HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անուշ Քոչարյան

Թբիլիսյան պոեզիան կամ ապրումն այս քաղաքում

Թբիլիսյան փաբերի փողոցն անտակ է:

Այստեղ կարելի է տեսնել ամենաերիտասարդ արբեցողին եւ ամենամոլի ծխողին, եւ մեքենան փողոցի նեղության հետեւանքով կարող է քսվել  վերարկուիդ, եւ վարորդը զարմացած աչքերով նայի քեզ ու չնկատի, որ փողոցում ու մայթերին ազատ  ճանապարհ չկա:

Նստել այստեղ կարող ես մի քիչ փնտրելուց հետո. ամեն տեղ նեղվածք է, բայց եւ  տաք ու հաճելի:

Ջազային երաժշտությունը լցվում է մեջդ, հետո կամաց-կամաց դու երգելու ցանկություն ես ունենում, իսկ այստեղ դա երբեք չի արգելվում. քաղաք, որ երգ է տալիս եւ երգելու հնարավորություն:

Բարի մենեջերը  քառասունն անց  կլորիկ, սպիտակամաշկ Լալին է:

Լալին գիտի, որ մենք հայեր ենք, մենք գիտենք, որ նա ամուսնացած չէ. Լալին պատմում է ընկերներից:

Մյուս սեղանի հետ կապող բառը «գենացվալե» -ն  է,  եւ մենք ժտում ենք իրար:

Հեռավորություն կա, որ հաղթահարելի է. չհասկացվածության սինդրոմ այստեղ  գոյություն չունի. թիֆլիսցիները, իրապես կարողանում են մշտապես մնալ տեսակի  մեջ, իսկ նրանց տեսակը, ինչպես քաղաքը` կամ լավ լուսավորված է, կամ մութ. բայց ճարտարապետական եւ ոչ մի փոփոխություն:

Ռուսթավելին ամենալուսավորված ճարտարապետական կառույցն է. պառլամենտի շենքը պարսպապատ չէ, ճիշտ փաբի կողքի սեղանի պես, որ ազատորեն կիսվում են հետդ, պատմում հայերից` իրենց ընկերներից, որ տարին մեկ անգամ հազիվ են այստեղ լինում:

Պառլամենտի շենքը նույնպես լուսավորված է եւ միայն ճակատային մասում, որտեղ դեռեւս պահպանվում է սովետական խորհրդանիշը, լույս չկա, բայց մթությունը քեզ  ավելի է թույլ տալիս խորանալու պատմության, պառլամենտի ու քո կողքին ավտոբուսում քնած թափառաշրջիկի  մեջ:

Իսկ  թափառաշրջիկներն  այստեղ  առաջին  օրերին  շատ թվացին:

Հետո ես հասկանում, որ նրանք պարզապես կարողանում են երեկոյան քնել ավտոբուսների մեջ, քանի որ հերթափոխի դուրս եկած «կոնտրոլյորներն» այս ժամերին սովորաբար չեն հսկում ավտոբուսը:

Հսկողությունն աննկատ է այս քաղաքում. քաղաք, որն ապրում է լուսավորության մեջ եւ մթնեցնում այն, ինչն ուզում է գրողի ծոցն ուղարկել, բայց դեռ պատրաստ չի  ամբողջովին վերարտադրվելու:

Լալին հարցնում է `կարելի է մեր սեղանի շուրջ նստել, իսկ մենք ոգեւորված ենք, քանի որ վիսկին ավելի էժան է, քան գարեջուրը: Եւ երրորդ բաժակն արդեն դատարկում ենք Լալիի հետ:

-Դուք էլ հա՞ ամուսնացած չեք:

-Չէ, ամուսնացած չենք:

-Հմմմ...Լավ է, քանի դեռ լավ ամուսին չես ճարել,-մազերը շոյելով`կիսվում է Լալին:

-Լավը հարատեւ չէ. կարգավիճակն իրենն անում է. սեղմում է , եւ դու ձանձրանում ես:

-Հա, ես երջանիկ եմ մանկությունիցս սկսած. երբ ինտելեկտուալ ընտանիքում ես մեծանում, ամեն բան այլ կերպ է լինում. ընկերներդ են  քեզ շրջապատում:

-Ուզում  ես  ունենալ ամուսին, ուրեմն  չես  ունենա  ոչինչ ... Ես չեմ  ուզում  ունենալ  ոչինչ,-ծիծաղում եմ ես`հիշելով ընկերներիցս մեկի խոսքերը... 

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter