HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

«Իմ երեխեքս Լիպովցի անդեր ու դուս մնացել են փողոցները, իսկ քննիչին մենակ Արմենի մեռնելը կհետաքրքրե»

Լիպովցիում պատանդ թողած զավակներին Հայաստան վերադարձնելու հույսով ապրող կնոջ երկրորդ զանգն ուներ նույն բովանդակությունը, ինչ առաջինը. «Արագածը տղաներիս վռնդել է: Երեխեքս փողոցն են մնացել, ոչ կռիշ կա գլխների վերեւը, ոչ կոպեկմ փող ձեռները: Ինչ էնեմ, մե խորհուրդմ տվեք, ինչխ բերեմ երեխեքիս Հայաստան»,-Գոհար Խաչատրյանի ձայնը լացակումած է ու հուսահատ (տես' Էջմիածնեցի նորօրյա «գաղութարարն» ու նրա զոհերը): Կնոջ հետ կրկին հանդիպում եմ' հասկանալով, որ անորոշության ու տագնապի այս քաոսում նրա հույսը շարունակում են մնալ լրատվամիջոցները:

Գոհար Խաչատրյանը պատմում է, որ հունվարի 26-ին` հոդվածը «Հետքում» հրապարակվելուց հետո, Լիպովցիից զանգահարել է մեծ տղան` Միսակն ու հայտնել, որ իրեն ու եղբորը` 16-ամյա Սամվելին, Արագած Հարությունյանը դուրս է արել վարձած տնից` հրահանգելով այլեւս աշխատանքի վայր չներկայանալ:

Հաջորդ օրը Գոհարին զանգահարել է նաեւ ամուսինը`Արտաշես Զիլֆիմյանը եւ փոխանցել Արագածի ու նրա ավագ տղայի` Ալիկի «խորհուրդները»: Արտաշեսն ասել է, որ Ալիկը իրեն նախ ծեծել է, հետո հրահանգել զանգահարել կնոջը եւ զգուշացնել, եթե Գոհարը շարունակի բողոքել կամ լրագրողները շարունակեն անհանգստացնել հորը, տղաների դիակները կուղարկի Հայաստան: Իսկ Արագածը հայտարարել է, եթե Գոհարը բողոքն ետ վերցնի ոստիկանությունից, ինքը խոստանում է Սամվելին բանվորի աշխատանքով ապահովել`վճարելով ամիսը 3000 ռուբլի:

«Ես էլ ըսի` Արտաշ, Արագածին կփոխանցես, օր էդ 3000 ռուբլով թող որպես բանվոր իրա կնկան վարձե,-Գոհարը վրդովմունքը չի կարողանում թաքցնել,-էս որ դարն ենք, մարդը մարդուն ստրուկի տեղ կաշխատցնե ու հեչ մեկմ չկա, օր էդ մարդու ձեռքը բռնե: Մեծ տղուս սկզբից Արագածենք ծեծել դուրս են էրել, հետո մե 2 օրից օր տղես գնացած է եղել վեշերն էդ վարձով տնից վերցնելու, բռնել փակել են պահեստը: Հըմի մեր ունեցած տեղեկություններով Սամվելիկս գնացել է ախպորս մոտ, Լիպովցիից 2 ժամվա հեռավորության գյուղ է, Միսակս էլ փակի տակ Արագածի մոտն է: Անընդհատ կզանգեն տղեքս, կհարցնեն ինչ եղավ մեր հետ գալու հարցը: Ես էլ մեր եմ, կմտածեմ, կտանջվիմ, բայց պատասխանելու բան չունիմ: Ընդեղից էլ Սամվելիկս կըսե, թե կկախվիմ, էլ չեմ դիմանա»:

«Հետքի» հրապարակումներից հետո Գոհարին հրավիրել են Երեւան «Հույս եւ օգնություն» հասարակական կազմակերպություն, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր վարչության 4-րդ՝ թմրաբիզնեսի և թրաֆիքինգի դեմ պայքարի բաժին: Կնոջը խոստացել են կարճ ժամանակում անել հնարավորը տղաներին Լիպովցիից Հայաստան վերադարձնելու համար: Այս ընթացքում Գոհարին, աղջկան` Կարինեին եւ փեսային` Կարապետին, հարցաքննել է նաեւ Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննես Քաղցրիկյանը:

«Քաղցրիկյանը Արագածի հեռախոսի համարներն էլ վերցրեց մեզնից: Առաջի օրը, որ կանչեց հարցաքննության, անընդհատ կըսեր տիկին Գոհար, պատմեք, ինչպես է եղել, շատ քաղաքավարի էր հետս: Երկրորդ անգամ, որ գնացի, հարցրեց, թե հըմի քո ուզածն ինչ է, ըսի` ես մենակ իմ տղեքիս գուզեմ, էն փոքրս ինքնասպան կեղնի արդեն հուսահատությունից, Քաղցրիկյանն էլ, թե` չեղավ, Գոհար, հըլը տոնդ իջեցրա, ես մեղավոր չեմ օր երեխեքդ ընդեղ են,-հուզմունքից ու զայրույթից Գոհարի աչքերը արցունքոտվում են,-ես կկասկածեմ, օր էս գործը մեր օգտին վերջանա»:

Զրույցին ներկա Ժենյա Գրիգորյանը (Գոհարի դստեր` Կարինե Խաչատրյանի սկեսուրը - հեղ.) տեղի քննչական մարմնի աշխատելաոճի վերաբերյալ իր դիրքորոշումն ունի:

«Մեզի ըսին, օր գործը պիտի ուղարկեն Վլադիվոստոկ: Մենք ըստեղ մեր տեղը նստած ինչ գիտեք գործը գնաց, թե չգնաց Վլադիվոստոկ, մենք չիդենք ինչ կխոսան Արագածի հետ, ըբը օր փողը վերցնեն ու գործը կարճեն: Արագածը միշտ էլ հայտարարել է, օր ինքը խնդիր չունի, ինչ էլ էղնի, փողը կուտա դուրս գուկա: Մենք վստահ չենք, օր իմ հարսիս ու տղիս աշխատած փողը Արագածից հետ կստանանք»,-ասում է Ժենյա Գրիգորյանը:

Մեկ-երկու անգամ հարցաքննվել են նաեւ Կարինեն եւ Կարապետը: Վերջիններս պատմել են քննիչին, որ Լիպովցիում իրենց նկատմամբ նորմալ վերաբերմունք դրսեւորվել է միայն սկզբի մեկ ամիսը, այնուհետեւ վեճն ու կռիվն անպակաս են եղել` կապված կացարանի ու աշխատավարձի հետ:

«Բայց քննիչին չգիտես ինչու ավելի շատ կհետաքրքրեր Արմենի մահը` իրան ծեծել են, ծեծից է մեռե՞լ, թե՞ ինչ որ պատահականություն է եղել: Մեր տուժված էղնելն իրան քիչ կհետաքրքրեր: Ընձի հարցաքննելուց հետո հարցրեց, թե ես ու ամուսինս սաղ իրար հետ ինչքան գումար ենք աշխատել, բայց մե բանմ քննիչը հաշվի չի առնի, օր էդ գումարով մենք ապրել ենք ու վերջի կոպեկներով հասել Հայաստան: Ինքն իրա էդ գրածի վերջում մեր ըսած գումարն ավելացրեց ու վերջ: Քաղցրիկյանին ոչ կհետաքրքրեր, որ ես անչափահաս երեխեքիս թողել գնացել եմ ու հազիվ ընդեղից փախել եկել, ոչ էլ կհետաքրքրեր մեր տուժված լինելը»,- տպավորություններն է փոխանցում Կարինե Խաչատրյանը:

Զրուցեցինք նաեւ քննիչ Հովհաննես Քաղցրիկյանի հետ, ով տեղեկացրեց, որ Գյումրիի ոստիկանության քննչական բաժնում 24.01.2012թ-ին նյութեր են նախապատրաստվել քրեական օրենսգրքի 132 հոդվածի հատկանիշերով: Գործի շրջանակներում համապատասխան անձինք հարցաքննվել են: Նախապատրաստված նյութերը փետրվարի 15-ին ուղարկվել են Երեւան, դրանով կզբաղվեն արդեն ՀՀ ոստիկանության 6-րդ վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի մասնագետները: Ելնելով նախաքննության գաղտնիությունից` քննիչ Քաղցրիկյանը նշեց, որ ավել տեղեկատվություն չի կարող տրամադրել, իսկ ինչ վերաբերում է տուժածներին, նրանք պարզապես պիտի մի փոքր էլ համբերեն:

Մինչեւ առուն ջուր գա…

Յոթ ամիս է արդեն, ինչ հայ գործարարից խաբված գյումրեցիները վերադարձել են հարազատ քաղաք, սակայն խնդիրները շարունակում են հետապնդել նրանց: Թե' Գոհարը, թե' Կարինեն մեկնելիս վաճառել էին սեփականություն հանդիսացող տնակ-կացարաններն ու կենցաղային իրերը: 2011թ.-ի օգոստոսին վերադարձել են ու հայտնվել փողոցում: Գոհարը Թբիլիսյան խճուղուն հարող տնակային թաղամասում տնակ է վարձակալել բնակվելու համար, իսկ Կարինեն ամուսնու եւ 2 անչափահաս երեխաների հետ ժամանակավոր ապաստան գտել Կարապետի եղբոր կացարանում:

Վերադառնալուց հետո Գոհար Խաչատրյանը 3 ամիս որպես հավաքարար աշխատել է քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնում:

«Փողոց կմաքրեի, 50 հազար դրամ աշխատավարձ կուտային: Դեկտեմբեր-հունվար չենք աշխատել, ընձի ըսել էին, թե փետրվարի 1-ից արի, գնացի, պարզվավ, օր աշխատանքից ազատել են: Ես փող չունիմ անգամ դոմիկիս վարձը տամ, տերն եկել է կհանե, էլ չըսեմ, օր մանկատնից էն երկու երեխիս չեմ կրնա գոնե շաբաթ-կիրակի տուն բերեմ: Ոչ վառելիք ունիմ, ոչ ուտելիք: Անցյալ տարի նոյեմբերի 12-ին դիմում էի գրել, օր քաղաքապետարանը օգներ վառելափայտով: Պ. Ղուկասյանը մակագրեց, օր 10 հազար դրամ փող պիտի տային: Ֆինանսների բաժնից ըսին` գնա դեկտեմբերին արի, դեկտեմբերին էլ գնացի, ըսին` մերժված ես: Ընդհանուր բաժնում էս թուղթը դեմ էրին, թե բյուջեն գումար չկա, քեզի փող չենք կըրնա տա: Ըդպես էլ չհասկցա, եթե մակագրած էր տալ 10 հազար դրամ, ինչի հօդս ցնդավ էդ գումարը»,-տարակուսում է Գոհարը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter