HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Գառնիում համայնքապետական թագավորություն է հաստատվել

Գառնիում կրկին իրարանցում է. գյուղին դեռեւս ոռոգման ջուր չի տրվել' չնայած ջերմաստիճանն այս ամառ սովորականից ավելի բարձր է, եւ տարին՝ ավելի չորային: Ոռոգման ոլորտը սպասարկողներն անհանգստացած բնակիչներին առայժմ բացատրում են, որ ջրամղիչ պոմպերն անսարք են, պետք է գումար հավաքել, նորոգել, հետո մտածել ոռոգելու մասին: Բնակիչներն էլ իրենց հերթին գյուղնախարար Դավիթ Լոքյանի երկու տարի առաջ տված խորհուրդն են ուզում լսել. «Արեւադարձից առա՞ջ է լավ այգին ոռոգելը, թե՞ արեւադարձից հետո»:

Այս բացատրությունը Գառնիի համայնքապետարանն ամեն տարի տալիս է գյուղի ջրազուրկ թաղամասի բնակչությանը՝ շուրջ 600 տնտեսություն, որտեղ ոռոգումն իրականացվում է ջրամղիչ պոմպերով: Եվ ամեն տարի ոռոգումը մեկնարկում է շարժիչները վերանորոգելու համար սկսված դրամահավաքով, այնուհետեւ նախապես բնակիչներից գանձվում է ողջ տարվա ոռոգման ջրի վարձավճարը: Ոռոգման սեզոնն ամեն տեղ սկսվում է ապրիլի 1-ին, բայց Գառնին, ինչպես բոլոր հարցերում, այս դեպքում էլ կանոնների չի ենթարկվում: Գառնիում ջրամղիչ պոմպերը միացնում են հունիսի կեսին եւ, երեք անգամ ոռոգելուց հետո, սեպտեմբեր ամսին պոմպերն անպայման «փչանում» են: Հաջորդ տարի դարձյալ պարզվում է, որ համակարգը մի քանի մլն դրամի պարտք ունի եւ չի կարող շարժիչները վերանորոգել:

Մեկ տասնամյակից ավելի ծանր վիճակ է ստեղծվել նաեւ խմելու ջրի հարցում: Այս թաղամասում մի քանի օրը մեկ 1 ժամով տրվող խմելաջուրը հարեւանների համար ընդմիջված վեճը վերսկսելու առիթ է միայն՝ ով որքան օգտվեց, ով է ծորակի ջրով այգին ոռոգում եւ այլն: Գյուղի մյուս մասի համար համաճարակի սպառնալիք են դարձել կեսդարյա պատմություն ունեցող խողովակները: Այս գարնան հորդառատ անձրեւներից հետո ծորակներից տիղմ էր հոսում, եւ մարդիկ, այլ տարբերակ չունենալով, ջուրը եռացրած են խմում:

Մամուլի հրապարակումներից ու բազմաթիվ բողոքներից հետո Երեւանի «æրմուղ-Կոյուղին» երկու տարի առաջ իր սպասարկման տակ վերցրեց Գառնիի ջրամատակարարումը: Հարցի լուծման ընդունելի տարբերակ համարվեց օրվա մեջ 4 ժամ՝ առավոտյան եւ երեկոյան 2-ական ժամով ջուր մատակարարելը, որն առժամանակ մասնակի գործեց: Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանից խոստում էին ստացել նրա աջակցությամբ կարգավորել հարցը, որը պետք է սկսվեր ապօրինի ջրագծերը հատելուց: Սակայն վերջինս, որ համագյուղացիներին դիտարկում է միայն որպես ընտրազանգված, հրաժարվել էր գործնական աջակցությունից: Հիմա գյուղը դարձյալ խմելու ջուր չունի:

Ճիշտ է, ջրի խնդիրն առկա է գրեթե ողջ հանրապետությունում, բայց պետք է նկատի ունենալ, որ խոսքն այստեղ Գառնիի մասին է, որ խմելու ջուր է մատակարարում Երեւանին ու Արարատի մարզի զգալի մասին: Հերթական դժգոհության առիթով æրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Ռուդիկ Ղուկասյանը, ցուցադրելով Հայաստանի ջրային քարտեզը, ասաց. «Ցույց տվեք, թե ուրիշ որ բնակավայրում Գառնիից շատ ջուր կա: Մեղքը ձեր մեջ փնտրեք, որ չեք կարողանում համայնքապետին պարտավորեցնել կատարելու իր պարտականությունները»: Պետք է խոստովանել, սակայն, որ բնակիչներին այդպես էլ չհաջողվեց համայնքապետի հետաքրքրությունը շարժել հարցի նկատմամբ:

Գառնին Կոտայքի մարզի թերեւս միակ բնակավայրն է, որը, չնայած բազում անլուծելի խնդիրներին, ոչ մի աշխատանք չի իրականացրել Սոցիալական ներդրումների հիմնադրամի հետ, ի տարբերություն նույնիսկ հարեւան գյուղերի, որոնք իրենց ռեսուրսներով չեն կարող համեմատվել Գառնիի հետ: «Խմելու ջրագծի կառուցում, կոյուղագծի կառուցում, մշակույթի տան կառուցում, ոռոգման ցանցի նորոգում» եւ այլն. սրանք աշխատանքներ են, որ հիմնադրամի օժանդակությամբ եւ համայնքի 10% մասնակցությամբ իրականացվել են Կոտայքի մարզի մեծ ու փոքր գյուղերում, բայց ոչ՝ Գառնիում: Մեր այն հարցին՝ ինչո՞ւ ծրագիր չի ներկայացվում անհետաձգելի լուծում պահանջող որեւէ հարց լուծելու համար, համայնքապետը պատասխանում է, թե Կոտայքի մարզպետը թույլ չի տալիս, կամ՝ բյուջեում գումար չկա:

«43 մլն դրամը ի՞նչ խնդիր կարող է լուծել մոտ 8000 բնակչություն ունեցող գյուղի համար»,-հարցնում եմ Համայնքների ֆինանսիստների միավորման նախագահ Վահան Մովսիսյանին: «Լուրջ հարցեր կարող է լուծել. ակումբը, մանկապարտեզը, գրադարանը պետք է աշխատեն, փողոցները պետք է մաքրվեն, որոշակի կապիտալ ներդրման գումարներ պետք է ունենա եւ այլն»,-պատասխանում է զրուցակիցս: «Իսկ եթե դրան էլ հավելենք հարկային մուտքերը եւ ոռոգման ջրի դիմաց հավաքագրվող գումարնե՞րը»: «Դա բավականին մեծ գումար է»,-զարմանքով ասում է Վ. Մովսիսյանը:

43 մլն դրամը Գառնի գյուղին պետության հատկացրած 2006թ. դոտացիան է, իսկ Վ. Մովսիսյանի թվարկածները համընկնում են Գառնիի համայնքապետ Աշոտ Վարդանյանի 2004-05թթ. ներկայացրած Գառնիի սոցիալ-տնտեսական զարգացման եռամյա ծրագրին: Պարզվում է, որ համայնքապետը ռազմավարություն է ընտրել գյուղի սոցիալ-տնտեսական պայմանների բարելավումը, համայնքի մրցութային կյանքն աշխուժացնելը, գյուղը բարեկարգ, մաքուր եւ գրավիչ բնակավայր դարձնելը:

2006թ. առաջին կիսամյակն արդեն անցել է, սակայն դեռեւս «ռազմավարության» մեկնարկը նշմարելի չէ: Ավելին, գյուղում կատարվող թալանի գործընթացից հետեւություն պետք է անել, որ համայնքապետը, ամենայն հավանականությամբ, հրաժարվել է ներկայացված ռազմավարությունից: Ավելի ճիշտ, նա կարող է ասել, որ չի էլ ունեցել նման ռազմավարություն, քանի որ այն Ա. Վարդանյանի փոխարեն մեզ է ներկայացրել Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը (տեսնես մարզպետը մարզի բոլո՞ր համայնքապետերի փոխարեն է նամակներին պատասխանում):

Գառնին մինչ օրս չունի կոյուղի, գյուղի կենտրոնական փողոցում 70-ական թվականներին է կոյուղի անցկացվել, որն այդ թվականներից այլեւս շարունակություն չի ունեցել: Ավելի քան 50 տարվա վաղեմություն ունեցող խմելու ջրի ներքին ցանցն ու կոյուղին փտել են: Վիճակն ավելի են վատթարացրել գյուղի կենտրոնում հիմնված կաշվի մշակման արտադրամասերը, որոնք չեն համապատասխանում արտադրական ոչ մի չափանիշի, եւ թափոնները, կոյուղի լցվելով, պարբերաբար խցանումներ են առաջացնում գյուղի կենտրոնում, լցվում են տները, թունավոր հոտով շարունակում են աղտոտել մթնոլորտը:

Կոյուղու կառուցումը համայնքապետի ընտրած «ռազմավարության» մաս չի կազմում, հետեւաբար պետք չէ խոսել այդ մասին: Խոսենք այն հիմնական նպատակների մասին, որն իր առջեւ դրել է համայնքապետը.

- բարելավել համայնքի խմելու ջրի ջրամատակարարումը,

- համայնքն ապահովել ոռոգման ջրի կանոնավոր ջրամատակարարումով,

- կազմակերպել համայնքում աղբահեռացման աշխատանքները, ապահովել մաքրություն,

- բարեկարգել ներհամայնքային ճանապարհները եւ փողոցները:

Գառնին տուրիստական գոտի է, եւ եթե նույնիսկ համայնքապետարանն այս հարցին կարեւորություն չի տալիս, գոնե իր իսկ ներկայացրած «բարեկարգ ու մաքուր» գյուղը պարտավոր էր պահպանել՝ այս հանգամանքը նկատի ունենալով: Սակայն անգամ գյուղի կենտրոնական փողոցների, ասենք՝ Հեթանոսական տաճար տանող ճանապարհի ողջ երկայնքով աղբակույտեր են, փողոցները՝ ավերակ վիճակում, մշտապես ծանրաբեռնված աղբ ու թրիքով: Մեքենաներն անցնում են՝ ճանապարհի յուրաքանչյուր փոսը հաշվելով, մեծ հորատանցքերը շրջանցելու ճիգ ու ջանքով, իսկ ձմռանը, անկախ տեղումների առատությունից, երբեք չեն մաքրվում ձյունից:

Հայտնի չէ' համայնքապետն ինչ նկատի ունի բարեկարգում ասելով, բայց գառնեցիներն, իրոք, գյուղը տեսել են մաքուր ու բարեկարգ վիճակում, խնամված, լուսավոր, որտեղ անցկացվում էին միջազգային համերգային փառատոններ, ազգագրական փառատոններ, հաճախակի էին միջոցառումները, մշտապես գործող կինոդահլիճ կար եւ այլն: Մի խոսքով, գյուղն ապրում էր մշակութային կյանքով: Օտարների աչքը շոյում էր գյուղի նախամուտքին գտնվող Հայրենական պատերազմում զոհվածների հուշահամալիր-պուրակը, որ մշտապես կանաչապատ, խնամված ու ծաղկաշատ է եղել մինչեւ Աշոտ Վարդանյանի համայնքապետ դառնալը: Շուրջ տասը տարի այս հուշահամալիրը միայն մացառներով է պատված: Ահա այսպիսի «գրավիչ» տեսքով է այժմ Գառնին ներկայանում օտարներին:

Գառնիում առնվազն 17 տարեկան մի սերունդ պատկերացում չունի աղբահանության մասին, իսկ բնակիչները հավաքած աղ բը դռնից հեռացնելու համար լցնում են Գառնիի ձորը: Այս բոլոր խնդիրներին համայնքապետը միայն մի պատասխան ունի՝ բյուջեում գումար չկա: Մի՞թե ֆինանսական մեծ ներդրումներ են պետք փողոցներն անվանակոչելու կամ համայնքի տարեկան բյուջեն հրապարակելու համար՝ թեկուզ համայնքապետարանի պատին փակցնելով կամ պահանջված դեպքում փոստով առաքելով: 15կմ երկայնքով ձգվող գյուղի առնվազն կեսը հասցե չունի, եւ քանի որ վերջին 20 տարիներին Գառնին զգալիորեն մեծացել է, եւ բնակիչներն արդեն գյուղերին բնորոշ ձեւով այլեւս միմյանց չեն ճանաչում ազգակցական-տոհմական կապերով ու ազգանուններով, նամակը փոստից դեպի հասցեատեր ճանապարհին կարող է երկար շրջագայել գյուղում եւ, իսկական հասցեատիրոջը հասնելուց առաջ, դրա բովանդակությունը քննարկվի մի քանի ընտանիքներում: Եվ քանի դեռ գյուղացիներին անծանոթ են նամակագրության գաղտնիության մասին եվրոպական կոնվենցիայի դրույթները, այն ուղղվելու հեռանկար չունի:

Ինչպե՞ս են մյուս գյուղերը բյուջեում գումար ունեցել ծրագրեր իրականացնելու համար: Բյուջետային մուտքերը, ինչպես մյուս գյուղերում, այնպես էլ Գառնիում ձեւավորվում են հողի հարկից, գույքահարկից, հողի վարձավճարներից: Վարդենիսի փախստականաբնակ գյուղերն անգամ 100%-ով կատարում են հարկերի գանձումը, իսկ ինչու՞ Գառնին, որ միայն 3000 հա գյուղատնտեսական նշանակության հողեր ունի, մշտապես թերակատարում է բյուջեն: 2004թ. բյուջեն կատարվել է 62,1%-ով, 2004-05թթ. վարձակալության են տրվել 114,7 հա գյուղատնտեսական նշանակության եւ 2,7 հա արտադրական նշանակության հողեր, որի դիմաց 630 հազար դրամ վարձավճար է հավաքագրվել: Այսինքն' կոպիտ հաշվարկներով' 1 հա-ից միջին հաշվով 5366 դրամ: Ահա քեզ մրցութային կյանքի աշխուժացում: Ինչո՞ւ համայնքապետը չի հավաքագրում վարձավճարները: Մի պարզ պատճառով. հողերի հիմնական մասի վարձակալն ինքը՝ համայնքապետն է, եւ իր մերձավոր շրջապատը: Հարկերի հավաքագրման հարցում նույնպես առանձնակի ջանքեր չի գործադրում, քանի որ եղածն ինքնին բավարար է նրան: Եթե ոչինչ չլինի, գոնե տարեց տարի 30%-ով ավելացող պետական դոտացիան կա ու կա:

Իր պաշտոնավարման 11 տարիների ընթացքում Գառնիի համար ոչ մի սպասարկում չիրականացրած համայնքապետը, սակայն, մեծ կարեւորություն է տալիս պատկառելի աշխատակազմին՝ վարորդ, մի քանի քարտուղարուհի, հարկահավաքներ եւ այլն, մի խոսքով' վարչապետին վայել աշխատակազմ, որով համայնքապետն ավելի է ընդգծում իր կարեւորությունը : Հատկապես, երբ իր գործը չիմացող աշխատակցին սաստում է հետեւյալ պատկառազդու կարգախոսով՝ «Քանի դեռ քո նմանները կան, հայոց դրոշը չի ծածանվի»:

Այդ ամենով հանդերձ, համայնքապետարանի պատերին ոչ մի գրություն չեք տեսնի, որով համայնքապետարան ներս ու դուրս անող գյուղացիներին հնարավորություն տրվի տեղեկանալու, թե, ի վերջո, ինչով է զբաղված աշխատակազմը, եւ ինչ ակնկալիք կարող են ունենալ նրանից: Աշոտ Վարդանյանը սկզբունքորեն չի պատասխանում ոչ մի դիմումի, գրության: Հնարավոր է, որ չի կարող, իսկ աշխատակա՞զմը, գոնե գրագրությամբ արդարացված լիներ գյուղական համայնքի համար նման մեծաթիվ աշխատակազմի գոյությունը: Հակառակ դեպքում, ինչո՞ւ են տրվում հարկատուների գումարները, եթե բնակչության սպասարկմանը կոչված համայնքապետն ու նրա աշխատակիցները ոչ մի ծառայություն չեն մատուցելու գյուղին:

Չնայած դրան' համայնքապետը երբեք դրամի պակաս չի ունեցել անձնական հարցերը կարգավորելիս: Ա. Վարդանյանը երկու տարի առաջ ավագանու հաստատմանն էր ներկայացրել մի պատկառելի հաշվարկ, որով գնված «Գազել» մակնիշի մեքենան պիտի ծառայեր 3կմ ճանապարհը ոտքով կտրող երեխաներին դպրոց հասցնելուն: Սակայն մեքենան միայն նրան է ծառայում: Համայնքապետի մ իայն բջջային հեռախոսավարձը, որոշ տվյալներով, համայնքի բյուջեում պատկառելի գումար է կազմում՝ տարեկան 700 հազարից մինչեւ 1 մլն դրամ: Գյուղում թվարկում են մայրաքաղաքում Ա. Վարդանյանի ձեռք բերած բնակարանները:

4 անգամ անընդմեջ ընտրված համայնքապետը, «կառավարումից» զատ, փայլուն ունակություններ է դրսեւորել բիզնեսում՝ առ ու ծախի ենթարկելով ու սեփականացնելով համայնքի գրեթե ամբողջ ունեցվածքը, նույնիսկ գյուղի պատմամշակութային արժեքները, այնպիսի բաներ, որոնց մասին երեւակայելն անգամ անհնար էր: Ամեն ինչից գումար վաստակող համայնքապետը մի օր էլ հանկարծ հասկացել էր, որ աշխարհին հարյուրամյակներ շարունակ հիացմունք պատճառած «Քարե սիմֆոնիան» այլեւս նախկին հմայքը չունի եւ կարող է գեղագիտական նոր շուք հաղորդել, մասնավորապես, գյուղում առանձնատուն կառուցելու ցանկություն ունեցող մեծահարուստների տան պատերին: «Դրանով մի քանի կոպեկ» աշխատող հարազատների բիզնեսը հովանավորող համայնքապետը կատարվածից վանդալիզմի հոտ առած հանրությանը բացատրում էր, որ չարժե իրար խառնվել «քյուֆթա ծեծելու քարի համար»:

«Կայացած» համայնքապետը, բիզնեսմենը այժմ էլ բախտը փորձում է ֆերմերային ասպարեզում: Վերջերս գյուղում լուր տարածվեց, որ մի գիշերում անհետացել էին ջրի խողովակները, Ա. Վարդանյանի հավաստմամբ' 230մ, որի մասին ինքը տեղեկացրել է ոստիկանությանը: Գյուղում շրջող խոսակցությունների համաձայն' խողովակները նույնպես կտրել են համայնքապետի հարազատները՝ իր իսկ հրահանգով: Պատմում են նաեւ, որ հաջորդ օրը Ա. Վարդանյանը ոստիկանության բաժանմունքի պետի հետ գողին էր փնտրում գյուղում: Տեսնես կգտնի՞...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter