վթարային կամ կիսալքված շինություններում գտնվող որմնանկարները հայտնվեցին անմխիթար վիճակում: Մասնավորապես, փլուզվեցին Մինաս Ավետիսյանի «Գիշեր», «Առավոտ», Աշոտ Մելքոնյանի «Սրնգահարը» կոմպոզիցիաները «Օմեգա» գործարանի մասնաշենքում, Մինաս Ավետիսյանի «Հովվերգություն» կոմպոզիցիան «Ստրոյմաշ» գործարանում:

Երկրաշարժից հետո փլուզված որոշ որմնանկարների առանձին հատվածներ տեղափոխվեցին Երևան: Այդ տարիներին Վ. Աճեմյանի անվան թատրոնում Բուլղարիայից հրավիրված մասնագետներն ամրակայեցին և տեղադրեցին Մինաս Ավետիսյանի հեղինակած «Աղբյուրի մոտ» («Հանդիպում») որմնանկարը:

Մտահոգ լինելով մարզի տարածքում առկա որմնանկարների պահպանության և առավել մատչելիության խնդիրներով՝ 2007 թ. ՀՀ մշակույթի նախարարությունը նախաձեռնեց պահպանության առումով վթարային վիճակում գտնվող և հրատապ միջամտության կարիք ունեցող որմնանկարների ամրակայման, վթարային տարածքներից դրանց տեղափոխման և վերականգնման գործընթացը: Այսպես.

1. 2008 թ. Գյումրու էլեկտրատեխնիկական գործարանի կիսավեր ճաշարանի տարածքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Թորոս Ռոսլինի ծնունդը» կոմպոզիցիան տեղադրվեց Ջաջուռի Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանում:

2. 2010 թ. նույն գործարանի տարածքից «Հանդիպում» և «Խաչքարի մոտ» կոմպոզիցիաները տեղադրվեցին ՀՀ կառավարության նիստերի դահլիճում:

3. 2011 թ. սկսվել են էլեկտրատեխնիկական գործարանում գտնվող «Երկանք» և «Գալվանոմետր» գործարանի մասնաշենքում գտնվող «Թել են մանում» կոմպոզիցիաների ամրակայման, վերականգնման և ապամոնտաժման աշխատանքները:

Նշված բոլոր դեպքերում որմնանկարները համապատասխան կազմակերպություններին են հանձնվել օգտագործման իրավունքով՝ պահպանելով որմնանկարների պետական սեփականության իրավունքը:

Ցավոք սրտի, բացառությամբ պետական հոգածության, որմնանկարները փրկելու վերաբերյալ որևէ այլ առաջարկ մինչ օրս չի եղել:

Միևնույն ժամանակ մշակույթի նախարարությունը հայտնում է, որ ներկայում Գյումրիում կա 14 որմնանկար, որից 4-ը Մինաս Ավետիսյանի հեղինակությամբ է, և բոլորն էլ ունեն անհապաղ միջամտության և հոգածության կարիք: Մասնավորապես՝

- «Արմենիա» - 8x5 մ, գտնվում է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում (ընթացիկ տարում իրականացվելու են մշակույթի տան կառուցման աշխատանքները, որոնց ավարտից հետո միայն որմնանկարը կհանվի հատուկ ծածկի տակից),

- «Հայկական հովվերգություն» (կոմպոզիցիայի 3 հատված) մաս 1՝ 9,50x4,30 մ, մաս 2՝ 14,80x4,30 մ, գտնվում են Գյումրու մեքենասարքավորումների գործարանում,

- «Գիշեր» - 4,70x3,90 մ, պահպանված է 4,70x1,70 մ, գտնվում է Գյումրու նախկին «Գալվանոմետր» գործարանում,

- «Ցերեկ» - 4,70x3,90 մ, պահպանված է 4,70x1,70 մ, գտնվում է Գյումրու նախկին «Գալվանոմետր» գործարանում,

- «Լեռներում» - գտնվում է Ազատան համայնքի մշակույթի տանը:

Գյումրիում են գտնվում նաև անվանի արվեստագետներ Հակոբ Հակոբյանի 1, Անատոլի Գրիգորյանի 2, Աշոտ Մելքոնյանի 2, Ռաֆայել Աթոյանի 1 և Ֆերդինանդ Մանուկյանի 1 բարձրարվեստ որմնանկարները, որոնք ևս կարիք ունեն սրտացավ վերաբերմունքի ու բարի կամքի դրսևորման:

Մշակութային ժառանգությունը հայ ժողովրդի ընդհանուր հարստությունն է, և ՀՀ մշակույթի նախարարությունը կոչ է անում տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարարներին և մտավորականությանը պետական կառավարման մարմինների հետ միացյալ ուժերով գործուն միջոցներ ձեռնարկել՝ լուծելու թվարկված որմնանկարները անվերադարձ կործանումից փրկելու հարցը, և հայտնում է իր պատրաստակամությունը՝ աջակցելու բոլոր գործուն առաջարկներին:

Մեկնաբանություններ (2)

Շուշաննա Գրիգորյան
Հարգելի Վահան Թումասյան, ամեն ինչ այնպես չէ, ինճպես դուք եք պատկերացնում: Հարցին մեկ այլ տեսանկյունից նայեք. ուզում են որմնանկարները օդանավակայան տեղափոխել, դա լավ որոշում է, քանի որ ցանկացած Հայաստան նոր ժամանած զբոսաշրջիկ, ոտք դնելով օդակայան, առաջինը աչքի կանցկացնի հայ մշակույթի հրաշալի արժեքներից մեկը, իսկ այնտեղ, ուր հիմա են գտնվում որմնանկարները, «Չուլոչնու» հին շենքն է, որ հիմա չի գործում ու նկարներն էլ բառացիորեն փչանում են: Ոչ նայում են, ոչ խնամում, ոչ էլ անգամ հետաքրքրվում, իսկ այս որոշումը, կարելի է ասել ՓՐԿՈՒԹՅՈՒՆ է......
Վահան Թումասյան
Մինաս Ավետիսյանի որմնանկարների Գյումրիից տաղափոխման ՀՀ կառավարության, ՀՀ մշակույթի նախարարության և Շիրակի մարզպետարանի նախաձեռնությունը սովորական և հերթական մշակութային թալան է... Եթե գյումրեցիները այս անգամ էլ նահանջեցին և համակերպվեցին հերթական անգամ իրենց թալանելու փաստի հետ, ապա այլևս իրավունք չունեն օգտագործել թասիբ բառն անգամ... Իսկ վերը նշած իշխանական մարմինների Մինասի որմնանկարները տեղափոխելուն կողմ գյումրեցի լրագրողները պարզվում է ընդամենը պալատական երգիչներ են...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter