HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դուդուկ. գյուղական քեֆերից մինչեւ հոլիվուդյան ֆիլմեր

«Դուդուկը միակ գործիքն է, որ ինձ ստիպում է արտասվել»
Արամ Խաչատրյան

Ինչպես է ստեղծվում դուդուկը

Վարպետ Ռուբիկի օրն այսպես է սկսվում. մեկ գավաթ սեւ սուրճը դիմացը' սեղանին, ծխախոտը ձեռքին հարմարավետ տեղավորվում է աթոռին, փակում է աչքերը ու սկսում մտքում ուրվագծել ապագա գործիքը: Սակայն, ամեն օրը չէ, որ այսպես է սկսվում. միայն, երբ մուսան տեղն է լինում, որովհետեւ վարպետի պնդմամբ՝ դուդուկ պետք է պատրաստես, երբ մեծ ցանկություն ունես, այլապես գործիքը հոգի չի ունենա:

Հետո վարպետ Ռուբիկը փորձում է արդեն պատրաստած գործիքների հնչողությունը. դուդուկը կիսով չափ կորչում է նրա խոշոր ձեռքերում, ու ծորուն մեղեդին տարածվում է արվեստանոցում: Հիմա արդեն կարելի է գնալ դեպի հաստոցներն ու գործիքները:

Վարպետ Ռուբիկն արդեն քառասունհինգ տարի դուդուկ է պատրաստում:

Նա ինքնուս է: Հինգ տասնյակ տարի առաջ նա հարազատ Երրորդ մասի բաղերում իրենց կովերին էր արածեցնում, հետն էլ, որ չձանձրանա, նվագում ինքնաշեն շվին: Այնտեղ նրան տեսնում է երաժիշտ Ավետիքյանը եւ հրավիրում նվագելու Երեւանի Երրորդ մասի Մշակույթի պալատում: Պատանի հովիվը համաձայնում է ու պալատում նվագելու ընթացքում տարվում է նաեւ դուդուկով:

«Այն ժամանակ, 1950-ականների վերջն էր,-հիշում է վարպետ Ռուբիկը,-շվի Հայաստանում երկու հոգի էր պատրաստում՝ Կոնդի Հարութը եւ Լենինականի Թաթոսը: Նրանք գործիքը պատրաստում էին մոտավորապես, երաժիշտն ինքը պիտի լարեր եւ կարգավորեր ձայնը: Դուդուկներն էլ այն ժամանակ պատրաստում էին բազարի դռան մոտ ոչ կոմպետենտ մարդիկ: Հազվագյուտ մարդիկ էին դուդուկ նվագում: Դուդուկն այնքան չճարվող էր, որ մեծ դուդուկահար Վաչե Հովսեփյանը մի ղամիշ ուներ, տարիներ դրանով էր նվագում, վերջում հնությունից ձեռքի մեջ փշրվեց»:

Կրթությամբ ինժեներ-մեխանիկ պատանին որոշում է ինքն իր համար դուդուկ պատրաստել: Տարիների ընթացքում փորձում է տարբեր փայտատեսակներ, փչացնում բազում գործիքներ: Փորձարկումների արդյունքները կիսանկուղային հարկում գտնվող այս արվեստանոցում են՝ առաջին պատմական դուդուկներից մինչեւ մեր օրերի կատարելագործված նվագարանները:

Առաջին դուդուկը բաղկացած է մեկ ամբողջական մասից: Սկզբում նրա վրա ինը անցք էր արվում. յոթը' դիմային կողմում, երկուսը' հետեւի մասում, հետո անցքերը դարձան տասը. ըւթը' դիմացից, երկուսը' հետեւից:

Առաջին դուդուկները պատրաստել են եղեգնից կամ, ժողովրդական լեզվով ասած, ղամիշից:

«Ղամիշը ջրաբույս է,-ասում է վարպետ Ռուբիկը,-այսինքն՝ խոնավության նկատմամբ շատ զգայուն է: Երբ բույսն իր մեջ ջուր է քաշում, նրա պարամետրերը փոխվում են, այն դեֆորմացվում է: Պարամետրերի փոփոխության հետեւանքով, պարզ է, ձայնն էլ է փոխվում, այսինքն՝ ընդհանուր լարվածքը, ձայնային ճշտությունը կամ բարձրանում է, կամ' ցածրանում»:

Այս անհարմարությունը հետագայում վերացրել են. ձայնաշարը սկսել են պատրաստել փայտից, իսկ ձայնարտադրիչը՝ եղեգնից: Հայաստանում ամենալավ, «ճիշտ» դուդուկները պատրաստում են ծիրանի փայտից. ծառն էլ պետք է ծեր լինի, մոտ հիսուն-վաթսուն տարեկան:

«Երբ ծառը տարիքն առնում է, նրա բջիջները մահանում են. դա ամենահարմար ծառն է դուդուկի համար: Այդպիսի փայտը շատ ծանր է, եթե խոնավություն է կլանում, առաջին շերտից այն կողմ չի թողնում թափանցի, չորանալուց հետո էլ չի դեֆորմացվում: Ծիրանի փայտն էլ այնքան ամրություն պիտի ունենա, որ ձայնարտադրիչից դուրս եկող ձայնի տեմբրը գեղեցիկ լինի»,-ասում է վարպետը:

Դուդուկին բնորոշ փափուկ տեմբրը պայմանավորված է նաեւ ծառի տարեկաններով՝ կտրվածքի վրա զուգահեռ օղակներով: Դրանցով է որոշվում ծառի տարիքը եւ որակը: Եթե ծառի սնունդն առատ է եղել, տարեկանները հեռու-հեռու են դասավորված, եւ փայտի խտությունն ավելի մեծ է:

Ամենալավ ծիրանենին համարվում է Աշտարակինը եւ Օշականինը: Այնտեղ հողը շեկ է եւ ջրվում է բնականորեն՝ անձրեւներով:

«Դուդուկի համար փայտը պետք է կտրել տարեկաններին զուգահեռ: Այդպես դուդուկի հնչողությունը գեղեցիկ է լինում: Հակառակ դեպքում ձայնը սուր ու բարձր է. այդպես պատրաստվում է պարային մեղեդիների համար նախատեսված դուդուկը:

Կտրելուց հետո փայտը պիտի չորացվի մութ տեղում, որտեղ միջանցիկ քամի չի խաղում: Չորացման պրոցեսը տեւում է մեկից երեք տարի: Հետո փայտից կտրվում են քառակուսի ձողեր, նշվում են կենտրոնները, կլորացվում են հաստոցի վրա, շաղափով բացվում են անցքերը, պատրաստվում է գլխիկը, որտեղ պետք է մտնի ձայնարտադրիչը, բացվում են անցքերը, եւ վերջում մատխալ կոչվող գործիքով ներսից ուղղվում է ձայնը:

Հետո պատրաստվում է ձայնարտադրիչը կամ եղեգը: Եղեգը լինում է երկու տեսակի՝ արու եւ էգ: Էգ տեսակը թույլ է, հնազանդ, ինչպես կինը, եւ լավագույնն է ձայնարտադրիչի պատրաստման համար: Ամենալավ եղեգը աճում է Գյանջայում, Արաքսի ափին: Դե հիմա այնտեղ չենք կարող գնալ, բավարարվում ենք տեղական եղեգով, որն այդքան էլ լավը չէ. այն բերում են Ղամշլուից կամ Ղարաբաղից:

Եղեգը պետք է քաղել ուշ աշնանը, երբ բույսը քուն է մտնում: Այն նույնպես չորացնելուց հետո կտրում են ձայնարտադրիչի իրանը եւ գոտիկը, որը կարգավորում է ձայնը»,-շարունակում է պատմել վարպետը:

Մոդեռնիզացված դուդուկը

Դասական դուդուկի դիապազոնը մեկ օկտավա է, ինչն, իհարկե, սահմանափակում է դուդուկի նվագարանային ցանկը: Դուդուկահար, հայտնի մուղամագետ Գեորգի Մինասովը գտել է լուծումը. երկարացրել է փողը եւ ավելացրել է դասական դուդուկի վրա առկա անցքերի թիվը: Նրա կատարելագործված դուդուկն ունի տասնչորս անցք. ութը' դիմային, վեցը՝ հակառակ կողմում: Ետնամասի անցքերը փակված են կափույրներով: Սկզբում դուդուկը պատրաստում է խառատը, հետո Մինասովի որդին՝ Միշա Մինասովը, արվեստանոցում ավելացնում է կափույրները:

Այս կատարելագործված դուդուկի դիապազոնը մեկուկես, երկու կամ երեք օկտավա է: Սա հնարավորություն է ընձեռում դուդուկով նվագել բոլոր գամմաները, մուղամներ, դասական ստեղծագործություններ կատարել, ինչն անհնար է դասական դուդուկով:

Մինասովը ոչ միայն կատարելագործել է ավանդական դուդուկը, այլեւ ստեղծել է մի քանի նոր նվագարաններ՝ բաս, տենոր եւ բարիտոն դուդուկներ: Մինասովի նորամուծությունները շատերը, հատկապես հայ երաժիշտները, չեն ընդունում:

«Դուդուկին կափույրներ ավելացնելիս կարելի է ստանալ հոբոյ կամ կլարնետ: Այդ գործիքներն արդեն կան աշխարհում: Դուդուկի կարեւոր առանձնահատկությունն այն է, որ այն զարգացել է ոչ տեխնիկական ճանապարհով: Դրա շնորհիվ դուդուկը կարծես շատ ավելի հին բան է ասում, մեր նախնիների ձայնն է հասցնում մեզ,-կարծում է կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը:

«Դուդուկը պետք չէ եվրոպականացնել, արտասահմանցիներն էլ են այն սիրում անաղարտ վիճակում»,-ասում է Գեւորգ Դաբաղյանը:

Գեորգի Մինասովը միանգամայն հանգիստ է վերաբերվում նման կարծիքներին:

«Կլարնետն ամենասկզբում ունեցել է հինգ անցք, այն կլարնետը, որն ունենք այսօր, ձեւավորվել է աստիճանաբար: Դուդուկի վրա էլ է նախկինում եղել երկու-երեք անցք: Ժամանակն առաջ է գնում, ամեն ինչ զարգանում է, դուդուկն էլ հետ չպիտի մնա:

Ամեն ինչի նորը սկզբում շատ դժվար է ընդունվում: Ես համոզված եմ, որ մի քանի տարի անց իմ կատարելագործված դուդուկներն էլ կլինեն այնքան սովորական ու ընդունելի, ինչպես դասական դուդուկը»,-ասում է Գ. Մինասովը:
Որտեղի՞ց է եկել դուդուկը

«Դուդուկը ազգային գործիքներից միակ մաքուր հայկական ծագում ունեցող գործիքն է»,- միաձայն պնդում են դուդուկահարները, այն պատրաստողները եւ սիրահարները: Մնացած գործիքները եկել են արաբական եւ Մետաքսե ճանապարհին գտնվող երկրներից: Հայերն էլ իրենց հերթին ճանապարհորդելիս դուդուկը տարել են Պարսկաստան, Թուրքիա, Բալկաններ, Ադրբեջան, Միջին Արեւելք: Դարերի ընթացքում դուդուկն այս երկրներում կրել է որոշակի փոփոխություններ, հիմնականում' լարման ձեւերի եւ անցքերի քանակի առումով: Վրաստանում այն անվանում են դուդուկի, Թուրքիայում՝ մեյ, Ադրբեջանում՝ բալաբան եւ այլն:

Դուդուկի «մաքուր հայկական» լինելու անվիճելի ապացույցը, որ բերում են այս պնդման ջատագովները, գործիքի հնչողությունն է. դ ուդուկն արտահայտում է հայի հոգին, պատմությունը, անցյալը, ներկան ու ապագան: Ո չ մի գործիք ունակ չէ հայերի մասին պատմել այնպես անկեղծ եւ պերճախոս, ինչպես դուդուկը:

«Դուդուկը եւ՛ պարզ է իր տեսակի մեջ, եւ՛ բարդ, ինչպես բնությունը ,-ասում է Գեւորգ Դաբաղյանը : Դուդուկը բնության ցողից, հնչյունից, քամուց, արեւից ծնված բեկոր է, անկեղծ, բնական եւ համամարդկային»:

«Ամերիկացիները, ճապոնացիները բազմիցս փորձել են վերարտադրել դուդուկի ձայնը սինթեզատորի վրա, եւ դա նրանց երբեք չի հաջողվել մինչեւ վերջ. սա նշանակում է, որ դուդուկն աստվածատուր գործիք է»,-ասում է Ջիվան Գա սպարյանը:

Հնարավոր է եւ այդպես է. հատկապես, եթե հաշվի առնենք, որ դուդուկի ստեղծման ժամանակը հայտնի չէ ոչ ոքի: Սակայն առասպելները դրա շուրջ' որքան ուզես:

Ոմանք պնդում են, որ դուդուկն առաջացել է հազար տարի առաջ նախքան Քրիստոսի ծնունդը, նույնիսկ նախքան հնագույն Ուրարտու թագավորությունը: Մատենադարանի մատյաններում կան մանրանկարներ, որտեղ մարդիկ փողային գործիքներ են նվագում: Դուդուկն իր բնույթով, տեսակով, մտածողությամբ այնքան հայկական է, որ կարելի է ենթադրել, թե դա դուդուկ է կամ դուդուկի նախահայրը:

Ոմանք ավելի հեռու են գնում՝ պնդելով, որ դուդուկ նվագել են դեռ Նոյան տապանում:

Վարկածներից մեկն ասում է, որ դուդուկն ի սկզբանե կոչվել է ծիրանափող եւ դուդուկ դարձել է ռուսների «թեթեւ ձեռքով», 1920-ական թվականներին, որոնք դժվարանում էին արտասանել այս բարդ անունը, եւ այն ձեւափոխեցին ռուսական «դուդկա» բառից:

1990-ականներին մի խումբ հայ երկրաբաններ հայտնաբերեցին փողային գործիք՝ պատրաստված արագիլի ոտքի ոսկորից: Գիտնականները պնդում են, որ դա հենց դուդուկի նախահայրն է:

Աստված գիտե' ո՞րն է այստեղ առասպել, եւ ո՞րը՝ իրականություն: Հայտնի է սակայն, որ դուդուկն իր այսօրվա տեսքով հայ երաժշտագետ, տեսաբան Վարդան Բունիի պատրաստած տարբերակն է, ով քսաներորդ դարի երեսունական թվականներին ստեղծեց դուդուկի բունիֆոն կոչված տեսակը՝ Ա շարով կամ լյա դուդուկը. այն հատկապես հարուստ է հնչողությամբ եւ տարածված է ողջ աշխարհում:

Ասում են, թե նախկինում դուդուկին լուրջ չէին վերաբերվում եւ նույնիսկ աղջիկ չէին տալիս դուդուկահարներին՝ նրանց արհամարհաբար անվանելով զուռնաչիներ:

Դուդուկի վերելքի մեջ նշանակալից է եղել մեծ դուդուկահարներ Լեւոն Մադոյանի եւ Մարգար Մարգարյանի դերը, ովքեր առաջին անգամ բեմ են հանել դուդուկը:

Այսօր Հայաստանում դուդուկ նվագում են հայերի համար ամենաուրախ եւ ամենատխուր արարողություններին՝ հարսանիքին եւ թաղմանը:

Համերգներին, տոնակատարություններին եւ թաղումներին սովորաբար լինում է երկու դուդուկահար՝ մենակատարը եւ դամքաշը: «Դամ» նշանակում է շնչառություն, նվագակցում, արեւելյան երաժշտության մեջ՝ մեղեդու համահնչյունություն: Դամքաշն, այսպես ասած, ֆոն է ստեղծում մենակատարի համար:

Դուդուկը եւ աշխարհը

Այսօր դուդուկը շատ տարածված է հոլիվուդյան ֆիլմերի սաունդթրեքերում: Այդ միտումը սկսվեց 1988 թվականին «Քրիստոսի վերջին գայթակղությունը» ֆիլմով, որի երաժշտության հեղինակն էր Փիթեր Գաբրիելը: Նա ֆիլմում օգտագործեց Վաչե Հովսեփյանի դուդուկի երաժշտությունը: Հետո եղավ «Ագռավը», «Զենա, ռազմական արքայադուստրը», «Հալկը»: Դուդուկը հնչել է բազում, այսպես կոչված, դրամարկղային ռեկորդակիր ֆիլմերում՝ Մել Գիբսոնի «Քրիստոսի չարչարանքները», «Գլադիատորը», «Ալեքսանդրը», «Սիրիանա», «Մյունխեն», «Եվգենի Օնեգին», «Արարատ»: Իհարկե, աղմկահարույց «Դա Վինչիի գաղտնագիրը» ստեղծողները նույնպես զերծ չեն մնացել դուդուկը ֆիլմում օգտագործելուց ( նվագում է Ջիվան Գասպարյանը):

«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմի երաժշտության հեղինակ Ջոն Դեբնին դուդուկը նմանեցրել է մարդկային ձայնին եւ այն անվանել անդրադարձ հեռու անցյալին եւ հեռավոր երկրներին: Իսկ ֆիլմի դուդուկահար Փեդրո Յուսթեյչն ասել է. «Կան բաներ, որոնք վեր են աշխարհագրությունից եւ տարեգրությունից, եւ դուդուկը դրանցից մեկն է»:

Յուսթեյչը սկսել է դուդուկ ուսումնասիրել 1994 թվականից, Ջիվան Գա սպարյանի մոտ, ում հանդիպել է Լոս Անջելեսում: Մինչ այդ նա նվագում էր տարբեր փողային գործիքներ, սակայն հիմա դուդուկը գերակշռում է նրա նվագացանկում: Չափազանցություն չի լինի ասել, որ Յուսթեյչը մեծ ավանդ ունի դուդուկի տարածման գործում:

Յուսթեյչի՝ դուդուկի հետ կապված սիրելի պատմություններից է այս մեկը. 2002 թվականին Յուսթեյչը Լոնդոնում նվագում է Ռավի Շանկարի հետ Ջորջ Հարիսոնի հիշատակին նվիրված համերգում: Շանկարը գրել էր դուդուկի սոլո նրա համար:

Համերգին ներկա Փոլ Մաքարթնին Շանկարին խնդրում է իրեն ծանոթացնել «այդ հնդիկ երաժշտի հետ, ով նվագում է այդ թախծալի հնդկական գործիքը»:

«Երաժիշտը վենեսուելացի է,-պատասխանում է Շանկարը,-իսկ գործիքը Հայաստանից է»:

Այդպես Մաքարթնին հրավիրում է երաժշտին նվագելու իր վերջին ալբոմում՝ «Քաոսը եւ արարումը պարտեզում», «Ջեննի Ռեն» երգում:

Իսկ «Գլադիատորում», «Ռուսական տանը» եւ երեսունից ավելի այլ ֆիլմերում հնչում է Ջիվան Գասպարյանի դուդուկը: Նրանում, որ Ջ. Գասպարյանն ու իր դուդուկը հայտնի դարձան ողջ աշխարհին, կրկին խառն է Փիթեր Գաբրիելի մատը:

«1982 թվականին Բրայան Ինոն եւ Փիթեր Գաբրիելը եկան Մոսկվա եւ որոշեցին լսել սովետական բոլոր տասնհինգ հանրապետությունների ժողգործիքները,-պատմում է Ջիվան Գասպարյանը:-Այն ժամանակ գրամոֆոնային ձայնագրություններն անում էին միայն Մոսկվայում, Համամիութենական Ֆոնդում: Հայաստանի դուդուկահարներից այնտեղ ձայնագրվում էր միայն Վաչե Հովսեփյանը եւ ես: Ձայնագրություններս հավանեցին եւ վաճառեցին անգլիացիներին: Նրանք ինձ հրավիրեցին Լոնդոն, ուր ունեցա առաջին համերգս անգլիական եկեղեցում, որն այժմ դարձել է հայկական եկեղեցի: Նախատեսված երեք համերգի փոխարեն նվագեցի տասը»:

1985 թվականին Հայաստանում կայացավ Ջիվան Գասպարյանի մենահամերգը: Իր հավաստմամբ' մինչ այդ դուդուկի մենահամերգ երբեք չէր եղել, միայն նվագում էին մեկ, երկու գործեր նվագախմբում համերգների ընթացքում: Հետո եղան հրավերներ հոլիվուդյան ֆիլմերից, ձայնագրություններ Լայոնել Ռիչիի, Բրայան Ինոյի, «Քրոնոս» քառյակի, Բրայան Մեյի, Սթինգի եւ ուրիշների հետ:

Հիմա երգում կամ ֆիլմում դուդուկ ունենալը դարձել է գրեթե հաջողության գրավական: Ընդ որում, բոլորովին հաշվի չի առնվում' տեղի՞ն է, արդյոք, դուդուկի երաժշտության օգտագործումն այս կամ այն ստեղծագործությունում:

Իսկ ինչը պոպուլյար է, սպառնալիքի տակ է: ՅՈՒՆԵՍԿՈ-ն ունի ազգային արժեքների պահպանմանը միտված ծրագիր՝ «Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներ»: Անցյալ տարի դուդուկի երաժշտությունն էլ ընդգրկվեց այդ գլուխգործոցների շարքում:

Ծրագրի մշակման եւ իրականացման վրա (պատմական եւ գիտական վերլուծություններ, ֆիլմ, ինտերնետային էջ) մոտ մեկ տարի աշխատել են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը եւ դուդուկահա ր Գեւորգ Դաբաղյանը («Արարատ»): Նրանք երկուսն էլ ընդգրկված են աշխարհահռչակ չինացի թավջութակահար Հո Յո Մայի «Մետաքսի ճանապարհ» ծրագրում, որը հավաքել է «Մետաքսե ճանապարհին» երբեմնի գտնվող երկրների երաժիշտներին եւ նրանց ելույթներն է կազմակերպում աշխարհի հռչակավոր բեմերում:

ՅՈՒՆԵՍԿՈ-ի համար պատրաստած ծրագրի հիմնական նպատակը հենց հայկական դուդուկը, հայ մարդու հոգում եւ կենցաղում նրա տեղը ցույց տալն է:

«Դուդուկ նվագելու տեսակները տարբեր են տարբեր ազգերի մոտ: Հայկական դուդուկի հնչողությունը տարբերվում է շնորհիվ դուդուկահարի տեխնիկայի,-ասում է Վաչե Շարաֆյանը:-Հայկական դուդուկն ընդունվել է բոլորի կողմից իր անկեղծության շնորհիվ: Դուդուկը մեր ազգն է ներկայացնում, մեր անցյալն ու ներկան, որի մեջ կա ուժ, թախիծ, հաղթանակ: Ու կա ապագա, գալիք»:

Դուդուկը եւ Հայաստանը

Ծրագիրը, միգուցե, նպաստի նաեւ դուդուկի հեղինակության բարձրացմանը Հայաստանում:

Դուդուկ պատրաստող վարպետ Ռուբիկը պատմում է իր սիրելի կատակներից մեկը.

«Դհոլչին, դուդուկահարն ու քամանչահարը գնում են թագավորի մոտ: Լավ չեն նվագում, թագավորը ամեն մեկին հրամայում է իր գործիքով խփել իր գլխին եւ ուղարկում է հետ: Մի քանի օր հետո նորից է նրանց կանչում, այս անգամ շատ լավ են նվագում, ասում է' դե ամեն մարդ թող իր գործիքով ոսկի վերցնի իր համար: Դհոլչին եւ քամանչահարը պոռթում են իրենց գործիքների երեսը, մի բոլ ոսկի են վերցնում, դուդուկը մի հատ էլ չի կարողանում վերցնի: «Արա,-ասում է,-գլխիս շիշկա խփելու համար մի հատ ես, իսկ ոսկի մի հատիկ էլ չես կարող վերցնել»»:

Հայաստանում դուդուկն ավելի ու ավելի դրսեւորվում է որպես «թաղումների գործիք»:

«Թաղումներին «նվագող» դուդուկահարները եւ վերնիսաժում դուդուկ վաճառողներն իսկական աղետ են դուդուկի համար,-ասում է վարպետ Ռուբիկը,-նրանք աղավաղում են գործիքը եւ գցում են դուդուկի որակը:

Հիմա ես դուդուկ հիմնականում պատրաստում եմ արտասահմանցիների համար, հայերի մոտ դուդուկի պահանջարկը նվազել է, երիտասարդներն առհասարակ խելքները տվել են արեւմտյան երաժշտությանը»:

Սակայն ամեն ինչ այդքան մռայլ չէ: Կա Գայանեն' Գեորգի Մինասովի աշակերտուհին, ով ամբողջ կյանքում սիրահարված լինելով դուդուկին' ի վերջո որոշել է նվագել սովորել: Հիմա իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհին երազում է մի օր դուդուկը միախառնել հիփ հոփին ու այդպիսով դեպի գործիքը գրավել ավելի ու ավելի շատ երիտասարդների ուշադրությունը: Կա Գեւորգ Դաբաղյանի տասներկուամյա աշակերտ Հարությունը, որը երազում է նվագել Վաչե Հովսեփյանի նման եւ նրա նման շարժել մարդկանց սրտերը:

Թեպետ Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում դուդուկին տրամադրված է մեծ լսարան, սակայն դուդուկի դպրոց Հայաստանում չկա: Ջիվան Գասպարյանը մտադիր է բացել այդպիսի դպրոց որբ ու փողոցային երեխաների համար, որոնց հետ, իհարկե, կուսանեն բոլոր ցանկացողները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter